
Մանվել Գրիգորյանը գրություն է ուղարկել դատարան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քիչ առաջ ստացել է երկու գրություն. մեկը՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանից, մյուսը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից:
Հիշեցնենք, որ այսօր նշանակված նիստին Մանվել Գրիգորյանը չէր ներկայացվել դատարան, և դատարանը բանավոր կերպով տեղեկացվել էր, որ պատճառը Գրիգորյանի առողջական խնդիրներն են: Դատական նիստն ընդմիջվել էր՝ մինչև կստացվեին կալանավորի առողջության վերաբերյալ փաստաթղթերը:
Երբ նիստը վերսկսվեց, դատավորն ընթերցեց Դատապարտյալների հիվանդանոցից և Գրիգորյանից ստացված գրությունները:
«Մանվել Գրիգորյանը ենթակա չէ տեղափոխման»,- ասված էր Դատապարտյալների հիվանդանոցից ստացված գրության մեջ:
«Գտնվում եմ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, առողջական վիճակից ելնելով՝ չեմ կարող ներկայանալ դատական նիստին»,- գրել էր Մանվել Գրիգորյանը՝ հայտնելով, որ մանրամասները կներկայացնեն իր պաշտպանները:
Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Գրիգորյանը բացակայում է դատական նիստից, այն հետաձգվեց:
Մեկնաբանել