Երևանի քաղաքապետարան. Բոլոր վարչական շրջաններում կատարվում են ձյան մաքրման աշխատանքներ
Փետրվարի 9-ի օրվա երկրորդ կեսից վերսկսված ու շարունակվող ձյան հետևանքների մաքրման ուղղությամբ երեկ երեկոյից ու անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքում իրականացվել ու շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները:
Մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունները, քաղաքապետարանի ենթակայության այլ կառույցների համապատասխան մեքենամեխանիզմների ներգրավմամբ, մաքրման աշխատանքներ են իրականացրել ու իրականացնում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Մաքրման աշխատանքներում ներգրավված է ընդհանուր առմամբ 178 միավոր հատուկ տեխնիկա:
Հաշվի առնելով շարունակվող առատ տեղումները, Երևանի քաղաքապետարանը դիմել է նաև մայրաքաղաքում գործող շինարարական կազմակերպություններին՝ ակնկալելով ձյան մաքրման աշխատանքներում սեփական տեխնիկայի ներգրավմամբ նրանց աջակցությունը:
Նկատի առնելով, որ չդադարող ձյան տեղումներին զուգահեռ շարունակվում են նաև մաքրման աշխատանքները՝ օգտագործվող աղի ու ավազի ծավալների մասին տեղեկատվությունը կտրամադրվի ավելի ուշ:
Տեղեկացնենք նաև, որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է, և իրականացվող աշխատանքների վերաբերյալ պարբերաբար կիրազեկվի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել