HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գևորգ Գասպարյանը Եղեգիսում բեռնարկղներով հյուրատուն է կառուցել

Մասնագիտությամբ անասնաբույժ Գևորգ Գասպարյանը Եղեգիսում բեռնարկղներով (կոնտեյներ) հյուրատուն է կառուցել։ Ասում է՝ «Արևի»-ն Հայաստանի առաջին հյուրատունն է, որ կառուցվել է կոնտեյներներով: Կառուցման աշխատանքներում Գևորգին օգնել են ընկերներն ու հարազատները։

«Սկզբից էլ միտք է եղել ստեղծել ոչ ստանդարտ  ճարտարապետությամբ հյուրատուն: Դրա համար ընտրել էինք կոնտեյներներով շինարարությունը, որն աշխարհում հիմա շատ մոդայիկ է դարձել, միևնույն ժամանակ՝ մոդեռն։ Սա եղավ Հայաստանում առաջին կոնտեյներային շինությունը, հյուրանոցը»,- պատմում է նա:

Գևորգը լեռնագնաց է։ Եղեգիսը պատահական չի ընտրել. նրան գրավել է տեղանքի ու բնության յուրահատկությունը: Ասում է՝ զբոսաշրջիկների համար սա գիշերելու և տարբեր ուղղություններով արշավելու հարմար վայր է։ Հյուրատան հիմնական հաճախորդներն էլ Եվրոպայից ժամանած զբոսաշրջիկներն են, ովքեր, ըստ Գևորգի, ակտիվ տուրիզմի սիրահարներ են, բայց սիրում են նաև բնություն ու կենդանական աշխարհ։

Գևորգն այլ վայրում հյուրատուն հիմնելու մտադրություն է ունեցել, սակայն որոշել է առաջին հյուրատունը հիմնել Եղեգիսում՝ հետագայում նաև ուրիշ տեղում հյուրատուն ունենալու հեռանկարով։

«Ափսոսում էի, որ այս գյուղում զբոսաշրջային որևէ ենթակառուցվածք չկա։ Մի քանի տարի պարբերաբար մտածում էինք Եղեգիսում ինչ-որ բան անելու մասին, որովհետև շատ սիրուն գյուղ է, մշակութային տեսանկյունից շատ հարուստ՝ չորս եկեղեցի ունի, Սմբատաբերդը կողքին է։ Դրան գումարած՝ տեղի կենդանական աշխարհը շատ սիրուն է»,- ասում է նա:

Այս պահին էլ մտադրություն ունի նման հյուրատներ հիմնելու Լոռու և Տավուշի մարզերում, հատկապես այն համայնքներում, որոնք ունեն հարուստ ու գեղեցիկ բնաշխարհ, բայց չունեն հյուրատներ։

Գևորգն ասում է՝ այն գյուղերում, որտեղ սկսում են գործունեություն ծավալել առաջին հյուրատները, աշխուժություն է տիրում, բացի այդ՝ գյուղացիները ոգևորվում են՝ սկսելով այլ ենթակառուցվածքներ ստեղծել։ Որպես օրինակ՝ նշում է իրենց հյուրատունը: Ասում է՝ մինչ այդ, Եղեգիսում որևէ հյուրատուն կամ գիշերակացի վայր չի եղել, այժմ գյուղն արդեն ունի երկու հյուրատուն, ևս երկուսը կառուցվում է։

«Տուրիստական շարժը գյուղում մեծացել է։ Զբոսաշրջային հավելյալ ծառայություններ առաջարկողները շատացել են, բնականաբար շատացել է նաև գյուղական մթերքների և սնունդի վաճառքը»,- ասում է հյուրանոցի սեփականատերը:

Գևորգը կարևորում է փոքր համայնքներում բիզնես սկսելու նախագծերը: Ըստ նրա՝ այդ կերպ հնարավոր է ապացուցել, որ համայնքներում զբոսաշրջությունը կարելի է զարգացնել, դրանով գումար աշխատել, միևնույն ժամանակ աշխուժացնել այդ համայնքի կյանքն ու սոցիալական վիճակը։

«Մենք չքնաղ գյուղեր ունենք, որոնք ունեն զբոսաշրջային մեծ պոտենցիալ, բայց այնտեղ ապրողները չունեն բավարար փորձ նոր բիզնես սկսելու, կայանալու և զարգացնելու համար։ Նման նախագծերը օրինակ են լինում մյուսների համար, որ տեսեք՝ բիզնեսն աշխատում է, երկրորդը՝ նման գյուղեր եկողների հոսքը շատանում է»։

«Արևի» հյուրատունն ունի 20-22 զբոսաշրջիկ ընդունելու հնարավորություն, բայց եթե հյուրերի թիվը գերազանցում է, զբոսաշրջիկներին տեղափոխում են գյուղի մյուս հյուրատներ՝ նրանց ևս օգնելով կայանալ և աշխատել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter