
Պրահայի դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը. դատախազությունը հաստատում է
Պրահայի մունիցիպալ դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը: Գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Չեխիայի օրենսդրական իրավակարգավորումների և ընթացակարգերի պահպանմամբ Նարեկ Սարգսյանի հանձնման գործընթացը բնականոն շարունակվում է: Այս մասին «Հետքի» հարցին ի պատասխան՝ ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Նշենք, որ դատարանի որոշման մասին գրել էր Tyden.cz-ը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 7-ին ոստիկանությունը հայտնել է, որ տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են Հայաստանի իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին:
Ըստ հաղորդագրության՝ հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու նպատակով:
Նարեկ Սարգսյանն անցում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով հարուցված քրեական գործով: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2018-ի հուլիսի 6-ից:
Մեկնաբանել