HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ քննիչ հանձնաժողով են հրավիրվելու ապրիլյան պատերազմի զոհերի հարազատներն ու ծառայակից ընկերները

Խորհրդարանում այսօր հրավիրվել է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստը: Այն հրավիրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում:

Դռնփակ նիստից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հանձնաժողովի նիստերին հրավիրելու են ինչպես նախկին, այնպես էլ գործող պաշտոնյաներին:

«Մենք կանչելու ենք բոլոր նրանց, ովքեր կարող են հանձնաժողովի աշխատանքին տալ օգտակար տեղեկատվություն: Իրավական տեսանկյունից միգուցե կարող են ասել՝  կանչում եք, չենք գալիս, բայց բարոյական տեսանկյունից որևէ մեկը իրավունք չունի շրջանցել այդ հարցի՝ իրեն վերաբերող տեղեկատվությունը հանձնաժողովին փոխանցելը»,- ասաց Քոչարյանը:

Քոչարյանի խոսքով՝ հանձնաժողով են հրավիրվելու նաև ապրիլյան պատերազմի զոհերի հարազատներն ու ծառայակից ընկերները, քանի որ զոհված զինվորները վերջիններիս հետ հեռախոսով խոսել են և գուցե օգտակար տեղեկություններ են փոխանցել:

«Եզրակացություները լինելու են փաստերի վրա հիմնված»,- ընդգծեց Քոչարյանը:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Forrights.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հանձնաժողովի աշխատանքներին՝ ասել է, որ ժամանակին նախարարությունն արել է նման ուսումնասիրություն:

«Ես հիմար կլինեի, եթե դա չանեի»,- ասել է նա, ապա հավելել, թե արդյոք բանակում չծառայածնե՞րն են քննելու ապրիլյան պատերազմի դեպքերը: Այս առնչությամբ Անդրանիկ Քոչարյանն ասաց.

«Մենք ուսումնասիրել ենք Սեյրան Օհանյանի այդ հայտարարությունը, կփորձենք հասկանալ, թե ինչ խորությամբ են արվել ուսումնասիրությունները: Եթե արդյունքն այն է, որ ԶՈւ-ում այսօր ունենք պատասխանատվության չենթակված մարդ, ուրեմն արվել է գաղտնի գիֆի տակ պահելու համար: Այդ դեպքում շահառուն ո՞վ է: Ուզում եմ ծանոթանալ պարոն Օհանյանի կատարած ուսումնասիրություններին»:

Ինչ վերաբերում է հանձնաժողովի՝ զինծառայությունից ազատված պատգամավորներին, Քոչարյանը վստահեցրեց՝  հանձնաժողովում բոլորն էլ առնչություն ունեն պաշտպանության և անվտանգության համակարգերի հետ:

«Մեր հանձնաժողովում, բացի Քրիստինե Պողոսյանից, բոլորը ունեցել են և ունեն առնչություն մեր պաշտպանական համակարգի հետ։ Չծառայած մարդ չունենք։ Տիգրան Կարապետյանը («Իմ քայլը» խմբակցություն), չլինելով ծառայած, պաշտպանական ոլորտի հետ այնպիսի սերտ կապ ունի ռազմարդյունաբերական համալիրի մեջ ներգրավված լինելով, որ ես կուզեի, որպեսզի բոլորը պարոն Կարապետյանի չափ բանակի հետ աշխատանքի ծավալ ունենային։ Կներեք, բանակում ծառայելը միայն ավտոմատը ձեռքին ծառայելը չէ»,- ասաց Քոչարյանը:

Քոչարյանի խոսքով՝  հանձնաժողովի օրակարգային հարցերից է լինելու ոչ միայն մարդկային, այլև տարածքային կորուստների պատճառների ուսումնասիրությունը:

«Քաղաքական պահանջը վաղուց կար, այդ պահանջի սպասարկումը պետք է աներ նախորդ իշխանությունը, իրենք բավարարվեցին մի քանի պաշտոնատար անձանց գործից հանելով»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը ձևավորվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով: Դատական իշխանության վերաբերալ իր հայտնի ելույթում Փաշինյանն ասել էր, որ իր կարծիքով ժամանակն է, որ խորհրդարանում ձևավորվի քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի ապրիլյան պատերազմի դեպքերը։

Մեկնաբանություններ (1)

պետք է
հետաքրքիր է https://hetq.am/hy/article/104328

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter