HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Բյուջեն կատարվել է ամբողջությամբ, չունենք չկատարված պարտավորություններ»

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում սկսվել է 2018 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումը, որին ներկա են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ։

Վարչապետ Փաշինայնի խոսքով՝ նախորդ տարվա բյուջեի հաշվետվության առանձնահատկությունն այն էր, որ հաշվետվության հետ որևէ կապ չուներ գործող կառավարությունը, այս տարվա առանձնահատկությունն այն է, որ կառավարությունն ունի ոչ ամբողջական մասնակցություն, քանի որ կառավարությունն այդ դերը ստանձնել է մայիսին։

«Ուզում եմ ընդգծել հետևյալը, որ 2018-ը քաղաքական առումով աննախադեպ տարի էր՝ մեկ նախագահական ընտրություն, վարչապետի հինգ ընտրություն, ԱԺ արտահերթ ընտրություն, Երևանի քաղաքապետի մեկ արտահերթ ընտրություն, և երկրում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն։ Սա կարևոր է` նկարագրելու համար այն, ինչի պայմաններում տեղի է ունեցել բյուջեի կատարման ընթացքը։ Եվ այս պայմաններում մեր կառավարությունը կարողացավ լուծել ամենակարևոր խնդիրը. ես ԱԺ ամբիոնից էլ եմ ասել, որ երևի թե հնարավոր չէ համաշխարհային պատմության մեջ գտնել շատ դեպքեր, երբ երկրում այսպիսի մասշտաբային փոփոխություններ են լինում, և դրանք չեն ուղեկցվում տնտեսական ցնցումներով, և ամեն ինչ տեղի է ունենում մակրոտնտեսական կայունության պայմաններում»,- ասաց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ 2018-ին արձանագրվել է 5,2 տոկոս տնտեսական աճ, սա այն դեպքում, երբ որպես տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշ նախորդ կառավարության կողմից նշվել է 4,5 տոկոս։

«Եվ գլոբալ քաղաքական վայրիվերումների պայմաններում կառավարությանը հաջողվել է գերակատարել այն պլանը, որը բյուջեի հիմքում դրել է նախորդ կառավարությունը՝ ելնելով այլ կանխատեսումներից։ Բյուջեն կատարվել է ամբողջությամբ, կատարման արդյունքներով չունենք չկատարված պարտավորություններ։ Ցածր գնաճային ֆոնդ ենք ունեցել։ Ես հիշում եմ, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսների մամուլում քննարկվող թեման գնաճն էր, և շատ նեգատիվ կախատեսումներ էին արվում այս առումով, բայց մեզ հաջողվեց, այդ թվում` որոշ արտակարգ միջոցներ ձեռնարկելով՝ զսպել գնաճը, և ունեցանք գնանկում»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ ծախսային մասով որոշ թերակատարում եղել է, պլանավորված ծախսերը 2018-ին ոչ ամբողջությամբ է հնարավոր եղել կատարել, ինչը կապված է մի շարք խնդիրների հետ, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի։

«Որովհետև այսօր էլ կան խոշոր վարկային ծրագրեր, որոնց հետ կապված ունենք բազմաթիվ հարցեր, հարուցված են քրեական գործեր»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ այս ցուցանիշներին կառավարությունը կարողացել է հասնել ոչ միայն խորհրդարանի հետ համատեղ աշխատանքի արդյունքում, այլև մակրոտնտեսական կայունության շնորհիվ։ Սա, ըստ Փաշինյանի, երկու հիմնական պատճառ ունի. նախ` երկրում կան որոշակի կայացած ինստիտուտներ, որոնք հեղափոխության ըթնացքում ցույց են տվել, որ անկախ քաղաքական համակարգի վայրիվերումներից` կարողանում են իրենց կայունությունը պահպանել։

Վարչապետն անդրադարձավ այն քննադատություններին, որ հեղափոխության ընթացքում և հետո թավիշը շատ էր, արձանագրեց՝ կարող էին և ավելի կոշտ լինել, բայց կառավարությունը չի կարող իր առաջ ունենալ մեկ խնդիր, այդ խնդիրները բազմաթիվ են։

«Ես կառավարության գործունեությունը համեմատում եմ բազմաթև կշեռքի հետ, եթե սովորական կշեռքն ունի երկու նժար, կառավարությունը ղեկավարվում է բազմանժար կշեռքով, եթե թևերից մեկը խախտվի, կունենանք կոլապսներ ուրիշ ոլորտներում։ Մեր կառավարությունը, և այն քաղաքական մեծամասնությունը, որի վրա հենվում է կառավարությունը, իր առաջ խնդիր է դրել լինել բալանսավորված։ Իհարկե, կարող էր ՀՀ-ում ձերբակալվածների, կալանավորվածների, դատապարտյալների թվով երկնիշ, քառանիշ աճ ունենալ, բայց դա անխուսափելիորեն կարող էր ազդել այդ ցուցանիշների վրա»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ կառավարությունն այս տարվա առաջին եռամսյակի կտրվածքով ունի 7,1 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ, ապրիլ ամսվա տվյալներով` տնտեսական ակտիվության ցուցանիշը 9,2 տոկոս է։ Ըստ գործադիրի ղեկավարի՝ սա խորհրդարանի և կառավարության համատեղ աշխատանքի արդյունքն է, այդ թվում` ընդդիմության հետ աշխատանքի, քանի որ շատ դեպքերում քննադատությունն արդյունավետ է։

Վարչապետն ընդգծեց՝ ինչպես նախկինում բազմիցս է ասել, չեն շեղվելու հեղափոխության արժեքներից, դեմ են բռնությանը, անկախ նրանից` դա իշխող ուժի համակիրների կողմից է իրականացվում, թե ընդդիմության։

«Բռնության որևէ դրսևորում դատապարտում եմ, բռնության որևէ դրսևորում ՀՀ-ում տեղ չունի, և ես համոզված եմ, որ չի կարող ունենալ. այդ առումով, կարծում եմ, ՀՀ-ում կա հանրային կոնսենսուս»,- ասաց նա։

Փաշինյանն անդրադարձավ այն հարցին, որին որպես ընդդիմադիր պատգամավոր յուրաքանչյուր տարի բյուջետային քննարկումների ժամանակ քննադատել է այդ ժամանակվա իշխանությանը։

«Ես անընդհատ բարձրաձայնել եմ այն հարցը, որ պաշտոնյաների որոշ կաստայական բաժանում է ձևավորվել, և եղել են պաշտոնյաներ, որոնք հարկ չեն համարել ներկայանալ հաշվետվությանը։ Այս տարի կառավարությունը, վարչապետին ենթակա ու առընթեր մարմինները այս թեմայով քննարկում են ունեցել, եղել է քննարկում նաև Երևանի քաղաքապետի հետ։ ԱԱԾ պետ, ոստիկանապետ, Երևանի քաղաքապետ, բոլոր մարմինները բյուջեի կատարմանը կներկայանան առաջին դեմքով և կպատասխանեն պատգամավորների հարցերին»,- եզրափակեց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter