HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

2018-ի բյուջեով փաստացի ծախսերը կազմել են 1 տրլն 447 մլն դրամ, եկամուտները՝ 1 տրլն 342 մլն դրամ

Հակառակ կանխատեսումների՝ 2018-ի պետական բյուջեով 4,5 տոկոս աճի ցուցանիշ էր ակնկալվում, սակայն ապահովվել է 5,2 աճ։

Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով 2018 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությանը։

«Դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ համաշխարհային տնտեսությունն աճել է 3,6-ով, ԵՄ-ն` 2,1 տոկոսով, ԵԱՏՄ երկրների միջին ցուցանիշը 2,5 տոկոս է։ Եթե տնտեսական աճի կառուցվածքին ուշադրություն դարձնենք, պիտի արձանագրենք, որ այն փոփոխությունները, որ ակնկալում ենք, չենք կարող գնահատել որպես ցանկալի արդյունք։ Աճի մեջ մեծ կշիռ ունի ծառայությունների ոլորտը, մնացած ոլորտների հետ կապված մեր սպասումները չենք կարող արձանագրել որպես ցանկալի արդյունք։ Մենք պիտի ջանք գործադրենք, որ տնտեսության կառուցվածքը փոխվի, և մենք ունենանք այնպիսի տնտեսություն, ինչպիսին հայտարարել ենք, որ ուզում ենք ունենալ»,- ասաց Ջանջուղազյանը։

Ինչ վերաբերում է գնաճային ցուցանիշներին, նախարարն ասաց, որ այն օրենքով նախատեսված միջակայքում է եղել՝ 2,5 տոկոս է կազմել, ինչը հիմնականում բացատրվում է ոչ պարենային ապրանքների գների աճով։

2018-ին պետական բյուջեի ծախսերի համար նախատեսվել է 1 տրլն 527 մլրդ դրամ, փաստացի ծախսերը կազմել են 1 տրլն 447 մլն դրամ, եկամուտների համար նախատեսվել է 1 տրլն 365 մլրդ դրամ, փաստացի ցուցանիշը կազմել է 1 տրլն 342 մլն դրամ, պակասուրդը նախատեսված է եղել 161,9 մլրդ դրամ, փաստացի պակասուրդը կազմել է 105 մլրդ դրամ։ Նախարարի խոսքով՝ պետական պարտքի սպասարկումը կազմել է բյուջեի ծախսերի 9,6 տոկոսը՝ 139 մլրդ դրամ։

«2018-ի տարեվերջի դրությամբ պետական պարտքի համար արձանագրվել է 6 մլրդ 923 մլն ԱՄՆ դոլար, որից կառավարության մասնաբաժինը 6 մլրդ 373 մլն դոլարն է, մնացածը ԿԲ-ի պարտքն է։ 2018-ի արդյունքներով` կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 51,4 տոկոս է, պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը՝ 55,8 տոկոս»,- ասաց նախարարը։

Ջանջուղազյանի խոսքով՝ 2018-ին միջին ամսական աշխատավարձը կազմել է 172 հազար 727 դրամ, պետական համակարգում միջինացված համապատասխանաբար՝ 148 հազար 180 և 186 հազար 254 դրամ։ Գործազրկության մակարդակը 1,5 տոկոսային կետով նվազել է։ Արտահանումն աճել է 8,4 տոկոսով, ներմուծումը` 15,3 տոկոսով, դրամական փոխանցումները նվազել են շուրջ մեկ տոկոսով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter