HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայացք համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ինտեգրման հեռանկարներին և մարտահրավերներին

Ջուլիետա Թադևոսյան

Տ.Գ.Թ, դոցենտ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, Տնտեսական զարգացումներ և անվտանգություն ծրագիր

Համաշխարհային տնտեսության զարգացման վերջին կեսդարյա ուղին վկայում է գլոբալացման և միջազգային տնտեսական ինտեգրման միջև հակասությունների մերթ սրումը, մերթ դրանց միջև ներդաշնակության հաստատումը: Ի սկզբանե համաշխարհային տնտեսության շրջանակներում իրականացվող գլոբալացման գործընթացներն առավել ազդեցիկ էին, տարողունակ, բազմագործոն, բազմաբևեռ: Ինչպես վկայում է միջազգային փորձը, գլոբալացման արդյունքում որքան երկրների միջև խորացան տնտեսական կապերը, որքան երկրների տնտեսական կյանքն ուղղորդվեց ու կարգավորվեց միջազգային կառույցների կողմից՝ ի դեմս Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, այնքան առավել  մեծացավ ազգային տնտեսությունների խոցելիության հավանականությունը: Բավական է նշել միայն նախորդ դարի կեսերից մինչ այժմ գլոբալացման աճող դերին զուգընթաց (ընդ որում, 1980-ական թվականներից հատկապես ամերիկյան գլոբալացման) պետության դերի աննկարագրելի նվազումն ազգային տնտեսության կարգավորման գործառույթներում:

Ավելին, նույն գլոբալացման հետևանքով աշխարհը դարձավ բազմաբևեռ, հայտնվեցին նոր  խաղացողներ, որոնք, ազգային տնտեսական շահերից ելնելով, սկսեցին էլ ավելի կարևորել իրենց երկրների մրցակցային առավելությունների բացահայտմանն ու  իրացմանը միտված բազմաբնույթ քայլերը: Երկբևեռ աշխարհին փոխարինեց եռաբևեռը, իսկ այսօր արդեն հաղթարշավը շարունակում է «Քառյակ»-ը՝ ԱՄՆ-ԵՄ-Ճապոնիա-Չինաստան քառանկյունը: Օրինաչափորեն, 21-րդ դարն աստիճանաբար փոխեց համաշխարհային տնտեսության զարգացման ճարտարապետությունը: Հատկապես վերջին ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո երկրների միջև փոխհարաբերությունները   տեղափոխվեցին միանգամայն այլ հարթություն, կրկին կարևորվեց պետության դերակատարումը տնտեսության մեջ, ակտիվորեն սկսեցին կիրառվել տնտեսության կարգավորման պետական լծակները՝ մաքսատուրքեր, հարկեր, լրավճարներ, տոկոսադրույքներ և այլն: Արդյունքում, համաշխարհային տնտեսության մեջ երկրների միջև փոխհարաբերությունները դարձան առավել ներդաշնակ և մարդակենտրոն: Արդյունաբերական չորրորդ հեղափոխությամբ[1] պայմանավորված գլոբալացման նոր ալիքը՝ «Գլոբալացում-4»-ը,  սկսեց դրսևորվել նոր երանգներով: Եվ ոչ պատահականորեն, միջազգային տնտեսական ինտեգրման ժամանակակից գործընթացների տիրույթում երկրների միջև փոխհամագործակցության հակասություններն ու ներդաշնակությունը սկսեցին դրսևորվել ազգային շահերի, բացառապես տնտեսական շահերի իրացման տեսանկյունից:

Նշյալ իրողությունների տիրույթում հետազոտությունը լրացնենք ռետրոսպեկտիվ մեկ փաստով: Դեռևս նախորդ դարավերջի կեսերից գլոբալացման գործընթացներին սկսեցին հակադրվել միջազգային տնտեսական ինտեգրման գործընթացները: Կարծես թե միջազգային ինտեգրացիոն միավորումների ստեղծումը ծանրակշիռ արձագանքն էր գլոբալացման նեգատիվ դրսևորումների: Եվ ընդամենը մի քանի տասնամյակում աշխարհն ականատես եղավ ինտեգրացիոն բազմաթիվ խմբավորումների ձևավորմանը, դրանց ձեռքբերումներին և կորուստներին՝ սկսած 50-ականներին Եվրոպական տնտեսական համագործակցությունից մինչև Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիան՝ ԱՍԵԱՆ-ը, Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական      համագործակցությունը՝ ԱԽՏՀ-ը, Հյուսիս-ամերիկյան ազատ առևտրի ասոցիացիան՝ ՆԱՖՏԱ-ն, Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկան՝ ՄԵՐԿՈՍՈՒՐ-ը և այլն: Ինտեգրացիոն խմբավորումներն առանձնացան և ներկայումս էլ առանձնանում են ինտեգրման տարաբնույթ նախադրյալներով և որ ամենակարևորն է՝ ինտեգրման նպատակներով: Մի խմբավորման շրջանակներում ինտեգրման հիմնական նախադրյալը երկրների աշխարհագրական մոտիկությունն է և նպատակը՝ հզոր և մրցունակ տնտեսության տեսլականը (ԵՄ), մյուսում՝ տարածաշրջանային ենթակառուցվածքներով պայմանավորված փոխհամագործակցության խոչընդոտների վերացումը և ակտիվ ձեռնարկատիրական գործունեությունը (ՄԵՐԿՈՍՈՒՐ), մեկ այլ կառույցում՝ տնտեսական աճի նոր մոդելը և երկրի առաջընթաց զարգացումը (ԱՍԵԱՆ), իսկ Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում՝ ԱՊՀ-ում՝ դոմինոյի էֆեկտը և «կարոտախտը»:

Արդ, որո՞նք են այն շարժառիթները, որոնք գլոբալ զարգացումների համատեքստում անկախության առաջին իսկ տարիներից ուղղորդեցին համաշխարհային տնտեսությանը Հայաստանի  ինտեգրման  ընթացքը և դրանով իսկ պայմանավորեցին որոշակի մարտահրավերների առաջացումը:

Սոցիալիստական տնտեսական համակարգի փլուզումը վկայեց, որ հնարավոր չէր ավտարկիայի (ինքնամեկուսացման) սկզբունքով զարգանալ, ուստի և անկախության առաջին իսկ տարիներից Հայաստանի տնտեսական զարգացման հետագիծը խաչվեց միջազգային և տարածաշրջանային ինտեգրման այնպիսի շարժառիթների հետ, ինչպիսիք էին մասամբ՝ տնտեսական, և գերազանցապես՝ քաղաքական, ինչու՞ չէ նաև ռազմական համագործակցությունը: Որքան էլ որ տարօրինակ է, ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո նախկին խորհրդային երկրները վերաինտեգրվեցին՝ կազմավորելով ԱՊՀ-ը: Իհարկե վերջինս մինչ այսօր այդպես էլ չվերածվեց տնտեսական գործող կառույցի՝ ինտեգրված երկրների տնտեսությունների միջև անհամամասնությունների առկայության, սոցիալ-տնտեսական խնդիրների տարաբնույթ դրսևորումների և այլ պատճառներով: Բնականաբար, այդ կառույցը Հայաստանին պարտադրեց մի շարք մարտահրավերներ՝ պայմանավորված նախկին համակարգի տնտեսվարման որոշակի սկզբունքների «վերակենդանացման» հետ: Ամենաէական մարտահրավերը շուկայական տնտեսական համակարգի չընկալումն էր իր բոլոր հնարավոր հետևանքներով: Այս տիրույթում նշենք ավելին, անկախության առաջին իսկ տարիները Հայաստանին ընձեռեցին համաշխարհային տնտեսությանն ինտեգրման մեկ այլ հնարավորություն՝ դարձյալ որոշակի իմաստով պարտադրված: Անդամակցեցինք միջազգային մի շարք կառույցների՝ տնտեսության կառուցվածքային բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ սուղ ֆինանսական ռեսուրսները լրացնելու պահանջով: Գլոբալացվեցինք… Երկիրը հայտնվեց այն նույն իրողությունների շրջանակներում, ինչպես աշխարհի շատ զարգացող երկրներ: Եվ ինչպես ապացուցեց համաշխարհային տնտեսության վերջին կեսդարյա փորձը, գլոբալացումն ու միջազգային տնտեսական ինտեգրման գործընթացները որքան էլ որ դրսևորեցին իրենց ընդհանրությունները՝ այն է երկրների միջև փոխհարաբերություններում խոչընդոտների վերացումը, նոր տեխնոլոգիաների հասանելիությունը, փորձի, հմտությունների տարածումը, խաղի միասնական կանոններին հետևելը և այլն, այդքան էլ ի հայտ եկան հակասությունները՝ տնտեսության մեջ պետության դերակատարման նվազումը, առաջատար երկրներից կախվածության խորացումը և այլն: Իհարկե, որոշ երկրներ օգտվեցին գլոբալացման ընձեռած հնարավորություններից և միաժամանակ «չմոռացան» ինտեգրվել և հզորանալ՝ անդամակցելով տարածաշրջանային ինտեգրացիոն խմբավորումներին: Այսպես, Սինգապուրը,  Հարավային Կորեան, Թայվանը, Բրազիլիան, Արգենտինան, Չինաստանը և  այլ երկրներ օգտվեցին գլոբալացման հնարավորություններից՝ ապահովելով տնտեսական աճի բարձր տեմպեր, ներդրումների ակտիվ հոսք և այլն (ԱՍԵԱՆ, ՄԵՐԿՈՍՈՒՐ): Իհարկե, որոշ երկրներ էլ հակադրվեցին հատկապես ամերիկյան գլոբալացմանն ու հարթեցին իրենց ճանապարհն ինտեգրացիոն խմբավորման է՛լ ավելի նոր նշաձողերի նվաճման և  ընդլայնման շնորհիվ (ԵՄ):

Սակայն նախորդ դարավերջից համաշխարհային տնտեսության մեջ գլոբալացման և ինտեգրման գործընթացներն արդեն սկսեցին ոչ թե հակադրվել, այլ ընդհակառակը՝ ներդաշնակեցվել նոր որակներով ու սկզբունքներով: Աշխարհը սկսեց ականատես լինել մեգաինտեգրացիոն գործընթացների: Սկսեց արժևորվել տարածաշրջանային ինտեգրացիոն խմբավորումների և առանձին ազդեցիկ երկրների միջև փոխհամագործակցությունը՝ պահպանելով ազգային շահի իրացման առաջնահերթությունները: Ավելին, ազգային մրցակցային առավելությունների է՛լ առավել խորը բացահայտումն ու իրացումն ինտեգրացիոն որոշ խմբավորումների պարտադրեց միավորվել տարածաշրջանում՝ առավել հզոր երկրների հետ, դրանով է՛լ ավելի բավարարելով ինտեգրացիոն սպասումները: Այսօր միջազգային պրակտիկայում ակտիվանում են փոխառնչություններն ԱՄՆ-ի և ԵՄ-ի, Չինաստանի և ԵԱՏՄ-ի միջև: Արդեն ականատես ենք Իրանի Իսլամական Հանրապետության և ԵԱՏՄ-ի միջև ազատ տնտեսական գոտու համաձայնագրի գործողության մեկնարկի:

Հարց է ծագում՝ այսօր նոր Հայաստանը համաշխարհային տնտեսությանն ինտեգրման ինչպիսի՞ իրատեսական ուղիներ ունի: 

2019-2023թթ. Կառավարության ծրագրում[2] ուրվագծվել են Հայաստանի աշխարհատնտեսական համագործակցության ուղիները: Անշուշտ դրանք պայմանավորված են տնտեսական, քաղաքական, տարածաշրջանային և այլ գործոններով: Իսկ թե դրանցից ո՞րն է առավել իրատեսական, գերազանցապես պայմանավորված է Հայաստանի տնտեսական ներուժով: Այս տեսանկյունից ներկայացնենք մեր կողմից կատարված մի վերլուծություն վերջին 10 տարիներին ՀՀ տնտեսության զարգացման այն ցուցանիշների շարժընթացի վերաբերյալ, որոնք որոշիչ են միջազգային տնտեսական ինտեգրման գործընթացներում: ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացման վերջին տասը տարիների ցուցանիշների[3] վերլուծությունը վկայում է, որ երկրում գրանցվել են թեև դանդաղ, սակայն որոշակի առումով կայուն աճի տեմպեր: Մասնավորապես, ՀՀ ՀՆԱ-ն ընթացիկ գներով 2018թ. կազմել է 12428.3 մլն ԱՄՆ դոլար՝ գերազանցելով 2009թ. ցուցանիշը 3780.3 մլն ԱՄՆ դոլարով: Իհարկե, անառարկելի են գների աճի, ՀՆԱ-ի կառուցվածքային «անհանգստությունների» իրատեսական ազդեցությունները ՀՆԱ-ի ցուցանիշի, բնականաբար նաև տնտեսության զարգացման մակարդակի վրա: Սակայն, դրանով հանդերձ, ՀՀ տնտեսության մեջ ուսումնասիրվող տարիներին նկատելի են զարգացման թեև աննշան, սակայն դրական միտումներ: Աճի միտումներ են գրանցվել նաև բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշի շարժընթացում: Այն 2009թ. 2666 ԱՄՆ դոլարից ավելացել է և 2018թ. կազմել 4186 ԱՄՆ դոլար[4]: Արդյունքում, միջազգային կառույցները Հայաստանը գնահատել են որպես միջին և բարձր եկամտով երկիր: Սա, կարծում ենք, որոշակի առաջընթաց է և երաշխավորում է որոշակի պոզիտիվ վարքագիծ ինտեգրման գործընթացներում: Ինչ վերաբերում է ՀՀ արտաքին առևտրաշրջանառությանը, ապա պետք է արձանագրել, որ 2009-2018թթ․ այն նույնպես դրսևորել է աճի միտումներ[5]: Հետազոտության արդյունքները վկայում են, որ 10 տարիների ընթացքում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է գրեթե 2 անգամ: Հայաստանից արտահանվող խոշոր ապրանքային խմբերի կառուցվածքում առաջին հնգյակում տեղ են գտել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են հանքահումքային արտադրանքը, պատրաստի սննդի արտադրանքը, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից իրերը, ոչ թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը, մանածագործական իրերը: Հայաստան ներմուծվող խոշոր ապրանքային խմբերի առաջին հնգյակի մեջ են մտնում մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, հանքահումքային արտադրանքը, պատրաստի սննդի արտադրանքը, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերական ճյուղերի արտադրանքը, վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտային միջոցները:[6] Արտաքին առևտրի ապրանքային կառուցվածքի նման «սահմանափակ» շրջանակները փաստում են ակնհայտ ռիսկերի և դրանից բխող ոլորտային մարտահրավերների մասին: Ըստ Հայաստան ներմուծման և արտահանման աշխարհագրական կառուցվածքի վերլուծության՝ հանգում ենք այն եզրակացության, որ այս հարթության մեջ նույնպես գրեթե բացակայում է արտաքին առևտրի դիվերսիֆիկացիան, և հետևաբար դարձյալ սահմանափակ են այլ երկրներին ինտեգրման հնարավորությունները: Այսպես, Հայաստան  ներմուծման ծավալներով խոշոր գործընկեր է Ռուսաստանի Դաշնությունը: Ռուսաստանից Հայաստան ներկրման աճը կազմել է մոտ 10%: 2018թ. Հայաստանը Ռուսաստանից ներկրել է 1257942.1 հազ. ԱՄՆ դոլար արտադրանք՝ գերազանցելով 2009թ. նույն ցուցանիշը[7] 542224.3 հազ. ԱՄՆ դոլարով, այլ կերպ 10 տարիների ընթացքում ներմուծման ծավալներն աճել են գրեթե 2 անգամ: Իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են 5, անգամ: 2018թ. տվյալներով՝ ՀՀ ներմուծման կառուցվածքում երկրորդ խոշոր գործընկերը Չինաստանն է՝ 7,7%, այնուհետև Վրաստանը՝ 7,5%, հաջորդում են Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ 5,4%, Գերմանիան՝ 5,2% մասնաբաժնով: Գրեթե նույն պատկերն է խոշոր գործընկեր երկրների հետ Հայաստանի արտահանման աշխարհագրական կառուցվածքում: Այստեղ նույնպես առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանը: Ուսումնասիրվող տարիներին դեպի Ռուսաստան արտահանման ծավալներն ավելացել են 509681.9 հազ. ԱՄՆ դոլարով, 2018թ. այն կազմել է մոտ 652մլն ԱՄՆ դոլար՝ գերազանցելով 2009թ. նույն ցուցանիշը գրեթե 6 անգամ: 2017թ. մակարդակը գերազանցել է` ավելանալով գրեթե 22.8%-ով: Ընդ որում, Ռուսաստանին 2018թ. բաժին է ընկել ՀՀ արտահանման կառուցվածքի 27,6%-ը, հաջորդաբար երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Շվեյցարիան՝ 13,9%, Բուլղարիան՝ 8,9%, Իրաքը՝ 6,2%, Գերմանիան և Նիդերլանդները՝ համապատասխանաբար՝ 5,6% և 5,5% մասնաբաժիններով[8]:

Այսպիսով, պաշտոնական վիճակագրության վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ արտաքին առևտուրը, որպես միջազգային տնտեսական ինտեգրման ավանդական գործոն, կարող է Հայաստանին որոշակի հնարավորություններ ընձեռել տարածաշրջանում և մասամբ՝ ԵՄ տիրույթում, նշյալ գործընթացներն ակտիվացնելու նպատակով: Ակնհայտ է, որ գերազանցապես մի քանի ապրանքատեսակներ, մի քանի երկրներ արտահանելը մեծ ռիսկերի հետ է կապված, իսկ ներմուծման պարագայում հիմնականում սպառողական նշանակության ապրանքների ներմուծման ծավալները  պայմանավորում են ոչ միայն ՀՀ արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական մնացորդը, այլ նաև վկայում են երկրի զարգացման անհամեմատ ցածր մակարդակի և սպասվող մարտահրավերների մասին՝ տեխնոլոգիական անվտանգություն, բնակչության ցածր կենսամակարդակ, գործազրկություն և այլն: Անշուշտ, նշյալ իրավիճակի կարգավորման իրատեսական ուղիներից մեկը որոշ ապրանքատեսակների ներմուծման փոխարինումն է տեղական արտադրությամբ, ինչպես նաև նման պայմաններում կարևորվում է հատկապես արտահանման դիվերսիֆիկացման  քաղաքականությունը:

Համաշխարհային տնտեսությանն ինտեգրման կարևոր շարժառիթներից են նաև  օտարերկրյա ուղղակի ներդրումները (այսուհետ՝ օուն): 2009թ. օուն-երը կազմել են 709.64 մլն դոլար, իսկ 2018թ.՝ 177.09 մլն ԱՄՆ դոլար, այսինքն դրանք վերջին 10 տարիների ընթացքում նվազել են ավելի քան 24,6%-ով: Չնայած այն հանգամանքին, որ 2018թ. ներկայացված է երեք եռամսյակների կտրվածքով, այդուհանդերձ, առկա վիճակագրությունը փաստում է, որ ուսումնասիրվող տարիներին դրանք նվազել են գրեթե 4 անգամ[9]: Պատճառները բազմազան են՝ ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցություններ, փոքր շուկա, վստահության պակաս, ենթակառուցվածքների թերզարգացվածություն: Ավելին, 2018թ. երրորդ եռամսյակում ականատես ենք ֆինանսական հոսքերի դրական ցուցանիշի, այն է՝ 18.32  մլն ԱՄՆ դոլար, ինչը «հուշում է» երկրից կապիտալի արտահոսքի, հետևաբար գործարար դաշտի անկատարության մասին:

Օուն-երի հետ կապված իրավիճակն առավել անհանգստացնող է, երբ դրանց նայում ենք ոլորտային ներդրումների բաղադրիչի տեսանկյունից: Դրանք գերազանցապես իրականացվում են հանքարդյունաբերության, էլեկտրականության, գազի և գոլորշու, նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում: Իհարկե, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումները վկայում են երկրի հնարավոր առաջընթացի մասին: Սակայն մնացած ոլորտներում ներդրումների ակտիվությունը երկարաժամկետում անհամեմատ «բացասաբար» է անդրադառնալու երկրի տնտեսական աճի ու կայուն զարգացման վրա այն տրամաբանությամբ, որ չնայած դրանք նպաստում են տվյալ ժանակահատվածում երկրի տնտեսական զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, հարկային մուտքերի աճին, այդուհանդերձ, երկարաժամկետում և առավել ևս արտաքին տնտեսական գործունեության արդյունավետության տեսանկյունից դրանք  հուսալի և ներառական չեն:  Կարծում ենք՝ այս հանգամանքը նույնպես լուրջ մարտահրավեր է, և այն պետք է հաշվի առնել համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ինտեգրման գործընթացներում: Ինտեգրացիոն խմբավորումների հետ հետագա փոխհարաբերություններում հարկ է ներդրողներին ուղղորդել տնտեսության առավել կայուն և հեռանկարային ոլորտներ, օրինակ մշակող արդյունաբերության, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ ոլորտներ: Ինչ վերաբերում է օուն-երի աշխարհագրական կառուցվածքին, ապա դրանք հիմնականում դարձյալ Ռուսաստանից են, Միացյալ Թագավորությունից, Կիպրոսից, Հունգարիայից, ինչը ևս վկայում է ինտեգրման սահմանափակ շրջանակների մասին:  

Աշխատուժի միջազգային միգրացիան նույնպես միջազգային տնտեսական ինտեգրման կարևորագույն բաղադրիչներից է: Գաղտնիք չէ, որ անկախության առաջին իսկ տարիներից չի դադարում արտագաղթը Հայաստանից: Ակնհայտորեն դրանց ծավալներն անհամեմատ կրճատվել են, սակայն դեռևս անհանգստացնող են: Բավական է նշել, որ դեռևս միգրացիայի մնացորդն ըստ մեկնողների և ժամանողների բացասական է: 2018թ. այն կազմել է -18,5 հազ. մարդ[10]: Կնշանակի՝ դեռևս մեկնումները գերազանցում են ժամանումներին: Այս երևույթը կարող է և՛ ակտիվացնել ինտեգրման գործընթացները, և՛ կարող է վտանգել՝ որակյալ աշխատուժի արտագաղթի հետ կապված: Ուստի և անչափ կարևոր է աշխատուժի միգրացիոն հոսքերի պետական կարգավորման քաղաքականության հստակեցումն ու արտագաղթի նվազեցմանը միտված արդյունավետ մեխանիզմների մշակումը, մասնավորապես աշխատաշուկայի պահանջներից բխող երիտասարդ մասնագետներին բարձր աշխատավարձով, բնակարանային պայմաններով ապահովումը, հասուն տարիքի աշխատողների վերապատրաստումը, աշխատանքի շուկա կանանց ընդգրկվածության մեծացումը,  կենսաթոշակային տարիքի նվազագույն շեմի բարձրացումը մինչև 65 տարեկան և այլն:

Այսպիսով, Հայաստանի տնտեսության զարգացման վերոնշյալ միտումները կանխորոշում են համաշխարհային տնտեսությանը երկրի ինտեգրման և՛ նոր հնարավորություններ, և՛ հնարավորությունների նվազում: Ժառանգել ենք բազում մարտահրավերներ, սպասվում են նորերը:

Այդուհանդերձ, Հայաստանում գրեթե բոլոր ցուցանիշների գծով ակտիվ են փոխհարաբերությունները արևմտաեվրոպական երկրներից Գերմանիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների, Միացյալ Թագավորության, Հունգարիայի, Ֆրանսիայի և այլ երկրների հետ: Թերևս սա է այն պատճառներից մեկը, որ ՀՀ-ը վերաձևակերպեց իր հարաբերությունները ԵՄ-ի հետ:

Ստորագրվեց ՀՀ և ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Անշուշտ, Համաձայնագիրը համարժեք չէ Ասոցացման համաձայնագրին, բավական է թեկուզև նշել տնտեսական բաղադրիչի գրեթե բացակայությունը: Այն ապահովում է համագործակցության նոր ձևաչափ և հնարավորություններ, որոնք ունեն գործուն նախադրյալներ և ինչու՞ չէ նաև որոշակի հեռանկարներ: Իհարկե, դեռ վաղ է ակնկալել փոխհարաբերությունների լայն շրջանակ ԵՄ-ի հետ այնպես, ինչպես Վրաստանի, Մոլդովայի կամ Ուկրաինայի պարագայում է, սակայն նոր իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերն արդեն իսկ հուսադրող են: ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը չի պարունակում դրույթներ ազատ առևտրի գոտու վերաբերյալ: Սակայն ներառված են դրույթներ, որոնք էապես կանդրադառնան ՀՀ արտաքին առևտրի, նաև ներդրումների ակտիվացման վրա: Բավական է նշել GSP+ առևտրի արտոնյալ ռեժիմը, որը թույլ է տալիս Եվրամիության երկրներ արտահանվող տեղական ծագման ապրանքների ավելի քան 30%-ն ազատել մաքսատուրքերից:

ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի ներկայացրած վիճակագրական տվյալների վերլուծությունը վկայում է, որ 2009-2018թթ. ընթացքում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը ԵՄ երկրների հետ  գրանցել է զգալի աճ՝ 2018թ. կազմելով 1 մլրդ 830 մլն 74 հազար դոլար, այսինքն 2009թ. նույն ցուցանիշը գերազանցել է գրեթե 1,5 անգամ, իսկ ԵՄ-Հայաստան առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նկատմամբ աճել է 19%-ով[11]: Ընդ որում, արտահանումն ավելացել է մոտ 8%-ով: ՀՀ-Եվրամիություն արտահանման ապրանքային կառուցվածքում գերակշռում են հատկապես պղնձի խտանյութը, գունավոր մետաղների հանքանյութը, ֆեռոհամաձուլվածքները, ալյումինե նրբաթիթեղները, թանկարժեք քարերը, մետաղները և այլ ապրանքներ, իսկ ներմուծման ապրանքային կառուցվածքում գերակշռում են մեքենաները, սարքավորումները, քիմիական արդյունաբերության արտադրանքը, պատրաստի սնունդը, տրանսպորտային միջոցները և այլ ապրանքներ: Ընդ որում, նշենք, որ Եվրամիության երկրների հետ արտահանման խթանմանն էապես նպաստել է  GSP+ առևտրի արտոնյալ ռեժիմը, ինչպես նաև ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային նոր համակարգը: «Գրանցված արտահանողների համակարգի» (Registered Exporter System-REX) ներդրումը զգալիորեն դյուրացնում է արտահանման գործընթացը, միաժամանակ նպաստում է դրանց հետ կապված ծախսերի և ժամանակի տնտեսմանը: ԵՄ-ի հետ որոշակի ակտիվություն է նկատվում օուն-երի դաշտում: Վերևում նշեցինք, որ միջազգային կազմակերպություններից միայն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն է, որ ներդրումներ է կատարել Հայաստանում: ԵՄ-ի հետ ինտեգրման գործընթացներին ակտիվ ազդակ կարող է լինել նաև «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի լրամշակումը, (ընդունվել է 1994թ.), ինչը նոր և լրացուցիչ արտոնություններ ու երաշխիքներ կարող է տրամադրել եվրոպացի ներդրողներին: Մինչդեռ Հայաստանն արդեն բացասական ազդակներ է դրել շրջանառության մեջ՝ ի դեմս Ամուլսարի:

Վերջին տարիներին Հայաստանն արձանագրեց ևս մեկ ինտեգրացիոն խմբավորմանն անդամակցելու փաստը: 2015թ․ հունվարի 2-ից Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (այսուհետ՝ ԵԱՏՄ), որի կազմում են նաև Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը: Հետազոտությունն իրականացրել ենք մինչև Միության գործունեությունը /2009-2014թթ․ ընթացքում/ և դրանից հետո անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցությունն արտացոլող վիճակագրական տվյալների վերլուծության միջոցով:[12] Առկա պաշտոնական վիճակագրության վերլուծությունը փաստում է, որ մինչ ՀՀ անդամակցությունը նախորդ վեց տարիների ընթացքում այսօր արդեն ԵԱՏՄ անդամ երկրների հետ (Ռուսաստանի Դաշնություն, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան) ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն ունեցել է աճի միտումներ․ այն 2009թ. նկատմամբ ավելացել է 520 256 հազ. ԱՄՆ դոլարով և 2014թ. կազմել է 1455343 հազ. ԱՄՆ դոլար: ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունից հետո նշյալ ցուցանիշը դարձյալ դրսևորել է աճի միտումներ[13], այսպես 2018թ. 2014թ. նկատմամբ այն աճել է 31%-ով կամ 1,3 անգամ: 2018թ. 2009թ. նկատմամբ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է գրեթե կրկնակի անգամ: Ընդ որում, արտահանումն աճել է մոտ 5,5 անգամ, իսկ ներմուծումը՝ 1,6 անգամ: Այս հարթության մեջ ոգևորիչ է նշյալ երկրների շուկաներում հայկական ապրանքների նկատմամբ պահանջարկի աճը: ՀՀ-ից արտահանվում են խմիչք, պատրաստի սննդի արտադրանք, բանջարեղեն, մրգեր, ծխախոտ, ոսկյա իրեր, վերջին տարիներին նաև պատրաստի հագուստ, տղամարդկանց, կանանց, մանկական տրիկոտաժ, իսկ ՀՀ ներմուծվում են բնական գազ, նավթամթերք, տնտեսական ապրանքներ, կապի միջոցներ, վերջին տարիներին նաև՝ մեքենաներ, սարքավորումներ: 

Իհարկե, այս տիրույթում ՀՀ արտաքին տնտեսական գործունեության նույնիսկ հպանցիկ վերլուծությունը[14] վկայում է ՀՀ-Ռուսաստան փոխհարաբերություններում վերջինիս ակտիվ դերակատարման մասին: Պատճառները բազմաբնույթ են, օրինակ հսկայական շուկայի առկայությունը, դեռևս պահպանված մտածողության ընդհանրությունը, ռազմական շահերը և այլն: Դեպի Ռուսաստան արտահանվում են խմիչքներ, հատկապես կոնյակ, պատրաստի սնունդ, կաշվե իրեր, բանջարեղեն, մրգեր: Հետազոտվող ժամանակահատվածում արտահանման ծավալներն աճել են ավելի քան 5,6 անգամ: Ռուսաստանից Հայաստան ներմուծվում է բնական գազ, նավթամթերք, ցորեն, արևածաղկի ձեթ, կապի միջոցներ, մարգարին, տնտեսական ապրանքներ: Վերջինս ավելացել է ավելի քան 1,6 անգամ: Արտահանման առաջանցիկ տեմպերը վկայում են հայկական ապրանքների նկատմամբ ռուսական շուկայում պահանջարկի աշխուժացման մասին, ինչն առավել ակտիվացել է նաև արտահանման ապրանքային կառուցվածքի դիվերսիֆիկացման շնորհիվ, սկսել են արտահանել տրիկոտաժ, կտրտած ծաղիկ, պատրաստի հագուստ:

Ակտիվություն նկատվում է Բելառուսի հետ արտաքին տնտեսական գործունեության տիրույթում: Միայն 2018թ. 2009թ. նկատմամբ Հայաստանից Բելառուս արտահանումն աճել է մոտ 2,4 անգամ: Արտահանման ապրանքային կառուցվածքում զգալի մասնաբաժին են կազմում կոնյակը, ալկոհոլային խմիչքները, ոսկյա իրերը: Բելառուսից Հայաստան ներմուծվում են տրակտորներ, անվադողեր, սառեցված մսամթերք, դեղամիջոցներ: Հետազոտվող ժամանակահատվածում ներմուծումն աճել է մոտ 1,4 անգամ: Ինչպես նկատում ենք, դեպի Բելառուս նույնպես նկատելի է արտահանման ծավալների աշխուժացում:

Հաջորդ վերլուծությունը վերաբերում է  Հայաստան-Ղազախստան արտաքին տնտեսական գործունեությանը: Այստեղ վիճակագրությունն այսպիսին է. 10 տարիների ընթացքում արտահանումն աճել է 3,7 անգամ, իսկ ներմուծումը՝ 1,3 անգամ: Դեպի Ղազախստան արտահանման ապրանքային կառուցվածքում գերակշռում են կոնյակը, ոսկյա իրերը: Իսկ Ղազախստանից Հայաստան հիմնականում ներմուծվում են շոկոլադ, կակաո պարունակող մթերքներ, անասնակեր, հարթ գլանվածք երկաթից, սև մետաղից առարկաներ: Նկատում ենք, որ դեպի Ղազախստան արտահանման դրական միտումները Ռուսաստանի և Բելառուսի նման պահպանվում են, և դա կարող է պոզիտիվ դերակատարում ունենալ ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում: Ղրղզստանի հետ արտաքին առևտրաշրջանառությունը հիմնականում պասիվ է, արտահանումն աճել է  2009-2018թթ․ ընթացքում մոտ 3,8 անգամ, իսկ ներմուծումը համապատասխանաբար 0,9 անգամ: Հայաստանից Ղրղզստան արտահանվում է ծխախոտ, կաշվե իրեր, քաղցրավենիք, պահածոյացված բանջարեղեն, իսկ ներմուծվում են հիմնականում լոբազգիներ:

 Կարծում ենք, որ Հայաստանն ունի ակտիվ ինտեգրման հնարավորություններ ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում՝ պայմանավորված այն իրողությամբ, որ անդամ բոլոր երկրների հետ նկատելի են արտահանման աճի դրական միտումներ, հետևաբար հայկական ապրանքների մրցունակության բարձրացում, նաև պահանջարկի աճ, հատկապես տեքստիլ արտադրանքի, պատրաստի հագուստի, մրգերի, ձկնարդյունաբերական արտադրանքի նկատմամբ: Հետևում է, որ առավելագույնս անհրաժեշտ է խթանել ինտեգրացիոն խմբավորման ներսում ստեղծված բոլոր հնարավորությունները: Թերևս ԵԱՏՄ-ի հետ փոխհարաբերությունների խոցելիությունը հիմնականում պայմանավորված է ենթակառուցվածքներով, մասնավորապես հաղորդակցության ուղիների անկատարությամբ, օրինակ Լարսը և այլն, կամ թվային օրակարգի ձևավորման դանդաղությամբ: Ազատական սկզբունքները ԵԱՏՄ-ՀՀ շրջանակներում կարող են հանգեցնել լուրջ մարտահրավերների՝ ԵՄ-ից ներմուծվող ապրանքների հետ կապված: Դրանք շոշափելիորեն կարող են թանկանալ՝ ի տարբերություն ներկրվող ռուսական ապրանքների: ՀՀ-ԵԱՏՄ փոխհարաբերությունները վտանգվում են նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ՀՀ անդամակցության փաստով: Երրորդ երկրների հետ կարող են ծագել նոր մարտահրավերներ՝ մաքսատուրքերի նախկին և ներկա դրույքաչափերի փոփոխությունների հետ կապված: Ավելին, լրջագույն բարդություններ կարող են ծագել Ռուսաստանի դեմ կիրառվող ամերիկյան պատժամիջոցների հետևանքով:

 Այսուհանդերձ, տնտեսական ինտեգրման հեռանկարները ԵԱՏՄ տիրույթում տնտեսապես հուսադրող են, և ակնկալվում են տնտեսական օգուտներ:

Արձանագրենք նաև, որ թե՛ ԵԱՏՄ-ը, թե՛ ԵՄ-ն ունեն լուրջ քաղաքական և տնտեսական խնդիրներ անմիջապես իրենց կառույցների ներսում, էլ չենք խոսում արդեն ակնհայտ տարաձայնությունների մասին (Ռուսաստան-Բելառուս, Բրեքզիթ և այլն): Բայց և միաժամանակ, ընդգծենք այն իրողությունը, որ երկու ինտեգրացիոն խմբավորումներում էլ անթաքույց է «Դոմինոյի էֆեկտը» (Ռուսաստանի Դաշնությունը՝ ԵԱՏՄ-ում, Ֆրանսիա-Գերմանիա փոխառնչությունների ազդեցությունը՝ ԵՄ-ում): Ուստի և նշյալ կառույցների շրջանակներում այսուհետ իրականացվելու են հնարավորինս բոլոր միջոցառումները դրանց կենսունակությունը երկարաձգելու համար: Խնդիրների առկայության նման տիրույթում կարևորվում է ՀՀ դերակատարումը՝ որպես կամուրջ ԵՄ-ԵԱՏՄ փոխհամագործակցության գործընթացներում:

Աշխարհն ընթանում է տարաբնույթ գործընթացների ներդաշնակեցման ուղիով: Կնշանակի՝ ԵՄ-ՀՀ-ԵԱՏՄ փոխառնչություններում ևս նման գործընթացները պահանջված են: Առհասարակ, միջազգային տնտեսական ինտեգրման գործընթացները Հայաստանի համար նույնպես երկսայր են՝ մի կողմից դրանք հնարավորություններ են ընձեռում ներթափանցել նոր շուկաներ, մյուս կողմից դրանք նոր մարտահարվերների շարժառիթ են՝ պայմանավորված համագործակցության ընդհանուր կանոնների պատճառով երկրի հնարավորությունների սահմանափակմամբ: Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, ուստի և հնարավորինս արագ և ճկուն պետք է արձագանքել ծագող մարտահրավերներին:

Այսպիսով, Հայաստանի տնտեսական ինտեգրման վեկտորները դիֆերսիֆիկացման անհրաժեշտություն ունեն:

Թերևս  պոզիտիվ հեռանկարներ են ուրվագծվում Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցության շրջանակներում: Հայաստան-Իրան ոչ միայն պատմական դրացիական զարգացումները, այլ նաև արտաքին տնտեսական գործունեության ներկա իրավիճակը փաստում է, որ հեռանկարային զարգացումների առումով հուսալի գործընկեր է Իրանի Իսլամական Հանրապետությունը: Հետազոտվող տարիներին Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը (բացառապես այն մի քանի տարիների, երբ արտաքին աշխարհից զգալի էին ճնշումներն Իրանի վրա) նույնպես ցուցաբերել է աճի միտումներ: Ուսումնասիրվող ժամանակահատվածում Հայաստան-Իրան արտաքին առևտրաշրջանառությունն[15]  ավելացել է  մոտ 1,7 անգամ, ընդ որում, նույն ժամանակահատվածում արտահանումն աճել է 2,9 անգամ, իսկ ներմուծումը՝ 1,5 անգամ: Համաշխարհային տնտեսությանը ՀՀ տնտեսական ինտեգրման այս տիրույթում դարձյալ բախվում ենք այն իրողության հետ, որ վերջին տարիներին Հայաստան-Իրան արտաքին առևտրաշրջանառության շրջանակներում ականատես ենք դեպի Իրան արտահանման ծավալների առաջանցիկ տեմպերի՝ ներմուծման համեմատությամբ: Երևույթը, անխոս,  վկայում է իրանական շուկայում հայկական ապրանքների նկատմամբ պահանջարկի աճի մասին, սակայն մյուս կողմից Իրանի անհամեմատ պակաս հետաքրքրվածությունը հայկական շուկայով վնասում է երկկողմ առևտրատնտեսական զարգացումների արդյունավետությունը: Նշենք նաև, որ Հայաստանից Իրանի Իսլամական Հանրապետություն հիմնականում արտահանվում է էլեկտրաէներգիա, ոչխարի և այծի միս, անմշակ ալյումին, ոչխար և այծ, իսկ ներմուծվում է բնական և հեղուկ գազ, կոքս, բիտում և նավթամթերքի մշակումից այլ մնացորդներ, նավթ և նավթամթերքներ ոչ հում, պոլիմերներ էթիլենի, պարարտանյութեր և այլն:

Սակայն, կարծում ենք, այս հարցում էական դերակատարում կարող են ունենալ «Մեղրի» ազատ տնտեսական գոտին և վերջերս կնքված ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրային համաձայնագիրը: Եթե առաջինը կարող է վերածվել տարածաշրջանային կարևորագույն ինտեգրացիոն խմբավորման՝ և՛ երկկողմ շուկաներում ակտիվ ներդրումների դաշտի,  ինչը կնպաստի փոխհամագործակցության խորացմանը, և՛ հարևան երկրների, և՛ եվրոպական շուկաներ ներթափանցման առումով, ապա երկրորդը պոզիտիվ դերակատարմանը զուգընթաց կարող է առաջացնել որոշ վտանգներ ազգային արտադրողի համար (օրինակ բանջարեղենի, տոմատի մածուկի և նմանատիպ այլ ապրանքների ներմուծումը): Սակայն վերջիններս կարող են մեղմացվել Հայաստանի Կառավարության կողմից ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող ճկուն և արդյունավետ տնտեսական քաղաքականության շնորհիվ:

Այսպիսով, համաշխարհային տնտեսությանը ՀՀ ինտեգրման գործընթացներում նախընտրելի է և՛ իրատեսական զարգացումներում խիստ հեռանկարային՝ «և՛, և՛, և՛» տարբերակը, այսինքն փոխհամագործակցություն, և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի, և՛ Հայաստանի հետ համագործակցության պատրաստ ցանկացած մեկ այլ երկրի կամ ինտեգրացիոն խմբավորման հետ:

Հայաստանի Կառավարության խնդիրն այն է, թե որքանով կարող է հակակշռել կամ ներդաշնակեցնել երկրի ազգային շահերն ինտեգրացիոն խմբավորման մեջ մտնող երկրների ազգային շահերի հետ: Դրանով իսկ համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ինտեգրման մարտահրավերներին դիմակայելու նորանոր ուղիներ կուրվագծվեն, որոնք կլինեն առավել հեռանկարային, ներառական ու հայաստանակենտրոն:

 

«Անվտանգություն, ժողովրդավարություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED) , Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

[1] Ջ. Թադևոսյան, Արդյունաբերական նոր հեղափոխություն․ մի՞ֆ, թե՞ իրականություն, հոդված, ՕՐԲԵԼԻ-Հետազոտական –վերլուծական կենտրոն, 12.05.2019թ.

[2] Հայաստանի Հանրապետության Կառավարություն, Կառավարության ծրագիր 2019,  29.03.2019թ.

[3] ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը հունվար-դեկտեմբերին, 2018թ., 23.03.2019թ. ՀՀ Վիճակագրական կոմիտե, Հայաստանի վիճակագրական տարեգիրք, Ազգային հաշիվների համակարգ, 2018, 2014, 2015, 2011, 25.03.2019թ.

[3] ՀՀ ժամանումներն ու մեկնումներն ըստ ցուցանիշների և տարիների, 25.03.2019թ.

[4] Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2010թ., Ազգային հաշիվների համակարգ, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ. հունվարին, 2018թ. ՀՆԱ-ի եռամսյակային և տարեկան տվյալները, 26.03.2019թ.

[5] Հայաստանի վիճակագրական տարեգիրք, Արտաքին տնտեսական գործունեություն, 2010թ, 2014թ.2018թ. ՀՀ Վիճակագրական կոմիտե, Հայաստանի վիճակագրական տարեգիրք, Արտաքին առևտուր, 2015թ., 2011թ. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ. հունվարին, 25.03.2019թ.

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե, Արտաքին հաշիվներ, Վճարային հաշվեկշիռ 6, 25.03.2019թ.

ՀՀ վիճակագրական կոմիտե (ԱՐՄՍՏԱՏ), ՀՀ ժամանումներն ու մեկնումներն ըստ ցուցանիշների և ըստ տարիների, 25.03.2019թ.

[6] Նույն տեղում։

[7]ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2009թ. հունվար-նոյեմբերին

[8] ՀՀ Վիճակագրական կոմիտե, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2018թ. հունվար-դեկտեմբերին, 23.03.2019թ.

[9] ՀՀ վիճակագրական կոմիտե, Արտաքին հաշիվներ, Վճարային հաշվեկշիռ 6, 25.03.2019թ.

[10] ՀՀ վիճակագրական կոմիտե, (ԱՐՄՍՏԱՏ), Հայաստանի Հանրապետության ժամանումներն ու մեկնումներն ըստ ցուցանիշների և ըստ տարիների, 25.03.2019թ.

[11] ՀՀ Վիճակագրական կոմիտե, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2018թ. հունվար-դեկտեմբերին, 23.03.2019թ.

[12] 2009-2013թթ. վիճակագրությունը հաշվարկված է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի 2012թ., 2014թ., 2015թ. Հայաստանի Վիճակագրական Տարեգրքերի Արտաքին տնտեսական գործունեություն բաժնի տեղեկատվության հիման վրա, 08.04.2019թ.

[13] Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայություն, ՀՀ արտաքին առևտուրն ըստ երկրների

[14] ՀՀ վիճակագրական կոմիտե, Հրապարակումներ, ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2018թ. հունվար-նոյեմբերին, Արտաքին առևտուր, 08.04.2019թ.

[15] ՀՀ վիճակագրական կոմիտե, Արտաքին առևտրի տվյալների բազա, Հրապարակումներ, ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2018թ. հունվար-դեկտեմբերին, 11.04.2019թ.

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter