
Կոկոսի յուղով թթվասերը վնասակա՞ր է, թե՞ օգտակար առողջության համար. պետական մակարդակով պատասխան չկա
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) դեկտեմբերի 16-ի նիստում կաթնամթերքի արտադրության մեջ կոկոսի յուղ և կաթի փոշի օգտագործելու համար տուգանել էր կաթնամթերքի շուկայի առաջատար երեք ընկերություններին՝ «Աշտարակ կաթին»՝ 50 մլն, «Դուստր Մարիաննային»՝ 20 մլն և «Անի կաթին»՝ 5 մլն դրամով:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը « Հետքի» հետ զրույցում ասաց, թե «Աշտարակ կաթն» արդեն վճարել է տուգանքը:
Նշենք, որ ընկերությունը պատկանում է ՀՅԴ խմբակցության պատգամավոր, գործարար Աշոտ Ափոյանին: Հարցին, թե հատկապես «Աշտարակ կաթի» դեպքում հնարավո՞ր է տուգանքի խոշոր չափ սահմանված լինի քաղաքական դրդապատճառով, որ ընկերությունը շուկայից դուրս մղվի՝ Արտակ Շաբոյանը պատասխանեց. «Մենք քաղաքական որոշումներ չենք կայացնում, և այստեղ ի՞նչ կապ ունի քաղաքական որոշումը: Հանձնաժողովը պատճառաբանել է, թե ինչի համար է ընկերություններին տուգանել, «Աշտարակ կաթն» էլ արդեն ընդունել է իր սխալը և վճարել է տուգանքը»:
Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ի հաշվարկներով՝ կաթնամթերք արտադրող ընկերությունների համար կոկոսի յուղի օգտագործումը խիստ շահավետ է, քանի որ դրա յուղայնությունը ոչ միայն շատ ավելի բարձր է, քան կարագինը, այլև այն մի քանի անգամ էժան է կարագից և մյուս ընկերությունների նկատմամբ շահեկան պայմաններ է ապահովում:
ՏՄՊՊՀ-ից դժվարացան ասել, թե տուգանքի որոշումից հետո արդյոք այդ ընկերությունները դադարեցրե՞լ են կոկոսի յուղի պարունակությամբ թթվասեր վաճառել: Հանձնաժողովի անդամ Սլավա Պետրոսյանն ասաց, որ տուգանքից հետո հանձնաժողովը չի անդրադարձել այդ խնդրին, քանի որ հետագա ընթացքը այլ կառույցների գործն է:
Կաթնամթերքի արտադրության մեջ կոկոսի յուղի հայտնաբերումը հասարակության շրջանում տարբեր խոսակցությունների առիթ դարձավ: Շատերը կարծում են, որ կոկոսի յուղը խիստ վտանգավոր է մարդու առողջության համար:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե կոկոսի յուղի պարունակությամբ թթվասերները ենթարկվե՞լ են լաբորատոր փորձաքննության, և այս ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկում Սննդի անվտանգության պետական ծառայությունը:
«Կոկոսի յուղը նույնպես սննդային հավելում է, բայց այդ ընկերությունները տուգանվել են հանձնաժողովի կողմից, հիմա էլ Սննդամթերքի անվտանգության ծառայությունը զբաղվում է այդ հարցով»,- ասաց գյուղնախարարը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել