
Ջիլիզացիները Նիկոլ Փաշինյանից խնդրում են Ջիլիզայում բացել սահմանային անցակետ
Հայ-վրացական 225 կմ երկարությամբ հյուսիսային սահմանի 65 կմ սահմանագծի սահմանազատման հարցն առ այսօր չի լուծվել` անհամաձայնության պատճառով: Չհամաձայնեցված հատվածներն են Բավրա եւ Ջիլիզա գյուղերի մոտ գտնվող տեղանքի, Սադախլո բնակավայր-Դեբեդ գետի, Խոժոռնի գյուղի, Ախքյորփի-Չանախչի-Բրդաձոր հատվածները:
Այդ անհամաձայնության պատաճառով առ այսօր չկա Ջիլիզա գյուղի սահմանային անցակետը։ Ըստ Ջիլիզայի բնակիչների՝ անցակետի բացումը նախեւառաջ կապահովի Ջիլիզայի և սահմանամերձ վրացահայ գյուղերի բնակիչների շփումը, վերջիններիս հայապահպանումը և Ջիլիզայի զարգացումը:
Գյուղացիները համոզված են, որ անցակետի բացման արդյունքում կդադարի նաև վրացական սահմանի կողմից Ջիլիզայից անասնագողությունը։ Գյուղացիները մեզ հետ զրույցում ասացին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից խնդրում են բացել Ջիլիզայի անցակետը և սահմանի վրա կանխել իրենց անասունների գողությունը:
Ջիլիզայում ապրում է 117 մարդ: Վերջին տարիներին սահմանամերձ գյուղի միակ «ձեռքբերումը» շաբաթը մեկ անգամ Ալավերդի գնացող ավտոբուսն է:
«Մեզ ընդամենը սահմանային անցակետով մի ոտքի ճանապարհ է պետք՝ վրացական կողմում գտնվող հայկական գյուղերում ապրող մեր հարազատների հետ շփվելու համար»,- ասում է Արտաշես Հակոբյանը:
Վարչական ղեկավար Մհեր Վարդանյանի խոսքով՝ Ջիլիզայի ամենացավոտ հարցը անասնագողությունն է: Վերջին երեք տարիներին գյուղից 25 խոշոր եղջերավոր անասուն են գողացել: «Անցակետը բացելու դեպքում կարող ենք արագ արձագանքել մեր անասունների գողությանը»,- ասում է Մհեր Վարդանյանը:
Վերջինս նաև պատմում է, որ անասնագողերը անարգել հատում են վրացական սահմանը, օրերով հետևում են սահմանը հսկող Ջիլիզայի սահմանապահ ուղեկալի վերակարգին: Նրանց հաջողվում է վերակարգին շրջանցել և անասունները տեղափոխել Վրաստան: Վարչական ղեկավարը կառավարությունից ակնկալում է Ջիլիզայի սահմանապահ ուղեկալը տեխնիկապես վերազինել, սահմանագծի վրա տեղադրել ավելի շատ տեսախցիկներ, ավելացնել նաև սահմանապահների թիվը: Նրա կարծիքով՝ միայն այդ դեպքում հնարավոր կլինի կանխել Ջիլիզայի անասնագողությունը:
«Իմ անասունների գողության փաստը 2018թ.-ի ապրիլի 12-ին սահմանի տեսախցիկներն են ցույց տվել»,- հայտնեց Մ. Վարդանյանը: Նրա խոսքով՝ սահմանապահ ուղեկալի տեսախցիկով իր անասունները գողացող մի ադրբեջանցու լուսանկար է ֆիքսվել:
«Եթե մենք անցնենք սահմանը և այդ ադրբեջանցու հետ ինչ-որ խոսակցություն ունենանք, հնարավոր է՝ հարցն ավելի բարդանա: Մեր անասունների հետ կապված սահմանապահ ուղեկալում կա նաև 2-րդ նկարը: Ճիշտն ասած, պարզ չի հասկացվում, թե ով է նա, բայց չեմ խուսափում հայտնել, որ անասունների գողության գործում հաստատ մեր կողմից մարդ կա: Այն տարածքով, որ մեր անասունները փոխադրել են Վրաստան, հնարավոր չէ, որ հասարակ մարդը կարողանա դա տեղափոխել: Հաստատ ներսից օգնում են դրսի գողերին: Ոստիկանությունն այդ մարդուն կամ մարդկանց չի բացահայտում»,- ասում է Մհեր Վարդանյանը:
«Իմ 6 անասունը գողացել են, բայց ոստիկանությանը չեմ էլ դիմել: Այդ մասին մեր սահմանապահները գիտեն: Ոստիկանությանը ինչ հայտնեի, իմ կովերը գողանալուց առաջ մեր երկու ջիլիզցու կովեր տարան, նրանք ինչի հասան, որ ես ինչի հասնեի: 9 հատ կով Մհեր Վարդանյանից տարան, Սպանդար Ծատինյանից տարան 6 կովեր, Արարատ Հակոբյանից 5 կով են տարել: Տանելիս էլ մեկ կամ երկու կով չեն տանում, 6-9 հատով են տանում՝ գյուղացու մեջքը կոտրում»,- դժգոհեց գյուղի ավտոբուսի վարորդ Սուրիկ Վարդանյանը:
Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանը մեզ հայտնեց, որ նախորդ տարվա ապրիլի 12-ին Ջիլիզայում կատարված անասնագողության օրը սահմանապահ ուղեկալի տեսախցիկներում երևացած անձը Մառնեուլի շրջանի Բուրմա գյուղի ադրբեջանցի բնակիչ Թահիբ Մահմեդովն է, անձնագրով՝ Տախիբ Մախմեդով:
«Նա Վրաստանի քաղաքացի է»,- ասաց ոստիկանապետը: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հաղորդեցին, որ Ջիլիզայում կատարված անասնագողության հետ կապված քրեական գործ է հարուցվել: Գործը գտնվում է Թումանյանի քննչական բաժնում: Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը այսօր հայտնեց, որ Ջիլիզայի անասնագողության քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Կասկածյալ կամ մեղադրյալ դեռ չկա:
Ջիլիզայի դպրոցի փոխտնօրեն Ալիսա Խասիկյանը հայտնում է, որ տարիներ շարունակ կրկնվող անասնագողության վախից գյուղացիները չեն զբաղվում անանապահությամբ և հայտվել են աղքատության մեջ:
Մեր այցելության պահին Ալավերդի-Ջիլիզա ճանապարհի վրա մասնակի վերանորոգում էր կատարում «Թումանյան ՃՇՇՁ» ԲԲԸ-ն:
«Վերանորոգումը մեկ շաբաթ առաջ ենք սկսել, հիմա ճանապարհին խիճ ենք փռում: Նախագծով Ալավերդու Մադան թաղամասի հատվածում ճանապարհի վերելքը շրջանցելու ենք»,- հայտնեց աշխղեկ Խորեն Դավթյանը: Տնօրեն Մուկուչ Տիտանյանի խոսքով՝ «Թումանյան ՃՇՇՁ»-ի ճանապարհների պահպանության գումարներից մոտ 30 մլն դրամ է հատկացվել Մադան-Ջիլիզա 28,5 կմ ճանապարհի վերանորոգման համար:
«Ճանապարհին կատարելու ենք ջրահեռացման կանավների մաքրման աշխատանքեր, էքսկավատորով հանույթներ ենք հանում, որից հետո ճանապարհը կհարթեցնենք գրեյդերով»,- ասաց Մ. Տիտանյանը: Վերջինս նշեց նաև, որ մասնակի վերանորոգված ճանապարհը ջիլիզացիներին կծառայի մինչև մեկ տարի: Ալավերդի-Ջիլիզա ճանապարհը սահմանային ռազամավարական նշանակության ճանապարհ է: Անձրևներից գրունտային ճանապարհը արագ դառնում է անանցանելի:
«Եթե ճանապարհը կապիտալ վերանորոգվի, մենք պատմամշակութային հայտնի հուշարձաններ շատ ունենք, Ջիլիզայում զբոսաշրջությունը կզարգանա»,- ասում է Վարդան Բազազյանը:
Ուսուցչուհի Նատալի Հարությունյանը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանն ավարտելուց հետո «Դասավանդիր Հայաստան» ծրագրով երկու տարի առաջ Ջիլիզայի դպրոցում անգլերեն և ռուսերեն դասավանդելու է եկել:
«Ջիլիզայում աշխատելը առաջին հերթին ինձ համար մեծ փորձ էր, ես այստեղ հասկացա կյանքի դժվարությունները: Գյուղում բնակվելը շատ բարդ է՝ մանավանդ սահմանային գյուղում»,- ասաց Նատալին:
Ջիլիզայում երիտասարդ ուսուցչուհին շատ դժվարությունների միջով է անցել: Բայց իր ասելով՝ դժվարությունները հեշտ է տարել, քանի որ ջիլիզացիները բարի մարդիկ են և իրեն բարեհոգաբար աջակցել են: Նատալին թվարկում է, թե առաջնային ինչ է պետք անել Ջիլիզայում նորմալ ապրելու համար՝ ջուր, վառելիք, Ալավերդի-Ջիլիզա ճանապարհ:
«Ջիլիզայում մթերային խանութ չկա, այստեղ գյուղացիներն անգամ կարտոֆիլ չեն մշակում»,- ասաց ուսուցչուհին: Ամեն անգամ, երբ ինչ-որ բան է պետք լինում, Նատալին քաղաք գնացողներից մեկին խնդրում է, որ բերեն, կամ ինքն է գնում Ալավերդի՝ գնումներ անելու: Նատալին ասում է՝ Ջիլիզայում ապրելու պայմաններին ծանոթ է եղել մինչև գալը։
«Ինքս ինձ պատրաստել էի ամեն ինչին»,- ասաց նա: Հունիսի վերջին կլրանա Նատալիի աշխատանքի երկու տարին և նա կմեկնի Երևան։
«Չեմ ասի, որ ուրախ եմ աշխատանքս Ջիլիզայում ավարտելու համար: Տխրում եմ, բայց իմ կյանքում ունեմ նաև այլ ծրագրեր: Ջիլիզացիներն ազնիվ ու աշխատասեր մարդիկ են: Նրանք արժանի են հարուստ և բարեկարգ ապրելու: Ամենադժվար տարիներին ջիլիզացիները չեն արտագաղթել, նրանք ամուր կառչած են սահմանային իրենց գյուղին»,- պատմեց Նատալին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել