
73 մլն դրամ՝ աշխատանքային գրքույկի տեղեկությունը կենսաթոշակային համակարգում ներառելու համար
Կառավարության պահուստային ֆոնդից սոցիալական ապահովության ծառայությանը կհատկացվի 73 միլիոն դրամ: Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց կառավարությունը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով:
Այդ գումարը տրամադրվելու է աշխատանքային գրքույկում առկա տեղեկությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու նպատակով։
Նախարարության հաղորդմամբ՝ 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցվել է աշխատանքային գրքույկների կիրառությունը աշխատանքային հարաբերություններում: Կառավարության որոշմամբ՝ հիմնական աշխատավայրի գործատուն պարտավոր է 2017 թվականի հունվարի 1-ից հետո երեք տարվա ընթացքում իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել՝ դրանում առկա տեղեկությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու համար:
Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ՝ առկա է 325 365 անձի գրքույկ, որոնք տեսաներածված չեն։ Նախարարության հաղորդմամբ՝ սա կայուն թիվ չէ, քանի որ մեկ անձը կարող է ունենալ մեկից ավելի աշխատանքային գրքույկ: Այդ պատճառով 2019 թվականի համար կանխատեսվում է շուրջ 350 հազար աշխատանքային գրքույկ տեսաներածել: Դրա համար պահանջվելու է լրացուցիչ ֆինանսական միջոց, որն այս տարվա պետական բյուջեով նախատեսված չէ: Այդ պատճառով կառավարությունը որոշեց աշխատանքների իրականացման համար փոխանցել մոտ 73 միլիոն դրամ:
«Նախագիծն ընդունվելու դեպքում էապես կնվազեն աշխատանքային ստաժի կապակցությամբ առկա ռիսկերը և նվազագույնի կհասցվեն ոչ հավաստի տվյալներ պարունակող փաստաթղթերի հիման վրա ստաժի հաշվարկման դեպքերը՝ ապահովելով կենսաթոշակային ապահովությանը ուղղված միջոցների զգալի խնայողություններ»,- հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Մեկնաբանել