
Հայաստանն առաջին անգամ թեկնածու կունենա Առողջապահության համաշխարհային կազմակերպության մրցույթում
Կառավարությունը 13 միլիոն դրամ կհատկացնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային նոր տնօրենի ընտրության քվեարկությանը Թաթուլ Հակոբյանի նախընտրական ծրագրի ներկայացման և քարոզարշավի ընթացքում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով: Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց կառավարությունը:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերին կայանալու է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային նոր տնօրենի ընտրության քվեարկություն, որին մասնակցելու են եվրոպական ԱՀԿ անդամ բոլոր 53 երկրները` յուրաքանչյուրը մեկ ձայնի իրավունքով:
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը այս պաշտոնին ներկայացրել է իր թեկնածուին` Թաթուլ Հակոբյանին: Հակոբյանը 2002-2010թթ. զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2011թ.-ից աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության համակարգում, իսկ 2017թ.-ից հանդիսանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը Սլովակիայում:
Եվս 5 երկիր ներկայացրել է իր թեկնածուներին: Ըստ նախարարության՝ տնօրենի պաշտոնի ստանձնումը կկարևորի Հայաստանի դերակատարումը եվրոպական տարածաշրջանում` միաժամանակ նպաստելով վերջինիս եվրոպական առողջապահական ծրագրերում առավել լիարժեք ընդգրկմանը:
Հակոբյանը պատրաստել է իր նախընտրական ծրագիրը և պատրաստվում է քարոզարշավի նպատակով այցելել բոլոր այն երկրներ, որոնցից հավանական է ձայն ստանալ Հայաստանի ներկայացուցչի օգտին: Այդ նպատակով կազմվել է այցերի ծրագիր, և գործուղման ծախսերի փոխհատուցման համար Թաթուլ Հակոբյանը դիմել է Հայաստանի կառավարությանը՝ հնարավոր ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել