Բեռլինի ազգային գրադարանում կկազմակերպվի հայերեն հնատիպ գրքի ցուցահանդես
Մատենադարանի և Բեռլինի ազգային գրադարանի միջև ձեռք է բերվել նախնական համաձայնություն՝ 2012 թ. Բեռլինի ազգային գրադարանում կազմակերպելու հայերեն հնատիպ գրքի ցուցահանդես: Այժմ այս ուղղությամբ աշխատանքներ են կատարվում: Այս մասին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին տեղեկացրել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը իրենց հանդիպման ժամանակ:
Նախարարի խոսքերով՝ տարվա ընթացքում նախատեսվում են գերմանական գրականությանը նվիրված շաբաթ, որի ընթացքում տեղի կունենան գրողների և հրատարակիչների հանդիպումներ, գրքերի շնորհանդեսներ: Հասմիկ Պողոսյանը դեսպանի հետ քննարկել է Գերմանիայից հրատարակիչների, թարգմանիչների, գրական աշխարհի հայտնի անձանց մասնակցության հարցը:
Կողմերը մասնավորապես խոսել են գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունտեր Գրասսի Հայաստան այցի հնարավորության, Նոբելյան մրցանակի մեկ այլ դափնեկրի՝ գերմանացի գրող Հերման Հեսսեի գրական ժառանգությանը անդրադառնալու մասին, քանի որ 2012-ին ՅՈւՆԵՍԿՕ-ն նշում է վերջինիս մահվան 50-րդ տարելիցը:
«Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում որոշվել է համատեղ միջոցառումների շարք անցկացնել Գերմանիայի Գյոթեի անվան ինստիտուտի հետ ևս:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Հայաստանը կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառին:
Մշակույթի նախարարության կայքի տեղեկացմամբ՝ Հասմիկ Պողոսյանը նշել է, որ ընթացիկ տարվա մշակութային ծրագրերը հիմնականում անցկացվելու են գրքի և գրատպության խորհրդանիշի ներքո, քանզի Երևանը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք, նշվում է հայ գրատպության 500-ամյակը, ինչի շրջանակներում նախատեսվում են լայնածավալ գրական, ցուցահանդեսային և այլ մշակութային ծրագրեր Հայաստանում և արտերկրում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել