
Նախկին նախագահական օդանավը կօգտագործեն ուսանողները
Նախկին նախագահական ինքնաթիռը, որը 2007 թվականից չի սպասարկում երկրի բարձրագույն ղեկավարությանը, այսօր կառավարության որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին:
1977-ին պատրաստված «Տու-134Ա» տիպի օդանավը խորհրդային տարիներին շահագործվել է Վիլնյուսում, Սիկտիվկարում, ապա՝ Երեւանում (գրանցումը՝ СССР-65072): 1990-ականներին այն «Հայկական ավիաուղիների» շարժակազմում էր արդեն հայկական գրանցումով՝ EK-65072: Օդանավը որոշակի փոփոխությունների է ենթարկվել՝ դառնալով «Տու-134Ա-3», որի տուրբոռեակտիվ շարժիչները կատարելագործված են, բացի դրանից՝ այն դարձել է VIP բորտ: 2000-2007 թթ. EK-65072-ը ծառայել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այն գտնվում էր «ՀՀ նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում:
Այն բանից հետո, երբ պետությունը նոր կառավարական ինքնաթիռ ձեռք բերեց («Airbus A319-132»), որը մինչ օրս սպասարկում է երկրի ղեկավարությանը, խորհրդային «Տու-134»-ը եւս 3 տարի՝ մինչեւ 2010 թ., շարունակեց սպասարկել տարբեր պաշտոնյաների: 2010-ի օգոստոսի 12-ին կառավարությունը որոշեց աճուրդի հանել օդանավը: Մեկնարկային գին սահմանվեց 600.168.000 դրամը (այդ պահի փոխարժեքով՝ մոտ 1.635.000 դոլար):
Երկար ժամանակ «Զվարթնոցում» կայանված ինքնաթիռը 2018-ի մարտի 22-ին գործադիրի որոշմամբ ամրացվեց կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությանը (ներկայում՝ պետգույքի կառավարման կոմիտե): Որոշման հիմք էր դարձել այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարյան կարգադրությունը, որով շուրջ 483 մլն դրամ գնահատված օդանավը հանվել էր նախագահի աշխատակազմի հաշվեկշռից: Ընդ որում՝ մարտի 29-ի նիստում էլ կառավարությունը նախագահականի բալանսից հանված եւ 17,5 մլրդ դրամ գնահատված «A319»-ը կցեց քաղավիացիայի գլխավոր վարչությանը (ներկայում՝ քաղավիացիայի կոմիտե):
Կառավարության այսօրվա որոշման հիմք է ծառայել այն, որ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ն դիմել է վերադասին՝ ՔԱԿ-ին, վերջինս էլ՝ էկոնոմիկայի նախարարության պետգույքի կառավարման կոմիտեին՝ խնդրելով բաժնետիրական ընկերությանը ամրացնել կամ անհատույց օգտագործման տրամադրել նախկին նախագահական ինքնաթիռը:
Ըստ այդմ՝ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի ուսանողներն ուսուցման ընթացքում պարբերաբար իրականացնում են պրակտիկ պարապմունքներ, ինչը նպաստում է նյութի յուրացմանը եւ պրակտիկ գիտելիքների զարգացմանը: Հաշվի առնելով այն, որ «Տու-134» օդանավը լրակազմված է, բայց չի շահագործվում, նպատակահարմար է համարվել այն օգտագործել՝ ուսումնավարժանքներ իրականացնելու համար, որոնք չեն հանգեցնի օդանավի ներկա վիճակի վատթարացմանը:
Կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ օդանավի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրումը «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին կնպաստի ավիացիոն կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման գործընթացին, ինչպես նաեւ ապագայում նոր ուսանողների քանակի եւ նոր մասնագիտությունների ավելացմանը: Կենտրոնում դասավանդող դասախոսներից շատերն ունեն այդ տիպի օդանավում աշխատելու մեծ փորձ եւ կարող են ապահովել ուսանողների պրակտիկ աշխատանքների անցկացումը՝ առանց նյութական լրացուցիչ միջոցների օգտագործման:
Գործադիրը պետգույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, ՓԲԸ-ի հետ կնքել օդանավի անհատույց օգտագործման պայմանագիր:
Հավելենք, որ 42-ամյա ինքնաթիռը ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցված չէ եւ այժմ գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում:
Լուսանկարում՝ EK-65072-ը՝ Թբիլիսիի օդանավակայանում (25.05.2009)
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել