
Զաքար Հովհաննիսյանը փորձել է երկաթյա ձողով հարվածել Գեղամ Պետրոսյանին, և նա կրակել է. ըստ պաշտպանի՝ վկան նման ցուցմունք է տվել
Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Այս մասին դատարանում գտնվող լրագրողներին ասաց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը:
«Ինքն առհասարակ ցուցմունք չի տվել, որևէ փաստական տվյալի կապակցությամբ իր կարծիքը չի հայտնել, որովհետև իրականում նման դեպք տեղի չի ունեցել»,- ասաց Գեւորգյանը:
Գեղամ Պետրոսյանը նախկինում մի քանի անգամ վկայի կարգավիճակով հարցաքննվել է, սակայն միայն օրեր առաջ է նրան մեղադրանք առաջադրվել: Հարցին, թե ի՞նչ նոր փաստական տվյալ է ձեռք բերվել նրան մեղադրանք առաջադրելու համար, պաշտպանը պատասխանեց, որ ի հայտ է եկել անձ, որը ցուցմունք է տվել` իբր ցուցարար Զաքար Հովհաննիսյանը երկաթյա ձողով փորձել է հարվածել Գեղամ Պետրոսյանի գլխին, և վերջինս կրակել է:
Պաշտպանը մանրամասնեց, որ ըստ վկայի ցուցմունքի՝ ստեղծվել է իրավիճակ, երբ կամ Զաքար Հովհաննիսյանը պետք է հարվածեր Գեղամ Պետրոսյանին, կամ վերջինս՝ նրան, և այս իրավիճակում Գեղամ Պետրոսյանը կրակել է:
«Կամ նա պիտի խփեր, Գեղամ Պետրոսյանը մահանար, կամ՝ Պետրոսյանը պիտի կրակեր»,- նշեց Գևորգյանը:
Դիտարկմանը՝ եթե վկան այդպիսի ցուցմունք է տվել, ինչպե՞ս կարող էր Պետրոսյանի արարքը սպանություն, այլ ոչ թե անհրաժեշտ պաշտպանություն կամ պաշտպանության սահմանազանցում որակվել, Գևորգյանը նշեց, թե հարցը պետք է տալ իրավապահներին:
Ըստ Վաղարշակ Գևորգյանի՝ հանցագործության գործիք զենքը հայտնաբերված չէ, հայտնաբերված չէ նաև պարկուճը, իսկ գնդակը հայտնաբերվել է Զաքար Հովհաննիսյանի մարմնից:
«Պետք է զենքը հայտնաբերեն, նույնականացում անեն, տեսնեն՝ այդ զենքից կարո՞ղ էր այդ գնդակը կրակված լիներ»,-ասաց փաստաբանը:
«Եթե ըստ քրեական գործի՝ պարկուճները փոխվել են, ինչպե՞ս պետք է նույնականացում արվի»,- հարցրեցինք Վաղարշակ Գևորգյանին: Նա ասաց, որ ինքը տեղյակ չէ` պարկուճները փոխվե՞լ են, թե ոչ:
«Կոնկրետ դեպքում գնդակը հայտնաբերվել է Զաքար Հովհաննիսյանի մարմնի մեջ. խոսքը 9մմ տրամաչափի գնդակի մասին է, որն այսօր առկա է: Ատրճանակը կգտնեն, կնշանակեն փորձաքննություն, կպարզեն՝ դրանից կրակվա՞ծ է, թե ոչ»,-ասաց Գևորգյանը:
Վերջինս նշեց, որ Գեղամ Պետրոսյանը դատարանում հայտարարությամբ հանդես չի եկել:
Հարցին՝ Գեղամ Պետրոսյանը Մարտի 1-ի գործով անցնող որևէ անձի դեմ ցուցմունք տվե՞լ է, Վաղարշակ Գևորգյանը նշեց, թե ինքն այս մեղադրանքի շրջանակում որևէ այդպիսի նյութի չի տիրապետում:
Պաշտպանն ասաց, որ Զաքար Հովհաննիսյանի և Պետրոսյանի միջև տեղի ունեցած ենթադրյալ միջադեպի մասին ցուցմունք տված անձի հետ իր պաշտպանյալը չի առերեսվել. վարույթն իրականացնող մարմինը փորձել է առերեսում իրականացնել, բայց իրենք այդ քննչական գործողությունից հրաժարվել են՝ չիմանալով անգամ, թե ում հետ պետք է տեղի ունենա առերեսումը:
«Մենք առհասարակ որևէ առերեսումից կամ այլ դատավարական գործողության մասնակցելուց հրաժարվում ենք՝ օգտվելով մեր իրավունքներից»,-ասաց Գևորգյանը:
Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում էր Գեղամ Պետրոսյանի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքն ու նրան կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ըստ մեղադրանքի՝ 2008 թվականի Մարտի իրադարձությունների ժամանակ նա սպանել է Զաքար Հովհաննիսյանին:
Հունիսի 4-ին նա ձերբակալվել էր այդ արարքի կասկածանքով:
Լուսանկարը՝ Գերման Ավագյանի
Մեկնաբանել