HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցողներին համարել ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար. նոր նախագիծ

Պաշտպանության նախարարությունն (ՊՆ) առաջարկում է թեթև աստիճանի մտավոր հետամնացություն, մտավոր հետամնացության այլ ձևեր ունեցող անձանց համարել ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար, իսկ սոցմանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող անձանց ներգրավվել մարտական հերթապահության մեջ՝ հանելով նրանց նկատմամբ կիրառվող այս սահմանափակումը:

Նախարարությունը նման նախագիծ է քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

«Որոշման նախագծի ընդունումը կապահովի զինվորական ծառայության պատշաճ կազմակերպումը և իրականացումը, կբացառվի այնպիսի առողջական վիճակ ունեցող անձանց զինվորական ծառայության ներգրավումը, որոնց մոտ առկա խնդիրը համատեղելի չէ զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ»,- հայտնել է ՊՆ-ն:

Նախարարության հաղորդմամբ՝ 2018թ. ապրիլի 12-ից հետո անցկացված զորակոչերը ցույց են տվել, որ առանց վարքային խանգարումների թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց մոտ զինվորական ծառայության ընթացքում խնդիրներ են առաջանում հարմարվողականության և զինծառայողի համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման առումով:

Ըստ ՊՆ-ի՝ սա բացասաբար է անդրադառնում զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման վրա: Իսկ սոցմանկավարժական բարձիթողի վիճակ և թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց նկատմամբ նույն հարթության մեջ կիրառվող սահմանափակումը համարժեք չէ նրանց հնարավորություններին: Արդյունքում՝ սոցմանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող անձանց համար մարտական հերթապահության մեջ ներգրավվելու սահմանափակումը նախատեսվել էր բացառապես թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց հետ նույն կետում սահմանված լինելու պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter