HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բյուջեն և՛ թերակատարվել է, և՛ գերակատարվել. «գաղտնիքը» մեթոդաբանությունն է

2018 թվականը նախորդ տարիների համեմատ՝ պետական բյուջեի եկամուտների հաշվառման մեթոդի առումով հեղափոխական էր։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով՝ բյուջեի հարկային եկամուտների հաշվարկման մեթոդաբանության փոփոխությամբ է պայմանավորված, որ 2018 թվականի եկամուտների ու կատարողականի ցուցանիշները երկու եղանակով են հրապարակվում։

«2018 թվականի հունվարի 1-ից Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու հետ մեկտեղ նաև միասնական գանձապետական հաշիվը ներմուծվեց, որի պարագայում 2018 թվականի հունվարի 1-ից սկսած հարկային եկամուտ է համարվում այն բյուջետային ներհոսքը, որն ամրապնդված է հարկային հաշվարկով կամ հարկային պարտավորություն առաջացնող որևէ վարչական ակտով։ Նախկինում ուղղակի պետական բյուջե եկամուտ վճարումը համարվում էր հարկային եկամուտ։ 2018 թվականի պետական բյուջեի եկամուտների հիմքում ընկած է այլ տրամաբանություն՝ պետական բյուջե փաստացի կատարված վճարը, որի դիմաց կա հարկային հաշվարկ կամ հարկային պարտավորություն առաջացնող վարչական այլ ակտ։ Այս երկու վավերապայմանների միասնության պարագայում է մուտքը համարվում հարկային եկամուտ»,- մանրամասնեց ՊԵԿ նախագահը։

Նախորդ մեթոդաբանությամբ հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 306.3 մլրդ դրամ, նոր մեթոդաբանությամբ՝  1 տրլն 258 մլրդ դրամ

Ի սկզբանե ծրագրային ցուցանիշով՝ «Պետական բյուջեի մասին» օրենքով, 2018 թվականի համար պլանավորված էր ապահովել 1 տրլն 248.5 մլրդ դրամի հարկային եկամուտներ։ Տարվա ընթացքում կառավարության որոշումների արդյունքում այս ցուցանիշը փոփոխվեց և դարձավ մոտ 1 տրլն 261 մլրդ դրամ:

2017 թվականին հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 141 մլրդ դրամ: Իսկ 2018 թվականին դրանք կազմել են 1 տրլն 306.3 մլրդ դրամ, եթե հաշվարկը ներկայացվում է նույն մեթոդաբանությամբ, ինչ 2017-ինն է։ Ըստ դրա՝ ստացվում է, որ 2017 թվականի համեմատ՝ հարկային եկամուտներն աճել են 165.3 մլրդ դրամով կամ 14.5 %-ով։

«Հարկային եկամուտների հաշվարկման նոր մեթոդաբանությամբ եկամուտների ընդհանուր գումարից հանվում են գերավճարները կամ այն գումարները, որոնք վճարվել են միասնական գանձապետական հաշվին, սակայն դեռևս դրանց դիմաց հարկային հաշվարկներ ներկայացված չեն և որոնք 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 48.1 մլրդ դրամ։ Նշված 48.1 մլրդ դրամ միասնական գանձապետական հաշվի մնացորդն է»,- նշեց Դավիթ Անանյանը։

Այսինքն՝ ստացվում է, որ նոր մեթոդաբանությամբ հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 258.2 մլրդ դրամ։

Ի դեպ, այս վիճակագրությունը հրապարակվել է նաև դեռևս ամիսներ առաջ, երբ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփում էր 2018 թվականի հարկային եկամուտների պատկերը։ Հենց այդ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահը նշեց, որ 2017 թվականի համեմատ՝ հարկային եկամուտները, եթե համեմատում ենք նոր մեթոդաբանությամբ ստացվող համադրելի թվի հետ, աճել են մոտ 140 մլրդ դրամով կամ 12.5 %-ով։

«2018 թվականը, բացի այն, որ լի էր քաղաքական իրադարձություններով, նաև հեղափոխական տարի էր բյուջեի եկամուտների հաշվարկման առումով։ Հետևաբար, մենք 2018 թվականի բյուջետային ցուցանիշները երկու տարբերակով ենք պահել՝ հին մեթոդաբանությամբ, «դրամարկղային հիմունքով» և նոր մեթոդաբանությամբ՝ «հաշվեգրման հիմունքով» կամ հաշվեգրման հիմունքին մոտարկված մեթոդով»,- այսօր Ազգային ժողովում ասաց ՊԵԿ նախագահը։

Ինչ վերաբերում է ավելացված արժեքի հարկի՝ ԱԱՀ-ի վերադարձին, ապա Դավիթ Անանյանի խոսքով՝ այդ գումարը 2018 թվականին կազմել է 97 մլրդ դրամ՝ 2017 թվականի 41 մլրդ դրամի դիմաց։

Բյուջեն և՛ թերակատարվել է, և՛ գերակատարվել. մեթոդաբանական տարբերությունները

Եթե նոր մեթոդաբանությամբ, ճշգրտված ցուցանիշի հետ ենք համեմատում փաստացի հարկային եկամուտները, այսինքն՝ 1 տրլն 261 մլրդ դրամ ճշգրտված ցուցանիշի հետ համեմատում ենք նոր մեթոդաբանությամբ հաշվարկված 1 տրլն 258 մլրդ դրամ փաստացի հարկային եկամուտները, ապա ստացվում է, որ բյուջեի կատարողականը կազմել է 99.7 %: Այսինքն՝ բյուջեն թերակատարվել է 0.3 %-ով։

Անանյանը հիշեցրեց, որ 2013 թվականին բյուջեի կատարողականը եղել է 100 %, 2014 թվականին՝ 96.7 %, 2015-ին՝ 93.6 %, 2016-ին՝ 92 %, 2017-ին՝ 94.7 %, իսկ 2018 թվականին, եթե հաշվարկվում է նոր մեթոդաբանությամբ, ապա բյուջեն կատարվել է 99.7 %-ով։

«Սակայն 2018 թվականին նախորդող մյուս տարիներին որպես բյուջեի եկամուտ են հաշվարկվել նաև կանխավճարները։ Եթե մենք նախորդ տարիների մեթոդաբանությամբ ներկայացնենք 2018 թվականը, ապա 99.7 %-ի փոխարեն պետք է ձեզ ներկայացնենք 103.5 % կատարողականի թիվը»,- շեշտեց ՊԵԿ նախագահը։

Նա նաև անդրադարձավ գերավճարներին. «Մենք նաև հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտավորությունների ծավալն ենք կրճատել։ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ գերավճարները կազմել են մոտ 132.7 մլրդ դրամ, իսկ տարվա վերջում՝ մոտ 69.6 մլրդ դրամ։ Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ այն դարձել է 56 մլրդ դրամ, մայիսի 1-ի դրությամբ՝ 47.3 մլրդ և հունիսի 1-ի դրությամբ՝ 45 մլրդ դրամ»։

 

Լուսանկարը՝ Պետական եկամուտների կոմիտեի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter