HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԳՈՒՄ-ի շուկայում միսը վաճառվում է առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի

Մարտի 18-ին shamshyan.com կայքում տեսանյութ էր հայտնվել, որում երևում էր, թե ինչպես է կատուն ԳՈՒՄ-ի շուկայում ուտում վաճառքի ենթակա միսը և հեռանում:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) արագ արձագանքման խումբը մեկնել է դեպքի վայր, բացատրություն վերցրել տնտեսվարողից, ինչից հետո միսը ոչնչացվել է:

Մայիսի 22-ին տեսչական մարմինը հանդիպում էր կազմակերպել Երևանի շուկաների տնօրենների, մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողների և անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող  անասնաբուժների հետ, որի ժամանակ տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հորդորել է խիստ ուշադրություն դարձնել մսի շուկայահանմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգությանը և վաճառքի կետերի սանիտարահիգիենիկ տարրական պահանջներին, ինչպես նաև` միսն ու ենթամթերքը ստանալ և դրանց իրացումն իրականացնել միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում՝ հիգիենիկ պայմաններում:

Մայիսի 16-ին «Հետքը» ՍԱՏՄ տեսուչների հետ շրջայց կատարեց ԳՈՒՄ-ի շուկայում` պարզելու, թե ինչ պայմաններում են վաճառվում միսն ու մսամթերքը, արդյոք դրանք ունեն անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթ:

ԳՈՒՄ-ի շուկայում տնտեսվարողները միսը ստանում են անասնատերերից, որոնք միսը բերելիս տնտեսվարողին պետք է հանձնեն անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթը:  Այն կոչվում է նաև անասնաբուժական երկրորդ ձև, որի մեջ նշվում է` ով է անասնատերը, քանի կիլոգրամ է միսը, որն ուղարկվում է A կետից B  կետը:

Դա հիմք է հանդիսանում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող  անասնաբույժների համար՝ փորձաքննություն իրականացնելու: Եթե տվյալ թուղթը բացակայում է, միսը փորձաքննության չի ենթարկվում եւ, հետեւաբար, չի կարող վաճառվել։

ԳՈՒՄ-ի շուկայում տնտեսվարողները միսը ստանում են 2-3 օրը մեկ: Եթե այդ օրերի ընթացքում արդեն ստացած մսի պահպանման ջերմային ռեժիմի խախտում է եղել, կամ միսը որակազրկվել է, պետք է կատարվի կրկնակի փորձաքննություն, որի հիման վրա կամ կրկին թույլատրվի վաճառել, կամ` ոչ:

Մեր կատարած շրջայցի ժամանակ մսավաճառներից և ոչ ոք չէր կրում արտահագուստ, ձեռնոցներ, ինչը պարտադիր է օրենքով։ Պահպանված չէին նաև սանիտարահիգիենիկ պայմանները մի քանի վաճառակետում միսը դրված չէր սառնարանում, իսկ «շների համար» նախատեսված միսը գետնին էր թափված։

Վաճառակետերի մեծ մասը չուներ ուղեկցող փաստաթուղթ, մսավաճառների պատճառաբանությունները տարբեր էին, բայց բոլորը խոստանում էին՝ «հեսա Աշոտը կբերի»։

Մեր այն հարցին, թե ինչու մսի հետ աշխատելիս մսավաճառները ձեռնոց չեն կրում, ՍԱՏՄ տեսուչ Արմեն Գալստյանը պատասխանեց, որ ձեռնոցով աշխատելն այնքան էլ հարմար չէ:

«Դե, ճիշտն ասած, ձեռնոցով աշխատելն այնքան էլ հարմար չի իրենց համար, բայց բան չունեմ ասելու, տեղին նկատողություն է»:

Արմեն Գալստյանը, սակայն, հավաստիացրերց, որ շրջայցի ընթացքում արձանագրված խախտումների մասին զեկուցում կներկայացնի ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանին:

«Այս պահին մեր իրավասությունների շրջանակը սահմանափակվում է միայն նկատողություն անելով` հորդորելով տեղում շտկել սխալը: Ներկայիս վիճակը, ինչ խոսք, գովելի չէ, ուղեկցող փաստաթուղթը, արտահագուստը, ձեռնոցները բացակայում են, պահման պայմանների խախտում կա, պատճառաբանում են, թե հանել էին միսը, որ մասնատեն, նոր տեղավորեն, կամ սպառողը պետք է գա տանի: Մենք այս հարցերին կանդրադառնանք անպայման, ծառայության պետին կզեկուցենք, համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»,-նշեց նա:

Տեսուչի դիտարկմամբ՝ անհնար է ամբողջությամբ բացառել այսպիսի բացթողումները, քանի որ դրանց բացառումը մեծ մասամբ կախված է վաճառողի բարեխղճությունից:

«Կան վաճառողներ, ովքեր բարեխիղճ են, նկատողությունից հետո անմիջապես շտկում են իրենց սխալը: Բայց կան նաև վաճառողներ, որ ասելուց հետո նորից նույնն են շարունակում»:

ԳՈՒՄ-ի շուկայում վաճառվող միսը ստուգվում է մի քանի սարք ունեցող փոքրիկ սենյակում

Շրջայցի ընթացքում մեզ միացան շուկայի իրացման կետերը սպասարկող «Անասնապահական մթերքների փորձաքննության կենտրոն» ՍՊԸ տնօրեն, անասնաբույժ-փորձագետ Վահան Յամալյանը և «Աշոտ Ղևոնդյան» ԱՁ սեփականատեր, անասնաբույժ-փորձագետ Աշոտ Ղևոնդյանը:  

62169730_2052192581570593_7501977465632325632_n.jpg (67 KB)
Ձախից՝ Վահան Յամալյանը, աջից՝ Աշոտ Ղևոնդյանը

Նրանք տեղում ստացված միսը փորձաքննում են, ապա կամ թույլատրում վաճառքը, կամ` ոչ:

Սպասարկող անասնաբույժները տարածքում ունեն փոքրիկ սենյակում տեղավորվող լաբորատորիա, որտեղ էլ իրականացնում են բակտերոսկոպիկ էքսպրես կարգի արագ փորձաքննությունները: Իրացման կետերը այդ ծառայության համար ամսական վճարում են 5000-10000 դրամ, ինչից էլ ձևավորվում է անասնաբույժների աշխատավարձերը:

«Փորձաքննությունը տևում է 10-15 րոպե: Եթե ոչ մի խնդիր չի լինում, անմիջապես թուղթը լրացնում ենք և տալիս տնտեսվարողներին»,-ասաց Աշոտ Ղևոնդյանը: Այնինչ մեր շրջայցի ժամանակ թղթի բացակայության որոշ պատճառաբանություններ կապված էին նրա հետ, որ դեռ փորձաքննությունն իրականացնող անասնաբույժից չեն ստացել թուղթը:

Միսը համարվում է բարձր ռիսկային սննդամթերք, և ՍԱՏՄ-ն պարբերաբար իրականացնում է պետական վերահսկողական միջոցառումներ՝ ստուգում, դիտարկում, մշտադիտարկում: Մեր ուղարկած հարցմանն ի պատասխան` ՍԱՏՄ-ից հայտնեցին, որ դրանց պարբերականությունը պայմանավորված է մասնագետ-տեսուչների կողմից Երևան քաղաքում գործող մսի և մսամթերքի իրացման կետերում կատարված շրջայցերի  արդյունքում արձանագրված  անհամապատասխանությունների հայտնաբերմամբ, ինչպես նաև` տեսչական մարմին ներկայացված դիմում-բողոքների հաճախականությամբ:

Մասնավորապես, 2016-2019 թթ. ընթացքում տեսչական մարմնի առավել հաճախ արձանագրած խատումները միս-մսամթերքի վաճառակետերում եղել են անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի բացակայությունը, պահման պայմանների, միս տեղափոխող  տրանսպորտային միջոցների, հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությունները, ինչպես նաև տնտեսվարողների կողմից առանց անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացության մսեղիքի իրացումը:

ԳՈՒՄ-ի շուկայում 2019թ. առաջին եռամսյակի ընթացքում ՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ չի իրականացրել:

Կենդանիների հետագծելիության համակարգը կբացառի անհայտ ծագման մսի սպառումը

Միս-մսամթերքի վաճառակետերում հետազոտություններ է իրականացնում նաև ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնը: Կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը նշում է, որ բազմաթիվ են արձանագրված խատումները:

«Գումի շուկայում մենք գործ ունենք ոչ միայն սովորական պայմանների խախտման դեպքի հետ, այլև շատ այլ կարևոր խնդիրների հետ, որոնք հանրային առողջապահական տեսանկյունից շատ կարևոր նշանակություն ունեն: Նախ՝ մի շարք իրացման կետեր ունեն սառնարաններ, բայց այդ սառնարանները  չեն միացնում, ձևական բնույթ են կրում: Որոշ իրացման կետեր միսը չեն տեղավորում սառնարանի մեջ: Գումի շուկայում թասիկներով տեղակայված են փողոցում»:

Դավիթ Պիպոյանը խնդրի լուծումը կապում է կենդանիների հետագծելիության համակարգի ներդրման հետ:

«Ամբողջ աշխարհում գոյություն ունի մթերքի հետագծելիություն: Դա  իրականացվում է կենդանիների համարակալման, անձնագրավորման և  համապատասխան ռեեստրների վարման միջոցով: Եվ կենդանիները կարող են ենթարկվել բացառապես սպանդանոցային մորթի: Այս պարագայում կան կենդանիների համապատասխան անձնագրեր, որոնց համարանիշը զետեղվում է հետագծելիության կոդի վրա և կենդանին դուրս է գալիս ռեեստրից: Սա բացառում է առանց վերահսկողության ենթարկված որևէ  մսի իրացում,-նշեց նա` ավելացնելով,- քանի դեռ համակարգը ներդրված չէ, այդ խնդիրները անընդհատ հանդիպելու են, և կոսմետիկ լուծումները ոլորտին չեն տալու դրական տեղաշարժ»:

Պիպոյանի պնդմամբ` հենց հետագծելիության համակարգի բացակայության պատճառով է շուկայում իրացվել էշի, ձիու միս:

Տեսչական մարմնից հայտեցին, որ դաշտի ամբողջական վերահսկողության ապահովումը հնարավոր կլինի միայն մասշտաբային սպանդանոցային մորթի անցնելու դեպքում: Միայն բավարար սպանդանոցներ ունենալու դեպքում իրատեսական կլինի ապահովել մրցակցային հավասար պայմաններ և կազմակերպել  հանրապետության ողջ տարածքի տեղական արտադրության մսամթերք իրացնող առևտրի կետերի անցումը պարտադիր սպանդանոցային մորթի:

2019թ. մայիս ամսվա դրությամբ` ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում  գրանցված է  26 սպանդանոց` ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի մարզերում և Երևան քաղաքում:

Հաշվի առնելով հանրապետությունում առկա սպանդանոցների քանակը, ուսումնասիրելով համայնքներում առկա անասնագլխաքանակը և գնահատելով սպանդանոցների պահանջարկը` Տեսչական մարմինը ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի հետ իրականացրել է սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիր:
Այս պահին սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր է միայն պետական գնումներով մսի ձեռքբերման համար, ինչպես նաև` մսամթերքի արտադրության համար, եթե օգտագործվում է տեղական ծագման միս:

Սոնա Աբունց
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter