HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

58.35 մլն դրամ շրջանառությունը գերազանցող տնտեսվարողներն այս տարի չեն վերադառնա շրջհարկի դաշտ. Կառավարությունը ռիսկեր է տեսնում

Կառավարությունը չի նախատեսում շրջանառության հարկի շեմին վերադառնալու հնարավորություն տալ այն տնտեսվարողներին, որոնք շրջհարկի շեմի բարձրացման որոշումն ընդունելու պահին գերազանցած կլինեն ներկայում նախատեսված 58.35 մլն դրամի շեմը։ Ըստ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի՝ հակառակ դեպքում, լուծելով փոքր շրջանակի խնդիր, խնդիրներ են ստեղծվում մեծ շրջանակների համար։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, սակայն, դա համարում է տնտեսվարողների իրավունքների խախտում։ Այս հարցը այսօր բարձրաձայնվեց Ազգային ժողովում Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծերի քննարկման ժամանակ։

Հայաստանում գործող հարկային օրենսդրությամբ՝ այս տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող են համարվում տնտեսվարող այն սուբյեկտները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 58.35 միլիոն դրամը։ Այն գերազանցելու դեպքում հարկ վճարողները մեխանիկորեն դառնում են ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ) վճարող, որի պարագայում հարկային բեռն էականորեն ավելի բարձր է: Մինչ այս տարվա սկիզբը շրջանառության հարկի առավելագույն շեմ էր սահմանված 115 մլն դրամը։

Ներկայում առաջարկվող հարկային փոփոխությունների թվում է նաև շրջանառության հարկի շեմի բարձրացումը։ Կառավարությունը Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթով, մի շարք փոփոխությունների հետ մեկտեղ, առաջարկում է նաև վերադառնալ շրջանառության հարկի 115 մլն դրամի շեմին։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, նշված նախագծով առաջարկվում է շրջանառության հարկի շեմը վերականգնել հետադարձ ուժով։ Այսինքն՝ 2019 թվականի հունվարի մեկից ուժի մեջ մտցնելու պայմանով, սակայն՝ միայն այն հարկ վճարողների համար, որոնք մինչև օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել 58.35 մլն դրամի շեմը։ Այլ խոսքով՝ նրանք, ովքեր այդ շեմը գերազանցած կլինեն, չնայած այն հանգամանքին, որ նոր շեմը կլինի 115 մլն դրամը, չեն համարվելու շրջանառության հարկ վճարողներ։

«Անձինք կան, որ այս տարվա կեսին գերազանցում են 58 մլն դրամի շեմը, օրինակ՝ 60 մլն դրամի են հասել, և նրանք ընկնում են ավելացված արժեքի հարկի տակ։ Բայց, հնարավոր է, որ մինչև տարեվերջ իրենց շրջանառության շեմը անգամ 100 մլն դրամի, 115 մլն դրամի էլ չհասնի։ Արդյունքում ստացվում է մի իրավիճակ, որ նրանց տարեկան շրջանառությունը 115 մլն դրամից պակաս է, բայց շարունակում են ավելացված արժեքի հարկ վճարել՝ համաձայն նոր փոփոխությունների։ Այս խնդիրը առկա է, և ես ձեր ներկայացրած փաթեթում որևէ լուծում չեմ տեսնում։ Ինչպե՞ս եք տեսնում դրա լուծումը»,- հարցրեց Տարոն Սիմոնյանը։

Ի պատասխան՝ Արման Պողոսյանը նշեց, որ նախագիծն ունի անցումային դրույթներ, ըստ որոնց՝ եթե օրենքը ուժի մեջ մտնելու պահի դրությամբ որևէ մեկը դեռևս չի հաղթահարել 58.35 միլիոն դրամի շրջանառության շեմը և ըստ այդմ՝ չի համարվել ԱԱՀ վճարող, նրա համար շեմը ինքնըստինքյան դառնում է 115 մլն դրամ և կարող է մինչև տարեվերջ աշխատել շրջհարկի համակարգում՝ չգերազանցելով այդ շեմը։

«Իսկ նրանք, ովքեր մինչև օրենքի ուժի մեջ մտնելը հատել են 58.35 միլիոն դրամի շեմը և դարձել ԱԱՀ վճարող, այո, ճիշտ եք նկատել՝ օրենքը հնարավորություն չի տալիս նրանց վերադառնալ շրջանառության հարկի համակարգ։ Երկու հիմնական հիմնավորում ունենք, թե ինչու հնարավորություն չի տալիս։ Առաջինը՝ Դուք խոսում եք ոչ համատարած, այլ՝ բացառիկ դեպքերի մասին։ Երբ այս նախագծերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել, մեկ շաբաթ առաջվա տվյալներով մենք չենք ունեցել տնտեսվարող սուբյեկտ, որը հատել է այդ շեմը»,- ասաց ֆինանսների փոխնախարարը։

Ըստ նրա, սակայն, նշված տնտեսվարողների շրջանառության հարկ վճարողի կարգավիճակում չվերականգնելու հիմնական պատճառը նրանց հետ գործարք կատարած կողմերի համար խնդիրներ չստեղծելն է։

«Եթե որևէ մեկը հատում է 58.35 միլիոն դրամի սահմանագիծն ու դառնում ԱԱՀ վճարող, նա ապրանքներ վաճառելիս, ծառայություններ մատուցելիս դիմացի կողմին տալիս է ԱԱՀ դրույքաչափի և գումարի նշումով հաշվարկային փաստաթղթեր՝ հարկային հաշիվներ։ Դիմացինները դրանց հիման վրա իրավունք են ստանում կատարել հաշվանցումներ։  Եվ եթե մենք 58.35 միլիոն դրամը հատողներին վերականգնում ենք շրջհարկի վճարողի կարգավիճակում, մենք խնդիրներ ենք ստեղծում նրա հետ գործարք կատարած դիմացի կողմի համար։ Այդ դիմացի կողմին էլ մենք պետք է ասենք՝ այն հաշվանցումները, որ կատարել եք, պետք է վերաձևակերպեք և ըստ այդմ՝ որոշակի լրացուցիչ հարկային պարտավորություններ կրեք։ Մինչդեռ, դա իմանալով, այդ մարդիկ կարող էին ընդհանրապես գործարք չկատարել այդ մատակարարների հետ, այլ՝ այդ ապրանքը գնել որևէ այլ ԱԱՀ վճարողից։ Այսինքն՝ լուծելով փոքր շրջանակի խնդիր, մենք մեծ շրջանակի խնդիրներ ենք ստեղծում։ Այս առումով մենք առաջարկում ենք ձեռնպահ մնալ այս փոփոխությունից»,- նշեց Արման Պողոսյանը։

Ակտիվ շրջանառության հարկ վճարողների թիվը, ըստ ֆինանսների նախարարի տեղակալի, այսօր մոտ 50 հազար է։

Արձագանքելով ասվածին՝ Տարոն Սիմոնյանը նշեց, որ դա տնտեսվարող սուբյեկտների իրավունքների խախտում է. «Գիտեմ առնվազն երկու տնտեսվարողի, որոնք հատել են այդ շեմը»։

«Եթե տարվա առաջին հինգ ամիսներին տնտեսվարողն արդեն հատել է 58.35 մլն դրամի շեմը, ապա հավանականությունը մեծ է, որ մինչև տարեվերջ կհատի նաև 115 մլն դրամը»,- ի պատասխան նշեց Արման Պողոսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter