HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արտյոմ Կանևսկոյն ասում է՝ քրեական աշխարհի հետ չի շփվում, թիկնազորով չի շրջում, Դոն Պիպոյին չի ճանաչում, իսկ Վովա Գասպարյանին երկու անգամ է տեսել

Քրեական աշխարհում «Արտյոմ Կանևսկոյ» անունով հայտնի Արտյոմ Հարությունովը չի ընդունում ապօրինի զենք կրելու վերաբերյալ իրեն առաջադրված մեղադրանքն, ասում է, որ իր մեքենայում հայտնաբերված զենքն այլ անձի է պատկանում: Այս մասին իր գործով նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունովը:

Արտյոմ Հարությունովին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից օգտագործվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակոցներ կատարելու համար պիտանի, ակոսափող հրազեն հանդիսացող որսորդական ինքնալից կարաբին՝ իր պահեստատուփով, լիցավորված կրակելու համար պիտանի որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող 30 հատ գործարանային արտադրության փամփուշտներ և մեկ հատ պահեստատուփ՝ լիցքավորված կրակելու համար պիտանի որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող 20 հատ գործարանային արտադրության փամփուշտներ, որոնք 2019 թվականի հունվարի 12-ին հայտնաբերվել են Արտյոմ Հարությունովի նշված ավտոմեքենայի զննությամբ:

Կանևսկոյին բերման ենթարկելու վերաբերյալ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ հունվարի 12-ին՝ ժամը  22:15-ի սահմաններում,  ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Երևանի Հրաչյա Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկից մեքենաներով հանդերձ գլխավոր վարչություն բերման են ենթարկվել 42-ամյա Արտյոմ Հարությունովին և նրան ուղեկցող անձանց՝ ապօրինի զենք-զինամթերք ու սառը զենք պահելու, կրելու կասկածանքով:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր նշանակված էր այս գործով դատական նիստ: Դատարանի հարցերին ի պատասխան՝ Հարությունովն ասաց, որ ՌԴ և ՀՀ քաղաքացի է, ամուսնացած է, խնամքին ունի 3 անչափահաս երեխա` 13, 9 և 3 տարեկան, միջնակարգ կրթություն ունի, նախկինում դատապարտված չի եղել, չի աշխատում: Շուտով պարզվեց, որ ամբաստանյալը հայերեն գրավոր լեզվին չի տիրապետում, իսկ մեղադրական եզրակացությունը հայերենով չէր թարգմանվել, այսինքն՝ ամբաստանյալը ծանոթ չէր մեղադրական եզրակացությանը, իսկ նման պայմաններում նիստը շարունակվել չէր կարող, ուստի հետաձգվեց:

Նիստի ավատից հետո Հարությունովը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի, սակայն առանց տեսանկարահանման: Ամբաստանյալը տեսանկարահանման դեմ առարկել էր նաև դատական նիստի ընթացքում:

Հարությունովն ասաց, թե չգիտի՝ ինչու է հաճախ հայտնվում ոստիկանների ուշադրության կենտրոնում, բայց վստահ է, որ իր նկատմամբ հատուկ վերաբերմունք կա:

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ քրեական աշխարհում «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանի դեմ նախապատրաստվող մահափորձի վերաբերյալ, մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ պատվիրատուն Արտյոմ Հարությունովն է: Վերջինս հայտնեց, որ քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է, բայց նման բան չկա:

«Չկա տենց բան, անկապ բաներ են խոսում, հիմա եթե տենց բաներ ասում են, ուրեմն ես դուրսը ի՞նչ գործ ունեմ»,- ասաց Հարությունովը՝ պնդելով, որ ինքը Արթուր Ասատրյանին առհասարակ չի ճանաչում և հերքելով տեղեկությունները, թե նրա հետ թշնամական հարաբերություններ ունի:

«Ոնց որ առաջին անգամ եք չէ՞ ինձ տեսնում, մենք ո՞նց կարող ենք իրար հետ թշնամություն ունենանք. նույն բանն ա»,- օրինակ բերեց Հարությունովը:

Անդրադառնալով մեկ այլ՝ անօրինական կերպով անձնագիր ստանալու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործին, որում շոշափվում էր նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անունը, Հարությունովն ասաց, թե ինքն օրինական կարգով է անձնագիր ստացել, իսկ Վլադիմիր Գասպարյանին կյանքում երկու անգամ է տեսել:

«Վլադիմիր Գասպարյանին տեսել եմ երկու անգամ կյանքում, էն էլ կանչել, ջղայնացել ա, ասել ա՝ խելոք մնացեք, Հայաստանում բան չանեք»,- ասաց Հարությունովը:

Նշենք, որ անձնագիր ստանալու վերաբերյալ գործը կարճվել է համաներմամբ:

Ըստ Արտյոմ Հարությունովի՝ ինքը շփում չունի նաև քրեական հեղինակությունների հետ:

«Մեկը  կար, էն էլ Շահումյանի գերեզմանոցում թաղված ա, ուրիշ քրեական հեղինակության չեմ ճանաչում»,- ասաց Հարությունովն՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով եղբորը՝ Արմեն Կանևսկոյին:

Ինչպես պարզվեց Հարությունովի խոսքից, նա նաև թիկնազոր չունի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Կառավարության նիստի ընթացքում խոսել էր «սևազգեստ խմբերի մասին՝ նշելով, թե նրանք, ըստ իր ունեցած տեղեկությունների, ցանկանում են շրջել քաղաքում և որոշակի տրամադրություն ստեղծել:

«Սպեցը սև շորերով ման ա գալիս»,- ասաց Հարությունովը ՝ կատակելով, թե ճանաչում է սևազգեստներին:

Լրագրողների հետ զրույցում Հարությունովի պաշտպան Վարդուհի Էլբակյանն ասաց, որ չնայած զենքը հայտնաբերվել է իր պաշտպանյալի մեքենայի բեռնախցիկում՝ նրան բերման ենթարկելուց հետո «պարզվել է», որ այն գտնվել է Հարությունովի նստատեղի մոտ:

Էլբակյանը նշեց նաև, որ անձն, որին պատկանում է զենքը, ցուցմունք է տվել, հաստատել, որ զենքն իրենն է, ներկայացրել համապատասխան փաստաթղթերը, հայտնել, թե ինչ հանգամանքներում է զենքը գտնվել իր պաշտպանյալի մեքենայում:

«Նա ասել է, որ իրենք դեպքի հաջորդ օրը պետք է որսի գնային, ասում է՝ բաց էր բեռնախցիկը այդ պահին դրել է, զանգ է ստացել ու թողել է այնտեղ: Ասում է՝ մեկ է առավոտ շուտ գնալու էինք որսի, ուստի Արտյոմ Հարությունովին տեղյակ չի պահել, որ զենքը թողել է նրա մեքենայի բեռնախցիկի մեջ»,- ասաց Էլբակյանը:

Պաշտպանը նշեց, որ երբ իր պաշտպանյալին բերման են ենթարկել, ժամեր շարունակ իրենց (նրա պաշտպաններին, հեղ.) չեն թույլատրել տեսակցել նրան, և պաշտպանների բացակայությամբ որոշակի գործողություններ են կատարվել, որոնց ընթացքում պաշտպանների ներկայությունը պարտադիր էր:

 

Լուսանկարում ձախից՝ Վլադիմիր Գասպարյանը և Արթուր Ասատրյանը

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter