
«Ջի Էյջ Սթորիջ էնտերփրայզսի» աշխատակիցներին ընդունեցին. ՊԵԿ-ը աշխատավարձերի հետ կապ չունի՞
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր առավոտից Սարո Հարթունյանին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ էնտերփրայզս» ՍՊ ընկերության աշխատակիցները հավաքվել էին Պետական եկամուտների կոմիտեի շենքում՝ պահանջելով հանել ընկերության վրա դրված կալանքը, քանի որ դրա պատճառով իրենք չեն կարողանում աշխատավարձ ստանալ:
Երկար սպասեցնելուց հետո ՊԵԿ պաշտոնյաները վերջապես ընդունեցին ընկերության աշխատակիցների ներկայացուցիչներին:
«Մեզ հետ հանդիպեց ՊԵԿ քննչական բաժնի վարիչ Սարիկյանը: Նա մեզ ասաց. «Մենք կապ չունենք աշխատավարձերի չստանալու հետ: Եթե մինչ 2012 թվականն ստացել եք, ուրեմն դրանից հետո էլ պետք է ստանաք»: Կարճ ասած, մեզ հայտնեցին, որ աշխատավարձերի չստանալը կապ չունի կալանքի հետ»,- ասաց ընկերության աշխատակիցներից Մուշեղ Եսայանը:
Մինչդեռ ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանը բոլորովին այլ բան հայտնեց: «Ինչպե՞ս կարող է կալանքը կապ չունենալ: Երբ ես գնում եմ բանկ՝ աշխատավարձ փոխանցելու, ինձ ասում են, թե քանի որ ՊԵԿ քննիչը ձեր հաշիվների վրա ևս կալանք է դրել, ընդ որում անսահմանափակ կալանք, դուք չեք կարող գումար փոխանցել: Բայց գոնե վարչական դատարանով կալանքը դուրս է եկել, ինչո՞ւ հիմա ոչ մի գումարային հաշիվներ չեմ կարողանում փոխանցել»:
Նարեկ Հարթունյանի խոսքերով՝ կալանք է դրված նաև ընկերության անշարժ գույքի վրա, ինչի արժեքը տասն անգամ ավելին է, քան «ընկերության վրա գրված» 111 մլն դրամի ակտը: Իսկ ընկերությունը նախկինում կարողացել է վճարել աշխատավարձերը, քանի որ նոր կալանքի մասին որոշումը կայացվել է միայն այս տարվա հունվարի 30-ին քննիչ Ռաֆայել Մկրտչյանի կողմից:
«Ուզում են մեզ սնանկության հասցնել, խեղդել, որ ստիպված իրենց ասած տարբերակներին համաձայնենք: Մի խոսքով՝ ճնշումները շարունակվում են»,- ասաց Նարեկ Հարթունյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել