HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հորդորակ՝ «անել» բառի անհարկի գործածության մասին

Լեզվի կոմիտեի հերթական հորդորակը «անել» բառի գործածության մասին է:

Գրական և ժողովրդական խոսքում «անել» բայով ճիշտ և ընդունելի բառային բազմաթիվ միավորներ ունենք․ բանաստեղծը կարող է միտք անել, բանվորը՝ գործ, խաբեբան՝ իրենով անել, իսկ գիտնականը կարող է փորձեր անել ու, ի վերջո, գյուտ անել։ Բեմադրիչը, սակայն, չի կարող ներկայացում անել։

Բերենք օրինակներ մամուլից՝ «Շատ էի ուզում այսպիսի ներկայացում անել», «Մտածում եմ անել ընթերցանություն-ներկայացում», «Մտադիր ենք Աղասի Այվազյանի հեքիաթների հիման վրա ներկայացում անել»։

Այսպես բեմադրիչն էլ ասում է, որ ֆիլմ է անելու: Հեռուստալրագրողները խոսում են իրենց արած հաղորդման մասին, նրանց գործընկերները՝ արած նախագծերի, մեկ ուրիշը՝ նոր ծրագիր անելու:

Կարելի է կարծել, թե մեր լեզվում ուրիշ բառեր չկան, և ինչ էլ լինի՝ ներկայացում, ֆիլմ թե հաղորդում, հնարավոր է միայն «անել»: Այդպես որոշ բառեր «գերիշխող» դիրք են ստանում, դուրս մղում հոմանիշներին, իրենց համարժեքներին կամ համապատասխան այլ բառերի և անհարկի գործածվում:

Ի՞նչ ասել է «անել ֆիլմ՝ հաղորդում՝ նախագիծ՝ ծրագիր՝ ներկայացում…»։ Մի՞թե հնարավոր չէ ֆիլմը նկարահանել, նախագիծը, ծրագիրը՝ իրականացնել կամ իրագործել, ներկայացումը՝ բեմադրել, նոր հաղորդումը՝ ստեղծել, սկսել կամ վարել․․․

Սրանք ընդամենը օրինակներ են: Կախված խոսքաշարից՝ կարելի է գործածել նաև այլ բառեր, միտքը ձևակերպել բառային այլ միավորներով:  

Խոսքի նկատմամբ հարկավոր է ավելի ուշադիր լինել, ուստի ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ «անել» բառը տեղին գործածել՝  չանտեսելով տվյալ խոսքաշարին ավելի պատշաճող բառերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter