
Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է ի պաշտպանություն ձերբակալված լրագրող Իվան Գոլունովի պիկետ անող լրագրողներին
Մոսկվայի ոստիկանությունն այսօր ձերբակալել է ի պաշտպանություն «Մեդուզա» կայքի ձերբակալված լրագրող Իվան Գոլունովի իրականացվող անհատական պիկետի ակցիայի մասնակից լրագրողներին: Պիկետն իրականացվում էր Ռուսաստանի ներքին գործերի նախարարության շենքի առջեւ:
«Մեդուզայի» տեղեկատվության համաձայն` ոստիկանները փաստաթղթերի ստուգման պատրվակով նրանց մտցնում են ոստիկանական մեքենա, ապա ձերբակալում: Ձերբակալվածների թվում են Պավել Կանիգինը, Անդրեյ Բորոզկոն, Ալեքսանդր Պոլիվանովը, Ալեքսանդր Գորաբչյովը, Գրիգորի Տումանովը, Վիկտորյա Միկիշան, Իլյա Ազարը, գրող Վիկտոր Շենդերովիչը եւ այլք:
Իվան Գոլունովին ձերբակալել են հունիսի 6-ին: Նա մեղադրվում է խոշոր չափի թմրանյութեր իրացնելու մեջ: Լրագրողը չի ընդունում մեղադրանքը եւ հայտարարում է, որ թմրանյութը «գցել են» իր պայուսակի մեջ:
Ոստիկանությունում Իվան Գոլունովին թույլ չեն տվել փաստաբան կանչել, ծեծել են եւ արգելել շտապօգնություն հրավիրել:
Բացի այդ, ոստիկանությունը հրաժարվել է Իվան Գոլունովից կենսաբանական փորձանմուշներ վերցնել, ինչը կապացուցեր, որ նա չի դիպել թմրանյութի:
Գլխավոր լուսանկարում` «Նովայա գազետա» թերթի լրագրող Իլյա Ազարը` պիկետ անելիս
Մեկնաբանել