HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաթեմատիկոսները խնդիրներ են լուծում Լոռիում

2019 թ. հունիսի 1-ից 7-ը, քսանյոթ հետազոտող գիտնականներ Հայաստանում մասնակցել են առաջին հայաստանյան աշխատաժողովին գրաֆների, կոմբինատորիկայի եւ հավանականության թեմայով: Աշխատաժողովի նպատակն է համագործակցել մաթեմատիկայի բնագավառում դեռեւս առկախված խնդիրների լուծման շուրջ, մասնավորապես կոմբինատորիկայի եւ գրաֆների տեսության բնագավառում: Աշխատաժողովը կազմակերպվել է Լոռու մարզում, Թուֆենկյանի Ավան Ձորագետ հյուրանոցում:

Տարբեր համալսարանների, այդ թվում՝ Օքսֆորդի, Քեմբրիջի, Սորբոնի եւ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի հետազոտող մաթեմատիկոսներ եւ ինֆորմատիկներ Ձորագետ են եկել ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Միացյալ Թագավորությունից, Կանադայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Գերմանիայից, Բելգիայից եւ Հայաստանից: Մասնակիցներն իրենց հետ բերել են իրենց նախասիրած չլուծված խնդիրները, որոնք ներկայացրեցին աշխատաժողովի առաջին օրը: Շաբաթվա մյուս մասը նրանք համատեղ աշխատեցին ներկայացված խնդիրները լուծելու ուղղությամբ: Մինչեւ աշխատաժողովի ավարտը հետազոտողները ձեւավորեցին հիմնական տեսակետներն ու փաստարկները, որոնք կնպաստեն խնդիրների լուծմանը։ Արդյունքները ներկայացվելու են ակադեմիական ամսագրերին՝ հրապարակման նպատակով:

Աշխատաժողովի կազմակերպիչները ջանքեր են գործադրել հրավիրյալ մասնակիցների ցանկում նաեւ ընդգրկելու հայաստանաբնակ հետազոտողների։ Այդ նպատակով հայտերի մրցույթ է հայտարարվել, որի արդյունքում ընտրվել են Երեւանի պետական համալսարանի երկու ուսանող՝ հիմնվելով նրանց մասնագիտական ձեռքբերումների վրա։ Այս երկու ուսանողների մասնակցությունը հնարավոր եղավ միայն օտարերկրացի մասնակիցների ֆինանսական աջակցության շնորհիվ, որոնք գումարներ հավաքեցին հայ ուսանողների ներկայությւնը ապահովելու համար: Ձորագետում անցկացրած այս շաբաթվա ընթացքում հետազոտողները նաեւ մաթեմատիկայից որոշ ժամանակ հատկացրեցին այցելելու հայաստանյան պատմամշակութային վայրեր:

Կազմակերպվեցին քայլարշավներ դեպի Օձունի եւ Քոբայրի վանքեր, երկրորդ քայլարշավը Հաղպատի եւ Սանահինի ուղղությամբ էր, իսկ երրորդը՝ Լալվար սարի ժայռամագլցումն էր: «Արգասաբեր աշխատաժողով էր՝ կոմբինատորիկայի, հավանականության եւ ինֆորմատիկայի միջոլորտային բնագավառի հետազոտողների հիանալի մասնակցությամբ»,- նշեց Մըքգիլի համալսարանի պրոֆեսոր Լուիջի Ադդարիո-Բերին: «Անձամբ ինձ համար սա միանգամայն հաջողված էր: Իմ խումբը առաջընթաց գրանցեց իմ ներկայացրած թեմայի ուղղությամբ: Փոքր մասշտաբը հնարավորություն տվեց ժամանակ գտնել եւ աշխատել տարբեր հետազոտողների հետ, որոնցից ոմանց առաջին անգամ էի հանդիպում: Ինձ հատկապես դուր եկավ աշխատելը Արամ Ղարիբյանի եւ Արմեն Դավթյանի հետ, ովքեր մեր քննարկումների ընթացքում մի շարք հետաքրքիր եւ խելացի գաղափարներ առաջարկեցին: Իսկ այս վայրը իմ այցելած ամենատեսարժան վայրերից է՝ մեծ բավականություն էր մասնագիտական նպատակներով այստեղ գալը: Համոզված եմ, որ այս շարքի հաջորդ աշխատաժողովները հավասարապես հաջողված կլինեն»:

Գրաֆների, կոմբինատորիկայի եւ հավանականության թեմայով առաջին հայաստանյան աշխատաժողովի կազմակերպիչներն են՝ Բրյուս Ռիդը – Մըքգիլի համալսարանի պրոֆեսոր եւ Կանադայի Թագավորական միության անդամ, Փերուզ Թասլաքեան – Կիրառական հետազոտող Էլէմենտ ԷյԱյ-ում, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հաշվողական գիտությունների ամբիոնի նախկին վարիչ, Լիանա Եփրեմյան – Օքսֆորդի համալսարանի երիտասարդ գիտնական, Երեւանի պետական համալսարանի եւ Մըքգիլի համալսարանի շրջանավարտ:

Կապ՝ Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Լիանա Եփրեմյանին ([email protected]) կամ Փերուզ Թասլաքեանին ([email protected]):

Մեկնաբանություններ (1)

Sylva Portoian, MD, FRCP
Look at their faces how clever they are ... We are happy they arrived at Lori...Armenian land ... Inhaling our honest fresh air and Leaving their happy laughs and smiles on our beautiful land We all like you to come back ... We welcome you with all our hearts and your clever brains always .., Enlightening light and love... Dr. Sylva Portoian Written instantly June 9, 2019

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter