HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ահազանգ կա, որ ահաբեկել ենք ինչ-որ անձանց և վախի մթնոլորտ տարածել»,- «Ադեկվադ» խմբի անդամը` իրենց  ոստիկանություն կանչելու մասին

«Ադեկվադ» խմբի 11 անդամի այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել: Նման հայտարարություն է տարածվել խմբի ֆեյսբուքյան էջի միջոցով:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Քիչ առաջ Ոստիկանությունը բերման է ենթարկել «ԱԴԵԿՎԱԴ»-ի 11 անդամների առանց որևէ ակներև հիմքի։ Մեր անդամները չեն իրականացրել որևէ անօրինական գործողություն և նման վարվելակերպը միայն մեկ բանի մասին է խոսում. սա քաղաքական հետապնդում է։

Հերթական անգամ հաստատվեց այն փաստը, որ ուժային կառույցների միջոցով իրականացվող ապօրինությունները մեր երկրում նոր թափ են հավաքում, և ոչ մի քաղաքացի այլևս ապահովագրված չէ` իր նկատմամբ դրսևորվող օրենքի կամայական կիրառումից։

Այլևս չի գործում անմեղության կանխավարկածը, իսկ դրա փոխարեն գործում են երկակի ստանդարտներն ու քաղաքական հետապնդումները։

Ակնհայտ է, որ իշխանությունների նյարդերը տեղի են տալիս, սակայն նմանատիպ ճնշումներով մեզ չեք վախեցնի և չեք կանգնեցնի։

ՄԵՆՔ ԿԱՆՔ և ՉԵՆՔ ՀԱՆՁՆՎԵԼՈՒ»:

Խմբի անդամներից 3-ը, այդ թվում` Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանն, այս պահին արդեն ազատ են: Խմբի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով Արթուր Դանիելյանը հայտնեց, որ խմբի մյուս անձինք դեռևս գտնվում են ոստիկանությունում:

«Մեզ բերման են ենթարկել, որովհետև կա ահազանգ, որ երբ շրջում ենք Երևանի փողոցներով, ահաբեկել ենք ինչ-որ անձանց և վախի մթնոլորտ տարածել»,- ասաց Դանիելյանը` հավելելով, որ խմբի անդամներից 4-ին հրավիրել են ոստիկանություն, երբ նրանք դուրս են եկել «Ադեկվադ» խմբի գրասենյակից, իսկ մյուս անձանց ներս են հրավիրել այն ժամանակ, երբ գնացել են ոստիկանություն` պարզելու համար, թե ինչ է կատարվում: Դանիելյանի խոսքով` թեև ոստիկանությունում իրենց ասել են, որ ձերբակալված չեն` իրենք այնտեղից ցանկացած ժամանակ դուրս գալ չէին կարող:

Խմբի անդամները հրաժարվել են բացատրություն տալ, բայց արձանագրություն են թողել, պահանջել, որ ահազանգողի ինքնությունը պարզվի:

«Սա ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով արված քայլ է, որն իհարկե խրախուսվել է անձամբ վարչապետի կողմից»,- ասաց Դանիելյանը` հիշեցնելով Կառավարության հունիսի 6-ի նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը սևազգեստ անձանց մասին:

Հիշեցնեք, որ Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե որոշ շրջանակներ որոշել են բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ իրականացնել, օպերատիվ տեղեկություններ կան, որ «այդ շրջանակների որոշ հատված որոշել է սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում պետք է շրջեն, տրամադրություն ստեղծեն, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնեն»:

Վարչապետը նաև նշել էր, թե «այդ սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր «բաբչկան» կապել՝ հնարավորինս վառ ծաղիկներով, ճանապարհել քաղաքակիրթ, օրինական կյանքի»:

Կոնստանտին Տեր-Նակալյանը ուղիղ եթերով հայտարարեց, որ ինքը հանցագործության մասին հաղորդում է տալիս` կապված Նիկոլ Փաշինյանի` Կառավարության նիստում արված հայտարարության վերաբերյալ:

«Ինչպես մեզ են մերկապարանոց բանի համար կանչել պարզաբանումներ տալու, թող կանչեն նաև Նիկոլ Փաշինյանին, որովհետև նրա խոսքից ևս մարդիկ կարող են վախենալ, ահաբեկվել: Ես, օրինակ, վախենում եմ»,- հայտարարեց  Տեր-Նակալյանը:

Լրացված. 23:50

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն, ով ոստիկանությունում իրավական աջակցություն է ցույց տվել խմբի անդամներից մի քանիսին, «Հետքի» հետ զրույցում ասաց, որ  խմբի բոլոր անդամներն այս պահին ազատ են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter