HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Բախշյան. «Հայաստանում գիտությունը կարող է ֆիզիկապես դադարել գոյություն ունենալ»

«Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հայտարարությունը Հանրային հեռուստաընկերության 2011թ.մայիսի 8-ի «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում

«Սիրելի հայրենակիցներ, «Ժառանգություն» կուսակցության անունից այսօր շնորհավորում եմ Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայությանը` Շուշիի, Հայրենական մեծ պատերազմի ու բոլոր ժամանակներում հայ ժողովրդի արժանապատվության համար մղած պատերազմներում տարած հաղթանակների առթիվ: Խորին խոնարհում նրանց բոլորի հիշատակի առջեւ, ովքեր նահատակվել են հանուն ամենաթանկ բանի` սուրբ հողի ու մեր ազգային արժանապատվության: Այսօր էլ Հայաստանի Երրորդ անկախ Հանրապետությունում շարունակվում է պայքարը հայ գիտնականի արժանապատիվ կյանքի համար:

Գիտական աստիճան ունեցող երիտասարդ տաղանդավոր գիտնականներից շատերի աշխատավարձը մինչև 32.000 դրամ է: Նրանք պատրաստվում են լքել Հայաստանը: Եվ ոչ միայն նրանք:

Ցավոք, մենք ուղեղներ ենք մատակարարում աշխարհին: Ազգային այս մեծագույն արժեքը պետության կողմից այսօր չի գնահատվում և պահպանվում: Գիտնականների միջին տարիքը վերջին 10 տարիների ընթացքում աճել է 10 տարով եւ այժմ հասնում է 57-58 տարեկանի: Այս աղետալի տեմպերով շուտով Հայաստանում գիտությունը կարող է բառացիորեն ֆիզիկապես դադարել գոյություն ունենալ: Այսօր աշխարհում գիտնականների միջին մասնաբաժինը 1 մլն բնակչի հաշվով կազմում է 3500 մարդ, մինչդեռ Հայաստանում այդ ցուցանիշը ընդամենը 1500 է:

Այս իրականության պայմաններում Կառավարությունը Հայաստանի տնտեսությունը հայտարարում է գիտելիքահեն (ինչպես չծիծաղես), իսկ անօրեն ու անկուշտ պաշտոնյաների շնորհիվ «Լինս»-ի հիմնադրամը Հայաստանում դադարեցրեց իր գործունեությունը, ու մեր գիտության համար այդքան կենսական 200մլն դոլարի ներդրումը գնաց ծառայելու ԱՄՆ-ի գիտությանը: Վտանգավոր ահազանգ է նաեւ այն, որ դրսում բարձրարժեք, որակյալ կրթություն եւ գիտական աստիճան ստացած մեր երիտասարդները տեղ չեն գտնում ոչ Երևանի պետական համալսարանում, ոչ որեւէ ԲՈՒՀ-ում:

Վերոնշյալի առնչությամբ ուզում եմ բարձրաձայնել մի շարք հարցեր` ովքե՞ր են դասավանդում մեր համալսարաններում, ինչպիսի՞ չափորոշիչներով են ընտրվում, ի՞նչ ժամկետներով, ո՞րն է դասախոսների արդյունավետության գնահատականը: Ինչո՞ւ Ազգային մրցունակության հիմնադրամը չի սատարում երիտասարդ գիտնականին:

2011թ. բյուջեում «Ժառանգություն» խմբակցությունն առաջարկել էր գիտությանը հատկացվող գումարը բյուջեի 0,98%-ի փոխարեն դարձնել 1.5%, գիտնականների աշխատավարձը կրկնապատկել եւ, վերջապես, կենսաթոշակի անցած գիտնականների համար սահմանել «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» 2000թ.-ին ընդունված ՀՀ օրենքով նախատեսված հավելավճարներ, որն արդեն 11 տարի է, ինչ չի գործում: Կառավարությունը մերժեց այս առաջարկները: Չարժե այս թանկ 3 րոպեն ծախսել բերված հիմնավորումների վրա:

Այսօր, ամենաբարձր պաշտոնյաներից սկսած, բոլորը հայտարարում են, որ հայ ժողովրդի արժանապատվության համար մղված մայիսյան հաղթական պատերազմները դեռ չեն ավարտվել: Այո, չեն ավարտվել, դրանք շարունակվում են նաեւ գիտական ոլորտներում, եւ եթե այսպես շարունակվի գիտության ֆինանսավորման գործընթացը, ապա, ցավոք, վերջնականապես տանուլ կտանք այս պատերազմում:

Կառավարությունը պարտավոր է անհրաժեշտ գումարներ գտնել ու տրամադրել պետական անվտանգության տեսակետից կարեւորագույն խնդիրը` ուղեղների արտահոսքը կանխելու համար:»

Մեկնաբանություններ (1)

Hasmik
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ http://www.facebook.com/home.php#!/science.and.finance Այս էջը ստեղծված է գիտության տագնապային վիճակն ահազանգելու համար: Էջի մասնակիցները գիտակցում են, որ Հայաստանի կայուն եւ մրցունակ զարգացումը հնարավոր է միայն եւ միայն գիտության նկատմամբ կառավարության խորը հարգանքի եւ գնահատականի պայմաններում: Խմբի մասնակիցները պահանջում են ՀՀ կառավարությունից անհապաղ, կտրուկ եւ առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճ՝ մոտ ապագայում մինչև ՀՆԱ-ի 2-3%: ՄԻԱՑԵ՛Ք։ ԱՐՁԱԳԱՆՔԵ՛Ք։ ՔՆՆԱՐԿԵ՛Ք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter