HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

«Որտեղ՝ հաց, այնտեղ՝ կաց»-ը դեռևս ուժի մեջ է

«Սփյուռքի հետ հարաբերակցության մեր գլխավոր խնդիրը մեծ հայրենադարձությունն է: Դա ենթադրում է նաև կապիտալի, մտավոր պոտենցիալի հայրենադարձություն». իշխանափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջնահերթ խնդիրներից մեկը համարեց հայրենադարձությունը:

Կառավարության ծրագրում ամրագրված են Սփյուռք-Հայաստան կապի ուղղությունները՝ գիտական, մասնագիտական, կրթամշակութային, տնտեսական և այլ ոլորտներում համահայկական ցանցերի ստեղծում և զարգացում, Հայաստանի զարգացման մեջ Սփյուռքի ներուժի ներգրավում և հանրային կյանքում մասնակցություն, հայրենադարձության խթանում, Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման աջակցություն, սփյուռքյան կառույցների ամրապնդման և համահայկական խնդիրների լուծման գործում նրանց դերի կարևորում, Սփյուռքի ներկայացուցչական կազմակերպություն ստեղծելու ուղղությամբ ջանքերի գործադրում:

Հայրենադարձությունը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, և նախևառաջ՝ դեմոգրաֆիկ տեսանկյունից: Ժողովրդագրական խնդիրը Հայաստանի հիմնական մարտահրավերներից է:

Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ 2050թ.-ին Հայաստանի բնակչությունը կկազմի մոտ 2 միլիոն 700 հազար մարդ: Այսինքն՝ բնակչության թիվը նվազում է. Հայաստանում չի ապահովվում անգամ բնական աճը:

Ըստ վիճակագրության՝ Հայաստանի անկախության շրջանում երկրից արտագաղթել է ավելի քան մեկ միլիոն քաղաքացի: Այդպիսով, հայրենիքը «կենդանի հումք» է մատակարարում Սփյուռքին: Սակայն դա Սփյուռքի հզորացման չափանիշ չէ: Փաստորեն, Սփյուռքը կենսունակությունը պահում է հիմնականում Հայաստանից հեռացած մարդկային ռեսուրսի հաշվին: Հայաստանի բնակչությունը նվազում է, և այդ գործընթացը չի կարող անընդհատ շարունակվել:

Որո՞նք են Հայաստանից արտագաղթելու հիմնական պատճառները, և ի՞նչ միջոցներով է հնարավոր կազմակերպել հայրենադարձությունը:

Կարծրացած տեսակետ կա, թե հայերը ծնվում են՝ գաղթականի ցուպը ձեռքին, որ մեզ համար առաջնային է «Որտեղ՝ հաց, այնտեղ՝ կաց»-ը:

Հայերը գաղթել են բոլոր դարերում: Միջին դարերում գաղթել են հատկապես Բյուզանդիա: Ընդ որում, գաղթել է հիմնականում ազնվականությունը` գործունեության նոր ասպարեզ գտնելու ակնկալիքով: 11-15-րդ դարերում՝ սելջուկների, մոնղոլների եւ թուրքմեն-թաթարների տիրապետության շրջանում, հայերը բռնել են Վրաստանի, Հյուսիսային Կովկասի, Լեհաստանի, Բուլղարիայի, Կիլիկիայի եւ այլ երկրների ճանապարհները:

Եթե հայերը արտագաղթելու, իրենց բախտը հայրենիքից դուրս փնտրելու հակում ունեն, այդ դեպքում ինչպե՞ս բացատրել, դիցուք, սիրիահայերի առեղծվածը:

2014-ի մարտին, երբ 3000 բնակիչ ունեցող Քեսաբն անցավ իսլամիստական ուժերի հսկողության տակ, տեղի հայերը տեղափոխվեցին առավել անվտանգ Լաթակիա: Հունիսին Քեսաբն ազատագրվեց, և տեղի տարհանված բնակիչները իրենց տները վերադարձան: Իհարկե, կասեք, մարդիկ տուն-տեղ ունեին, ուզում էին վերադառնալ: Ի վերջո, Քեսաբն իրենց հայրենիքն էր: Պարզապես «հայրենիք» բառին կցենք քանդված, ավերակների վերածված, ականապատված, կյանքի համար վտանգավոր մակդիրները, այնուամենայնիվ՝ վերադարձան:

2013-ին, երբ Ֆրանսիայի նախագահ Օլանդն անգամ Սիրիայի մայրաքաղաքը ռմբակոծելու ժամկետ էր նշել՝ սեպտեմբերի 4-ը, դամասկոսաբնակ ընկերոջս՝ Նազարեթ Էլմաջյանին, գրեցի՝ չի՞ պատրաստվում հեռանալ Դամասկոսից, նա պատասխանեց, որ իր 80 հոգուց կազմված գերդաստանից եւ ոչ մեկը չի պատրաստվում հեռանալ Սիրիայից:

Ավելի ուշ, արդեն պետական ծրագրով, անվտանգության խնդիրները հաշվի առնելով՝ Սիրիայի քրիստոնյա բնակիչներին, այդ թվում և հայերին, տեղափոխեցին Կանադա: Նազարեթն՝ իր գերդաստանով, այսօր Կանադայում է:

Եթե Հայաստանից արտագաղթում են՝ աշխատանքի, ապահովության նկատառումներով, այդ դեպքում կյանքի, ապահովության առումով ավելի անբարենպաստ պայմաններ, քան Սիրիայում էին, հնարավոր չէր պատկերացնել՝ պատերազմ, սով, հացի հերթեր, խմելու ջրի պակաս, մահվան սպառնալիք, իսկ մարդիկ մնում էին: Ոչ բոլորը, հասկանալի է, սակայն հեռացողները հեռանում են միայն այն դեպքում, երբ չհեռանալ հնարավոր չէ:

2015-2017 թվականներին ամերիկյան Gallup խմբի հարցման արդյունքներով՝ Հայաստանից արտագաղթել ցանկացողների թիվն ավելի մեծ է եղել, քան Սիրիայից:

Ո՞րն է պատճառը, որ Հայաստանից արտագաղթած հայերը պատրաստ են զրկանքներ կրել այլ երկրներում, բայց ոչ Հայաստանում:

Ռուսաստան՝ աշխատանք գտնելու հույսով մեկնած հեռավոր ազգականիս ընտանիքի անդամներից երկու տարվա ջանք պահանջվեց. նրան մի կերպ ընտանիք վերադարձրին: Նա, հյուծված, առանց գումարի, միևնույն է, դժկամությամբ վերադարձավ Հայաստան (այս դեպքում, վստահաբար, պատճառը Սվետան և Նատաշան չէին):

Պատճառը, կարծում եմ, վստահությունն է, որ Ռուսաստանը, էլ չասենք՝ եվրոպական երկրները, Արևմուտքը, պետություններ են՝ սոցիալական աշխատող մեխանիզմներով, ապահովության տեսանելի հեռանկարով:

Հայաստանի նոր իշխանությունների համար ամենահրատապ խնդիրներից մեկը հայրենադարձությունը խրախուսող, հայրենադարձության համար Հայաստանում անհրաժեշտ միջավայր ստեղծելու ռազմավարության մշակումն է: Հակառակ դեպքում՝ ստիպված կլինենք հաշտվել ՄԱԿ-ի չարագույժ զեկույցի թվերի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter