HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դրախտիկցի ընկերները գյուղում ձիարշավարան են հիմնել

Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում արդեն մեկ տարի ձիարշավարան է գործում։ Այն հիմնել են դրախտիկցի մի խումբ տղաներ:

Հիմնադիրներից Սասուն Բալասանյանը «Հետք»-ին պատմեց, որ ձիով արշավներ են կազմակերպում Արեգունի լեռնաշղթայով։ Իսկ ձիարշավարանի վայրը պատահական չեն ընտրել. դրա աջ կողմում Սևանա լիճն է, ձախ կողմում՝ Իջևանի անտառները։

«Մեր հիմնական նպատակն այս պահին էկոտուրիզմը զարգացնելն է, սա՝ որպես բիզնես, այս պահին այդքան էլ չենք դիտարկում»,- ասում է Սասունը։

Գյուղում ձիարշավարան բացելու միտքը ծագել է երկու տարի առաջ՝ Սասունի ընկերոջ առաջարկով։ Գաղափարներն արդեն մեկ տարի անց վերածվել են գործի և նախորդ գարնանը սկսել ձիարշավարանի կառուցումը։ Արդեն հուլիսին ձիարշավարանը բացվել է։ Այնտեղ այժմ կա ինը ձի՝ այդ թվում քուռակներ։ Նպատակ ունեն ձիերի թիվն ավելացնել։

Ձիարշավարանի գործերով զբաղվում են հիմնադիրները։ «Մենք դրանից հաճույք ենք ստանում։ Ամեն ինչ մեր ձեռքով ենք անում։ Ես էլ «Այրուձի»-ում (հեծյալ ակումբ, խմբ.) դասընթացների եմ գնում՝ ձիավարժությունների համար վերապատրաստվում»,- ասում է Սասունը ու հավելում, որ ունեցած դժվարությունները միայն ֆինանսական են:

Չնայած ձիարշավարանը գործել է ամառային ամիսներին, տղաները ցանկություն ունեն նաև ձմեռային հանգստի պայմաններ ստեղծել։ Մտածում են՝ ձմռանը հյուրերի համար կազմակերպել սահնակներով զբոսանք։

Ըստ Սասունի՝ ձիարշավարանի հյուրերը հիմնականում ակտիվ հանգիստ սիրողներն են, հատկապես՝ արշավականներ։ Ձիարշավարանի ներսում հիմնել են նաև հացատուն, որտեղ հյուրերը հնարավորություն են ունենում համտեսել դրախտիկցիների պատրաստած ուտեստները։

Այժմ բարեկարգում են տարածքը, հացատան նոր վայր կառուցում, ունեցած երկու տնակները վերանորոգում՝ Դրախտիկում գիշերելու հնարավորություն ստեղծելով։

Սասունի խոսքով՝ ձիարշավարանն աշխուժացրել է գյուղի կյանքը, ոգևորել դրախտիկցիներին, նոր նախագծեր իրականացնելու գաղափարներ առաջացրել։ «Դրախտիկցիներն արդեն համոզվում են, որ իրենց բիզնեսով կարող են գումար վաստակել, առաջ գնալ»,- ասում է նա։

Ձիարշավարանը Սասունի առաջին բիզնես-փորձն է։ Մինչ այս, զբաղվել է շինարարությամբ, այժմ համատեղում է այս երկու գործերը։ Շինարարության իր հմտությունները կիրառում է նաև բիզնեսում. ինքն ու ընկերները իրենց ձեռքով են կառուցում և ընդլայնում ձիարշավարանի տարածքը։ Ասում է՝ ցանկանում են Դրախտիկում ստեղծել հարմարավետ մի անկյուն, որտեղ այցելուները հնարավորություն կունենան վայելել գյուղի բնությունն ու գյուղական կյանքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter