HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նուբարաշեն» բանտում օդի «վաճառքը» շարունակվու՞մ է…

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Անցած դարի 90-ականների համեմատ շատ բան է փոխվել քրեակատարողական համակարգում: Ազատազրկվածների իրավունքների պաշտպանության ոլորտում բոլոր դրական տեղաշարժերը նախևառաջ տեղի են ունեցել եվրոպական համապատասխան կառույցների շնորհիվ: Բայց կա մի երևույթ, որի ականատեսն եմ տասնյակ տարիներ: Մինչ Ձեզ այդ փոփոխությունների դինամիկան ներկայացնելը, ասեմ, որ զարմանալիորեն նախկին ռեժիմից ժառանգած օդի «վաճառքը», կարծես, միտում ունի շարունակվելու …

Բանտախցերի դռների վրա կան փոքր դռնակներ, որոնց հայերեն անվանում են կերակրադռնակներ (միայն անվանումն արդեն մարդու արժանապատվությունը նվաստացնող է) կամ բանտային լեզվով ասած`վոլչոկ (Ռուսաստանում անվանում են` кормушка, իսկ волчок ասում են դիտանցքերին): Առհասարակ հայկական բանտերում ու գաղութներում, պատմել եմ, որ առատորեն օգտագործվում է սովետական-ռուսական լեզուն:

«Նուբարաշեն» բանտում գոյություն չունի օդափոխման համակարգ, ավելին՝ Եվրոպական խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեից հորդորել էին փակել այս բանտը: Ուրեմն ամառվա շոգին, երբ բացում են կերակրադռնակները, մի փոքր միջանցիկ քամի է առաջանում, որը մի քիչ թեթևացնում է ազատազրկվածներիս վիճակը, կարողանում ենք մի փոքր օդ շնչել: Բայց դա լինում է հազվադեպ: Սովորաբար ամռանն այդ դռնակները փակ են պահում: Բայց տարօրինակն այն է, որ ձմեռվա ցրտին, չգիտես ինչու, անընդհատ բաց են թողնում դրանք: Ես և շատերը խնդրում ենք, որ փակեն, միջանցիկ սառը քամի չլինի: Սակայն հենց գալիս է ամառը, և ջերմաստիճանը հասնում է 39-40 աստիճանի, շրխկոցով փակվում են այդ դռնակները: Մարդիկ խնդրում են, որ բացեն. մի քիչ օդ խաղա խցում, չվատանան: Բայց հսկիչներն ասում են, որ վերևից հրահանգ են ստացել` փակել, որ օրենքն արգելում է: Փաստորեն ցրտերի ժամանակ օրենքը չի արգելում, իսկ ամառվա տոթին վերևներում հիշում են, որ չի կարելի դռնակները բացել: Մարդիկ շնչառական և սրտանոթային խնդիրներ ունեն, չեն դիմանում այդ անտանելի շոգին խցերում փակված: Սա անմարդկային վերաբերմունքի գագաթնակետն է, երբ մարդկանց, կարծես, օդ են «վաճառում»:

Ես 23 տարի շարունակ տեսնում եմ այս «առեղծվածային» երևույթը, ինչպես նաև հարյուրավոր, հազարավոր այլ ազատազրկվածներ: Ավելի ուշ` ամռան վերջերին, ինչ-որ «գաղտնի» բանակցություններից հետո, հրահանգում են` բոլորի դռնակներն էլ բացել ցերեկվա ժամերին, բայց գիշերը փակում են: Հետո, երբ եղանակը ցրտում է, օրը 24 ժամ դռնակները բացվում են, և աշխատակիցներին դա չի անհանգստացնում: Անցած տարի հսկիչին ասում եմ՝ փակի՛, ցուրտ ա արդեն: Պատասխանը՝ բայց վերևից հրահանգ չկա:

Այս տարի եղավ նույնը, հենց ջերմաստիճանը մոտեցավ 39-ի, դռնակները շրխկոցով փակվեցին: Չդիմացա, դիմում եմ գրել պետին` հայտնելով վրդովմունքս, որ հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել՝ օդի հետ կապված «առեղծվածային» երևույթը պետք է վերանա:

Հիմա դրական դինամիկայի մասին: 90-ականներին, մինչև Եվրոպական Խորհրդի անդամ դառնալը, մահապատիժ-ցմահ դատապարտվածներիս առհասարակ զբոսանք չէին տրամադրում. տարիներով փակված էինք կիսամութ, խոնավ խցերում, ուր արևի լույս ընդհանրապես չէր մտնում (պատուհանները, բացի 3 շերտ ճաղերից փակված էին երկաթե շերտավարագույրներով): Բաղնիք տանում էին տարին մեկ անգամ: Դա մի ամբողջ «շքահանդես-արարողություն» էր. բանտի շարժը կանգնեցնում էին, մոբիլիզացնում էին ողջ աշխատակազմը` 5-րդ հարկից իջնեցնում էին 1-ին հարկ, և աստիճանների աջից և ձախից կանգնում էին համազգեստով մարդիկ ամեն 5 մետրի վրա, մեզ էլ տանում էին ձեռնաշղթաներով, հաճախ` մեկս մյուսին կապված: Հետո բաղնիքում, երբ հազիվ հասցնում էինք օճառվել, գոռում էին, որ վերջացնենք, ջուրն էլ անջատում էին:

2002թ-ից սկսեցին շաբաթը 1-2 անգամ զբոսանք տրամադրել 1 ժամով: Զբոսախուց էին տանում ձեռնաշղթաներով և դրանք չէին հանում նույնիսկ զբոսանքի ժամանակ, այն էլ մեր ձեռքերը շղթայում էին հետևից: Չէինք կարողանում նույնիսկ քիթ քորել, հսկիչին էինք կանչում, որ կամ ինքը քորի, կամ մի քանի վայրկյանով շղթաները հանի:

Հետո Եվրոպա՛ն պարտադրեց դրական փոփոխությունները: Խոշտանգումները, անմարդկային վերաբերմունքը գնալով պակասեցին:

Շարունակելի…   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter