HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Օտարերկրյա ներդրումներն առաջին եռամսյակում աճել են, ուղղակի ներդրումները՝ զգալի կրճատվել

Օրերս Վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում կատարված օտարերկրյա ներդրումների մասին տվյալները։ Եվ, ինչպես միշտ, ներդրումների վիճակագրությունը ամեն ոք կարողանում է մեկնաբանել յուրովի, քանի այն ներկայացվում է բավականին խճճված տեսքով։ Ինչպես բազմիցս գրել ենք, Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներում ներդրումների ընդհանուր ցուցանիշն ու դինամիկան ստանալու համար հարկավոր է մի շարք տվյալներ գումարներ ու հանել, ինչը և արել ենք։ Բացի այդ, օտարերկրյա ներդրումների մասին երկու վիճակագրություն կա՝ առաջինը ներդրումների ընդհանուր հոսքերն են, իսկ մյուսը՝ զուտ հոսքերը։ Վերջինը ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են։ Եվ հաճախ պատահում է, որ ընդհանուր հոսքերը ավելացած են լինում, իսկ զուտ հոսքերը՝ կրճատված կամ հակառակը։ Սա է պատճառը, որ ամեն անգամ ներդրումների հրապարակումից հետո մեկի մեկնաբանմամբ դրանք կրճատվել են, մյուսի մեկնաբանմամբ՝ աճել։

Ներդրումների ընդհանուր հոսքերը առաջին եռամսյակում աճել են, միայն ուղղակի ներդրումները՝ նվազել

Այսպիսով, այս տարվա առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումների ծավալը` ընդհանուր հոսքերը, ըստ Վիճկոմիտեի տվյալների հիման վրա կատարված հաշվարկների՝ կազմել են 343.5 մլրդ դրամ կամ եռամսյակի միջին փոխարժեքով հաշվարկած՝ մոտ 705 մլն ԱՄՆ դոլար։ 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ ներդրումների ծավալն աճել է 38.7 մլրդ դրամով կամ 12.7%-ով։ Իսկ ԱՄՆ դոլարով հաշվարկած՝ ներդրումների ծավալն աճել է մոտ 71.8 մլն դոլարով կամ 11.3 %-ով։ Քանի որ խոսքը օտարերկրյա ներդրումների մասին է, ավելի ճիշտ է հիմք ընդունել դոլարային ցուցանիշները։

Վերևում նշվածներն ընդամենը ներդրումներն են, որոնք ներառում են ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները։ Իսկ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումներն (ՕՈՒՆ) այս տարվա առաջին եռամսյակում կազմել են 71.1 մլրդ դրամ կամ 146 մլն ԱՄՆ դոլար։ 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ ուղղակի ներդրումները կրճատվել են 18.4 մլրդ դրամով կամ 20.5 %-ով։ Իսկ դոլարային հաշվարկներով՝ ՕՈՒՆ-ները նվազել են մոտ 40 մլն դոլարով կամ 21.5 %-ով։ Միանգամից առաջ անցնելով՝ նշենք, որ տվյալները ցույց են տալիս՝ ՕՈՒՆ-ների նվազումը մեծապես պայմանավորված է օֆշորային Ջերսիից կատարվող ներդրումների դադարեցմամբ։ Խոսքը Ամուլսարի ծրագրի հետ կապված ներդրումների մասին է, որոնք իրականացնում էր «Լիդիան Արմենիան»։ Հիշեցնենք, որ բնակիչների պահանջով նախորդ տարվանից Ամուլսարում աշխատանքները դադարեցված են։

Ներդրումների հիմնական աղբյուրը Ռուսաստանն է

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում կատարված ներդրումների գլխավոր աղբյուրը Ռուսաստանն է։ Մասնավորապես, ընդամենը ներդրումների 45.2 %-ն է Ռուսաստանից և ուղղակի ներդրումների՝ 90.3 %-ը։ Ներդրումների կառուցվածքում էական կշիռ ունի նաև Նիդերլանդները՝ ընդհանուր ներդրումների մոտ 22 %-ն այս երկրից է: Մյուս առավել էական կշիռ ունեցող երկիրը Գերմանիան է՝ 15 %-ով։

Եթե հակիրճ ամփոփոելու լինենք՝ ապա ընդամենը ներդրումների աճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից եկող ներդրումների ավելացմամբ, իսկ ուղղակի ներդրումների կրճատումը՝ Ջերսիից կատարվող ներդրումների կրճատմամբ։ Մասնավորապես, այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 155 մլրդ դրամ, որից 64 մլրդ դրամն ուղղակի ներդրումներն են. 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ ընդամենը ներդրումներն ավելացել են 50 մլրդ դրամով կամ գրեթե կիսով չափ, իսկ ուղղակի ներդրումները՝ 12 մլրդ դրամով կամ 23.6 %-ով։

Ինչ վերաբերում է Ջերսիին, ապա 2018 թվականի առաջին եռամսյակում այս երկրից կատարված ներդրումների ծավալը կազմել է 20.6 մլրդ դրամ, որոնք ամբողջության ուղղակի ներդրումներ են։ Իսկ այս տարվա առաջին եռամսյակում և առհասարակ 2018 թվականի երկրորդ եռամսյակից սկսած՝ Ջերսիից Հայաստանում ներդրումներ չեն կատարվել։

Որոշակիորեն կրճատվել են նաև Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Ֆրանսիայից և այլ երկրներից հոսող ներդրումները։

Զուտ հոսքերի տխուր վիճակագրությունը

Հոդվածում տեղ գտած ինֆոգրաֆիկայում ներդրումների ընդհանուր հոսքերի կողքին նշված է նաև զուտ ներդրումների ծավալը։ Ինչպես Վիճակագրական կոմիտեից են մեկնաբանում, զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են: Ներդրումների գծով օտարերկրյա կապիտալով կազմակերպությունները նաև մարումներ են կատարում՝ վարկերի մասով, վճարում ապրանքների ու ծառայութունների դիմաց և այլն։ Այդ գումարները երկրից դուրս են գալիս։ Զուտ հոսքերի ցուցանիշներում այդ մարումները արդեն հանած են։

Այս տարվա առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը Հայաստանում կազմել են 47.3 մլրդ դրամ, որից ուղղակի ներդրումները կազմել են 3.7 մլրդ դրամ։ 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ ընդամենը զուտ հոսքերը ավելացել են 15.1 մլրդ դրամով կամ 47 %-ով, իսկ ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կրճատվել են 37 մլրդ դրամով կամ մոտ 11 անգամ։

Զուտ հոսքերի տվյալները ևս զույց են տալիս, որ ուղղակի ներդրումները նվազել են Ջերսիից կատարվող ներդրումների դադարեցման հետևանքով, ինչպես նաև՝ էականորեն կրճատվել են Գերմանիայից կատարվող ուղղակի ներդրումների զուտ հոսքերը։ Իսկ ընդամենը զուտ հոսքերի աճի հիմնական աղբյուրը Ռուսաստանն է։

Ներդրումներ մեկ երկրից՝ մեկ ոլորտ

Կարևոր է նաև, թե որ Հայաստանի տնտեսության որ ոլորտներ են հոսել օտարերկրյա ներդրումները։ Սակայն, այս առումով էլ մեր վիճակագրությունը բավականին «աղքատ» է։ Միայն զուտ հոսքերն են ներկայացված ըստ ոլորտների, որից էլ կարելի է ենթադրել, որ ներդրումները հոսել են հիմնականում էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտ, որտեղ ներդրումների զուտ հոսքերը կազմել են մոտ 48 մլրդ դրամ։ Եվ, իհարկե, այս ոլորտում հիմնական ներդրողը Ռուսաստանն է։

Ներդրումների զուտ հոսքերի տվյալներն ամփոփելով՝ բավականին տխուր վիճակագրություն է ստացվում. ներդրումները հոսել են մեկ ոլորտ՝ մեկ երկրից։

Ցավոք, վիճակագրությունը թույլ չի տալիս հասկանալ ներդրումների ընդհանուր հոսքերի պատկերն ըստ ոլորտների։

Ընդհանուր հոսքե՞ր, թե՞ զուտ հոսքեր. ո՞րը հիմք ընդունել

Այսպիսով, օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը ներկայացվում է երկու տեսքով՝ ընդհանուր հոսքեր և զուտ հոսքեր։ Մասնագետների մի մասը, այդ թվում՝ նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ, համարում էին, որ ավելի ճիշտ է ընդհանուր հոսքերի ցուցանիշը հիմք ընդունել վերլուծություններ կատարելիս։

Սակայն, դրա հետ մեկտեղ Վիճկոմիտեն, Կենտրոնական բանկն ու միջազգային որոշ կառույցներ Հայաստանի ներդրումների տվյալները ներկայացնելիս հիմք են ընդունում զուտ հոսքերը։

Ինչպես տեսնում ենք, այս երկուսը խիստ տարբեր ցուցանիշներ են, և կարևոր է դրանք չշփոթելն ու ձեռնածության «զոհ» չդառնալը։

ԱՄՆ դոլարով արտահայտված ցուցանիշների համար հիմք են ընդունվել 2018  թվականի հունվար-մարտին 1 ԱՄՆ դոլար=481.39 ՀՀ դրամ և 2019 թվականի հունվար-մարտին 1 ԱՄՆ դոլար=487.23 ՀՀ դրամ միջին փոխարժեքները։ Աղբյուրը՝ ՀՀ վիճակագրական կոմիտե

Մեկնաբանություններ (1)

[email protected]
Ինձ թվումա ավելի կարևորը զուտ հոսքնա: Օրինակ սիրում են ասել որ Վրաստանում էսքան միլիարդի ներդրումա եղել, օրինակ երկաթգիծ ու նավթամուղա կառուցվել: Բայց էտ խողովակները, ռելսերը դրսից են ներկրվել, կառուցող ընկերությունները էլի դրսից են եղել: Այսինքն ասենք երկաթուղու վրա կատարվելա 1,5միլիարդր ներդրում բայց էտ գումարի մեծ մասը իրականում երկիր չիել մտել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter