
Աշոտ Հարությունյանի գործով դատական ճառերի փուլը հետաձգվեց (վիդեո)
Այսօր Վանաձորի դատարանում նշված գործով անցկացվեց դատական նիստ` ճառերի ընթերցման համար: Ըստ մեղադրանքի՝ Աշոտ Հարությունյանը կատարել է խուլիգանություն` խախտել հասարակական կարգը, դիմադրություն ցույց տվել իշխանության ներկայացուցչին և բռնություն գործադրել: Քրեական գործի դատաքննությունը մոտենում է ավարտին:
Հիշեցնենք, որ որպես իշխանության ներկայացուցիչ` գործով տուժող է ճանաչվել Ստեփանավանի դատարանի 2 կարգադրիչ: Դեպքին առնչվող մյուս երկու կարգադրիչները և դատավոր Արման Թովմասյանը գործով անցել են որպես վկա:
Այնինչ ամբաստանյալ Աշոտ Հարությունյանը և նրա հայրը պնդում են, որ դատավոր Թովմասյանն է դատարանի 4 կարգադրիչի հետ ծեծել Աշոտ Հարությունյանին, ապա սուտ մատնություն է կատարել վերջինիս դեմ, թե իբր Աշոտն է կռիվ հրահրել ու հասարակական կարգը խախտել: Աշոտ Հարությունյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը ամբողջ դատավարության ընթացքում փորձեց ապացուցել այդ հանգամանքը:
Այսօրվա դատական նիստին Աշոտ Հարությունյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը չէր ներկայացել՝ եղանակային վատ պայմանների պատճառով, քանի որ Երևանից էր գալու Վանաձոր:
Աշոտ Հարությունյանը, սակայն, արգելք չհամարեց իր փաստաբանի բացակայությունը և միջնորդեց դատարանին նիստն անցկացնել առանց նրա: Մեղադրող դատախազը հայտարարեց, որ մեղադրական ճառը թեև պատրաստ է, սակայն ինքը այն կընթերցի միայն պաշտպանի ներկայությամբ: Դատական ճառերի փուլը հետաձգվեց:
Մեկնաբանել