HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայում պատրաստ են աշխատել ցածր աշխատավարձով, միայն թե պահպանեն աշխատատեղերը

Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի ճակատագիրը, կապված շենքային անբարեկարգ պայմանների, վարձակալած տարածքից տեղափոխության, ֆինանսական խնդիրների հետ, շարունակում է մնալ արդիական: Պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանի փոխանցմամբ՝ մեկ տարվա ընթացքում որևէ դրական տեղաշարժ չի արձանագրվել, դրա փոխարեն սրվել է անորոշությունը:

«Մեկ տարի առաջ, այն ժամանակ առողջապահության դեռ նոր նշանակված նախարար Արսեն Թորոսյանի այցն էլ որևէ բան չփոխեց մեր կարգավիճակում,-ասում է Այվազ Սուքիասյանը,-ընդհակառակը, որոշ հարցերում անկում գրանցվեց: Պոլիկլինիկան փակելու կամ շենքից տեղափոխման խնդիրն էլ օրակարգից ամբողջապես դուրս չի եկել: Աշխատում ենք ապագայի հանդեպ անորոշության զգացումով»:

Թիվ 1 պոլիկլինիկան սպասարկում է մոտ 16 հազար բնակչի: Մատուցում են մի շարք ծառայություններ՝ թերապեւտիկ (տեղամասային, ընտանեկան եւ մանկական բժշկության կաբինետներ), նեղ մասնագիտական (նյարդաբանական, սրտաբանական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ինֆեկցիոն, էդոկրինոլոգիական եւ այլն), լաբորատոր (ռենտգեն, սոնոգրաֆիկ, ԷԿԳ եւ այլն): Ունեն բուժսարքավորումների նորացման խնդիր: Ամենահինը ռենտգեն սարքն է, սակայն դա չի խանագարում բնակչությանը ծառայություն մատուցելուն, վստահեցնում է պոլիկլինիկայի տնօրինությունը:

Պոլիկլինիկան վարձակալական հիմունքներով զբաղեցնում է 1888թ-ին կառուցված եւ Կումայրի պատմական արգելոց-թանգարանի կազմում գտնվող երկհարկանի կառույցի մեկ հատվածը: Շենքը համայնքապատկան է: Պոլիկլինիկան ամեն ամիս 400 հազար դրամ վարձ է վճարում տարածքը տնօրինելու դիմաց: Մոտ 1,5 տարի առաջ քաղաքապետարանը պոլիկլինիկայի անձնակազմին առաջարկել էր տեղափոխվել այլ կառույց, քանի որ կառույցով հետաքրքրվող ներդրող էր հայտնվել: Այվազ Սուքիասյանն առ այսօր չգիտի ներդրողի անունը, անգամ տեղեկություն չունի, թե ինչ հիմունքներով պետք է քաղաքապետարանը տրամադրեր շենքը՝ օտարելու, թե կրկին վարձակալություն տարբերակով: Բոլոր հարցապնդումները մեկ տարվա ընթացքում արդյունք չեն տվել եւ  մնացել են ենթադրությունների դաշտում:

2018թ-ի նոյեմբերին պոլիկլինիկայի հաշվեհամարի վրա կալանք էր դրվել քաղաքապետարանի պահանջով: «2 մլն դրամ պարտքը միանգամից տարվեց մեզանից,- պարզաբանում է Այվազ Սուքիասյանը,- իրավական տեսանկյունից իրենք ճիշտ էին, ի վերջո պարտք էինք, սակայն դրանից հետո մենք հայտնվեցինք բավական բարդ իրավիճակում, հարկ եղավ դիմել գործընկերներին: Նախորդ մարզպետի գիտությամբ «Բեռլին» պոլիկլինիկան 1 մլն դրամ մեզ հատկացրեց, հետո ես եմ վարկ վերցրել, որ կարողացել ենք տարին առանց պարտքերի փակել ու աշխատավարձ տալ»:

Այվազ Սուքիասյանի փոխանցմամբ, պոլիկլինիկան կարողացել է ֆինանսական վիճակը քիչ թե շատ կայուն պահել ցածր աշխատավարձի հաշվին: Կոլեկտիվի համաձայնությամբ, պոլիկլինիկայի 66 աշխատակից աշխատավարձ է ստանում 5 եւ 10 տոկոս պահումով: «Նման աշխատաոճ եղել է նախկին տնօրենի օրոք էլ՝ 5 տոկոս բուժքույրերի, 10 տոկոս բժիշկների աշխատավարձից է եղել պահումը: Օրենքը թույլ է տվել, ցածր ենք վճարել, որ կարողանանք բյուջեի մեջ տեղավորվել, բուժհիմնարկի պահպանման ծախսերը հոգալ, աշխատավարձի եւ եկամտահարկի գծով պարտք չունենանք,- ասում է տնօրենը,- ելնելով դրանից՝ ես իմ պաշտոնավարման ընթացքում կարողացա մոտավորապես 3 մլն դրամ պարտք փակել, սակայն աշխատավարձերի բարձրացումից հետո օրենքն այլեւս թույլ չի տալիս այդ մեթոդը կիրառել: Անցած տարի օգոստոսից, երբ տարվա կտրվածքով երկու անգամ էդ բարձրացումը տեղի ունեցավ՝ տոկոսները չկարողացանք պահել»:

Տնօրենն ասում է, որ պետական ֆինանսավորումը բավարարում է աշխատավարձի, եկամտահարկի, սոցվճարի, զինվորի համար գանձվող գումարների ապահովման համար: Դա կազմում է տարեկան բյուջեի 90 տոկոսից ավելին: Շենքի պահպանման, կոմունալ ծախսերի համար չնչին գումար է մնում: Պետության կողմից երաշխավորված պետպատվերի գումարներով կարողանում են մի կերպ ծայրը ծայրին հասցնել: Այվազ Սուքիասյանին նախարարությունից հորդորել են ֆինանսական բացը լրացնել վճարովի ծառայությունների քանակն ավելացնելով:

«Ինչպես գիտեք պոլիկլինիկաներն անվճար են էն մարդկանց համար, ովքեր մեր շահառուներն են: Մենք վճարովի ծառայություն կարող ենք մատուցել միայն մեզ մոտ չգրանցվածներին: Նույնատիպ ծառայության նույնատիպ գնի պայմաններում մարդը գերադասում է մեկ այլ տեղ հետազոտվել՝ հաշվի առնելով մեր սարքավորումների հնությունը: Մասնավոր բժշկական հիմնարկների հետ մրցակցության պայմաններում պետականներն իրենց ունեցած սարքավորումների հնարավորությամբ պարտվում են: Տեսեք, նույն ֆլյուրոգրաֆիան իմ մոտ էլ արժի 3000 դրամ, մասնավորում էլ, սակայն մեր պայմանները մի քանի անգամ զիջում են իրենց եւ մարդիկ, եթե արդեն պետք է վճարեն, ուրեմն պոլիկլինիկա չեն գալիս»,- ասում է Այվազ Սուքիասյանը՝ հավելելով, որ հատկապես ձմռան ամիսներին, երբ ջեռուցման հարցը լիարժեք լուծված չէ պոլիկլինիկայում, կաբինետներում ցուրտ է, հիվանդները դժգոհությամբ են հաճախում:

Պոլիկլինիկան ջեռուցվում է էլեկտրական վառարանների միջոցով: Տնօրենն ասում է՝ գրեթե չեն տաքանում, տպավորություն է, թե դրսում են դրված վառարանները: Էլեկտրաէներգիայի կուտակած պարտք ունեն: Պոլիկլինիկան չհոսանքազրկելուն միջամտել է նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Մարզպետարանից տեղեկացրին, որ այս պահին շենքի գնման համար հայտ ներկայացրած որեւէ մեկի վերաբերյալ տեղեկություն չունեն: Ունեն գրավոր հավաստումը Գյումրու համայնքապետարանի, ըստ որի՝ պոլիկլինիկայի գործունեությունը կառույցում շարունակելու առնչությամբ խնդիրներ չկան: Պատրաստ են համագործակցել ցանկացած անհատ բարերարի կամ բարեգործական կազմակերպության հետ, որոնք հանձն կառնեն շենքի նորոգումը:

«Շենքը ամուր է, թեեւ շատ հին է, սակայն սեյսմիկ խնդիրներ չունի, բայց ամբողջությամբ պետք է փոխվի տանիքը, ջեռուցման համակարգ անցկացվի, փոխվեն դռներն ու պատուհանները, հատակն ու պատերը նորոգվեն,- ասում է Այվազ Սուքիասյանը,- ճիշտն ասած չգիտենք, թե որքան գումար պետք կլինի, որովհետեւ նախագծանախահաշվային աշխատանքները պատվիրելու գումար չունենք: Վերջերս կոլեկտիվով ժողով արեցինք ու որոշեցինք դիմել մարզպետին, որ թույլատրեն կրկին վերադառնալ աշխատավարձային հետպահումներին: Պոլիկլինիկայի աշխատակիցները պատրաստ են աշխատել ցածր աշխատավարձով, միայն թե չփակվենք, մինչեւ կարողանանք որեւէ այլ ծրագրով ոտքի կանգնել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter