
Դատարանը քննում է Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումն օրինական համարելու որոշման դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Սահակյանի, այսօր քննվում է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումն օրինական համարելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նրա պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքը:
Վահագն Հարությունյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ի գործի շրջանակներում ապացույց կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ:
Վերջին երկու դրվագներով Հարությունյանը մեղադրյալ է ներգրավվել 2018 թվականի դեկտեմբերին, մինչ այդ՝ ապացույց կեղծելու մեղադրանքի շրջանակներում նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, որը պաշտպանն անօրինական է համարում:
Առաջին ատյանի դատարանը մարտի 11-ին մերժել է հետախուզում հայտարարելու որոշման դեմ պաշտպանի բողոքը, և որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան:
Միհրան Պողոսյանի խոսքով՝ 2018 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ին, Վահագն Հարությունյանը՝ որպես վկա, կանչվել է Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության: Նույն օրը՝ ժամը 17:20-ին, Վահագն Հարությունյանի փաստաբանը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում, որով հայտնել է, որ Հարությունյանը հուլիսի 17-ից առողջական վիճակի հետազոտությունների և բուժման նպատակով գտնվում է Մոսկվա քաղաքում և չի կարող ներկայանալ: Ըստ Միհրան Պողոսյանի՝ դիմումին կից ներկայացվել են նաև Մոսկվայի բժշկական կենտրոնում բուժում ստացող Հարությունյանի հիվանդության պատմության պատճենը:
Հոկտեմբերի 30-ին քննիչը Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու, ապա նրա նկատմամբ հետախուզում իրականացնելու որոշումներ է կայացրել: Դատարան է ներկայացվել նաև միջնորդություն՝ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ, և նոյեմբերի 2-ին միջնորդությունը բավարարվել է:
Նշենք, որ հետագայում Վերաքննիչ քրեական դատարանը երկու անգամ վերացրել է Հարությունյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանների որոշումները, առաջին ատյանի դատարանը ևս օրեր առաջ մերժել է Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը, բայց նրա նկատմամբ հետախուզումն առ այսօր չի դադարեցվել:
Պաշտպանի խոսքով՝ Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշում կայացնելու համար արհեստական հիմքեր է ստեղծվել, Վահագն Հարությունյանի հայտնած տեղեկությունների իսկությունը ստուգելու ուղղությամբ քայլեր չեն կատարվել. գործում առկա չէ նման գործողություններ կատարելու վերաբերյալ որևէ դատավարական փաստաթուղթ:
Պաշտպանի խոսքով՝ հետախուզում հայտարարելու որոշման մեջ քննիչը նշել է, թե «նախաքննության ընթացքում Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը չի պարզվել։ Վահագն Հարությունյանը, համաձայն Հայաստանի սահմանային էլեկտրոնային համակարգի տվյալների, 2018 թվականի հուլիսի 17-ին մեկնել է ՀՀ տարածքից։ Մեկ անգամ՝ 2018 թվականի հոկտեմբերի 30-ին, նա ծանուցագրով կանչվել է հարցաքննության, սակայն որդու հայտարարության համաձայն՝ նա մեկնել է ՌԴ։ Այսինքն՝ մեղադրյալ Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը պարզ չէ և նա թաքնվում է քննությանից»:
Փաստաբանը նշեց, որ իրականում Վահագն Հարությունյանի գտնվելու տեղը նախաքննական մարմնին քաջ հայտնի է եղել, քանի որ այդ մասին նրան հայտնել են թե՛ փաստաբանը, թե՛ անձամբ ինքը՝ Վահագն Հարությունյանը:
«Վահագն Հարությունյանը հեռախոսազանգի միջոցով անձամբ հարցաքննության կանչած քննիչին հայտնել է, որ բուժման նպատակով գտնվում է ՌԴ Մոսկվա քաղաքում, բնակվում համապատասխան հասցեով՝ տրամադրելով իր գտնվելու վայրի կոնկրետ հասցեն և հեռախոսահամարը»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Փաստաբանն ընդգծեց, որ անձի նկատմամբ հետախուզում հայտարարվում է այն պարագայում, եթե հիմնավորվել է, որ մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ է, և այդ փաստը հիմնավորելու կամ մեղադրյալի գտնվելու վայրը պարզելու համար վարույթն իրականացնող մարմինը իրականացրել է ողջամիտ և գործուն միջոցներ, ինչն այս պարագայում, փաստորեն, չի արվել:
Այս և այլ փաստարկներ ներկայացնելով՝ պաշտպանը դատարանին խնդրեց վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ հայտարարված հետախուզման որոշումը:
Դատական նիստը շարունակվում է:
Մեկնաբանել