
Գլխավոր դատախազը մասնակցում է Քոչարյանի գործով դատական նիստին
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու, ինչպես նաև Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ փոխարինելու բողոքների քննությունը:
Նշենք, որ այս որոշումները բողոքարկել են ինչպես Դատախազությունը, այնպես էլ տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը: Վերջինս դատարանին հայտնել է, որ քիչ ուշ կներկայանա նիստին: Քիչ առաջ դատարան ժամանեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Վերջիս կմասնակցի բողոքների քննությանը:
Դատական նիստին մասնակցում են նաև Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներից Սեդա Սաֆարյանը:
Նշենք, որ նիստից շուրջ 50 րոպե անց դատարանը դեռ նիստի կազմակերպչական հարցերն է լուծում, որոշում է կայացրել թույլատրել լրագրողներին տեսանկարահանում իրականացրել, լուծել դատավարության մասնակիցներից երկուսի՝ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի և Քոչարյանի.պաշտպաններից Արամ Օրբելյանի աշխատանքային սեղան չունենալու հարցն ու կարգադրել դահլիճում սեղան տեղադրել:
Դատարանը դատավարության կողմերին նաև հայտնեց, որ գործով 102 տուժողներին տեղյակ է պահել նիստի մասին:
«102 տուժողներին տեղյակ է պահվել, կգան՝ բարով գան»,- հայտարարեց դատավոր Դանիելյանը:
Նիստի ընթացքում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն ու Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը հայտարարեցին, որ իրենց ծանուցագիր չեն ստացել նիստի վերաբերյալ, ինչին ի պատասխան դատավորը նշեց, թե դատարանը չի պնդում, որ նրանց ներկայությունը պարտադիր է: Նիստը շարունակվում է:
Մեկնաբանել