Կրկնակի «բացահայտված» սպանություններ
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր` Մասիս Ռեհանյան) 2007թ. դեկտեմբերի 28-ին Հայկ Իսրայելյանին դատապարտեց 11 տարվա ազատազրկման` հանցավոր աշխարհի հեղինակություն Գոգա Առաքելյանին (մականունը` «Կիրովականցի Գոգա») սպանելու համար:
Սակայն վերջինիս սպանության համար նույն դատարանը 2004 թ. դեկտեմբերին արդեն իսկ դատապարտել էր մեկ այլ անձի` Սուրեն Հարությունյանին: Ավելին` բողոքարկված վճիռն անփոփոխ էր թողել նաեւ Վերաքննիչ դատարանը: Իսկ 32-ամյա Հայկը ձերբակալվել էր բոլորովին այլ մեղադրանքով` Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանին սպանելու համար:
Շ. Հովասափյանը 2006 թ. սեպտեմբերին սպանվեց իր ծառայողական մեքենայում` հեռակառավարման վահանակով ղեկավարվող պայթուցիկ սարքի միջոցով: Նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրավապահներին խիստ հանձնարարական տվեց` հնարավորինս արագ բացահայտել հանցագործությունը: Տասն օր անց գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ այն բացահայտված է: Սպանության մեջ մեղադրվեցին եղբայրներ Արմեն եւ Գուրգեն Վիրաբյանները: Մեղադրանքի հիմքում դրվել էր Հովասափյանի վարորդի ցուցմունքը, ըստ որի` սպանության հեղինակն Ա. Վիրաբյանն էր: Իրականում վարորդը ցուցմունք էր տվել նախաքննական մարմնի ուղղորդմամբ: Ամիսներ անց Վիրաբյաններն ազատ արձակվեցին (տես` Բագրատ Պետրոսյանը սպանության «բացահայտումը» սարքել է խաբեությամբ):
Շ. Հովասափյանի սպանությունը երկրորդ անգամ «բացահայտվեց» 2007-ի մարտին, ինչի մասին անձամբ հայտարարեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Այս անգամ ամբաստանÛ³Éը Հ. Իսրայելյանն էր:
«Վեցերորդ վարչության աշխատակիցներն ամեն ինչ արեցին, որ այդ սպանությունը ջարդեն Հայկի գլխին: Նրան ձեռնաշղթա են հագցրել ու մի քանի հոգով այնպես ծեծել, որ մեկ շաբաթ չի կարողացել քայլել,- պատմում է Հայկի հայրը` Աղվան Իսրայելյանը,- մի անգամ էլ, նորից առանց փաստաբանի իմացության, նրան «ԿՊԶ»-ից տարել են 6-րդ վարչություն, լիցքավորած զենքը պահել գլխին ու ասել` կա°մ Հովասափյանի գործը վիզ ես առնում, կա°մ կձեւակերպենք, որ փախուստի ես դիմել, մենք էլ ստիպված կրակել ենք»:
Չնայած այս ամենին` Հ. Իսրայելյանը ոչ միայն չի ընդունել իրեն վերագրվող հանցանքը, այլեւ հրաժարվել է ցուցմունք տալ:
«Բայց Աղվան Հովսեփյանը հեռուստատեսությամբ հայտարարեց, թե Հայկը խոստովանել է, որ Հովասափյանին ինքն է սպանել: Դրանից հետո այս ապատեղեկատվությունը չհերքեցին,- շարունակում է Հայկի հորեղբայրը` Գագիկ Իսրայելյանը,- ու որպեսզի երկրորդ անգամ չխայտառակվեն, որ անմեղ մարդու են բռնել, որոշեցին Հայկի գլխին ուրիշ գործ սարքել»:
2007 թ. հուլիսի 25-ին դատախազության կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազը լրագրողներին տեղեկացրեց, որ հանցավոր աշխարհի ներկայացուցիչ «Կիրովականցի Գոգայի» սպանության անմիջական իրականացնողը նույնպես Հ. Իսրայելյանն է: Իսկ այդ հանցանքի համար արդեն դատապարտված Սուրեն ՀարությունյանÝ «ուղղակի իր վրա էր վերցրել ողջ հանցագործությունը, նույնիսկ Հ. Իսրայելյանի հագուստներն էր ներկայացրել որպես իրենը, քանի որ վկաները ցուցմունք էին տվել, թե կրակողը եղել է համապատասխան հագուստներով»:
Մինչ այդ մամուլում Հայկն արդեն իսկ ներկայացվում էր որպես վարձու մարդասպան: Որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով ոստիկանության իրենց աղբյուրներին, նրա անունը կապում էին տարբեր աղմկահարույց սպանությունների հետ: Մասնավորապես, «ոստիկանության աղբյուրները» հիշեցնում էին, որ Հայկը սպանել է նաեւ «Տրամվի կրուգի Կոլեին» եւ նրա որդուն, «սակայն հաջողացրել է խուսափել պատասխանատվությունից, քանի որ իր փոխարեն սպանությունը կատարելու ինքնախոստովանական ցուցմունք էր տվել հայրը»:
Իրականում, սակայն, հիշյալ անձանց, վրեժի հողի վրա, սպանել էր հենց Հայկի հայրը` Աղվան Իսրայելյանը:
1997 թ. ապրիլին «Տրամվի կրուգի Կոլեի» (Մարտին Հովհաննիսյան) որդին` Ֆելիքսը, անհեթեթ վիճաբանության պատճառով հրազենային կրակոցներով սպանում է Ա. Իսրայելյանի 18-ամյա որդուն` Վահագնին: Այս հանցագործության համար նա դատապարտվում է ընդամենը 3 տարվա ազատազրկման: Վեց ամիս անց Ա. Իսրայելյանն ավտոմատի կրակահերթով սպանում է ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայում նստած Մարտին Հովհաննիսյանին եւ նրա որդուն` Գրիգորին: Հետագայում նա իր ցուցմունքում նշում է, որ «Գրիգորին սպանելու դիտավորություն չի ունեցել, նրա սպանությունը կատարվել է անզգուշությամբ, որի համար զղջում է»: Ա. Իսրայելյանը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման:
Ձերբակալվելուց մոտ 8 ամիս անց Հայկ Իսրայելյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ուղարկվում է դատարան: Իրավապահներն այդպես էլ չեն կարողանում ապացուցել նրա մեղսակցությունը Շ. Հովասափյանի սպանությանը: Հիմա Հայկը մեղադրվում էր միայն «Կիրովականցի Գոգային» սպանելու համար:
Հին ու նոր ցուցմունքներ
Գոգա Առաքելյանը («Կիրովականցի Գոգա») սպանվել է 2004 թ. հուլիսի 22-ին «ՀայԷկոնոմբանկի» Արաբկիրի մասնաճյուղի հարեւանությամբ կայանված իր «BMW X5» մակնիշի ավտոմեքենայում: Օրը ցերեկով հրազենից նրա գլխին արձակվել էր 3 գնդակ:
Դեպքից 6 օր անց ինքնակամ ոստիկանություն է ներկայացել 1972 թ. ծնված Սուրեն Հարությունյանը, հանձնել «Մակարով» տեսակի ատրճանակը, որով կատարվել էր սպանությունը, եւ այն իրագործելու խոստովանական ցուցմունք տվել:
Ս. Հարությունյանի հանցանքը հիմնավորվել էր: 2004 թ. դեկտեմբերի 6-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է 10 տարվա ազատազրկման: Երկու ամիս հետո վճիռն անփոփոխ է թողել նաեւ Վերաքննիչ դատարանը:
Սակայն 3 տարի անց իրավապահները հանկարծ պարզում են, որ ձերբակալման պահին Սուրենի կրած հագուստներն իրենց չափսերով համապատասխանել են ոչ թե նրա, այլ Հայկի մարմնի կառուցվածքին: Ավելին` նշանակված փորձաքննություններն ապացուցում են, որ դրանց վրա հայտնաբերված քրտինքի հետքերն ու մազերը պատկանում են Հայկին:
Անհասկանալի է, թե ինչու՞ այս ամենը չէր պարզվել 3 տարի առաջ: Իսկ եթե պարզվել էր, ինչու՞ է կեղծ մեղադրանք ներկայացվել Ս. Հարությունյանին:
Վերջինս Շ. Հովասափյանին սպանելու համար կալանավորված Հայկի գործով ցուցմունք տալիս արդեն հայտնում է, թե «Կիրովականցի Գոգայի» սպանության մեղադրանքով դատապարտվել է անհիմն, քանի որ այդ հանցագործությունը պլանավորել եւ իրագործել են իր հորեղբորորդի Արթուր Հարությունյանը (Հայաստանի թիավարության ֆեդերացիայի նախագահն էր, հանցավոր աշխարհում հայտնի էր «բայդարկիստ», «Խիմկի Արթուր» մականուններով - Ա. Դ.) ու նրա մտերիմ ընկեր Հայկ Իսրայելյանը:
«Ես, նախնական պայմանավորվածության համաձայն, ներկա եմ գտնվել սպանությանը, որպեսզի հետագայում հանցանքը վերցնեմ ինձ վրա: Արթուրը խոստացել էր, որ մեկ տարվա ընթացքում ինձ կազատի»,- ցուցմունքում նշել է Սուրենը:
Տեղեկացնենք, որ «Կիրովականցի Գոգայի» սպանությունից 5 ամիս անց Մոսկվայում դաժանաբար սպանվում է նաեւ «Խիմկի Արթուրը»: Իսկ երբ Վերաքննիչ դատարանը քննել է Սուրենի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, Արթուրն արդեն ողջ չէր: Այսինքն` նրան ազատելու խոստումն այլեւս չէր կարող իրականանալ:
«Բա ինչու՞ այդ ժամանակ նա Հայկի մասին չհիշեց,- հարցնում է Գ. Իսրայելյանը եւ հավելում:- Սուրենը կալանավայրում մի քանի անգամ ինքնասպանության փորձ է արել: Պարզ չի՞, որ նման վիճակում գտնվողն ազատության կամ պատժի մեղմացման շանսի դիմաց ում դեմ ինչ ցուցմունք պետք լինի, կտար»:
«Կիրովականցի Գոգայի» սպանության կապակցությամբ հակասական ցուցմունքներ է տվել նաեւ նրա հայրը` Ֆելիքս Առաքելյանը: 2004 թ. նա հայտնել է, որ Գոգան դեպքին նախորդող օրերին պատմել է «Խիմկի Արթուրի» հետ իր ունեցած պրոբլեմների եւ վերջինիս կողմից իրեն սպանելու դիտավորության մասին:
Արդեն 2007 թ. Հայկի գործի շրջանակներում Ֆ. Առաքելյանը ցուցմունքում նշել է, թե ինչպես որդու, այնպես էլ դեպքից հետո նրա ընկերների խոսքերից իմացել է, որ սպանության կազմակերպիչն ու պատվիրատուն եղել է «Խիմկի Արթուրը», ով այն իրականացրել է իր թիկնապահ Հայկի միջոցով: «Ես Հայկի մասին, որի ազգը` Իսրայելյան, իմացել եմ հետագայում: Լսել եմ որպես որդուս սպանությունն իրականացնողի` դեռեւս Գոգայի սպանությանը հաջորդած օրերին, նախքան Սուրիկի հանձնվելը»,- ասել է նա:
«Նախ` Հայկը երբեւէ որեւէ մեկի թիկնապահը չի եղել: Հետո` Գոգայի հայրը սպանությունից հետո անընդհատ բողոքել է, որ որդուն սպանել է Արթուրը, բայց դատել են Սուրիկին: Իսկ Հայկի անունն ընդհանրապես չի տվել: Հենց այս գործը բացվեց, հանկարծ հիշեց»,- ասում է Գ. Իսրայելյանը:
Տեղեկացնենք նաեւ, որ Գոգայի սպանության ժամանակ վերջինիս կողքին մեքենայում նստած է եղել Վալերիկ Ժամհարյանը: Կրակոցների ձայնը լսելով` նա մեքենայից նետվել է դուրս: Սակայն, անցնելով 4-5 մետր, հետ է շրջվել եւ նկատել, որ դեպքի վայրից 2 հոգի փախչում են: Նրանցից մեկի դեմքը Վ. Äամհարյանը տեսել է, ինչն էլ հետագայում հնարավորություն է տվել ճանաչելու Սուրեն Հարությունյանին:
«Վալերիկը Սուրենին նկարագրել է ճիշտ այն հագուստներով, որով հիմա ներկայացվում է Հայկը: Բայց ամենակարեւորն այն է, որ այս վկան դատարանում նշեց, թե երկրորդ փախչողը Սուրիկից կարճահասակ էր, իսկ Հայկը նրանից մի գլուխ բոյով է»,- պարզաբանում է Գ. Իսրայելյանը:
Վերջինս նկատում է, որ դատավոր Մասիս Ռեհանյանը «Հայկի գործը սկզբում արդար է լսել, սակայն հետո ամեն ինչ փոխվել է»:
Տարեվերջի խայտառակ դատը
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում Գ. Առաքելյանի սպանության համար Հ. Իսրայելյանին առաջադրված մեղադրանքի քննությունը սկսվել է 2007 թ. նոյեմբերին: Առաջին նիստերից հետո դատավարությանը սկսել են մասնակցել նաեւ 6-րդ վարչության ներկայացուցիչները: Հայկի հարազատները պատմում են, որ նրանցից Կարեն Բաբակեխյանը նիստերից մեկի ընդմիջման ժամանակ գործով վկաներ Ֆ. Առաքելյանին, Սուրենի մորն ու քրոջը, առանց կաշկանդվելու, խորհուրդներ է տվել, թե դատավարության ընթացքում իրենց ոնց պահեն եւ ինչ ասեն:
«Մի անգամ էլ հենց դատի ժամանակ Բաբակեխյանը, որ իմ դիմացի շարքում էր նստած, բջջային հեռախոսով ինչ-որ մեկի հետ խոսում էր ու դժգոհում դատավարությունից, վկաների տված ցուցմունքներից: Ասում էր` ընենց ցուցմունք են տալիս, ոնց որ բարեկամը լինեն»,- հիշում է Գ. Իսրայելյանը:
Թե ինչո՞վ է պայմանավորված գործի ելքով ոստիկանության 6-րդ վարչության շահագրգռությունը, կարելի է միայն ենթադրել: Իսկ այն, որ որոշ վկաների ցուցմունքներ իրավապահներին դուր չեն եկել, փաստում է դեպքերի զարգացման ընթացքը:
«Երբ Հայկի պաշտպան Կարո Աղաջանյանը դատարանին հայտնեց, որ կան վկաներ, ովքեր Գոգայի սպանության պահին Հայկին տեսել են մեր ընտանիքի մտերիմ Արթուր Մուղալյանի հուղարկավորությանը, եւ խնդրեց, որ դատարանը լսի նրանց, դատախազը հանկարծ սկսեց իրեն վատ զգալ, բողոքեց առողջությունից ու միջնորդեց նիստը հետաձգել»,- հիշում է Գ. Իսրայելյանը:
Այնուամենայնիվ, դատարանը լսել է Ալբերտ Թարվերդյանին, ով հավաստիացրել է, որ Հայկը մասնակցել է Մուղալյանի հուղարկավորությանը: Սակայն հայտարարված ընդմիջումից հետո դատախազ Գ. Երեմյանն այդպես էլ չի վերադարձել դահլիճ: Ուստի, առանց մյուս վկաներին լսելու, Մ. Ռեհանյանը դատավարությունը հետաձգել է:
«Դրանից հետո 4-5 նիստ դատախազի բացակայության պատճառով հետաձգվեց: Ոչ ոք չգիտեր, թե նա ուր է: Իսկ երբ վերադարձավ, դատարանին մի թուղթ ներկայացրեց, ըստ որի` Հայկին Մուղալյանի հուղարկավորությանը տեսած վկաները հակառակ բովանդակությամբ ցուցմունքներ էին տվել: Բայց նրանցից այդ ցուցմունքները գլխավոր դատախազությունում եւ 6-րդ վարչությունում կորզել էին ճնշումների միջոցով, ինչից հետո նրանք դիմում-բողոքով դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին: Այս մասին փաստաբանը դատարանին տեղեկացրեց եւ ասաց, որ վկաները կրկին դատարանում են եւ պատրաստ ամեն ինչ մանրամասն պատմել: Սակայն դատավորն այդ մարդկանց չլսեց»,- հիշում է Գ. Իսրայելյանը:
Դատական վերջին նիստերն ընթացել են առանց ամբաստանյալի պաշտպան Կ. Աղաջանյանի: Թեեւ վերջինս դատարանին նախօրոք տեղյակ է պահել, որ հանրապետությունից բացակայելու պատճառով մեկ շաբաթ չի կարող մասնակցել դատաքննությանը, դատավոր Մ. Ռեհանյանն այդ մեկ շաբաթվա ընթացքում դատավարությունը հասցրել է ավարտին:
Դատական նիստն առանց իր փաստաբանի լսելու պատճառով Հայկը նույնիսկ հրաժարվել է հաց ու ջրից, սակայն, ըստ էության, ոչինչ չի փոխվել:
«Դեկտեմբերի 27-ի նիստին մի աղջիկ եկավ, առանց ներկայանալու դատավորին ինչ-որ թուղթ տվեց ու նստեց Հայկի կողքը (մեր տեղեկություններով` վերջինս եղել է Աննա Ջովանովան - Ա. Դ.): Հայտարարվեց, թե նա Հայկի համար նշանակված հանրային պաշտպանÝ է: Հետո այս պաշտպանը, գործի նյութերին ծանոթանալու համար, միջնորդեց դատը հետաձգել: Բայց դատավորը միջնորդությունը մերժեց ու ասաց` ընթացքում կծանոթանաս: Էս աղջիկն էլ հրաժարվեց պաշտպանությունից ու վեր կացավ, գնաց»,- պատմում է Գ. Իսրայելյանը:
Դատավարությունը շարունակվել է հաջորդ օրը: Հ. Իսրայելյանը հայտարարել է, որ թեպետ մինչ այդ որեւէ ցուցմունք չի տվել, իր փաստաբանի ներկայությամբ պատրաստվում է շատ կարեւոր տեղեկություններ հաղորդել: Ուստի, խնդրել է ընդամենը 3 օրով հետաձգել նիստը, մինչ պաշտպան Կ. Աղաջանյանը կվերադառնար:
Միջնորդությունը մերժվել է: Հայկը բացարկ է հայտնել դատավորին, ինչը կրկին չի ընդունվել: Բուն դատաքննությունը չավարտված` դատախազը փորձել է կարդալ մեղադրական ճառը: Հետեւել է Իսրայելյանի հարազատների բուռն արձագանքը:
«Առանց որեւէ հայտարարության` դատավորն ու դատախազը դահլիճից հեռացան: Մենք էլ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը` ժամը 6-ը, մնացինք դատարանում, որ հանկարծ նույն ձեւով դատը չշարունակեն»,- հիշում է Գ. Իսրայելյանը:
Սակայն ժամը 6-ից հետո դատավոր Ռեհանյանն ու դատախազ Երեմյանը, առանց ամբաստանյալի եւ նրա պաշտպանի մասնակցության, իրար հետ դատ են լսել ու վճիռ կայացրել` Հ. Իսրայելյանին ազատազրկելով 11 տարի:
«Մեր ընտանիքը մի անգամ սխալ դատավարության պատճառով տուժել է: Սա արդեն երկրորդն է: Հիմա էլ Հայկի միջոցով են մեզ մղկտացնում»,- ասում է Հայկի հորեղբայր Գ. Իսրայելյանը ու վստահեցնում, որ իրենք այս անօրինականությունների հետ երբեք չեն հաշտվելու եւ պայքարելու են մինչեւ վերջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել