HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Լեռնահովիտի աշակերտների ստեղծած արվեստանոց-լսարանը

Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքում բացվել է արվեստանոց-լսարան: Դպրոցի չօգտագործվող սենյակներից մեկը վեր է ածվել բազմաֆունկցիոնալ սենյակի, որտեղ աշակերտները կարող են նկարել, գիրք ընթերցել, ստեղծագործել: Դասասենյակն անվանվել է ArtSpaceLernahovit:

Գաղափարի հեղինակը դպրոցի՝ «Հասարակագիտություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների ուսուցիչ Սոսէ Ղազարյանն է, վերջինիս պնդմամբ` սենյակի ստեղծման նպատակն աշակերտներին մի պահ իրականությունից կտրելն ու երազելու, ստեղծագործելու, լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն ընձեռելն է:

«Դասավանդելու ընթացքում աշակերտների հետ հաճախ արտադասարանային միջավայրում քննարկումներ ու զրույցներ էինք ունենում, զգում էի, որ տաղանդավոր երեխաներ են, սակայն ունակությունները հաճախ թաքցնում էին: Երկար մտածեցի, որոշեցի մի հարթակ ստեղծել, աշակերտներին կաղապարից հանելու համար»,- ասում է Սոսէ Ղազարյանը:

Արվեստանոցում կան նկարելու, կարդալու, խաղալու հնարավորություններ, գրքերի մեծ մասը նվիրել են: «Երեխաներն ազատ ժամանակ ակտիվորեն ստեղծագործում են, նկարում, զրուցում, այստեղի գույներն ու ոճը տրամադրող է»,- պատմում է Սոսէն:

Վերջինս գաղափարի մասին առաջինը պատմել է աշակերտներին, 9-րդ դասարանցիների հետ խմբակ կազմակերպել, քննարկել, թե ինչպես կարող են արվեստանոց-դասասենյակը կառուցել: Գումար հավաքելու համար որոշել են Նոր տարուն ընդառաջ, կտորից, փայտից, թղթից տոնածառի խաղալիքներ պատրաստել և վաճառել: Նաև սեղանների ձևավորման պարագաներ են պատրաստել և կոնֆետներով լի արկղեր հավաքել:

«Կարևոր էր նաև մարդկանց տեղեկացնել` ինչո՞ւ է պետք հենց մեր պատրաստած խաղալիքներով զարդարել իրենց ամանորյա եղևնիները»,- ասում է Սոսէն` հավելելով, որ խաղալիքներ վաճառել են սոցցանցերով, նաև տոնավաճառ են կազմակերպել: Իսկ մյուս միտքը ձեռագործ շոկոլադներ պատրաստել ու վաճառելն է եղել. «Բոլորով միասին որոշեցինք ձեռագործ շոկոլադներ պատրաստել, անունն էլ ArtSpaceLernahovit դրեցինք: Այն մարդիկ, ովքեր պատվիրում էին մեր շոկոլադները, դառնում էին «շոկոլադե դոնորները»: Այս քայլերի շնորհիվ կարողացանք հավաքել հիմնական գույքի ու ներկերի գումարը, այնքան շատ էին պատվերները, չէինք հասցնում փոխանցել»:

Սոսէի պնդմամբ` աշակերտներն իրենց ձեռքերով են արվեստանոցը կառուցել, հիմա էլ ավելի պատասխանատու են դարձել աշխատանքի նկատմամբ. «Տեսանելի է բոլորի ուրախ տրամադրությունը, ոգևորությունը: Նորություն է իրենց կյանքում, նրանք ունեն մի ստեղծագործ ու գունավոր անկյուն, որի մասին երազել են երկար տարիներ»:

Սոսէ Ղազարյանը սովորել է ԵՊՀ-ի աստվածաբանության ֆակուլտետում, համալսարանն ավարտելուց հետո որպես «Դասավանդի´ր Հայաստան» ծրագրի մասնակից՝ տեղափոխվել է Լոռի և սկսել ուսուցչի աշխատանքը Լեռնահովիտում: Ասում է, որ երբ առաջին անգամ դպրոց է եկել, համոզված է եղել` աշակերտների կյանքը ինչ-որ ձևով փոխելու է. «Փորձել եմ երկու տարում իրենց ներուժը բացահայտել՝  ցույց տալով, որ չպետք է անտեսել սեփական ունակությունն ու տաղանդը, պետք է անընդհատ զարգանալ»,- հավելում է Սոսէն:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter