HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Հայկ Բաբուխանյանը վիրավորվել է Հայկուշից ու սողունից

Երեկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Հայկ Բաբուխանյանը և «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ն ընդդեմ report.am-ի և Էդիկ Անդրեասյանի հայցով դատաքննությունը: Վիճարկվում էր Էդիկ Անդրեասյանի հեղինակած ««Իրավունքի» իրավունքը Հայկ Բաբուխանյանի թրի ծայրին է» հոդվածը, որը 31.08.2010թ.-ին տպագրվել է www.report.am կայքում: 

Հայցվորը պնդում է, որ իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը պատասխանողը արատավորել է, ինչի դիմաց էլ պահանջում է 6 միլիոն դրամի փոխհատուցում:

Այսօրվա նիստին կողմերը իրենց վերջնական դիրքորոշումները հայտնեցին: Հայցվորի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը պնդեց պահանջները՝ հավելելով, որ հայցվորը կարծում է, որ հոդվածն ամբողջովին պարունակում է վիրավորանք և զրպարտություն իր հասցեին, քանի որ տպագրված հոդվածում ստույգ փաստեր չեն և չեն համապատասխանում իրականությանը. հեղինակի կողմից չկա ոչ մի հիմնավորում, որը համապատասխաներ իրականությանը:

Հայցվորը դատարանին ներկայացրեց հոդվածում տեղ գտած այն արտահայտությունները, որոնցից Հայկ Բաբուխանյանը վիրավորվել է և համարում է զրպարտություն.

«Ի՞նչ կարող ես անել՝ մարդն աճում է աչքի առաջ՝ իր որակներով առաջ անցնում բոլորից, ում հաջողվել է կյանքում գեթ մեկ անգամ կուսակցություն քանդել»: Հայցվորը նշում է, որ սա զրպարտություն է, քանի որ կուսակցությունը գոյություն ունի, քանդված չէ:

«Ժողովրդական հին խոսք կա՝ եթե նայելով սովորեին, ապա ղասաբի շունը վաղու՜ց ղասաբ էր դարձել: Հայկ Բաբուխանյանն այդպես էլ քաղաքական գործիչ չդարձավ»:

«Իսկ թե ինչ կապ ունեն փիղը, դրա թրիքը և ճանճը Հայկ Բաբուխանյանի, նրա առաջնորդությամբ գործող ՍԻՄ-ի, «Իրավունքի» և Հ. Օրդունյանի հետ, կարող եք իմանալ վերջիններիս ջահելության օրերի մամուլը թերթելով..»:

Վերը նշվածից հայցվորը հետևություն է անում, որ հրապարակայնորեն ակնհայտ կերպով արատավորվել է իր պատիվը և արժանապատվությունը: Վ.Հովհաննիսյանը նշում է, որ ցանկացած լրագրող չպետք է առաջնորդվի էմոցիաներով, այլ պիտի լինի սուբյեկտիվ և պահպանի զսպվածություն, քանի որ խոսքը քաղաքական և լրատվական գործունեություն իրականացնող անձանց մասին է:

Այնուհետև հայցվորը ներկայացրեց նաև նույն հոդվածի տակ տեղ գտած անստորագիր մեկնաբանություններին, որոնց համար, հայցվորի կարծիքով, պատասխանողը պետք է պատասխանատվություն կրի: Ըստ հայցվորի` այդ արատավորող արտահայտություներն են.

«Այդ փառամոլը իր նպատակին հասնելու համար ոչ մի բանի առաջ չի կանգնի. նա իր շեֆին արանքից հանեց, գրավեց իր տեղը, ընդդիմադիր կուսակցությունները փակելու կոչերով մտավ Սերժի աչքը, հիմա էլ ուզում է ցույց տալ, որ Ռուբեն Հայրապետյանից և Սամվել Ալեքսանյանից ոչնչով պակաս չէ, որ ինքն էլ իբր արժանապատվություն ունի, ինչն էլ լավ գիտի իր գինը՝ 2 միլիոն դրամ»…«Ծո մի հատ ըդոր աշե, չի էլ ամչնա սողունը»… «Հայկուշը էս անգամ թքեց փայտիկին»…«Ախր Անդրեասյանն էլա մազալու բան արել, իջել այս քաղաքացու մակարդակին և դրա մասին նյութ գրել ու հիմա էլ ստիպվածա նույն օդը շնչելու, բա արժե՞ր»: «Report.am և Էդիկ Անդրեասյան, ձեզ հետ են շատերը ովքեր գտնում են, որ էդ հոգեկան հիվանդի տեղը հոգեբուժարաննա, այլ ոչ թե քաղաքականությունը»:

Պատասխանողի ներկայացուցիչ Լուսինե Բակումյանը հարց ուղղեց հայցվորին առ այն, թե արդյոք հայցվորի կողմից քայլեր արվե՞լ են այդ անձանց գտնելու համար, ովքեր կարծիքներ են հայտնել: Հայցվորը պատասխանեց ոչ՝ պատճառաբանելով, որ դա պատասխանողի պարտականությունն է եղել, որպեսզի թույլ չտար, որ այդ կարծիքները հրապարակվեին, ինչպես նաև օրենքից հղում կատարեց, որ եթե տեղեկատվության աղբյուրը հայտնի չէ, ապա պատասխանատավությունը կրում է պատասխանողը:

Լ.Բակումյանի հերթական հարցին, թե «Ծո մի հատ ըդոր աշե, չի էլ ամչնա սողունը» արտահայտության մեջ ի՞նչն է վիրավորական դիտում փաստաբանը և ինչի՞ց է ենթադրել, որ ասվածը Հայկ Բաբուխանյանին է վերաբեվում, հայցվորը պատասխանեց, որ դա Հ.Բաբուխանյանին է վերաբերում, քանի որ այդ արտահայտությունը նրա մասին հրապարակված հոդվածի տակ է գրված:

Լ.Բակումյանի դիտարկմամբ՝ ցանկացած անձ էլ կարող է ընթերցել սույն հոդվածը  և տարբեր սողուններ գտնել: Փաստաբանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է հայցվորը դա իրեն վերագրել, և խնդրեց, որպեսզի հայցվորը ապացույց ներկայացնի, որ «սողուն» բառը վերաբերում է հենց Հայկ Բաբուխանյանին:

Ըստ հայցվորի՝ պատասխանողը պարզապես փորձում է լողալ բառերի և մտքերի մեջ, քանի որ եթե նա ուշադիր լիներ, ապա հստակ կհասկանար, որ հոդվածը  տպագրվել է Հ.Բաբուխանյանի վերաբերյալ, որից հետո էլ առաջացել են կարծիքները:

Հերթական հարցին, թե ինչից է ենթադրել, որ «Հայկուշը թքեց փայտիկին» արտահայտությունը նույնպես Հայկ Բաբուխանյանին է վերաբերում, փաստաբան Վ.Հովհաննիսյանը պատասխանեց. «Դուք ծաղրում եք դատավարությունը»:

«Դուք կարդացել և ըմբռնել եք, որ «Հայկուշը», «սողունը» վերաբերում է Հ.Բաբուխանյանին»,- նշեց Լ.Բակումյանը:

Պատասխանողն ամբողջովին առարկեց հայցադիմումին՝ պնդելով, որ անհիմն է հայցապահանջը և ենթակա է մերժման: Ըստ Լ.Բակումյանի՝ հոդվածագիրը իր հոդվածում արտահայտել է իր գնահատողական կարծիքը, որը պայմանավորված է եղել տարիների ընթացքում Հայկ Բաբուխանյանի հրապարակային ելույթներով, ինչպես նաև գործողություներով: Այնուհետև պատասխանողը նշեց, որ, օրենքի համաձայն կողմը կարող է դիմել դատարան հրապարակման մասին տեղեկանալուց մեկ ամիս հետո, իսկ մեկամսյա ժամանակահատվածը հայցվորի կողմից չի պահպանվել, այդ իսկ պատճառով էլ հայցը ենթակա է մերժման:

Այսպիսով գործն ավարտվեց, և դատական ակտի հրապարակման օր նշանակվեց փետրվարի 27-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter