HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Զավթիչ «շինարարը»

Արծաթագործ, դրվագող Արծրուն Բերբերյանի արվեստանոց-թանգարանն այսօր, որպես այդպիսին, այլեւս չկա: Այն փրկելու համար վարպետի դուստրը տարիներ շարունակ անարդյունք պայքարում է Էդուարդ Թախունցի դեմ:

Պայքարին միացել են նաեւ այլ ընտանիքներ, որոնք նույնպես իրենց համարում են «շինարար» Թախունցի զոհերը:

Վերջինիս, ինչպես նաեւ` գործարար Միքայել Բաղդասարովի, ոմն Նորայր Սահակյանի եւ Աշոտ Թադեւոսյանի անուններն ուղղակի կամ անուղղակի կապվում են շինարարությամբ զբաղվող որոշ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (ՍՊԸ) հետ:

Է. Թախունցի հետ մեր հանդիպմանը ներկա էր նաեւ Աշոտ Թադեւոսյանը. «Այդ ՍՊԸ-ների, ընկերությունների հետ մենք որեւէ կապ չունենք: Մերը ախպերություն ա: Այ, երկու ախպեր ենք, ու էս հասարակության մեջ ինչքան մոլախոտ կա, նրանց դիմակը պատռելու ենք»,- ասաց Ա. Թադեւոսյանը` ընդգծելով, որ իրենք գործ են բռնել մոտ 50 ընտանիքի հետ, բոլորը գոհ են, բացի մեկ-երկուսից, «որովհետեւ նրանք խարդախներ են»:

Մաս I

Վերանորոգման փոխարեն` տարածքի յուրացում

Արծրուն Բերբերյանը ՀՀ կառավարության որոշմամբ ընդգրկվել է մետաղի գեղարվեստական մշակման 10 լավագույն մասնագետների ցուցակում: Դեռ խորհրդային տարիներին Երեւանի կենտրոնում` Նալբանդյան 31 հասցեում, նրան հատկացվել է մոտ 150 քմ տարածք: Ժողովրդական վարպետն այն վերածել է արվեստանոց-թանգարանի, որը պաշտոնապես դարձել է Ժողովրդական արվեստների թանգարանի մասնաճյուղը եւ գործել մոտ 30 տարի:

Արծրուն Բերբերյանը մահացել է 1994թ.: Տարիներ անց կյանքից հեռացել է նաեւ նրա կինը: Վարպետի գործն ու սեփականաշնորհված արվեստանոցը ժառանգել են նրա զավակները: Որդին` 1-ին խմբի հաշմանդամ Արգիշտին, տառապում էր ծանր հիվանդությամբ, եւ տարիներ շարունակ նրան խնամել է քույրը` Անահիտ Բերբերյանը:

«Արվեստանոցը բարձրահարկի առաջին հարկում է, իսկ 9-րդ հարկում բնակարան էր գնել Էդիկ Թախունցը: Իր տուն ջուր հասցնելու համար թույլ տվեցի, որ արվեստանոցի տարածքում ջրի պոմպ տեղադրի: Հենց պոմպի պատրվակով էլ Էդիկի այցելությունները հաճախակիացան, իսկ երբ արդեն մայրս չկար, նա սկսեց ինձ համոզել, որ արվեստանոցի մի մասը վաճառեմ իրեն»,- հիշում է Անահիտը:- Շենքի խողովակներն անցնում էին արվեստանոցի խոհանոցի պատի հետեւով: Դրանք հին էին ու վնասված, ինչի պատճառով պատն անընդհատ թրջվում էր: Էդիկը խոստանում էր, որ եթե արվեստանոցի այդ հատվածը գնի, բոլոր խողովակները կփոխի եւ մեկընդմիշտ կլուծի խոնավության պրոբլեմը»: Անահիտի խոսքերով, սակայն, ինքը կտրականապես մերժել է արվեստանոց-թանգարանից թեկուզ 1 թիզ տարածք վաճառելու առաջարկները` հուսալով, որ ինչ-որ տեղից գումար կհայթայթի եւ սեփական ուժերով կվերականգնի թե խողովակները, թե ամբողջ արվեստանոցը:

2004 թ. Անահիտի եղբորը տեղափոխել են հիվանդանոց:
«Վիրահատության համար մեծ գումար էր պետք: Պատահաբար հանդիպեցի Էդիկին, եւ նորից առաջարկեց թանգարանի մի մասը գնել: Այս անգամ համաձայնվեցի»,- պատմում է Ա. Բերբերյանը:

Է. Թախունցն էլ պնդում է, թե իրականում Անահիտն է իրեն համոզել արվեստանոցը կամ գոնե դրա մի հատվածը գնել, եւ ինքն այդ քայլին դիմել է` միայն ընդառաջելով նրա խնդրանքներին:

2004 թ. մայիսի 18-ին նրանց միջեւ կնքվել է «անշարժ գույքի նախավճարի պայմանագիր», ըստ որի` Է. Թախունցը 22.8 քմ տարածքի դիմաց Անահիտին տվել է 500 ԱՄՆ դոլար կանխավճար եւ պարտավորվել մի քանի ամսում վերանորոգել արվեստանոցի մնացած մասը` 123.6 քմ:

Սակայն 3 շաբաթ անց վերջիններիս միջեւ կնքվել է նմանատիպ երկրորդ պայմանագիրը, որի համաձայն` Թախունցը ձեռք է բերել դարձյալ 22.8 քմ տարածք, Անահիտին կրկին վճարել է 500 դոլար` պարտավորվելով մինչեւ 2004-ի նոյեմբերի 10-ը վերանորոգել արվեստանոցի մնացած մասը` այս անգամ արդեն 100.8 քմ մակերեսով:

Անահիտի խոսքերով` այս պայմանագրերն ուղղակի Է. Թախունցի խարդախության ծնունդն են. «Էդիկն օգտվեց նաեւ այն առիթից, որ ես հոգեկան ծանր ապրումների մեջ էի,- նշում է Անահիտն ու մանրամասնում,- եղբորս վիճակը շատ վատ էր: Առաջին պայմանագիրը կնքելուց մեկ շաբաթ հետո նա մահացավ: Իսկ երկրորդը կնքվել է հուղարկավորությունից մի քանի օր անց»:

Անահիտը պատմում է, որ Թախունցը թանգարանի «իր հատվածում» շինարարությունը սկսելուց հետո ինչ-որ ճարտարապետների է հրավիրել, ապա հայտարարել, որ վերջիններիս խորհրդով որոշել է ամբողջ արվեստանոցի հատակը փոխել: «Բացի այդ ասաց, որ հրաշալի նախագիծ է հղացել, պետք է թանգարանի դրսի պատերն առաջ տա, նկուղը մեծացնի, ինչի շնորհիվ տարածքի հնարավորությունները կօգտագործենք մաքսիմալ ձեւով»,- հիշում է Ա. Բերբերյանը:

Որոշ ժամանակ անց Անահիտը նկատել է, որ Թախունցի կառուցած տարանջատող միջնապատը զգալիորեն մխրճվել է իր տարածքի մեջ:

«Այդ օրն առաջին անգամ Էդիկի հետ լուրջ կոնֆլիկտի մեջ մտա: Բայց նա, ինչպես միշտ, իր օձի լեզվով համոզեց, թե իրականում ես չեմ տուժելու, որովհետեւ եթե ինքը մի փոքր տարածք ավել վերցրել է, փոխարենը մի քանի անգամ շատ փոխհատուցելու է: Ասաց, որ միայն նկուղի հաշվին թանգարանի ընդհանուր մակերեսը կրկնակի կավելանա»,- պատմում է Անահիտը:
Ծագած վիճաբանության արդյունքում նա ձեռագիր մի գրություն է տվել, որի համաձայն` ինքը «արվեստանոցի մի մասը վաճառում է Է. Թախունցին` պայմանով, որ վերջինս կվերանորոգի մնացած տարածքը, կընդլայնի այն եւ իրեն կհանձնի 86 քմ տարածք»:

Գրությունում տարածքի 1 քմ գնահատվել է 500 ԱՄՆ դոլար, իսկ վաճառվող ընդհանուր տարածքի գումարը կազմել է 30 հազար դոլար, ինչը «Թախունցն օգտագործելու է վերանորոգման նպատակներով»:

«Մինչ այս գրությունն Անահիտը տասն անգամ մեր պայմանավորվածությունը փոխել է: Ամեն օր մտափոխվում էր: Դրա համար էլ ասացի` ոնց ուզում ես, այնպես էլ կանենք, միայն թե քո ձեռքով ուզածդ գրիր, որ վերջնական լինի ու էլ միտքդ չփոխես»,- ասում է Է. Թախունցը: Սակայն նա, մեղմ ասած, անկեղծ չէ: Որովհետեւ հիշյալ գրությունն ունենալուց առաջ, որը վավեր համարվելու համար պահանջում է նոտարի հաստատում, Թախունցն արդեն իսկ ուներ Անահիտի կողմից ստորագրված 2 պարտավորագրեր: Ընդ որում` դրանք նոտարի կողմից վավերացված են: Պարզապես դրանցով իրեն տրված տարածքի մակերեսը կազմում է 45.6 քմ, իսկ ձեռագիր գրությունով «վաճառվածը»` 60.4 քմ:

«Երբ վերադարձա տուն եւ ազատվեցի Էդիկի խոսքերի հիպնոսային ազդեցությունից, հասկացա, որ ինձ խաբել են»,- ասում է Անահիտը եւ նշում, որ ձեռագրի տեքստն իրեն թելադրել է Նորայր Սահակյանը: Նրան Է. Թախունցը ներկայացրել է որպես իր վարորդ:

Տեղեկացնենք, որ ձեռագիր գրությունը ստանալուց 2 օր հետո ոմն Հասմիկ Հովհաննիսյանի հետ «անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր» կնքելով` Է. Թախունցն արվեստանոց - թանգարանի «իրեն հասանելիք 60 քմ-ը» վաճառել է: Նա պարտավորվել է 6 ամսվա ընթացքում վերանորոգել տարածքը, դրա նկատմամբ գրանցել իր սեփականության իրավունքը եւ Հ. Հովհաննիսյանի հետ կնքել հիմնական պայմանագիր: Սակայն մինչ այդ Թախունցը Հովհաննիսյանից վերցրել է 25 հազար դոլար կանխավճար` պայմանով, որ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում կվերադարձնի գումարի կրկնակին:

Հետագայում Է. Թախունցը հայց է ներկայացրել Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարան, հայտնել, որ Անահիտի պատճառով ինքը Հովհաննիսյանին վերադարձրել է 50 հազար դոլար եւ պահանջել է հօգուտ իրեն այդ գումարը բռնագանձել Ա. Բերբերյանից:

Առաջին ատյանի դատարանը հայցը մերժել է: Սակայն Վերաքննիչը մասնակիորեն այն բավարարել է: Դատարանը` Լ. Գրիգորյանի նախագահությամբ, որոշել է Անահիտից, որպես պատճառված վնասի հատուցում, հօգուտ Թախունցի բռնագանձել 25 հազար դոլար:

Այս վճիռն էլ բեկանել է Վճռաբեկ դատարանը: Այնուհետեւ գործը հայտնվել է շրջապտույտում: Վերաքննիչը դարձյալ 25 հազարը բռնագանձելու վճիռ է կայացրել, իսկ Վճռաբեկը կրկին բեկանել է այն` կոնկրետ մատնանշելով թույլ տված խախտումները: Ի վերջո, հերթական անգամ Վերաքննիչ դատարան վերադառնալուց հետո գործը մնացել է առանց քննության` հայցվոր Թախունցի բացակայության պատճառով:

«Սա էլ է միտումնավոր արված, որպեսզի հենց իրենց համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն, հայցը նորից դնեն քննության»,- համոզված է Անահիտը:

Վերադառնալով ձեռագիր գրությանը` նշենք, որ այն գրելու հաջորդ օրն իսկ Անահիտը հանդիպել է Թախունցին եւ հայտնել, որ հրաժարվում է դրանից:

«Էդիկն ասաց` արդեն ուշ է, արածն արած է: Պետք է միասին գնանք նոտարի մոտ ու այն հաստատենք»,- հիշում է Ա. Բերբերյանը:

«Ինքը սկզբից համաձայն էր: Հետո տեսավ, որ մեծ գումարներ եմ ներդրել, մտափոխվեց: Ասում եմ` լավ, փոշմանել ես, քո տարածքը հետ վերցրու, բայց իմ ծախսած գումարը վերադարձրու: Ասում ա` ինձ չի հետաքրքրում, չծախսեիր: Սա արդեն գցող մարդու պատասխան է»,- նշում է Է. Թախունցը:

«Եթե ինքը քաղաքում մեկին ցույց տա, որ մեզ կարող է գցել, ուրեմն ինքը ճիշտ է»,- ավելացնում է Ա. Թադեւոսյանը:

«Տղամարդ լիներ, ուրիշ ձեւ հետը կխոսեի: Բայց աղջիկ է: Ստիպված դիմեցի օրենքին»,- շարունակում է Է. Թախունցը:

Նա Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարան հայց է ներկայացրել` պահանջելով Ա. Բերբերյանից բռնագանձել արվեստանոց-թանգարանի վերանորոգման համար իր կողմից ծախսված գումարը` 230 հազար ԱՄՆ դոլար: Այնուհետեւ, լրացնելով հայցապահանջը, Թախունցը դատարանից խնդրել է Անահիտի կողմից ձեռագիր գրված գրությունը ճանաչել վավեր, իսկ 43 հազար դոլարի փոխհատուցմամբ` ուժը կորցրած ճանաչել վերջինիս սեփականության իրավունքը արվեստանոց-թանգարանի նկատմամբ:

Դատարանը հայցը բավարարել է մասնակիորեն: Թեեւ, ըստ Քաղաքացիական օրենսգրքի, «անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է վավերացման նոտարական կարգով» (562 հոդված), իսկ «գործարքի նոտարական ձեւը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության» (300 հ.), դատավոր Ե. Դանիելյանը, առանց իրավական հիմքի, ձեռագիր գրությունը ճանաչել է վավեր:

Դատարանը վճռել է նաեւ «Անահիտի եւ նրա հանգուցյալ եղբոր անվամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված արվեստանոցից Է. Թախունցի կողմից փաստացի զբաղեցրած 361.7 քմ-ի (134.6 քմ-ը նկուղային տարածքի մակերեսն է) նկատմամբ ճանաչել Թախունցի սեփականության իրավունքը, իսկ միջնապատով անջատված 82.2 քմ տարածքը սեփականության իրավունքով թողնել Ա. Բերբերյանին»:

Որպես օտարված օրինական մակերեսների արժեք դատարանը որոշել է հօգուտ Անահիտի Թախունցից բռնագանձել 31 հազար ԱՄՆ դոլար: Վերաքննիչ դատարանն այս գումարը դարձրել է 21.300 դոլար, իսկ Վճռաբեկը որեւէ բան չի փոխել:

«Թախունցն արվեստանոցում ինձ մնացած տարածքում միայն հատակն է փոխել եւ առաջ տված պատը շարել: Սակայն դատարանի վճռում գրել են, թե նա իր բոլոր պարտավորությունները կատարել է, ամբողջ տարածքը վերանորոգել է: Նկուղի մասին էլ նշել են, թե իբր այն անհատույց տվել եմ Թախունցին: Նույնիսկ նշել են, թե դիմել եմ թաղապետարան եւ նկուղի շինարարության համար թույլտվություն ստացել: Բայց գործում նման թուղթ չկա,- բողոքում է Անահիտը:- Ինչ որ Էդիկին հարմար է եղել, գրել են` առանց որեւէ փաստի»:

Նշենք նաեւ, որ Է. Թախունցը հրաժարվել է վճարել դատարանի որոշմամբ 21.300 դոլարի հատուցումը: Գործը փոխանցվել է Դատական ակտերի հարկադիր կատարողներին:

«Մեկ տարուց ավելի հարկադիր կատարողները չէին կարողանում այդ գումարը բռնագանձել: Էդիկի արտասահմանյան մեքենաները իբր դրել էին աճուրդի, բայց դրանք նույնիսկ Էդիկի ձեռքից չէին էլ վերցրել»,- պատմում է Անահիտը:

Տարբեր ատյաններին, բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղված նրա դիմում-բողոքներին ի պատասխան` ի վերջո, գործին միջամտել է գլխավոր դատախազությունը, ինչից հետո Թախունցը «փոխհատուցումը» վճարել է: Սակայն նրա արարքներին այդպես էլ իրավական գնահատական չի տրվել:

Անահիտը մամուլով հանդես է եկել նաեւ բաց նամակներով: Պատկան մարմինների փոխարեն արձագանքը հնչել է Ղարիբյանների ընտանիքից, ովքեր նույնպես «շինարար» Թախունցի զոհերից են:

«Հետո Ղարիբյանների հետ բաց նամակ գրեցինք, դատախազությունն էլ վերջապես գործն ուղարկեց ոստիկանություն, որպեսզի նախաքննություն անցկացվի: Սակայն մի քանի օր հետո ինձ ու Վալյային (Ղարիբյանների ընտանիքի մայրը - Ա. Դ.), առանց ծանուցագրի, հեռախոսով կանչեցին ոստիկանություն ու մի ամբողջ օր փորձաքննության համար ձեռագրի նմուշներ վերցրին: Էջեր շարունակ գրել ենք` գող, երեխաներդ չեն վայելի ու նման արտահայտություններ, որովհետեւ Էդիկի դռան վրա իբր նման բաներ են գրված եղել, եւ կասկածյալները մենք ենք: Իսկ մեր գործի վերաբերյալ որեւէ լուրջ բան չարեցին: Ձեւի համար 2 էջ ցուցմունք վերցրին ու վերջ»,- պատմում է Անահիտը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter