«Սանիթեք»-ը քրեակատարողական հիմնարկների աղբահանությունն ուշացումներով է կատարում
Աղբահանությունից դժգոհում են ոչ միայն Երևան քաղաքի բնակիչները, այլև մայրաքաղաքում գտնվող քրեակատարողական հիմնարկները: Այստեղ նույնպես օրերով, երբեմն էլ՝ շաբաթներով աղբի տեղափոխություն «Սանիթեք» ընկերությունը չի իրականացնում: Ականատես ենք եղել, թե ինչպես է աղբի բլրակ գոյացել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում:
Երբ ներսում էինք, այդ պահին բեռնատար ավտոմեքենայի ձայն լսվեց և քրեակատարողականի աշխատակիցները «աչքալուսանքի» նման իրար փոխանցեցին, թե եկել են աղբը տանեն, սակայն պարզվեց, որ սնունդ բերող ավտոմեքենան էր:
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի պետ Սեդրակ Արթենյանը «Հետք»-ին պարզաբանեց, որ «Սանիթեք»-ը պարտավորվել է շաբաթը երկու անգամ իրականացնել աղբի տեղափոխում, սակայն կատարում են երբ կարողանում են:
Տարածքում արդեն տարածվել էր աղբի հոտը: ՔԿՀ-ում մտավախություն ունեն, որ այս վիճակը շարունակվելու դեպում, ձմերուկի, սեխի սեզոնին, տարածքով անցնել չի լինի գարշահոտությունից:
«Աղբահանությունը լավ չի իրականացվում, չնայած անընդհատ հորդորում ենք, ստիպում ենք, ինչպես որ պայմանավորվել ենք, պայմանագրերը կնքվել են, բարի լինեն կատարեն: Անընդհատ հիշեցնում ենք, բայց անօգուտ»,- ասում է Սեդրակ Արթենյանը:
Նույն վիճակն է նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Այստեղ նույնպես աղբի փոխադրումն իրականացվում է ուշացումներով, ինչը դժգոհությունների պատճառ է դառնում:
«Սանիթեք» ընկերությունից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Կամ հեռախոսազանգերին չէին պատասխանում, կամ պատասխանատուները տեղում չէին:
Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել