HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գեթսեմանի պարտեզի» աքսորյալները

 Երբ սկսվեց ստալինյան բռնաճնշումների երկրոդ՝ 1949թ․-ի հզոր ալիքը, հայ մեծանուն երգիծաբան Լեռ Կամսարը դեռ առաջինից՝ 1935թ-ի բռնադատումից  չէր ձերբազատվել։ Երեքամյա սիբիրյան ճամբարից հետո նա Գեղարքունիքի Տորֆավանում դեռ «ազգի թշնամի» աքսորական էր։  Նրանից բացի աքսորավայրում կային ևս չորս բախտակից աքսորյալներ՝ երեքը հայ, մեկը ռուս: Ոչ ոք չգիտեր, որ ռուսը նույնպես աքսորական է: Հայերից մեկի ազգանունը Կարմրամորուքյան էր:

Սկսվեց տարհանման երկրորդ ալիքը: Ամեն առավոտ «Չոռնի վոռոնը*» գիշերը աքսորականներից մեկին  տանում էր: Մյուսները մղձավանջի մեջ սպասում էին իրենց հերթին:

Երգիծաբանը հաց չորացրեց, մի կերպ տաք հագուստ գլուխ բերեց: Բանտի ներքնակը, երկաթե բաժակը և աքսորական ճամպրուկը կազմ պատրաստ էին՝ վերջին խառնաշփոթին մոռացության չմատնվելու համար: Երբ մեքենայի հռնդյուն էր լսվում, կամ միլիցիա էր երևում գյուղում, տանեցիներն անմիջապես գյուղխորհուրդ էին շտապում՝ իմանալու համար գալու նպատակը: Վեց ամսվա ընթացքում  հերթով կրկնակի աքսորի ենթարկվեցին մյուս երեք ազատ աքսորականները: Վերջինը ռուսն էր: Ի դեպ, այդ ժամանակ միայն իմացվեց, որ նա ևս բռնադատված է: Ուներ կին և երեխա, որը ծնվել էր Տորֆավանում: Նրան տանելուց հետո ընտանիքը  Ռուսաստան մեկնեց:

Ի զարմանս բոլորի, Լեռ Կամսարին չտարան: Բայց սպասման ահն ու սարսափը դեռ երկար հետապնդում էր նրան...

Չնայած վախին ու անհագիստ տագնապներին նա մեկ օր իսկ չդադարեց գրելուց։  Պարտավո՛ր էր սերունդներին փոխանցել բոլշևիկյան  սահմռկեցուցիչ իրականության պատմությունը․․․

 *Հանցավորներ տեղափոխող մեքենա:                                                                                             

Վանուհի Թովմասյան

 

Լեռ Կամսարի 1949թ-ի «Խորհրդային օրեր» անտիպ օրագրից

Հինգշաբթի 21, ապրիլ․- Ապրում եմ ինչպես Հիսուսը Գեթսեմանում։ Վերջին ժամերս են։ Չեկան հավաքում է բոլոր նախկին կալանավորներին։ Չորս հոգի ենք սովխոզում, որից երկուսին տարան։ Տանում են մեկ-մեկ, երևի ավտոյի փոքրության պատճառով։ Սպասում ենք սև ավտոյին ժամ առ ժամ։ Աշխատում եմ մտքերս բոլորը քամել այս թղթի վրա, որ դատարկ գլխով բանտ կամ կառափնարան գնամ։ Ես իմ անձից ավելի մտքերս եմ ափսոսում։

Եթե այլս չտեսնվենք՝ ուրեմն, հավիտյանս մնաք բարով։

Ուրբաթ 29, ապրիլ․- Սա մի շաբաթ է կազմ ու պատրաստ ամեն րոպե Չեկայի ավտոյին եմ սպասում բանտարկվելու, բայց անիծյալ ավտոն չի երևում տակավին։ Այս վիճակն էլ անտանելի է։ Երբ կյանքի հետ բոլոր կապերդ կտրած անհամբեր բանտի և մահվան ես սպասում ու դեռ շարունակում ես ապրել՝ մի տեսակ անհարմար դրություն է ստեղծվում կարծես։ Ես հիմա հոգեբանորեն միանգամայն պատրաստ եմ մահվան։ Ես արդեն քաշել եմ ցամաքին կապող նավիս սանդուխը և պատրաստ եմ չվել հանդերձյալ կյանք։ Ուրվագծել ու հազար անգամ կրկնել եմ մտքիս մեջ թե այն աշխարհում ո՞ւմ պիտի հանդիպեմ և մոտավորապես ի՞նչ պիտի խոսեմ նրանց հետ։ Ամենից հետաքրքրականը հայրս է։ Ես տասը տարեկան հասակիցս նրան չեմ տեսել։ Հետո մայրս ու երեք քույրերս որոնք մեռել են իմ ծնվելուց առաջ։ Հետաքրքիր է, պիտի կամենա՞ն ճանաչել ինձ, թե՞ ոչ։ Մահամերձ մորս ես չկարողացա մի բաժակ կաթ հայթայթել․ ունեմ մտքիս մեջ արդարացումն այդ ապերախտ արարքիս։ Այս բոլորը ոչինչ, կարևորն այն է, որ վերջապես պիտի կրկին հանդիպեմ իմ այն սիրուհիներին, որք վաղաժամ հեռացան ինձանից։

Չեկա՛, անտանելի է այսպես սպասողական, ուղարկի՛ր ավտոդ, ես հիշատակարանումս արդեն մնաս բարով ասել եմ կյանքին, եթե չբռնես՝ ստիպված պիտի ետ դառնամ ջնջեմ այդ տողերը տետրակիցս ու ապականեմ ողջ հուշատետրս։ Անկողինս կապելիս չվանը քարահանգույց եղավ․ ապրելու համար ես նորից անկարող եմ քանդել անկողինս, եղունգ չունեմ։ Ես այնքան եմ հեռացել կյանքից, որ ավելի հեշտ է նորից ծնվել, քան ներկա կյանքս շարունակել։

Իսկ 60 տարեկան հասակում նորից ծնվել․․․ քեզ եմ թողնում երևակայել, թե որքան անհարմար է․․․

            ------

Այո՛, ճշմարիտ է կյանքս վերջացրել եմ արդեն, բայց կուզեի «հետ գրության» մի քիչ սպասել, տեսնելու համար, թե սա անիծյալ երրորդ համաշխարհային պատերազմը լինելո՞ւ, թե՞ ոչ։

Չորեքշաբթի 10, մայիս․-  Այսօր Չեկայի ավտոն եկավ ու տարավ մեր երրորդ ընկերոջը։ Խեղճ մարդը շաբթից ի վեր պատրաստվում էր ձերբակալության։ Լվաց ու կարկատեց շորերը։ Մի զույգ նոր փոխնորդ առավ, վերմակի պորտը փոխեց, մի շաբաթվա հաց թխեց և անընդհատ ավտոյին էր սպասում։

Մնացի ես։ Հերթը հիմա արդեն հասավ ինձ։ Բայց ես ոչ մի պատրաստություն չեմ տեսնում, որովհետև չգիտեմ, թե ի՞նչ անելու կտանեն ինձ։ Եթե պիտի գնդակահարեն՝ ափսոս է նոր փոխնոդ կարել։

Ես ապրելիս նոր շոր չհագա, ո՞ւր մնաց՝ չապրելիս։

Համենայնդեպս՝ մնաք բարով, կարող է այլևս չտեսնվենք․․․

Երկուշաբթի 27, հունիս․- Դանթե՛, վեր կաց գերեզմանից, բավական է մեռնես։ Վեր կաց, որովհետև քո «Դժոխքը» հիմա այլևս ոչ ոքի չի սարսափեցնում։ Քո «Դժոխքը» արքայություն է հիմա, կուրորտ, ամառանոց, հանգստյան տուն։ Եվ առհասարակ, նկատեմ պիտի, որ շտապել ես մի փոքր։ Հիմնական, իսկական «դժոխք» ստեղծելու համար պիտի սպասեիր, Լենինից և Ստալինից հետո գրեիր, որ տեսնեիր, թե «դժոխքը» ո՜նց է լինում։ Կամ եթե հարկադրված էիր անպայման  գրելու քո երկը, գեթ գրքի առաջաբանում պիտի նշեիր․ «Ես թեև գրում եմ այս «դժոխքը», բայց դուք մի՛ սարսափեք․ ինձանից հետո կգա Ստալին անունով մեկը և Ռուսաստանում այնպիսի մի դժոխք կստեղծի, որ իմ «դժոխքը» կվերածվի արքայության․․․

Հայտարարության սույն ձևն ընդունված է ամենուրեք։ Հովհաննես Մկրտիչը, երբ սկսեց Հորդանանի ափին մկրտել մարդկանց և ապաշխարություն քարոզել՝ ժողովուրդն սկսեց երկրպագել նրան, բայց նա ոտքի հանեց ծնկաչոքներին ու ասաց․

-Ես այն չե՛մ, որին պետք է երկրպագել, ինձանից հետո կգա մեկը, որի կոշիկներն արձակելու արժանի չեմ։

Եվ իրոք, այսօր բոլոր քննադատները միաբերան կվկայեն, որ Դանթեի ստեղծած «Դժոխքն» Ստալինի դժոխքի կապերն անգամ քանդելու չէ։

Կատարյալ դժոխք ստեղծելու համար անպայման սոցիալիզմ է հարկավոր, առանց դրան անհնարին բան է։ Մի սոցիալիզմ, որ անցավ կոմունիզմի՝ արդեն դժոխքը պատրաստ է։

Դանթե՛, այս դժոխքը ե՛ս էլ կարող եմ գրել, բայց որովհետև համաշխարհային գրականության մեջ դժոխք գրելու «պատենտը» դու ես վերցրել՝ չեմ ուզում ձեռքեդ խլել այն։ Մեկ էլ՝ դժոխքներն ինձ չեն զարմացնում առհասարակ։ Ես ծնվելիս, երբ աչքս բացի և աշխարհին նայեցի՝ բանիս չեկավ, և ես ամբողջ հինգ տարի անընդհատ լացի։ Հետո միայն, երբ մեծանալով տեսա,որ աշխարհում կին-մին կա՝ չէ, ասացի, այստեղ կարելի է ապրել։ Ու մի անգամ շատ գեղեցիկ կնոջ գրկած ժամանակ մինչ անգամ բացականչեցի․ «Ա՜խ, երանի այս կյանքը վերջ չունենար․․․»։

Դանթե՛, ուզում ես եկ միասին գրենք․ մեզանում խիստ տարածված է երկու հոգով գիրք գրելու սովորությունը։ Բարձրացիր պատին, ես մտքեր տամ՝ դու շարիր։

Դժոխքի վայրը՝ կուզես Երևանի երկաթուղու կայարանը վերցնենք, կուզես՝ Թիֆլիսի, կուզես՝ Բաքվի։ Հիմա Ռուսաստանի բոլոր կայարանները «հավասարամեծ» դժոխքներ են ներկայացնում։

Աքսորվում են հազարավոր ընտանիքներ որպես պետության թշնամիներ։ Թշնամիներ են հղի կանայք ու երեխաներ։ Երեխաներ, որոնք պատը բռնելով են կանգնում տակավին, երեխաներ, որոնք անգամ դեռ չեն ծնվել։

Վերցնենք Երևանի կայարանն ու սկսենք այսպես։

Նախ՝ Աստված ու խիղճ չկա։ Կես գիշեր է, ժամը երկուսը։ Քնած է ողջ Երևան քաղաքը։ Մեկ-մեկ լսվում են  լացող երեխաների ձայներ։ Հանկարծ երեխաները լռում են ու սկսում են լալ երիտասարդներն ու ծերերը։ Արդեն Չեկիստներն ներս են մտել ու հայտարարել․ «Երկու ժամ ձեզ ժամանակ․ վերցրեք անհրաժեշտ իրերն ու ընտանիքով ավտո նստեք»։ Այս հայտարարության վրա՝ խելագարվածներ, ինքզինքնին պատշգամբից վայր գցողներ։ Չեկիստները խնամքով ջոկում են մեռածները կենդանիներից։ Երկու ժամ վերջը Երևանի կայարանն են հավաքվում 12000 շունչ «պետական թշնամի»՝ շրջապատված սվինավոր զորամասերով ու միլիցիոներներով։ Մթության մեջ իրար կորցրած մայր ու մանուկների ոտերի տակ մեռնողների ձայնը երկինք է բարձրանում․ երկինք է բարձրանում ոչ ընդմիշտ այնտեղ մնալու, այլ մի փոքր շունչ առնելու և իր ճամփան շարունակելու։ Այս տեսակ աղիողորմ ճիչերին տիեզերքը միշտ բացառություն է անում, թույլ տալով ուզածին չափ հեռուն տարածվել։ Վերջ չունեցող երկաթուղու «սաստավը» երախը բացած կուլ է տալիս այս խառնիճաղանճ թշվառությունը և փնչում անկշտում գազանի պես։

Այս տեսարանից երկրագունդը պտտվում է իր առանցքի շուրջն ու լուսանում է։ Ծագող արևը չորացնում է Երևանի թափուր կայարանի հատակին լճացած արտասուքը, նայում է ողջ մարմնով դողացող քաղաքին, կարծելով, թե այն մրսում է՝ սկսում է տաքացնել։

Վերջին տեսարանում Ստալինը Ներոնի նման կանգնած դիտում է կործանվող Ռուսաստանն ու բացականչում ուրախ․ «Լենինի դրոշով, Ստալինի առաջնորդությամբ հառա՜ջ դեպի սոցիալիզմ․․․»։

------

Վերոհիշյալը գրելիս ես օգտվել եմ «Ողբ Եդեսիոյից», Շահ Աբասից, «Բաբելոնի գերությունից» և այլ օտար աղբյուրներից։ Բայց ինչպես տեսնում եք, շատ չափավոր․․․

Շաբաթ 2, հուլիս․- Առածը շատ իրավամբ ասում է․ «Եթե գողը տանից լինի, եզն երդիկից կհանի»։

Ցարական հայակեր դիվանագետ Լոբանով-Ռոստովսկին որքա՜ն ժամանակ աշխատեց իր «Հայաստանն առանց հայերի» լոզունգն իրականացնել, բայց չկարողացավ։ Իսկ այսօր հայ հայակեր Գրիգոր Հարությունյանը գնացքները բարձած հազարավոր հայ ընտանիքներ Արևելյան Սիպիրը կքշե, ու շատ մոտ կտեսնեմ այն ժամանակը, երբ Հայաստանը պիտի մնա առանց հայերի։

Տեղական հայերի հետ կարտաքսվեն նաև ներգաղթող հայերը, որոնք արտասահմանից նոր ժամանած, անգամ ժամանակ չունեցան իրենց «հարազատ երկրի» արևելքն ու արևմուտքը որոշելու։

Ներգաղթը, նշանակում է, մի քիչ շուտ սկսեց Գրիգոր Հարությունյանը։ Նախ պետք է բոլոր ռուսահայերին աքսորեր, հետո ամայի Հայաստանն ողողեր նորեկ տաճկահայերով ու Սիպիր թափեր։

Որպեսզի Հայաստանը մաքուր լիներ, և պատերին ոչ մի հայ կպած չմնար․․․

«Խորհ. օրեր»  1949 թ.,անտիպ

Մեկնաբանություններ (1)

Արմեն Քեշիշյան
«Ալթայում էլ սարեր կան. թող մեկի անունը Արարատ դնեն ու ապրեն», - ասում էր այսօրվա ստրկամտության հայրերից մեկը՝ վեցամատ, գոսաձեռք, մահամիտ մարդատյացը: Քանի հայ կին, եղեռնից մահապուրծ, մահացավ՝ Սիբիրներ դանդաղ գնացող, վրաները «Д» (Դաշնակցականներ) գրված տեպլուշկա և բեռնատար վագոններում ու հազվագյուտ կանգերի ժամանակ դրանց շրջակայքում... Որովհետև ամաչում էին սվինավոր զինվորների ներկայությամբ զուգարան գնալ: Մեծն Լեռ Կամսարի գրքերը շանս են մի քանի շերտ ավելի խորը գիտակցելու, թե ինչ է տեղի ունեցել, կարդալով դրանք: Այդ շանսից օգտվողները ազատագրվում են, առնվազն՝ սեփական, վերապրած կարծիք կազմում մեր պատմության (ու նաև՝ մեր) մասին: Մեծն Լեռ Կամսարի գրքերը կարդալիս հպարտություն ես ապրում, որ մտածածին «բացառապես ռուսա-հրեական այլախոհությունը» ԽՍՀՄ-ում մինչև հիմա ապրող անհաջող միթոս է: Լեռ Կամսարն է սովետական շրջանի այլախոհության հայրը ու անկախ մտածելակերպի պատվարը (ինչպես Դոստոևսկիից ծնվեցին Կամյուներ ու Իոնեսկոներ, Ֆոլկներներ ու Կաֆկաներ, շատ ու շատ ուրիշներ): Այս դարաշրջանի մասին սիրելի, հարգարժան, տաղանդավոր և հանճարեղ այլազգի գրողների գրած գործերը արտերկրում ու հետո ԽՍՀՄ տարածքում տպվելու բախտին արժանացան և այդպիսով հիմք ստեղծեցին վերը նշված թյուր մտայնության: Մինչդեռ Կամսարի գործերում, նրանցից շատ ավելի շուտ (1921թ.-ից ի վեր), Մեծը տվել է համակարգի և՛ ծագումնաբանությունը, և՛ անամնեզը, և՛ ախտագիրը: Մտքեր, գաղափարներ, գնահատականներ, ընդհանրացումներ ու անելիքներ ձևակերպել, թողնելով դրանք որպես հարատև արժեք, որը կա որպես իսկն ու ճիշտը անկախ մեր երեկվա, այսօրվա ու վաղվա վերաբերմունքից նրան: Չեմ դադարի խոնարհումս բերել Վանուհի Թովմասյանին՝ իր կատարած աշխատանքի համար, որի ազգովի գնահատումը, ըստ մեր արդեն հազարամյակներ ձևավորված ավանդույթի՝ պիտի շատ ավելի ուշ գա: Բայց Կամսարին դպրոցներից ու ԲՈՒՀ-երից չներկայացնելով երիտասարդներին՝ մենք կորցնում ենք ժամանակ, որը միշտ չէ որ ունենք: Շնորհակալություն, Մեծ ՄԱՐԴ Վանուհի Թովմասյան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter