HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ագրարային համալսարանը Ապարանում քոլեջ կհիմնի

Ագրարային համալսարանը Ապարանում գյուղատնտեսական քոլեջ կհիմնի՝ որպես մասնաճյուղ:

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով համալսարանին փոխանցել Ապարան քաղաքի Գայի 17/1, 17/3, 17/4 և 17/5 հասցեներում գտնվող ուսումնական մասնաշենքերը, դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքները, սպորտային դահլիճը, ճաշարանը, ենթակայանը, պահակատունը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ՝ Ապարանը պատահական չի ընտրվել։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Արագածոտնի մարզն ունի գյուղատնտեսության և անասնապահության զարգացման մեծ հնարավորություններ։

Մասնաճյուղի վերակառուցման, վերանորոգման և վերականգնման աշխատանքների համար այս տարվա պետական բյուջեով նախատեսվել է 1 միլիարդ 435 միլիոն դրամ:

Նախարարությունը տեղեկացրել է, որ Ապարանում առկա չէ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող որևէ մասնագիտական ուսումնական հաստատություն: Իսկ Ապարանի և հարակից համայնքների բնակիչները մասնագիտական կրթություն ստանալու նպատակով ստիպված դիմում են այլ համայնքներում (հիմնականում` Երևանում) գործող ուսումնական հաստատություններ:

Կառուցվող նոր քոլեջում նախատեսվում է իրականացնել տարածաշրջանի համար անհրաժեշտ մասնագիտությունների ուսուցում, կարճաժամկետ ուսուցման ծրագրեր: Բացի այդ, նախատեսվում է ուսանողների համար կառուցել հանրակացարան, ճաշարան: Իսկ ուսումնական մասնաշենքի հարակից տարածքում կկառուցվի կաթի վերամշակման և կաթնամթերքի արտադրության արտադրամաս, ինչը կխթանի գործնական գիտելիքների ձեռքբերմանն ու ընդլայնմանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքսի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։