Երազի իրականացմանը սպասելիս
Երեւանի կենտրոնում` Պուշկինի 2 հասցեում գտնվող բարձրահարկի տեղում առաջ Ղարիբյանների տունն էր: Տնամերձի հետ միասին այն զբաղեցրել է մոտ 150 քմ տարածք, որից 126.26 քմ-ը սեփականության իրավունքով պատկանել է ընտանիքի հորը` Ռուբեն Ղարիբյանին:
«Ես այդ տանն ապրել եմ 1954 թ.-ից: Հինգ սենյակ ունեինք, պատերի հաստությունը 1.5, իսկ առաստաղի բարձրությունը 4.5 մ էր»,- հիշում է Ռ. Ղարիբյանը եւ նշում, որ 1988 թ. իրենց կողքի տանը հանգրվանել են Բաքվից բռնագաղթած Էդուարդ Թախունցն ու նրա ծնողները:
«Էդիկի հետ ընդհանրապես չեմ շփվել: Հորը` Գրիգորին էի ճանաչում: 2000 թ. նա ինձ հարցրեց` տունդ կվաճառե՞ս, ասացի` ոչ: Մոտ մեկ տարի անց արդեն Էդիկը եկավ, բա` ինչ կլինի, տունդ ծախիր, առնեմ: Անընդհատ մերժում էի: Դռնով դուրս էի հանում, պատուհանով էր մտնում: Հետո ինչ-որ փաստաթղթեր բերեց, թե` տես, «Եվրոստրոյսերվիսն» ուզում է էս տարածքում էլիտար շենք կառուցել, արի տունդ վաճառիր, փոխարենը քեզ կառուցվող շենքում եվրանորոգված ընտիր բնակարան կտանք»,- շարունակում է Ռ. Ղարիբյանը:
«Այդ թաղում 10 ընտանիք էր ապրում: Մեր տունն էլ էր այդտեղ, եւ առաջինը մենք ենք պայմանագիր կնքել: Ուղղակի «Եվրոստրոյսերվիսի» տերերը մեր ընկերներն են, խնդրեցին, որ մնացածի հետ, որպես հարեւան, պայմանագրերը մենք կնքենք»,- պարզաբանում է Է. Թախունցը:
«Եվրոստրոյսերվիս» ՍՊԸ-ի տնօրենը Նորայր Սահակյանն էր: Սա նույն մարդն է, ում Թախունցն Անահիտ Բերբերյանին ներկայացրել է որպես իր վարորդ: Նրա տված լիազորագրով Է. Թախունցը 2002 թ. ՍՊԸ-ի անունից Ղարիբյանների հետ կնքել է առքուվաճառքի պայմանագիր:
Ընկերությունը երաշխավորել է կառուցվելիք շենքում Ռ. Ղարիբյանին 2 տարվա ընթացքում տրամադրել 100 քմ ընդհանուր մակերեսով բնակարան` մաքուր, վերանորոգված վիճակում: ՍՊԸ-ն պարտավորվել է նաեւ այդ ընթացքում, վարձով ապրելու համար, ընտանիքին ամսական հատկացնել 100 ԱՄՆ դոլար:
«Չնայած կենտրոնում էին խոստացել, բայց մեզ տարան Ավան-Առինջ: Վարձավճարը պարտաճանաչ 9 ամիս տվեցին: Հետո սկսեցին ուշացնել, ինչը տանտերերի հետ տհաճ խոսակցությունների պատճառ դարձավ: Ստիպված մեր ուժերով 3-րդ մասում վարձով բնակարան գտանք ու տեղափոխվեցինք»,- պատմում է Ռ. Ղարիբյանի կինը` Վալենտինան: Ըստ նրա` այդ ընթացքում Թախունցը հարեւաններին ասել է, թե իբր իրենց 3 սենյականոց բնակարան եւ 60 հազար դոլար է տվել:
«Մի քանի ամսից Էդիկն ու Աշոտ Թադեւոսյանը եկան մեր վարձով տուն, բա` էդ տարածքը ոնց որ անիծված լինի, չենք կարողանում շինարարությունը սկսել: Ավելի լավ է` էսքան վարձ տալու փոխարեն մի հատ տուն առնենք, դրանում ժամանակավոր կապրեք, մինչեւ շենքը կկառուցենք,- հիշում է Վալենտինան: - Քաղաքի ծայրամասերում ինչքան քարուքանդ եղած տուն կար, տարան ցույց տվեցին: Վերջը 3-րդ մասում դրանցից մեկը գնեցին»:
Է. Թախունցը մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ միայն այդ բնակարանի վերանորոգման համար ծախսել է 2000 դոլար: Թե ինչի՞ վրա է այդքան գումար ծախսվել, դժվար է հասկանալ: Պատերին փակցվել է էժանագին պաստառ, բաղնիք-զուգարանն անմխիթար վիճակում է, իսկ պատուհանների որոշ ապակիներին մինչ օրս շարունակում են փոխարինել պոլիէթիլենային տոպրակները:
Բագրատունյաց 26 շենքի երկսենյականոց այդ բնակարանը Թախունցը գնել է 19 հազար դոլարով: Սակայն առքուվաճառքի պայմանագրում նրա կամ «Եվրոստրոյսերվիսի» մասին որեւէ հիշատակում չկա: Ռ. Ղարիբյանի խոսքերով` Թախունցը մեքենայով տանտերերի հետ իրեն տարել է Շենգավիթի նոտարիատ, նոտար Սվետլանա Բադիրյանը, արդեն պատրաստի փաստաթղթերը ձեռքին, մոտեցել է իրենց ու հենց մեքենայում իրեն ստիպել են ստորագրել դրանք. «Նույնիսկ չեմ էլ կարդացել: Էդիկն ասաց` եթե չստորագրես, կտամ գլխիդ: Հետո տեսա, որ միայն իմ անունն է նշված, ու եթե խիղճս կորցնեի, կարող էի պնդել, թե տունն իմ միջոցներով եմ գնել»,- ասում է նա:
Ղարիբյանները դիմել են Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան: Սակայն դատավոր Գ. Պողոսյանը գործի վարույթը կարճել է` նկատի ունենալով, որ հայցվորի ներկայաչուցիչը հայցից հրաժարվել է:
«Մեր պաշտպան Ռաֆիկ Կումրիկյանն ինքնագլուխ էր նման բան արել: Հետո նա եկավ ներողություն խնդրեց ու իր ստորագրությամբ հաստատված մի փաստաթուղթ տվեց, որում նշել էր, որ այդ քայլին դիմել է դատավորի սպառնալիքների պատճառով»,- վստահեցնում է Ռ. Ղարիբյանը:
«Լավ, հարց չի առաջանու՞մ` էդ 10 ընտանիքներից ինչու՞ են միայն Ղարիբյանները բողոքում: Նրանք Անահիտի նման կլասիկ խաբեբաներ են,- ասում է Է. Թախունցը եւ մանրամասնում,- այդ տարածքը, որտեղ պիտի շենքը կառուցվեր, Բաղդասարովը մեզնից գնեց: Շենքը կառուցել է ոչ թե «Եվրոստրոյսերվիսը», այլ Բաղդասարովը, ու ինքը մեր պարտավորությունները չստանձնեց, որովհետեւ դրանք նախնական պայմանագրեր էին, վերջնական չէին: Ասաց` ես գումար եմ տալիս, տուն չեմ տալիս: Մենք էլ եկանք, ասացինք` Ռուբիկ ջան, կներես, կառուցվող շենքում տուն չի տալիս»:
«Բայց մենք իրենց տուն ենք առել, 3000 դոլար փող ենք տվել, ու դա ոչ թե Բաղդասարովն է արել, այլ «Եվրոստրոյսերվիսը», մենք մեր խղճի առաջ ենք արել,- ավելացնում է Ա. Թադեւոսյանը: - Ղարիբյանները սկզբում շատ գոհ էին: Նույնիսկ սեղան էին գցել ու մեզնից շնորհակալություն էին հայտնում: Հետո խնդրեցին, որ մեզնից մեկն իրենց երեխայի քավորը դառնա: Հենց մերժեցինք, թշնամացան ու սկսեցին բողոքել»:
Ռ. Ղարիբյանն էլ վստահեցնում է, որ Թախունցը 3-րդ մասում բնակարանը գնելուց հետո իրեն 3000 դոլար է տվել եւ ասել` յոլա գնացեք, մինչեւ տենամ` ինչ եմ անում. «Բայց տեսավ, որ այդ տուն չենք տեղափոխվում, կինս էլ ասել էր, որ դատարան ենք դիմելու, եկավ գումարը հետ վերցրեց: Ասաց` էս փողը տալու եմ քաղաքապետին, որ թույլատրի Նալբանդյան 15/1 շենքի վրա 4 հարկ ավելացնեմ: Հենց այդ շենքում էլ ձեզ բնակարան կտամ,- հիշում է Ռ. Ղարիբյանը,- մենք էլ ուրախացանք, որ վերջապես գործը տեղից շարժվում է ու տան եղածով, իբրեւ մաղարիչ, թեթեւ սեղան բացեցինք»:
Նշենք, որ Թախունցին «շնորհակալ» 2-րդ խմբի հաշմանդամներ Ռուբեն եւ Վալենտինա Ղարիբյաններն անչափահաս դստեր հետ մոտ 2 տարի նրա գնած բնակարան ոտք չեն դրել: Ավելին` 2005 թ. հունիսին նրանք ամբողջ ունեցվածքը տեղափոխել են իրենց նախկին տան տեղը կառուցվող շենքի բակ եւ շուրջ 6 ամիս ապաստանել բաց երկնքի տակ: Համառ ջանքերի շնորհիվ ամուսիններին հաջողվել է հանդիպել նաեւ գործարար Միքայել Բաղդասարովին. «Ասաց` ես Էդիկին պոլնի փող եմ տվել, գնացեք, թող ինքը ձեր հարցը լուծի»,- հիշում է Ռ. Ղարիբյանը:
«Մենք Ղարիբյաններին համարժեք փոխհատուցում ենք տվել: Այդ 3000 դոլարից բացի նրանց էլի ենք գումար տվել, անընդհատ օգնել ենք, ուղղակի ստացական չունենք, դրա համար չենք նշում: Հետո, երբ պայմանագիր էինք կնքում, Ռուբիկն ասաց, որ ամբողջ տունն իրենն է: Բայց եղբայրները հայտարարեցին, որ իրենք էլ են այդ տանը գրանցված: Ստիպված Ստյոպային (Ռ. Ղարիբյանի եղբայրն է - Ա. Դ.) Կայարանում 1 սենյականոց բնակարան գնեցինք եւ առձեռն 700 դոլար տվեցինք, իսկ մյուս եղբորը 5000 դոլար հատկացրինք: Եթե այս ամենը գումարենք, դեռ մի բան էլ շատ ենք փոխհատուցել»,- ասում է Ա. Թադեւոսյանը:
Նշենք, սակայն, որ ասվածը բացարձակ սուտ է: Ղարիբյանների հետ կնքված դեռ նախնական պայմանագրով «Եվրոստրոյսերվիսը» պարտավորվել է Ստեփան Ղարիբյանին 1 սենյականոց բնակարան գնել Հարավ-արեւմտյան թաղամասում, իսկ Ռ. Ղարիբյանի մյուս եղբորը հատկացնել 4000 ԱՄՆ դոլար:
Ղարիբյանների հայցը շրջել է նաեւ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում: Սակայն ամեն ինչ մնացել է նույնը: Ուշագրավն այն է, որ վերաքննիչ դատարանում Թախունցի հետ կապված գործերը հիմնականում լսվել է դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ:
«Մենք ի՞նչ կապ ունենք: Դիմում ես դատարան, գործն ում վրա իջեցրին, իջեցրին»,- ասում է Է. Թախունցը:
«Էդ հարցով թող նախագահին դիմեն, թե ինչու է Տ. Սահակյանին նշանակել վերաքննիչի դատավոր»,- հավելում է Ա. Թադեւոսյանը:
«Էլ չեմ ասում, որ ինչքան ոստիկանությանը դիմել եմ, փոխանակ Էդիկի դեմ գործ հարուցեին, ինձ են տարբեր բաներում մեղադրել: Մի անգամ Նորիկը վիճաբանության ժամանակ խփեց ինձ ու թքեց դեմքիս: Դիմեցի Կենտրոնի ոստիկանություն, ասացին` այսօր շաբաթ է, երկուշաբթի կգաս: Երկուշաբթի էլ ինձ մեղադրեցին, թե իբր Նորիկի թիակը կոտրել էի: Դրանից առաջ էլ ինձ մեղադրում էին, թե ես էդիկի կնոջ հանգիստը խանգարել եմ, զանգել ու պահանջներ եմ ներկայացրել,- պատմում է Վալենտինան:- Մի օր էլ գիշերը ժամը 12-ին Շենգավիթի բաժնից 3 հոգի եկան, բա` ստորագրիր, որ Էդիկին էլ չես անհանգստացնի: Չգիտենք` ի՞նչ անենք եւ ո՞ւմ դիմենք»:
Ռ. Ղարիբյանը նշում է, որ ինքը պայծառատես է, եւ իր տեսած երազներն անպայման կատարվում են: Նա լիահույս սպասում է դրանցից մեկի իրականացմանը:
«Մի օր երազումս երկնքից աստիճաններ իջան ու ինձ բարձրացրին մի մեծ դահլիճ: Մեջտեղում նստած էր Աստված, աջ կողմում` Քրիստոսը, ձախում` Մարիամ Աստվածածինը: Ամեն ինչ մանրամասն պատմեցի: Հետո կանչեցին Բաղդասարովին, Աշոտին Թադեւոսյանին, Թախունցին ու Նորայր Սահակյանին: Ես Բաղդասարովի համար այդքան էլ չէի բողոքել, բայց իրեն էլ էին բերել: Բոլորին գլխիվայր կախեցին, ու հրեշտակները սկսեցին ծեծել: Այնուհետեւ վճիռ կարդացին, որով կառուցված շենքում ինձ բնակարան հատկացրին, «Եվրոստրոյսերվիսի» հետ կնքված պայմանագրով սահմանված տույժից հավաքված 360 հազար դոլարից 20 հազարը տվեցին ինձ, իսկ մնացած գումարը թողեցին Աստծու տրամադրության տակ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել