HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Սա շարժում է հանուն արդարության»,- ասում է մշակութաբան Հրաչ Բայադյանը:

Պարոն Բայադյան, ընտրություններից անցել է 7 օր, սակայն Ազատության հրապարակը շարունակում է մնալ բազմամարդ: Ոմանք, զուգահեռներ անցկացնելով 1980-ականների վերջի իրադարձությունների հետ, շարժումը համարում են համաժողովրդական: Ինչպիսի՞ն է ձեր գնահատականը:

Այսօրվա եւ 1980-ականների վերջին սկսված շարժումների միջեւ նմանություններ շատ կան, բայց դրանք բացարձակ նույնական չեն: Այն ժամանակ կոմունիստական տոմսերն էին ծիսականորեն պատռում, հիմա` Հանրապետականինը: Նման են, որովհետեւ շարժման կազմակերպիչները հիմնականում նույն մարդիկ են եւ հնչում են նույն կոչերը: Օրինակ` «Լեւո՛ն, նախագահ», «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Իմիջիայլոց, հին հռետորությունից շատ դժվար է հրաժարվել: Ի վերջո, շարժման առաջնորդը նույն մարդն է: Բայց մյուս կողմից` ոչ մի համեմատություն չի կարելի անցկացնել հանրահավաքները վարողների, հռետորների միջեւ: Այսօրվա շարժումը նվազ գաղափարական է: Վերջապես, դիմացը Սերժ Սարգսյանն է, ոչ թե Գորբաչովը: Տարբերությունը մեծ է: 

«Համազգային» ասելով` կազմակերպիչները շարժումը դնում են կեղծ կաղապարի մեջ: Պատճառը շատ պարզ է: Հայաստանի նման երկրներում այս տեսակ շարժումներն ավելի շատ առաջնորդվում են միֆերով, քան տրամաբանությամբ, ռացիոնալ վերլուծությամբ: Օրինակ` ելույթ է ունենում մտավորականը եւ պատմում «Հայկի եւ Բելի» առասպելը: Շատ տիպական է` մտավորականը նա է, ով առասպել է պատմում: Որովհետեւ այն ջրբաժան է գծում. մի կողմում Հայկն է, մյուսում` Բելը: Մենք Հայկն ենք, դիմացինը` թշնամին: Ոչ մի վերլուծություն: Նա չի ուզում ասել, որ դիմացինն իրականում Բելը չէ, որովհետեւ այդ տրամաբանությամբ, ըստ երեւույթին, ժողովուրդը չի միավորվի:

Այսինքն` ներկայիս շարժմանը, համազգային կոչվելու համար, պակասում է արտաքին հակառակորդը: Ու՞մ դեմ է համաժողովրդական շարժումը: Չի կարող այն Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին ուղղված լինել: 1980-ականներին դա որոշ իմաստով կոմունիստական հասարակարգն էր, իսկ Ղարաբաղի հարցով` Ադրբեջանը: Մյուս կողմից` բացակայում է նաեւ դրսի հովանավորը: Քսան տարի առաջ ենթադրվում էր, որ առաջադեմ Արեւմուտքը մեր կողքին է եւ գոնե բարոյապես աջակցում է: Այսօր Արեւմուտքն անտարբեր է:

Վերջապես, սխալ է շարժումը համաժողովրդական անվանել, քանի որ հասարակությունն այսօր բաժանված է: Մարդկանց մի մեծ խումբ կա, որոնց ակնհայտորեն ստատուս քվոն ձեռնտու է, նրանք ոչ մի փոփոխություն չեն ուզում: Շարժումն ավելի շատ սոցիալական է եւ քաղաքացիական, քանի որ մի կողմից երկու խավերի պայքար է, իսկ մյուս կողմից` պայքար հանուն ժողովրդավարական արժեքների: 

Սա շարժում է հանուն արդարության, որին զինվորագրվել են մեծ քանակությամբ մարդիկ, նույնիսկ այնպիսիք, ովքեր Լեւոն Տեր-Պետրոսյանին ձայն չեն տվել:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված Արեւմուտքի անտարբերությունը: 

Իմ կարծիքով` շարժման նպատակն, ըստ էության, ժողովրդավարական որոշ արժեքներն են, ասենք` արդար ընտրությունների անցկացումը: Այսինքն` որոշ իմաստով սա արեւմտյան արժեքներին հետեւող շարժում է: Այդ իմաստով` Արեւմուտքի, դիտորդների կարծիքը դառնում է ավելի կարեւոր: Բայց, ցավոք, այն շատ լղոզված եւ անորոշ էր: Սա շատ հետաքրքիր խզում է. առաջադեմ Արեւմուտքը, որի արժեքների համար փողոց ենք դուրս եկել, անտարբեր է: 
Ընդհանրապես, հայկական մտածողության համար շատ կարեւոր է դրսի հայացքը: 1988-ին սենսացիա էր, երբ «Ամերիկայի ձայնը» խոսում էր մեր հանրահավաքների մասին: Դրսից եկած լրագրողների հետ հարցազրույցներին շատ մեծ նշանակություն էր տրվում: Դա ճակատներից մեկն էր, որտեղ ամեն անգամ թե՛ հասարակությունը, թե՛ շարժումը երբեմն-երբեմն ցույց էր տալիս իր անփորձությունը, բավական միամիտ պատկերացումներն աշխարհի մասին:

Հասկանալի պատճառներով` Արեւմուտքն այսօր այնքան էլ հետաքրքրված չէ Հայաստանով: Եւ այստեղ մեծ դեր ունի այն, որ ովքեր Ռուսաստանի կրունկի տակ են, տարածաշրջանային մեկուսացման մեջ են, Արեւմուտքին, մեծ հաշվով, կարող են չհետաքրքրել: Սա խոսում է երկրի ավելորդության մասին:

Իհարկե, այսօրվա շարժումը պետք է հստակ տարբերակել 88-ից, որովհետեւ վերջինս բարձրացնում էր Ղարաբաղի հարցը, մյուս կողմից` որոշ իմաստով ուղղված էր կայսրության դեմ, եւ դրսի համար դրանով շատ հետաքրքիր էր, ընդ որում` միակը չէր: Այսօր նման բան չկա: Հետո` այսօրվա հայկական շարժումը ֆինանսավորված չէ դրսից, ի տարբերություն Ուկրաինայի եւ Վրաստանի: Այդ իմաստով հայկական շարժումն ավելի տեղական է, ինքնաբուխ եւ դրանով ավելի քիչ է հետաքրքրում դրսին: 

Անցումային հասարակություն կոչվածը, որի տրամաբանությամբ պետք է սոցիալիզմից անցում կատարվեր դեպի կապիտալիզմ, այսօր ակնհայտ է, որ չկա: Դրսի մոդելով` սրանք նախկին սոցիալիստական հասարակություններ են, որոնք գնում են դեպի կապիտալիզմ եւ դեմոկրատիա: Բայց այսօր նախկին կոմունիստական հասարակությունները հայտնվել են մի անհասկանալի վիճակում, որը ո՛չ սոցիալիզմ է, ո՛չ կապիտալիզմ, եւ ո՛չ էլ որեւէ ընթացք կա, որ մտածենք, թե, այնուամենայնիվ, գնում ենք դեպի կապիտալիզմ:

Դա ապացուցեցին Վրաստանի վերջին նախագահական ընտրությունները: Այդ իմաստով` դրսի հայացքը չգիտի, թե ինչպես գնահատի ստեղծված իրավիճակը: Եվ պատահական չէ, որ իրենց գնահատականները, ի վերջո, լղոզված են. բազմաթիվ թերությունների հետ մեկտեղ նշվում է, թե ընտրությունները համապատասխանել են միջազգային չափանիշներին: Այսինքն` դրսի հայացքում կատարվել է տեսակետի խճողում: Իհարկե, իրենք ունեն մեկ տեսակետ, բայց դրա մեջ այսօրվա հայաստանյան իրադրությունը ոչ մի ձեւով չի տեղավորվում: Իրենք չեն հավատում, թե այս շարժումը կվերականգնի ժողովրդավարությունը, որովհետեւ արդեն տեսել են, որ նման դեպքերում իշխանության է գալիս հերթական ոչ ժողովրդավար իշխանությունը: 

Դրսի հայացքը ցույց է տալիս վիճակի անորոշությունը, իրենց շփոթահարությունը: Ըստ էության, նրանք ասում են` ինչպիսին ուզում եք, եղեք, բայց շատ գլուխ մի ցավեցրեք: Եվ դժվար է ասել, թե ի՞նչ աստիճանի պետք է հասնի շարժումը, որ նրանք ձայն հանեն:
Հետո, չպետք է մոռանալ, որ որեւէ երկրում դրսի հիմնական գործընկերը պաշտոնական իշխանությունն է: Իրենք չեն կարող խզել այդ կապը եւ կորցնել տարածությունը, որն իրենց համար կդառնա ավելի անկանխատեսելի եւ անկառավարելի:

Ինձ համար շատ տխուր է մտածել, որ ամբողջ շարժումը պարփակվում է ընդամենը մեկ կոչի մեջ` «Լեւո՛ն, նախագահ», ինչը նույն առասպելն է: Այսինքն` եթե նախագահը փոխվեց, ամեն ինչ լավ կլինի: Այդպես չէ. մեր պետությունը կոռումպացված է եւ այդպիսին էլ լինելու է այս կամ այն չափով: Շատ կառույցներ, մարդիկ կան, որոնց չես կարող փոխել: Այսինքն` մենք մեր առջեւ պետք է սոցիալական խնդիրներ դնենք: Ահա թե ինչու է կարեւոր, որ շարժումն իր սոցիալականությունը գիտակցի: Միայն նախագահին փոխելով` էկոլոգիական խնդիրներն, ասենք, չես լուծի: Այն մարդը, ով վաղը նստեց վարչապետի փոխարեն, հասկանալու է, որ Թեղուտի հանքը պետք է շահագործել:
Այս տարիներին հասարակության մեջ սոցիալական դժգոհությունը շատ մեծ կուտակումների է հասել, ի հայտ են եկել անարդարության նոր որակումներ: Նույնիսկ բիզնեսի ոլորտում շատ մեծ դիրքեր զբաղեցնողներից կլսես, թե` սրանք ուղղակի թալանում են: Դժգոհությունը գալիս է ամենաներքեւից մինչեւ խոշոր բիզնեսմեններ, որոնք իրենց թիմից չեն: Այդ մարդկանց ուղղակի քերթում են: 

Սոցիալական դժգոհությունը կարող էր քաղաքական ձեւ ընդունել, եթե սկսվեր ինքնաբուխ շարժում: Նման բան չեղավ: Դրա համար առիթ կարող են դառնալ հատկապես նախագահական ընտրությունները, որովհետեւ մեր հասարակության համար շատ կարեւոր է. թե ով կլինի ղեկավարը: Մարդիկ հավատում են, որ կարող է գալ նոր նախագահ եւ ամեն ինչ փոխել: Ամենակարեւոր իրադարձությունը, որ կարող էր բողոքի ալիքը բարձրացնել քաղաքական մակարդակի, միայն նախագահական ընտրություններն են:

Հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրում են, որ հասարակության մեջ բաժանում է մտցնում, թշնամանք առաջացնում: Իրականում նա նման բան չի էլ ուզում, որովհետեւ խոսում է համաժողովրդական շարժման մասին: Բայց փաստ է, որ հասարակության մեջ ջրբաժանը կա: Երկու կողմերում հակառակորդներ են: Իսկ երբ մեկը խփում է մյուսին, գողանում նրա ձայնը, վերածվում է թշնամու: Թշնամանքն արդեն կա. մարդը, որ բռնաբարում է իմ իրավունքը, ինձ ոտքի տակ է գցում իր փողերի համար, իմ թշնամին է:

Ինձ համար շատ ուրախալի է, որ երիտասարդությունը բջջային հեռախոսների, մանր-մունր կրքերի, հաճույքների աստիճանից բարձրացավ եւ դուրս եկավ փողոց: Մյուս կողմից` շատ տխուր է, որ որեւէ երիտասարդի ելույթ չես լսում, նրանք բացի մի քանի կոչերից կարծես թե ուրիշ բան չեն ասում: 

Ենթադրենք` իշխանափոխություն եղավ: ի՞նչ է անելու երիտասարդությունը: Նորից նույն գիտակցությամբ գնալու՞ է իր գործին: Դա ցավալի կլինի, իսկ այսօրվա հանրահավաքային տրամաբանության մեջ շատ նեղ եւ պարզունակ իմաստով քաղաքականացված է ամեն բան` «Սերժի՛կ, հեռացի՛ր», «Լեւո՛ն, նախագահ»: Սա չի կարող գիտակցության մեջ արմատական փոփոխություններ մտցնել, եւ ափսոս է, որ այս հզոր ալիքը նման վախճան ունենա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter