HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր Գեղի համայնքում բնակչի հողատարածքի մակերեսը նվազել է. հարուցված քրեական գործում ներգրավված է նախկին գյուղապետը (տեսանյութ)

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի բնակիչներ Կարապետյանների ընտանիքին հատկացված հողատարածքի մակերեսը նվազել է, սակայն թե՛ սեփականատերերի, թե´ համայնքի նորընտիր ղեկավարի համար հասկանալի չէ, թե ինչպես:

Ընտանիքին 1991 թվականին հատկացվել է 1,47 հեկտար հողատարածք, որից 0.15-ը եղել է տնամերձ, 1.32-ը՝ գյուղատնտեսական նշանակության 3 հողատարածք: Հողատարածքները տրամադրվել են Նոր Գեղի գյուղխորհրդի 26.04.91 թվականի N 9 որոշմամբ: Ընտանիքը տարիներ շարունակ մշակել է այգեգործական նշանակության իր հողատարածքները, մինչև պարզվել է, որ իրենց հողատարածքի մի մասը տեղափոխվել է և 300 քմ-ով պակաս գրանցվել: Դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործում ներգրավված է համայնքի նախկին ղեկավարը:

2015 թվականին Նինա Բաբախանյանի մահից հետո, երբ ժառանգության իրավունքով վերջինիս պատկանող հողատարածքը պետք է փոխանցվեր թոռանը՝ Կարապետ Կարապետյանին, պարզվել է, որ ընտանիքի` տարիներ շարունակ մշակած հողատարածքն իրենց չի պատկանում: Հողատարածքի սեփականատերերից որևէ մեկը, սակայն, տեղյակ չէ, թե ինչպես է ստացվել, որ իրենց պատկանող այգեգործական նշանակության հողատարածքի մակերեսը նվազել է:

Կադաստրային գործում ևս արտացոլված չէ, թե հողատարածքի մակերեսի փոփոխությունն ինչ իրավական կարգավորմամբ է ստացվել: Ընտանիքը չի բացառում, որ առաջին պետական գրանցումից հետո` վկայականի փոփոխության ժամանակ խնդիրն առաջացած լինի: Հողատարածք հատկացնելիս համայնքը կոդերի գրանցում է իրականացրել, և չի բացառվում, որ նույն հողատարածքի համար տարբեր, իրար հետ առնչություն չունեցող սեփականատերեր են գրանցվել: Ասում են՝ գյուղում շատերն են բարձրաձայնում նման խնդրի մասին՝ տարիներ շարունակ հողատարածք են մշակել, որը, պարզվել է, իրենցը չէ:

Ուշագրավն այն է, որ ըստ համայնքապետարանի գույքահարկի տվյալների՝ Կարապետյանների ընտանիքի հողատարածքի մակերեսը ոչ միայն չի նվազել, այլեւ մեծացել է: Նրանք 1,72 հա հողատարածքի համար գույքային պարտավորություն ունեն:

Համայնքի գործող ղեկավար Վարդան Պապյանը զարմանում է՝ ինչպես կարող էր բնակչի հողատարածքի մակերեսը փոխվել առանց սեփականատերերի իմացության, սակայն միևնույն ժամանակ հավելում՝ նրանք միակը չեն, որ նման խնդրով դիմել են իրենց:

Վարդան Պապյանը, սակայն, չի շտապում կոռուպցիայի առկայության մասին խոսել, ասում է՝ մասնագետները պետք է զբաղվեն այդ հարցի ուսումնասիրմամբ:

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածը սահմանում է հետևյալը՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելըՀամայնքը դեռևս 1985 թվականից ղեկավարած Ֆրոնտիկ Թևոսյանը, որը գյուղի փողոցներն ու երաժշտական դպրոցն անվանակոչել էր իր անունով, ներգրավված է քրեական գործում:

Քննչական կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ գործով նախաքննություն է ընթանում, Նոր Գեղի համայնքի նախկին ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանն ունի վկայի կարգավիճակ:

Նախկին գյուղապետը, սակայն, լսելով Կարապետյանների հողատարածքի մասին հարցը, վրդովվեց՝ չցանկանալով խոսել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter