
Մարտի 1-ին ծեծվել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը
«Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մարտի 1-ի գիշերն Ազատության հրապարակում էր: Նա որոշել էր ֆոտոռեպորտաժ պատրաստել, թե ինչպես են նստացույցի մասնակիցները դիմավորում գարնան առաջին օրը: Սակայն վերջիններիս ցրելու եկած ոստիկանները դաժանաբար ծեծել են ֆոտոլրագրողին:
«Ժամը 6-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության եւ «ՕՄՕՆ»-ի ցանցապատ ավտոմեքենաներն իրարից 1 մ հեռավորությամբ Օպերայի ամբողջ տարածքը շրջապատեցին: Ես հրապարակից դուրս եկա, որպեսզի այդ տեսարանը նկարեմ»,- պատմում է Շամշյանը:
Քիչ անց նա հրապարակից լսել է հայհոյանքներ, կանանց ճիչ ու տեղացող անեծքներ: Վերադառնալով` տեսել է, որ ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները վահաններով, ռեզինե մահակով եւ էլեկտրաշոկով զինված` ցուցարարներին անխղճորեն ծեծում են:
«Նույնիսկ ֆոտոապարատով ֆիքսել եմ, թե ինչպես է «ՕՄՕՆ»-ականը շտիկ-նոժով (սվին-դանակ) կտրում վրանի թելը եւ այն շուռ տալիս: Առանց իմանալու, թե ներսը ո՞վ կա, քանի՞սն են, դուբինկաներով սկսում էին խփել»,- պատմում է ֆոտոլրագրողը:
Նրա խոսքերով` այդ պահին հիշել է Թումանյանի «Թագավորն ու չարչին» ստեղծագործության «Առաջը` ջուր, հետեւը` սուր, սուգ, վայնասուն, իրարանցում» տողերը»:
«Մտածեցի` Կարապի լճի մոտից այդ սպանդը նկարել Թումանյանի արձանի ֆոնին: Չորս-հինգ կադր էի արել, մեկ էլ մի քանի ոստիկան ֆոտոխցիկի արձակած լույսը նկատեցին ու, հայհոյանքներ տեղալով, հարձակվեցին վրաս,- հիշում է Գագիկը:- Սպեցնազից մեկը կար, գլխից արյուն էր հոսում: Ասաց` արա, էս արյան համար պատասխան եք տալու: Ձեռքիցս ապարատը խլեց ու հարվածեց»:
Գ. Շամշյանը, որն աշխատանքի բերումով ճանաչում է գրեթե բոլոր բարձրաստիճան ոստիկաններին, ցույց է տվել լրագրողի վկայականը եւ հայտարարել, որ իրավունք չունեն խոչընդոտել իր մասնագիտական գործունեությանը: Սակայն միջադեպին ներկա ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը հրահանգել է` «սրան ընենց կխփեք, որ հետքեր չմնան»:
6-րդ վարչության աշխատակից Արման Հարությունյանը (երգչուհի Շուշան Պետրոսյանի ամուսինն է) ձեռնաշղթաներ է հագցրել ֆոտոլրագրողին, նրան գցել են գետնին եւ 15-20 հոգով հարվածել կողերին, մեջքին ու ոտքերին: Հետո Կարապի լճի մոտից բերանքսիվայր քաշելով` տարել են Թումանյանի արձանի մոտ:
«Թարսի պես բջջային հեռախոսներս անընդհատ զանգում էին: Մեկի մեղեդին Բեթհովենի «Հաղթանակ» սիմֆոնիան էր, մյուսինը` «Պայքար, պայքար մինչեւ վերջ»-ը: Սա ոստիկաններին ավելի էր կատաղեցնում: Ասում էին` «էս պայքարի ես հելե, հա՞» ու հայհոյելով ծեծում,- պատմում է Շամշյանը:- Ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունքի պետի տեղակալ Էդիկ Գալստյանը, բա` «արա, խառը վախտ ա, սրա աչքի թայը հանեք»: Կռացել, ուզում էր մատը մտցնել աչքս»:
Այդ պահին միջամտել է ոստիկանության 6-րդ վարչության պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանը եւ ասել` «դրա հետ գործ չունեք, էլ մի խփեք»:
Գագիկին 20-25 րոպե փորի վրա գետնին պառկած թողելուց հետո` տարել են ոստիկանության Երեւանի քաղաքային վարչություն, այնուհետեւ` Կենտրոնի բաժին: Այստեղ արձանագրություն են կազմել, թե իբր նրան բերման են ենթարկել Օպերայի հրապարակից` ոստիկաններին դիմադրություն ցույց տալու եւ զազրախոսելու համար: Շամշյանը հրաժարվել է որեւէ փաստաթղթի տակ ստորագրել: Ժամեր անց նրան տեղափոխել են Քանաքեռ-Զեյթուն համայնքի ոստիկանություն: Քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արթուր Աբրահամյանը ֆոտոլրագրողին մերկացրել եւ մանրազնին խուզարկել է:
Սենյակում մի պահ մենակ մնալով` Գագիկը զանգել է գործընկերներին եւ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին. «10 րոպե չանցած` բարձր ձայներ լսեցի: Ոստիկաններն օմբուդսմենին ասում էին, թե Շամշյան ազգանունով թղթակից բաժին չի բերվել, իսկ պաշտպանը պնդում էր հակառակը»:
Քիչ անց քրեականի պետ Ա. Աբրահամյանի ներկայությամբ օմբուդսմենին ֆոտոլրագրողը պատմել է կատարվածը եւ շեշտել, որ հենց Քանաքեռ-Զեյթունի բաժնում իրեն հայհոյհել են, ծաղրել ու հոգեբանական ճնշումների ենթարկել:
Քրեականի պետը, ի պատասխան օմբուդսմենի` լրագրողին անմիջապես ազատ արձակելու հորդորներին, նշել է, թե որոշողն ինքը չէ, «վերեւից հրաման է եղել, իրենք էլ բերել են բաժին»:
Ա. Հարությունյանի հեռանալուց հետո ֆոտոլրագրողի ինքնազգացողությունը, առավոտվա ծեծի պատճառով, կտրուկ վատացել է: Նա անգամ ուշագնաց է եղել: Շտապօգնության բժիշկները հայտարարել են, որ վերջինս պետք է անհապաղ տեղափոխվի հիվանդանոց:
Ոստիկաններն իրենց մեքենայով Գագիկին փորձել են տանել Նոր Նորքի զանգվածում գտնվող Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Շամշյանն ընդդիմացել է: «Սերժ Սարգսյանի խնամու հիվանդանոցն է: Կամ արձանագրություն չէին կազմի, կամ էլ սխալ բաներ կգրեին»,- համոզված է նա:
Ֆոտոլրագրողին տարել են ուրիշ կլինիկա, բժշկական օգնություն ցուցաբերել ու կրկին տեղափոխել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Գիշերը ժամը 23:30-ին, օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցների ստորագրությամբ, նրան, ի վերջո, ազատ են արձակել:
«Ֆոտոխցիկս Օպերայի մոտ հափշտակեցին ու վերջ, էլ հետ չտվեցին: Իսկ այստեղ իրերս վերադարձնելիս չտվեցին հիշողության ֆլեշ քարտերս, թե` նման բան մոտդ չի եղել,- պատմում է Գագիկը,- 3 օրից քրեականի պետը զանգեց, բա` սեղանի տակից 2 ֆլեշդ էլ գտել ենք, արի վերցրու: Բայց դրանք փչացրել են, մեջի արժեքավոր նկարները, հոդվածներն ու ինֆորմացինան` մաքրել»:
«Այսքան օր անցել է, բայց իրավապահները ոչինչ չեն անում: Ես հայտարարել եմ, որ ֆոտոխցիկս հափշտակել են, ինձ դաժանաբար ծեծել, հայհոյել, ծաղրել: Տվել եմ կոնկրետ անուններ: Նույնիսկ օմբուդսմենն է նշել, որ խոչընդոտել են իր աշխատանքը: Կապ չունի, իրենց թույլատրվում է խախտել օրենքը»,- եզրակացնում է Գ. Շամշյանը:
Մեկնաբանել