HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չխմբագրված հայացք՝ դժոխային գիշերվան

Լուսանկարի երիտասարդներից մեկը Միսաք Մանուշյանն է, Բիբլոսի «Թռչնոց բույն» որբանոցում, 1921-ին։ Այո, նա էլ է Եղեռնի որբերից, որը գաղթեց Ֆրանսիա։ Հետագայում Մանուշյանը մասնակցեց Դիմադրության շարժմանը, ֆաշիստների դեմ շուրջ 30 հարձակում գործեց իր բազմազգ ջոկատով, ձերբակալվեց գեստապոյի կողմից ու գնդակահարվեց 1944-ին։ Բայց գրախոսությունս լուսանկարի մյուս երիտասարդի՝ Վահան Հովիվյանի «Դեր Զօրից մինչեւ Սիբիր» գրքի մասին է, որի անունն անծանոթ է հայաստանյան ընթերցողին։ 1915-ի մահվան քարավանների դժոխքը տեսնելուց հետո Հովիվյանը 24 տարի խաղաղություն է վայելել Ֆրանսիայում, մինչև հայրենադարձության կոչին անսալով եկել է Հայաստան ու… երկու տարի անց հայտնվել Սիբիրում։

Չնայած վերնագրում նշված երկու թեմայի ողբերգականությանը, ես արկածային գրքի պես կարդացի «Դեր Զօրից մինչեւ Սիբիր»-ը՝ մեղք չհամարվի։ Ինչի՞ց էր։ Եթե սիբիրյան աքսորի հանդեպ հետաքրքրությունս վերագրեմ գիտելիքներիս պակասին (այսօր՝ Բռնադատվածների հիշատակի օրը, հերթական անգամ ականատես կլինենք մեր հասարակության անիրազեկությանն ու անուշադրությանը), ապա Եղեռնին նվիրված հազարավոր էջեր եմ կարդացել՝ վկայություններ ու գեղարվեստական գործեր։ Հովիվյանի շարադրանքի բացառիկությունը թերևս 11-15 տարեկան դեռահասի չխմբագրված հայացքն է, որի շնորհիվ ջարդերի սարսափների կողքին տեղ են գտնում զվարճալի միջադեպեր, ինքնահեգնանք, իսկ զգացմունքայնությունը, որը ոչ թե հայտարարվում է, այլ արտահայտվում գործողությունների մեջ։ Ընդ որում, գրական փորձառությունից զուրկ հեղինակը դա անում է գիտակցաբար. «Խաղաղ կեանքը պատմութիւն չունի, եւ հետեւաբար այն, ինչ որ դժուարութեան արկածներով պարուրված չէ, դրոշմ չունի»։

Պատանի Վահանը տեղափոխվում է Ֆրանսիա։ Որքան էլ որ՝ համառոտ, գրքի այս հատվածը նույնպես տեղեկաշահ է։ Հայկական ողբերգության վրա կենտրոնացած՝ միշտ չէ, որ մենք պատկերացում ունենք, թե ինչ դժվարություններ են կրել Առաջին աշխարհամարտի մեջ ներքաշված մյուս ժողովուրդները. «Բանվորների պակաս զգալի էր Ֆրանսայի մէջ, 14-18-ի պատերազմը երեք միլիոն զոհ էր խլեր Ֆրանսայից, եւ Ֆրանսան նրանց տեղը կը լեցներ հայ, սպանացի եւ իտալացի գաղթականներով»։

Վահանը այստեղ աշխատում է, ամուսնանում, երեխաներ ունենում, ապահովություն վայելում, բայց նրանց համար, որ ֆրանսիացիներից ավելի ֆրանսիացի են ու Երևանից մտահոգվում են, որ արաբներն ու սևամորթերը գրավել են Փարիզը, օգտակար կլինի կարդալ, թե ինչպես են վերաբերվել տեղացիները հայերին։ «Զոր օրինակ՝ ֆրանսացիները, երբ մէկս ուզէին անպատուիլ, կըսէին իրենց դէմինին je vois bien qui tu est un armenien»՝ ոնց որ հայ լինես։

Շուրջ 25 տարի անց ևս տեղացիները ներողամիտ չեն իրենց նոր հայրենակիցների հանդեպ, երբ ՍՍՀՄ-ը հայերի ներգաղթ էր կազմակերպում։ Ֆրանսիական թերթերը «ամէն առաւօտ սիւնակներ կը նուիրէին մեծ լոզունգներով. «Սահմանապահնե՛ր, մի թողնիք, որ մի հատ ֆրանսահպատակ մտնի «Ռօսիա», ձեր պարտականութեան գիտակցութիւնը ունեցեք, Ֆրանսայի շահերը պաշտպանեցեք»: Մի ուրիշ թերթ այսպէս կը գրէր. «Հայերը քսան չորս տարի առաջ խուրջինով եկան եւ հարստութեամբ կերթան այն երկիրէն, որ զիրենք հիւրասիրեց, այնպիսի մի ժամանակ, որ բոլոր երկիրներու դռները փակ էին իրենց համար։ Սա մեծ ապերախտութիւն է»: Մամուլի 7-օրյա ճնշում՝ Մարսելի նահանգապետի վրա, որ հայերին թույլ չտան իրերով մեկնել, բայց դը Գոլը Մոսկվայում է, և չի ցանկանում ավելորդ դիվանագիտական խնդիրներ հարուցել։ Վիեն քաղաքից ցուցակագրված 52 ընտանիքից 5-ը հրաժարվում է, մնացածը նստում են «Ռոսիա» նավը, գալիս Հայաստան։

Վախեցիր քո ցանկություններից, դրանք կարող են կատարվել՝ զգուշացնում է հայտնի ասացվածքը։ Հովիվյանը նկարագրում է, թե ինչպիսի երազանքներով են ֆրանսահայերը գալիս հայրենիք. «Իմ ընկերներէն շատերը կուգային կը հաւաքուէինք մեր տունը եւ ծրագիրներ կը պատրաստէինք, թէ ինչ ենք ընելու, երբ հասնինք աւետեաց երկիրը։ Ուրախութեամբ մտքով կը տարուէինք այն երկիրը` «Հայաստան, երկիր դրախտավայր»-ը, ուր ամէն ինչ հայ էր` ոստիկանները, դատարանները, սինեմաները, թատրոնները, լեռը, ցուրտը, հովիտը։ Ա՜խ, կըսեր իմ ընկեր Ռափայէլը. «Ուրիշ բան չէի ուզեր, գնայի Հայաստան, հայ ոստիկանը ինձ բռներ տաներ բանտ, հայ դատաւորը ինձ դատեր տասը տարուայ տաժանակիր աշխատութեան, հայկական բանտի մէջ քաւէի իմ չունեցած մեղքերս»։

Ճիշտ է, չունեցած մեղքերը քավելու երազանքը միայն մասամբ է իրականանում. հայրենադարձներից շատերին ընդամենը երկու տարի անց «բռնում են», բայց հայկական բանտ չեն տանում, այլ Սիբիր աքսորում։

Մինչ այդ էլ նրանք հայտնաբերում են մի Հայաստան, որը շատ տարբեր է «գովազդից»։ Մարսելի նավահանգստում կառանած «Ռոսիա» նավում բաժանվող սպիտակ հացը Բաթումում արդեն վերածվում է ցեխի պես սև հացի, որ մարդիկ ծովն են նետում, իսկ Երեւանում ամեն ինչ կտրոնով է. հասանելիքը ստանալու համար մարդիկ հերթ են կանգնում… կեսգիշերից։ «Բազմութեան թիւը կը հասներ առնուազն հազար հոգիի` կին, մանուկ, ծեր, երիտասարդ, անընդհատ հրմշտուք, կռիւ, աղմուկ»։ Ստալինի «երկաթե ձեռքը» որևէ կերպ չի խանգարում, որ հացը «...սեւ շուկայում ծախեն քսան ռուբլու, մինչդեռ պետական սակով երեք ռուբլի էր գինը։ Նոյն կերպով կը վաճառուէին նաեւ միւս մթերքները` շաքարը (պետական գինը` 15 ռուբլի, սեւ շուկայ` 30 ռուբլի), կարագը (պետական գինը` 60, սեւ շուկայ` 120 ռուբլի) եւ այլն»։

Բայց ֆրանսիացիների համար դա էլ էր տանելի, եթե չլիներ աղաղակող խտրականությունը. «բանվորագյուղացիական երկրում» կան առանձնաշնորհյալներ` «կոմունիստներ, գործարաններու ղեկավարներ, ոստիկաններ եւ այլն», որոնք «իրենց մասնաւոր խանութները ունէին, ուր կստանային իրենց բաժինը եւ նոյնիսկ ըստ պահանջի` ինչ որ կար կամ ուզէին»։ Վահանի հաջորդ հոգեկան ցնցումը համակարգային կոռուպցիայի պատճառով է։ «Նաչալնիկը» յուրացնում է ավտոբուսի վարորդի նրա աշխատավարձը։ «Երբ բացատրութիւն կը պահանջէի` ինձ կըսէր դու գնայ փափախ ըրէ, օրական քու օթօպիւսով երկու-երեք հարիւր ռուբլու փափախ կընես, դեռ փո՞ղ կուզես։ ...Կը թողնէի այդ փողը իրեն եւ բոլոր շոֆֆէրներն ալ իրենց ամսականի մի մասը կուտային նաչալնիկին….. Ատ ընդհանուր կանոն էր ոչ միայն մեր գործարանի մէջ, այլ առհասարակ բոլոր Խորհրդային Միութեան մէջ»։

Խորթ վարքուբարքին քիչ թե շատ հաջողությամբ հարմարվելու գործընթացը ընդհատվում է 1949-ի հունիսի 14-ի գիշերը, երբ Վահանի ընտանիքը հազարավոր ուրիշ հայերի հետ արտաքսվում է Ալթայի նոսր երկրամաս, որտեղ, ըստ նորագույն հետազոտությունների, կար հենց այն հայ մասնագետների կարիքը, որոնց մեջ КГБ-ն օտարերկրյա գործակալների էր տեսել։

Վահան Հովիվյանի ընտանիքը դիմանում է սիբիրյան փորձությունների մինչև Ստալինի մահը՝ զարմանահրաշ կերպով։ Մեկ ուրիշ հրաշքի շնորհիվ նրանք կարողանում են Հայաստանից հեռանալ Ֆրանսիա, 1964-ին։ Արդեն Փարիզում Հովիվյանը հուշեր է գրում, ինչը հազիվ թե Սովետում աներ՝ իմանալով, որ դրանք երբևէ չեն հրատարակվի։ Արդյունքում ստեղծվում է ականատեսի այս թանկ վկայությունը 1915-22 և 1949-53 թթ.-ի մասին՝ գրված արևմտահայերենի ու արևելահայերենի անուշ խառնուրդով։ Որի՝ Ցեղասպանությանը վերաբերող մասը նույնպես բացառիկ է մի շարք առումներով։

Վահան Հովիվյանի հայրենի Կեմերեկը (Կամարակը) բնակավայր է հայկական Կիլիկիայում, որտեղ ապրել է 8 հազար հայ, 4 հազար թուրք։ Գյուղաքաղաքը 3 դպրոց է ունեցել։ «Շատ մը թուրքեր նոյնիսկ իրենց զաւակները հայոց դպրոցներու մեջ կը սորվեցնեին»։ Գյուղի շրջակայքում «յաճախ խումբեր կազմած` մենամարտի կըհրաւիրէինք թուրք տղոցը եւ գիւղի շրջակայքը ժամադրութիւն տալով` կատարեալ ճակատամարտ կը մղէինք եւ միշտ հաղթողը մենք կըլլայինք, որովհետեւ շատ էինք»:

Բայց սկսվում է Համաշխարհային պատերազմը, և ամեն ինչ շրջվում է գլխիվայր։ Միայն թե ամբողջ երկրում մեծամասնություն կազմող թուրքերի «հաղթանակը» հայերի հանդեպ արդեն մանկական խաղ չէ։ «Մեր գիւղի տղամարդոց մեծամասնութիւնը զինուոր էր գացեր, եւ շատերէն լուր չի կար, իսկ թուրքերը համարեա բոլորը զինուորական փախստականներ էին եւ իրենց տուներու մէջ թաքնված»։ Շատ չանցած «համարեա բոլոր» դասալիքները դառնում են պահեստի ոստիկաններ ու սկսում հայերին տեղահանել՝ «մանկական» պատճառաբանություններով։

«...Ամեն օր 20-30 հոգի Սվազ ղրկելու պատրուակով կը տանեին մօտակայ ձորերու մէջ կը մորթեին»։ Իբր՝ զենքերը հավաքել ենք, դուք չեք տվել։ Կամ իրենք հայերին զենք են վաճառում, որ իբր հանձնեն-պրծնեն, ու հետո... մեղադրում են, թե՝ զենք ունեք։ Տանում, փակում են փարախում, լուսամուտներից գնդակահարում, հետո «երեխայական» հնարքով, թե սուլթանը ներել է՝ եթե մեջներդ ողջ մնացած մարդ կա, դուրս եկեք, կիսամեռ մարդկանց էլ են մորթում։ Երիտասարդին, որը չի հավատում սուլթանի ողորմածությանը, ու թաքնվում է դիակների տակ, հաջորդ օրն են գտնում և սպանում օրը ցերեկով, փողոցում։

Հովիվյանը չի խուսափում հայերիս տանջող հարցադրումից. իսկ հնարավո՞ր էր դիմադրել։ «Թուրքը մէկ էր եւ մենք հազար, ոչ ոք չի բողոքեց։ Մեզմէ իւրաքանչիւրս ապուշ էինք եղեր եւ կը թողնեինք, որ ոճիրը կատարուի»,- գրում է նա մի դեպքի առթիվ, երբ մի թուրք լակոտ բոլորի աչքի առաջ հայ պատանուն հանել է տալիս շորերը, հետո սպանում։

Ապուշ կտրել։ Սա է երևի առանցքային բնորոշումը, որը պետք է չթերագնահատվի բազմոցային հերոսության դիրքերից։ Սա մարդ արարածի բնական արձագանքն է, երբ հանդիպում է ինչ-որ աներևակայելի դաժանության, անարդարության և պաշտպանված է չէ որևէ հաստատության կողմից։ Թող որ շատ ավելի անմեղ հանգամանքներում, բայց յուրաքանչյուրը, ով գոնե մի չնչին հոգեկան փխրություն ունի, կարկամել է՝ բախվելով նման վերաբերմունքի։

Իսկ փախո՞ւստը, փախո՞ւստը։

«Ոմանք, երբ մացառոտ տեղերէն կանցնէինք՝ ճամփուն եզերքին եզրուած, կը շեղէին ու կը պահվըտէին ու կը մնային այնտեղ, մինեւ որ կարաւանը անհետէր, իհարկէ՝ հետագային ազատուելու հոյսով, բայց, աւա՜ղ, չէին ազատուէր, այլ մի քանի օր յուսահատ թափառումներէ վերջ կը սպաննուէին շրջակայ թուրք գիւղացիներու կողմէ»։

Բազմոցային քաջերից քանիսը, որ այսօր կենցաղային զրույցներում դատապարտում են «ոչխարի պես մորթված» հայրենակիցներին, կփախչեին այսպիսի պայմաններում հերոսաբար։

Ընդ որում, կար մի միջոց, որ թույլ էր տալիս արևմտահայերին իրենց վիճակը կատարյալ հուսահատական չհամարելու՝ կաշառքը, որը Օսմանյան կայսրությունում համարյա օրինականացված էր։ Կաշառքի ամենազորության բազմաթիվ ապացույցները կարելի է տեսնել Երվանդ Օտյանի՝ 1915-ի պոլսահայ երևելի մտավորականների կոտորածից հատուկենտ փրկվածներից մեկն իր «Անիծյալ տարիներ» հուշագրության, Մարկ Մուստյանի «Ժանդարմը» վեպում և այլուր։

Կեմերեկցիներին հուսադրում է նաև համեմատաբար օրինավոր թուրք պաշտոնյաների գոյությունը. «Այս մարդիկ երեք օր մեզ առաջնորդեցին, բայց մարդեր չսպաննեցին»։ («Միայն»՝ մի եվրոպական հագուստով երեսնամյա երիտասարդի, որից գումար են ուզել, արդեն չի ունեցել, և սպանել են ժամացույցի ու շորերի համար)։ Բարեգութ մի ոստիկան էլ ծեծով ու կրակելով քշում է թալանի եկած խաժամուժին, բայց… երբ քարավանից մի կին խնդրում է իրեն գնդակահարել, սա 5 ղուրուշ է ուզում. «Չէ, քոյրս… ես իմ փամփուշտները իմ դրամով եմ առնում… բայց եթե կուզես, խերի համար, դանակով մորթեմ քեզ»։ (Անողորմ ու… ողորմելի թուրքական պետություն, որ «փամփուշտ ալ չունի», ինչպես հայրենադարձի մասին 80-ական թթ.-ի անեկդոտում)...

Վահանը ողջ է մնում պատահականությունների մի ամբողջ շղթայի շնորհիվ, որ ուրիշ կերպ կոչում ենք հրաշք։ Երբ տարեկից տղաներին ինչ-որ պատրվակով անջատում են քարավանից, նա ուշանում է, և հետո իմանում, որ բոլորին 5-10 հոգով կապկպած գետն են նետել ու խեղդել։

Ի վերջո, 11-ամյա Վահանին որդեգրում է մի գյուղացի թուրք՝ դավանափոխ անելով նրան, որը պարտադիր էր նման դեպքերում։ Սկսվում է հուշագրությունը բացառիկ դարձնող մասերից մեկը, քանի որ հեղինակը ապրել է որպես դավանափոխ ու ներսից դիտել Ցեղասպանությունը իրականացրած ժողովրդին։

«Թրքական աղօթքները գոց էինք ըրեր, եւ մեզ համոզեր էին, որ միայն թուրքեր արքայութիւն կերթան, քրիստոնեաները դժոխքին կրակին մէջ կայրին, եւ մտն հավատացեր էինք, բայց այնպես հավատացեր էինք, որ շատ անգամ կըսեինք՝ լաւ որ մեր ծնողները սպաննուեցին, եւ մենք միւսլիմ եղանք, թէ ոչ մենք ալ դժոխքի մէջ այրելու էինք, բայց եւ այս համոզումներու տէր ըլլալով հանդերձ, չի գիտեմ՝ ինչո՞ւ դարձեալ մի տեսակ ոխ ունեինք թուրքերու դէմ եւ հաճոյք կզգայինք, երբ մի թուրք մահանար, եւ կամ վերջիններէն մեկուն վնաս հասնէր»։

Այս խոստովանությունները հեշտ չեն տրվել Հովիվյանին. նա բուն կրոնափոխության պահը չի նկարագրում՝ ընթերցողը տեղեկանում է հուշագրության մի ուրիշ դրվագի առթիվ։ Երբ արդեն մի քանի տարի իրեն որդեգրած ընտանիքի համար հովվություն անելիս արոտավայրում ծանոթանում է մի ուրիշ իսլամացած հայ պատանի հովվի հետ։ Վահանն ու իր բախտակից ընկերը փչացնում են թուրքերի բերքերը, վառում այգիները և, ամենահուզիչը՝ որոշում են ծեծել իրենց արածացրած ոչխարներին, բայց սրտները չի տանում, և ծեծում են... մեկը մյուսի հոտի կենդանիներին։ Միաժամանակ «...կանդրադառնայինք մեր տխուր անցեալին եւ լուռ կարտասուեինք»։ Վահանը հիշում է իր 4-ամյա քույրիկին, անունը... Ծիածան։ Փոքրիկ աղջկական հրապուրանքները դժոխային պայմաններում չմոռացած մյուս քրոջը. «Ինձ տուին երկու օրուայ հաց (էշ առնելու համար մոտակա քաղաք ճանապարհելիս – Վ.Մ.)։ Մի տոպրակ, մէջը՝ պանիր, եւ քոյրս՝ Աղաւնին մէկ ղուրուշ տուավ ինձ, թէ՝ Վահան, որ քաղաք հասնիս, ինձ հիւլունք առ՝ ըսելով։ Խեղճ աղջիկ, առանց հիւլունք ստանալու մահացավ»։

Դրվագը ինձ հիշեցրեց Լևոն-Զավեն Սյուրմելյանի «Ձեզ եմ դիմում, տիկնայք և պարոնայք» վեպը, որտեղ 1916-ի գարնանը Օսմանյան կայսրությունից Ռուսաստանի գրաված Տրապիզոնում երեք հայ դեռահաս ծեծում են մի խեղճ թուրք բեռնակրի։

Վրիժառության գործողությունները չէին նշանակում, թե դավանափոխ դեռահասներն արդեն ապահով էին վտանգներից.

«Այն օրերին ամեն թուրք հայ մորթելու փափագ ունէր։ Այն, որ հայ չէր սպաննել մի տեսակ լաւ թուրք չեղողի աչքով էին նայում։ Այսպէս մի օր մի թուրք կին եկաւ իմ աղային տունը։ Ես բակում ոչխարներով զբաղած էի, բայց լսում էի իրենց խօսակցութիւնը թե Ահմէդ աղայ, քեզնից մի խնդրանք ունիմ, այս քու գեավուրը ինձի ծախե, քեզի մի հատ ուլ կուտամ։ Աղաս հարցրեց, թե քու ինչո՞ւն է պետք այդ տղան, ո՛չ ոչխար ունիս արածելու, ո՛չ ալ այգի՝ պահելու, միայն երկու հատ այծ ունիս, էն ալ 13 տարեկան տղադ կը պահէ։ Կինը թե կրակն եմ ընկեր այդ տղուս ձեռից, ամեն օր ինձ հետ կռիվ կընե եւ կուլա, թէ բոլորը կը պարծենան, թէ գեավուր են սպաններ, եւ ինք չէ սպաններ, տանիմ, թող սպաննե, ազատուիմ այդ տղու ձեռքից»։

Մի ուրիշ թուրք էլ չի վարանում մալաթիացի հյուսն Ուստա Մկրտչի որդի Գևորգին ասել, թե. «...եղբօրմէդ լուր չունիմ, բայց հայրդ ես իմ ձեռքով մորթեցի… մի օր խնդրեր էի, որ մի հատ լուսամուտ սարքեր, չէր սարքեր»…

Կարճ ժամանակով դժոխային 7-8-ամյա գիշերը հայերի համար ընդհատվում է, երբ Օսմանյան կայսրությունը պարտվում է պատերազմը, և տարածաշրջանում հայտնվում են Անտանտի զորքերը։ Ճիշտ է՝ հայ որբերի քարավան տեսնելով, թուրքական գյուղերից դեռ գալիս են ուղեկցորդ ոստիկանին խնդրելու, որ որևէ մեկին տան իրենց՝ մորթելու, բայց մի զարմանալի մարդ՝ «խենթ գյավուր» (Դելի Գեավուր) Կարապետ աղան, միայնակ, Մալաթիայի մի հարմար շենքում հավաքում է բազմաթիվ որբերի և… ունևոր թուրքերի միջոցներով տնօրինում նրանց պարենավորման հոգսը. «Հայերու միլիոնները իւրացուցիք, դուք պարտաւոր եք ձեր եաթաղանից ազատուածներուն ապրուստ հոգալ»։

Ապրած սարսափներից որոշ չափով ուշքի գալուց, հարազատներից ոմանց գտնելուց հետո Վահանին ու մյուս հայ որբերին մեկ այլ աղետ է պատուհասում Բեյրութի ամերիկյան որբանոցում։

Որբանոցի «ամենամեծ դասարանը Պ. Ստեփան Դարդունիի դասարանն էր, որուն աշակերտները կը հրատարակէին դպրոցի խմորատիպ թերթը՝ շաբաթը մեկ անգամ»։ Շուտով պարզվում է, որ պարոն Ստեփանն ուրիշ դարդ էլ ունի. աշակերտներից ստեղծում է «մարտական խումբեր»՝ «Ապառաժ», «Սերոբ», «Ժայռ», «Վասպուրական»։

«Ստեփան Դարդունին այդ մարտական խումբերը կազմեր էր, որ, իրենց հայրերու արեան գնով ազատագրել չի կարողացած՝ Թրքահայաստանը երեկուայ ջարդէն հազիւ մի հրաշքով ազատուած անչափահաս որդիներն ազատեն»։  (Այլ առիթով Հովիվյանը գրում է. «...մեր կուսակցականներու տհաս քաղաքականութիւնը ի՜նչ չարիքներ բերաւ  թրքահայութեան գլխին»)։

Տնօրինությունն էլ Դարդունուն ազատում է աշխատանքից այս «հեղափոխական» գործունեության համար։ Սա սենյակ է վարձում մոտիկ տեղում և որբերին... ապստամբության դրդում։ Որբերը… ծեծում են տնօրենին, ուսուցիչներին, պահանջում են կրոնի փոխարեն ազգային պատմություն անցնել։ Ի վերջո ամերիկացիները փակում են որբանոցը, որը պահվում էր ԱՄՆ-ի կրոնական բարեգործական կազմակերպության գումարներով։ Որբանոցի հարյուրավոր սաները, որ տեսել էին դժոխքը, իսկ այստեղ սնունդ, հագուստ ու մասնագիտություն էին ստանում, մնում են փողոցում... «Փանջունու» հետագա ճակատագրի մասին ինձ չհաջողվեց տեղեկություն հայթայթել։

Վահան Հովիվյանի «Դեր Զօրից մինչեւ Սիբիր» գիրքն ընթերցողին նվիրել են՝ կազմող ու խմբագիր Տիգրան Պասկևիչյանը, ձեռագիրը վերծանողներ Ծովինար Պասկևիչյանն ու Սաթենիկ Ֆարամազյանը, ձևավորող Մկրտիչ Մաթևոսյանը, Հովիվյան ընտանիքը, Փաստագրության Factum հայկական կենտրոնը։ Գիրքը ներկայացվել է «Առաջին դեմքով» մատենաշարով. պետք է հուսալ, որ մոտ ապագայում լույս կտեսնեն կարծրատիպերից ու գրաքննությունից ազատ ուրիշ ձեռագրեր ևս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter