HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արմեն Դանիելյանը ժամանակին ուժի մեջ է թողել Սասուն Միքայելյանի դատավճիռը. նրան նորից ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը: Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը քիչ առաջ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արմեն Դանիելյանին:

Սաֆարյանը նշեց, որ Արմեն Դանիելյանը դատավոր է նշանակվել երկրորդ նախագահ, իսկ այժմ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին:

«Ես ունեմ հիմնավոր կասկած, որ այդ տարիներին դատավոր նշանակվելու չափանիշները չեն եղել օբյեկտիվ: Դանիելյանի նշանակումը չի բխել դատավորի համար պարտադիր համարվող մի շարք չափանիշների արժևորումից, դրանք են՝ օբյեկտիվությունը, անաչառությունը, հարկ եղած դեպքում՝ սկզբունքայնությունը: Սա դե ֆակտո հիմնավոր կասկած է առաջացնում անկախ և անկողմնակալ դատարան լինելու վերաբերյալ»,- ասաց Սեդա Սաֆարյանը:

Վերջինս հայտնեց նաև, որ դատավոր Դանիելյանը 2008-ի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցարար քաղաքացիների նկատմամբ կայացված մի շարք գործերով մեղադրական դատավճիռներ օրինական ուժի մեջ թողնելու որոշում է կայացրել:

«Դատավորին դեռևս 2008 թվականին հայտնի են եղել փաստեր առ այն, որ մարտի 1- 2-ի իրադարձութունները իշխանության կողմից կազմակերպված քաղաքական հետապնդումների դրսևորումներ են, և գործով բազմիցս բարձրացվել են հարցեր, ինչը դիտավորյալ հպանցիկ շրջանցել է դատարանը, կեղծված ապացույցի պայմաններում, ոստիկանների ցուցմունքներով դատաարտվել են տասնյակ անձինք»,- ասաց Սեդա Սաֆարյանը:

Վերջինս նշեց որ 2008-ին Մարտի իրադարձությունների ժամանակ մեղադրական դատավճիռեր են կայացվել Սասուն Միքայելյանի, Էդուարդ Աշուղյանի, Անդրանիկ Ղազարյանի, Գեղամ Գրիգորյանի, Անդրանիկ Մանուկյանի, Աշոտ Զաքարյանի, Ասլան Ավետիսյանի, Արմեն Աբրահամյանի, Արմեն Սիրունյանի, Գևորգ Ղազարյանի, Իսահակ Մալխասյանի, Հայկ Գևորգյանի, Մասիս Այվազյանի, Գևորգ Մանքւկյանի և այլ անձանց վերաբերյալ: Նշենք, որ Սասուն Միքայելյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է:

Սեդա Սաֆարյանը նշեց, որ մինչ նիստին ներկայանալը դատապարտված Գևորգ Մանուկյանը զանգահարել է իրեն և ուղարկել որոշ փաստաթղթեր:

«Մանուկյանը Մարտի 1-ին գլխի շրջանում վնասվածք է ստացել, վնասել է աչքը, ներկայում ունի ծանր առողջական վիճակ, քաղաքական հետապնդումների պատճառով գտնվում է Ստրասբուրգում և իմանալով, որ ձեր կողմից պետք է իրականացվի վերաքննիչ բողոքի լսումները՝ հացադուլ է հայտարարել Եվրոպական դատարանի մոտ, ինձ խնդրել է, որ իր գործը ներկայացնեմ՝ որպես ձեր կողմից կայացված անարդար դատական ակտի օրինակ՝ հիմնավոր կասկածի տակ դնելով ձեզ՝ որպես դատավորի անաչառությունը, ինչը վտանգում է դատական իշխանության իրականացումը սույն գործով»,- ասաց Մանուկյանը:

Սաֆարյանը նշեց նաև, որ Մանուկյանը 2008-ի իրադարձությունների ժամանակ, և պետք է տուժող լինի Մարտի 1-ի գործով:

«Մինչդեռ դուք Մանուկյանին դատապարտել եք նրան, անտեսել նրա ցանկացած բարձրացած հարց: Դուք Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի պաշտպանն եք հանդիսացել մի ամբողջ ժամանակահատված, ենթարկվել եք քաղաքական գծած սխեմային, և հիմա պետք է լսեք Քոչարյանի կալանքի վերաբերյալ գործը»,- ասաց Սաֆարյանը:

Դատախազներ Պետրոս Պետրոսյանը Կարեն Բիշարյանը և Գևորգ Բաղդասարյանը կարծիք հայտնեցին, որ Արմեն Դանիելյանի՝ Քոչարյանի նախագահության ժամանակաշրջանում դատավոր նշանակվելու հանգամանքն ինքնին չի կարող նրան ինքնաբացարկ հայտնելու հիմք լինել:

Անդրադառնալով այն փաստարկներին, որ այս դատավորը Մարտի մեկի գործով տասնյակ մեղադրական դատավճիռներ օրինական ուժի մեջ է թողել, և այժմ անաչառ չի կարող լինել Քոչարյանի գործով, մեղադրողները դիրքորոշում հայտնեցին, որ դատարանն ինքը պետք է որոշի՝ անաչառ լինել կարող է, թե ոչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter