HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Թեժ մայիս. 9 գործերով մամուլն արդեն դատարանում է

Անցած տարվա վերջին մեկնարկած ու մայիսի 4-ից նոր թափ առած` խոսքի ազատության և լրատվամիջոցների նկատմամբ ծավալված դատական արշավը այս ամիս խոստանում է թեժ լինել:
Վիրավորանքի ու զրպարտության վիճարկմամբ միայն մայրաքաղաքի դատարաններում մայիս ամսին արդեն նշանակված են 9 դատական լսումներ, որոնցից 5-ի դեպքում ներգրավված են քաղաքական դեմքեր և նրանց ընտանիքի անդամներ, այդ թվում' առանձնակի ակտիվություն են ցուցաբերում ՀՀ երկրորդ նախագահը և նրա ընտանիքը:
Մի քանի դատական հայցեր առկա տեխնիկական թերությունների պատճառով չեն ընդունվել վարույթ և ետ են վերադարձվել:

Երեկ' մայիսի 5-ին, Քոչարյանների կողմից «Ժամանակ» օրաթերթի դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ սպասված վճռի փոխարեն Կենտրոնի դատարանը հրապարակեց դատաքննությունների վերսկսման մասին իր որոշումը: Այս գործը լսող դատավոր Արայիկ Մելքումյանը երկու տարի առաջ քննել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ նախագահական ընտանիքի ներկայացրած հայցը' այն մասնակի բավարարելով միայն դատական ծախսերի մասով` 3,6 մլն դրամ (բարոյական վնասի փոխհատուցման համար 16 մլն դրամի բռնագանձումը մերժվել է): Թերթին պարտադրվել էր նաեւ հերքել 2-րդ նախագահի որդու' Լևոն Քոչարյանի մասին 2009 թ. սկզբին տպագրված տեղեկատվությունն այն մասին, որ վերջինս Ամանորից առաջ Դուբայում ձերբակալվել է հարբած վիճակում սարքած հասարակական անկարգության համար:

Երկու գործով' «Ժամանակ» և «Հրապարակ» օրաթերթերում անցած տարվա վերջին և այս տարվա սկզբին տպագրված վիճելի զրպարտությունների համար, Քոչարյանները պահանջում են տեղեկությունների հերքում և 6-ական մլն դրամ յուրաքանչյուր թերթից: Դրանցից 3-ականը' դատական ծախսերի, իսկ մնացածը' բարոյական վնասի փոխհատուցման համար։
Միանգամից երկու կամ ավելի դատական գործընթացների մեջ ներքաշված մի քանի լրատվամիջոցների («Ժամանակ», «Հայկական ժամանակ», «Հրապարակ», «Առավոտ», «Երկիր», news.am, «Հանրային հեռուստաընկերություն») նկատմամբ կիրառվող փոխհատուցումների չափերը կարող են սպառնալ սնանկությամբ, քանի որ հայցերում նշվում են փոխհատուցման առավելագույն սահմաններ' 1 մլն դրամ' վիրավորանքի, և 2 մլն դրամ' զրպարտության համար: Սրան գումարվում են չլսված դատական ծախսերը: 
Լրատվամիջոցների հետ դատական վեճեր ունեն առևտրային ընկերությունները, կրոնական կազմակերպություններ, քաղաքացիներ, մեկ առողջապահական կազմակերպություն' երկու լրատվամիջոցի դեմ: Հայց է ներկայացվել նաև ՔԿՀ-ում պահվող մեկ անձի կողմից, ով մեղադրվում է հանցագործություն կատարելու մեջ. www.hra.am կայքի հաղորդած տվյալների համաձայն' Նուբարաշենի ՔՏԿ-ում պահվող Գևորգ Հայրապետյանը պնդում է, որ «Կենտրոն» հեռուստաընկերության հրապարակած խնդրո առարկա ռեպորտաժը վիրավորում է իր պատիվն ու արժանապատվությունը և խախտում անմեղության կանխավարկածի իր իրավունքը:
Կան նաև վեճեր հենց իրենց' լրատվամիջոցների միջև: Ըստ www.khosq.am կայքի' ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը և «Իրավունք» թերթը ապրիլի վերջին դատական հայց էին ներկայացրել ընդդեմ Report.am կայքէջի և լրագրող Էդիկ Անդրեասյանի, սակայն հայցում առկա անճշտությունների պատճառով այն ետ էր ուղարկվել:
Ուշադրության է արժանի այն, որ ըստ մայիս ամսին նշանակված նիստերի ժամանակացույցի' երեք թեժ դատական գործերով ներգրավված են ՀՀ Ազգային ժողովի հանրապետական պատգամավորներ Տիգրան Արզաքանցյանը, Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանը և Լևոն Սարգսյանը, ովքեր ԱԺ իրենց հաճախումներով, գործունեությամբ ու վարքով մամուլի մշտական թիրախ են դարձել:
Վերջին երեքի կողմից անցած տարվա վերջին միասնական ներկայացրած հայցն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի բավարարվել է այս փետրվարին և բողոքարկվել «ՀԺ»-ի կողմից: Այս վճռով առաջին ատյանի դատարանը հաստատել է «ՀԺ»-ի հոդվածներում տեղ գտած տեղեկություններում «վիրավորանք»ի և «զրպարտության» առկայությունը և թերթի նկատմամբ սահմանել է 6 մլն դրամ տուգանք` 2-ական մլն յուրաքանչյուր պատգամավորին: Այս գործի հանգամանքներում ուշագրավ է նաև այն, որ թերթը բացահայտել էր աղբյուրը, սակայն դա հիմք չի հանդիսացել ԶԼՄ-ին պատասխանատվությունից ազատելու համար: Վերաքննիչ դատարանում նշանակված նիստը մայիսի 12-ին է:
Պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը վիրավորված է«Երկիր» թերթում տեղ գտած «ստիլյագ», «հայտնի է որպես կազինոների մշտական հաճախորդ», «շարունակ ծեծ ուտելու սովորություն ունի», «խոսում է քյավառա բառբառով» և մի շարք այլ արտահայտություններից:
Իսկ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը դատական պայքար է մղում երկու լրատվամիջոցի դեմ' «ՀԺ»-ի ու «Հետքի»:
Իրավապաշտպաններն ու լրատվամիջոցների ներկայացուցիչներն ուշադրությամբ հետևում են նաև «Հետքի»-ի լրագրող Գրիշա Բալասանյանի կողմից Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ ներկայացրած հայցի լուծմանը, որով մատնացույց է արվում օրենսդրական ակնհայտ բացը` ոչ հրապարակային վիրավորանքի` օրենսդրությամբ սահմանված չլինելը: 
Գարնան վերջին ու ամռանը դատական քաշքշուկների մեջ կլինեն ինչպես տպագիր մամուլն ու համացանցային լրատվամիջոցները, այնպես էլ հեռուստաընկերությունները' «Շանթը», «Կենտրոնը», «Գալան», «Ա1+»-ը : Երկու դատական գործերով ներգրավված է նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը: Առաջին դեպքում զրպարտության և վիրավորանքի պնդմամբ Հ1-ի 4 լրագրողների նկատմամբ հայց են ներկայացրել «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչները: Վերջիններս վիճարկում են հաղորդված տեղեկությունը այն մասին, որ Սևանում ծնողներին սպանած երիտասարդը ներկայացել է որպես Եհովայի վկա:
Կրոնական մեկ այլ կազմակերպության հետ խնդիրներ ունեն «Շանթ» հեռուստաընկերության լրագրողները: Փորձելով լույս սփռել կրոնական կազմակերպությունների գործունեության վրա` Շանթի լրագրողները ներխուժել են Սևան քաղաքի «Ավետարանական հավատքի քրիստոնյաների միաբանության» հովիվ Վլադիմիր Բաղդասարյանի մասնավոր սեփականություն հանդիսացող շինություն: Փորձելով կանխել ներխուժումը` վերջինս ապտակել է օպերատորին: Լրագրողները եթերում հայտարարել են լրագրողի նկատմամբ բռնության փաստի մասին, որի առթիվ Գեղարքունիքի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար: Սակայն, Բաղդասարյանը պնդում է, որ առանց թույլտվության ներխուժելով իր բնակարան' Շանթի լրագրողները խախտել իր' ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը:
Այս գարուն լրատվամիջոցների նկատմամբ դատական հայցեր ներկայացնելու մասին սպառնալիքները նույնպես ավելի հաճախ են դարձել, սակայն դրանք ոչ միշտ են իրագործվում: Օրինակ' «Իրավունք» թերթին տված հարցազրույցում Աբգար Ափինյանը սպառնացել էր դատի տալ «Երկիր» թերթին փետրվար ամսին հրապարակած տեղեկության համար, ըստ որի` Ափինյանը հանդիպել է վարչապետին ու մշակույթի փոխնախարար դառնալու ցանկություն հայտնել: Իսկ Արզաքանցյանը սպառնում էր դատի տալ «Իրավունքին»' թերթում տեղ գտած «քյավառա հատընտիր պատգամավոր», «փիս խասիաթ» արտահայտությունների համար:
Ապրիլի երկրորդ կեսին լրատվամիջոցներին պաշտպանելու նախաձեռնությամբ հանդես եկավ Փաստաբանների պալատը: ՓՊ խորհուրդը սահմանել է կարգ, համաձայն որի անձի արժանապատվությունը վիրավորելու կամ նրան զրպարտելու համար դատական ծախսի առավելագույն սահման է 200 հազար դրամը, իսկ գործարար համբավի դեպքում` 300 հազարը:
Իրավապաշտպաններն ու լրագրողները ողջունեցին փաստաբանների նախաձեռնությունը, մինչդեռ վերջիններիս վերաբերմունքը ՄԻՊ-ի` մայիսի սկզբին հայտարարված վերջին նախաձեռնության նկատմամբ, այն է` ստեղծել տեղեկատվական վեճերի խորհուրդ, միանշանակ չէր: ՄԻՊ-ի հավաստմամբ` խորհուրդը պետք է զբաղվի լրատվամիջոցների իրավունքների պաշտպանությամբ' խորհրդատվությամբ միջամտելով դատական վեճերին և կարծիք հայտնելով նաև դատական վճիռների մասին: Թեև այն ողջունվեց լրատվական գործի մի շարք ներկայացուցիչների և մասնագետների կողմից, արժանացավ նաեւ սուր և անբարեհաճ արձագանքների: Լրագրողներն ասես անվստահություն են հայտնում ՄԻՊ-ին` մասամբ այն պատճառով, որ նրա նախաձեռնությամբ կատարվեցին օրենսդրական փոփոխությունները: 
Ստորև բերված է լրատվամիջոցների ներգրավմամբ մայրաքաղաքի դատական ատյաններում մայիս ամսվա նիստերի ժամանակացույցը` ըստ www.datalex.am կայքի տվյալների.

 

Հ/Հ

Գործի անվանումը

Հայցապահանջը

Դատարանը

1.

«Բի լայն» ՍՊԸ-ն ընդդեմ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն»

Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից փաստացի անճշտությունները հերքելու պ/մ

Կենտրոն և Նորք Մարաշ դատարան,  դահլիճ` 13,

դատավոր`  Ա. Մելքումյան,

մայիսի 4, ժամը` 10:00

 

2.

Բելլա և Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի

Պատիվը, արժանապատվությունը և բարի համբավն արատավորող տեղեկությունների հերքման և վնասի հատուցման պ/մ

Կենտրոն և Նորք Մարաշ դատարան,  դահլիճ 13

դատավոր`  Ա. Մելքումյան

Մայիսի 5,  ժամը` 17:00

 

նիստը տեղափոխվել է մայիսի 20-ին, ժամը` 10:00-ին:

 

3.

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի

 

Պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքման և վնասի հատուցման պահանջի մասին

 

Կենտրոն և Նորք Մարաշ դատարան,  դահլիճ`  6,

դատավոր`  Է. Ավետիսյան

մայիսի 10, ժամը` 11:00

4.

Սուսաննա Բաղդասարյանն ընդդեմ Արման Գալոյանի  («Հայք» թերթի լրագրող)

Պատվի և արժանապատվության իրավունքի պ/մ

Կենտրոն և Նորք Մարաշ դատարան, դահլիճ`10

դատավոր`  Կ. Պետրոսյան,

մայիսի 10, ժամը` 11:00

 

5.

Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանը և Լևոն Սարգսյանն ընդդեմ  հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի («Հայկական ժամանակ»)

Պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պ/մ

ՀՀ վերաքննիչ դատարան,

դահլիճ` 322,

մայիս 12, ժամը`  11:10

 

6.

Գրիշա Բալասանյանն («Հետաքննող լրագրողներ») ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի

Պատվի և արժանապատվության պատճառված վնասի հատուցման պահանջի մասին

 

Ավան և Նորք մարաշ դատարան, դահլիճ` 8 ,

դատավոր` Ա. Դավթյան

մայիսի 12, ժամը` 15:00

 

7.

Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր խմբագրություն» ՍՊԸ-ի

Պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու և պատճառված վնասը փոխհատուցելու պ/մ

Կենտրոն և Նորք Մարաշ դատարան, դահլիճ` 7,

դատավոր` Ռ. Ափինյան,

մայիսի 13, ժամը` 11:00

 

8.

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի

Գործարար համբավն արատավորող տեղեկություննեըը հերքելու և պատճառված վնասը փոխհատուցելու պ/մ

Կենտրոն և Նորք Մարաշ դատարան, դահլիճ` 5,

դատավոր` Ա. Սուքոյան

«Իրավունքին»

մայիսի 13, ժամը` 16:30

 

9.

Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնն ընդդեմ «Առավոտ» օրաթերթի

Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պ/մ

Կենտրոն և Նորք Մարաշ դատարան, դահլիճ` 6,

դատավոր`  Է. Ավետիսյան,

մայիս 17, ժամը` 12:15

 

Մեկնաբանություններ (1)

Karo
Chem haskanum lratvamijocnern inchic en boxoqum. misht uzum ein qaxaqakirt metodnerov irenc het xosen. Sa e qaxaqakirt@

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter