HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրդական ընտրական հաղթարշավը 21-րդ դարում

Հայկ Գաբրիելյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ

Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող

ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ

 Ընտրական համատեքստում քրդերի՝ գործոն դառնալու հետ կապված մտահոգություններն առարկայական տեսք են ստացել դեռևս 40 տարի առաջ։

  • Քուրդ բնակչությունը շարունակում է աճել արագ տեմպերով, ինչն իր կնիքն է թողնում նաև Թուրքիայի ընտրությունների արդյունքների վրա։
  • Ընտրական պլանում քրդական հաղթարշավի նախերգանքը գրանցվեց 2014թ., իսկ բուն հաղթարշավը մեկնարկեց 2015թ.։
  • Այդ հաղթարշավը շարունակվում է ցայսօր և հետագայում միայն նոր թափ է հավաքելու։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի ընտրական համակարգը ժամանակին ունեցել է տարբեր առանձնահատկություններ, ինչը խնդիրներ է առաջացրել նրա արդար լինելու հետ կապված։ Օրինակ, 1950թ. խորհրդարանական ընտրություններում հաղթեց Դեմոկրատական կուսակցությունը (ԴԿ), որը թեև հավաքեց քվեների 52.7%-ը, սակայն ստացավ խորհրդարանի մանդատների 85%-ը (416 մանդատ)։ 1954թ. խորհրդարանական ընտրություններում էլ ԴԿ-ը, թեև հավաքեց քվեների 57.6%-ը, սակայն ստացավ 541 մանդատից 503-ը (93%), ինչը նրա ամենամեծ ներկայությունն էր խորհրդարանում։ Դա նաև ռեկորդային ցուցանիշ է, որը պահպանվում է ցայսօր[1]։ Միևնույն ժամանակ 1954թ. ընտրություններում քվեների 35.4%-ը ստացած «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) խորհրդարանում ստացավ միայն 31 մանդատ։ Այս ամենի պատճառն այն էր, որ 1 նահանգում ամենաշատ քվեներ ստացած կուսակցությանը բաժին է ընկել նրա բոլոր մանդատները (1950թ. խորհրդարանի մանդատների ընդհանուր թիվը կազմել է 487, 1954թ.՝ 541, 1957թ.՝ 610 մանդատ, իսկ 1960թ.-ից հետո մանդատների թիվը նվազեցվեց մինչև 450-ի)[2]։

1950-ականների ընտրական այս անհավասարակշռությունը դարձավ 1960թ. ռազմական հեղաշրջման հիմնական դրդապատճառներից մեկը, ինչից հետո խորհրդարանական մեծամասնությունն ու քաղաքական համակարգն ուժեղացնելու համար որոշում ընդունվեց կիրառել դ'Օնթի մեթոդը։ Այն բավական արդար համակարգ էր և կուսակցություններին հնարավորություն էր տալիս մեջլիսում ունենալ ստացած քվեներին համապատասխան ներկայություն։ Եվ, այնուամենայնիվ, 1974-1980թթ. Թուրքիայում քաղաքական անկայունության ժամանակաշրջան էր. ԺՀԿ-ը թեև հաղթեց 1973թ. խորհրդարանական ընտրություններում, սակայն չստացավ միակուսակցական կառավարություն ձևավորելու իրավունք և ստիպված էր կոալիցիա ձևավորել։ Նույն պատկերը ստացվեց նաև 1977թ. ընտրություններից հետո։ Այդպիսով, ԺՀԿ-ը, չնայած ընտրողների լայն աջակցությանը, չկարողացավ հիմնել կայուն կառավարություններ, և կոալիցիոն կազմավորումները հաջորդում էին մեկը մյուսին։ Քաղաքական այդ անկայունությունը զգալի դեր խաղաց 1980թ. սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման համար, ինչից հետո սահմանվեց 10%-անոց ընտրաշեմ։ Դա միտված էր խորհրդարանում կուսակցությունների թիվը սահմանափակելուն, 1 կամ 2 խոշոր կուսակցություն տեսնելուն, փոքր, ռեգիոնալ (քրդական) կուսակցությունների մուտքը խորհրդարան բարդացնելուն։ Քաղաքագետ Բուրաք Ջոփն ընդգծում է, որ ընտրական նոր համակարգի առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ մեկ ընտրական օկրուգը կարող էր բաղկացած լինել առավելագույնը 7 պատգամավորական մանդատից, ինչը շահավետ էր խոշոր կուսակցությունների համար, քանի որ ընտրական օկրուգը որքան շատ մանդատ ունենար, այնքան արդյունքները կլինեին ավելի արդար։ Նրա խոսքերով՝ այդ ամենի պատճառով 1987թ.-ից Թուրքիայի քաղաքական կյանքում գրանցվեցին ամենաանարդար մի շարք ընտրություններ[3]։

Նշենք նաև, որ 2002թ. նոյեմբերի 3-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Թուրքիայում իշխանության եկավ «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), որով սկիզբ դրվեց նրա հաղթարշավին. ԱԶԿ-ն անընդմեջ հաղթեց բոլոր տիպի ընտրություններում, ինչպես նաև 3 անգամ հաջողեցրեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվե (ՍԲՀ)։ 2002թ. ընտրություններում ԱԶԿ-ը հավաքեց 10.808.229 քվե (շուրջ 35%) և չնայած դրան՝ 550 հոգանոց խորհրդարանում ստացավ 363 մանդատ (66%)։ Ընդդիմադիր ԺՀԿ-ն էլ հավաքեց 6.113.352 քվե (ավելի քան 19%) և ստացավ 178 մանդատ (33%)։ Մնացյալ 1%-ն էլ բաժին ընկավ անկախ թեկնածուներին։ Ընտրությունների արդյունքները վկայեցին, որ վավեր քվեների 43%-ը (14.5 մլն քվե) անտեսված է. այն ստացած կուսակցությունները չեն կարողացել հաղթահարել 10%-անոց ընտրաշեմը: Ստացվում է, որ ընտրաշեմը ոչ միայն կանխարգելում է փոքր կուսակցությունների մուտքը խորհրդարան, այլև վերջիններիս քվեները (ուժը) բաժանվում են ընտրաշեմը հաղթահարած և խորհրդարան անցած կուսակցությունների վրա (հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ)։ Բացի այդ ընտրելու իրավունք ունեցողների 22%-ը չի մասնակցել քվեարկությանը (1980թ.-ից հետո առաջին անգամ տվյալ ցուցանիշը գերազանցեց 20%-ը)։ Եվ, փաստորեն, ընտրելու իրավունք ունեցողների 65%-ի շահերը ներկայացված չէին խորհրդարանում։

Պատահական չէր, որ 1954թ.-ից ի վեր առաջին անգամ խորհրդարան անցավ միայն 2 ուժ, իսկ քրդական «Դեմոկրատական ժողովուրդ» կուսակցության (DEHAP) ներկայացուցիչներն ընտրաշեմի հարցը 2003թ. բողոքարկեցին ՄԻԵԴ-ում։ Բանն այն էր, որ DEHAP-ը, թեև հաղթել էր քրդաբնակ Շըրնաք նահանգում՝ հավաքելով 103.111 քվեից 47.449-ը (45.95%), բայց չէր կարողացել հաղթահարել ընտրաշեմը, ուստի նրա թեկնածուներ Ռեսուլ Սադաքն ու Մեհմեթ Յումաքը պատգամավոր չէին դարձել Շըրնաքում։ Փոխարենը Շըրնաքին հատկացված 3 մանդատներից 2-ը բաժին ընկան ԱԶԿ-ին, որն այդ նահանգում ստացել էր միայն 14.460 քվե (14.05%), իսկ երրորդ մանդատը՝ անկախ թեկնածու Մեհմեթ Թաթարին, ով հավաքել էր ընդամենը 9914 քվե (9.69%)։ ՄԻԵԴ-ը վերջնական վճիռը հրապարակեց 2008թ. հուլիսին՝ ընդգծելով, որ 10%-անոց ընտրաշեմ ունենալը խախտում չէ Թուրքիայի կողմից։ Դրա հետ մեկտեղ ՄԻԵԴ-ը նշեց, որ դա բավական բարձր է և խորհուրդ տվեց նվազեցնել՝ ընդգծելով, որ ԵԽ անդամ երկրներից միայն 3-ում է կիրառվում 7-8%-անոց ընտրաշեմ, երկրներից 1/3-ում գործում է 5%-անոց ընտրաշեմ, իսկ 13 երկրներում ընտրաշեմը դրանից էլ ցածր է[4]։ 2009թ. դեկտեմբերին էլ ԵԽ Քաղաքական հարցերով հանձնաժողովը Թուրքիային խորհուրդ տվեց ընտրաշեմը նվազեցնել մինչև 3%-ի՝ խորհրդարան փոքր կուսակցությունների ու անկախ թեկնածուների մուտքն ապահովելու համար[5]։

Թուրքիան, սակայն, պահպանեց 10%-անոց ընտրաշեմը, որը հաջողությամբ գործեց մինչև 2015թ.՝ խոչընդոտելով նաև քրդական կուսակցությունների մուտքը խորհրդարան։ Սակայն քրդերը կարողացան գտնել խորհրդարան անցնելու հնարամիտ տարբերակ` առաջադրվել մեծամասնական ընտրակարգով, պատգամավոր ընտրվել (հիմնականում) քրդաբնակ նահանգներում և հետո խորհրդարանում ձևավորել խմբակցություն։ Քրդական «Դեմոկրատական հասարակարգ» կուսակցությունը (ԴՀԿ, առաջինն է Թուրքիայում կիրառել համանախագահների համակարգը) և «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ) այդ մարտավարությունը հաջողությամբ կիրառեցին 2007թ. և 2011թ.[6]։ Չենք բացառում, որ նրանք այս հարցում հաշվի առան նույն Մ. Թաթարի օրինակը։ 2007թ. հուլիսի 22-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվեց 26 անկախ պատգամավոր, որոնցից 21-ը ներկայացնում էին ԴՀԿ-ը։ Դա նրան հնարավորություն տվեց ձևավորելու խորհրդարանական խմբակցություն (անհրաժեշտ էր առնվազն 20 մանդատ)։ Սակայն 2007թ. նոյեմբերի 16-ին Թուրքիայի ՍԴ-ը նախաձեռնեց ԴՀԿ-ը փակելու դատական գործընթաց՝ մեղադրելով «Աբդուլլահ Օջալանի հրահանգով գործելու, ահաբեկչությանն աջակցելու, պետության մասնատման փորձերի» համար։ 2009թ. դեկտեմբերի 11-ին ՍԴ-ը քվեարկեց ԴՀԿ-ը փակելու օգտին, որով միաժամանակ 37 մարդու 5 տարով արգելեց զբաղվել քաղաքականությամբ[7]։ Սակայն քուրդ գործիչները դեռ դատավարության ընթացքում՝ 2008թ. մայիսի 2-ին, Ստամբուլից ընտրված անկախ պատգամավոր Ուֆուք Ուրասի մասնակցությամբ խորհրդարանում ձևավորեցին խորհրդարանական նոր խմբակցություն՝ արդեն ԽԺԿ անվամբ[8]։ 2011թ. հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում էլ ԽԺԿ-ին հաջողվեց նույն մարտավարությամբ ստանալ 36 մանդատ[9]։ Եվ, այնուամենայնիվ, հասկանալի էր, որ խորհրդարանում ավելի մեծ ներկայություն ունենալու համար անհրաժեշտ է ընտրություններին մասնակցել համամասնական ընտրակարգով։

ՔՐԴԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԻ ՆԱԽԵՐԳԱՆՔԸ

Խորհրդարանական հաջորդ ընտրություններն անցկացվեցին 2015թ., սակայն դրանցում քրդական կողմի հաջողության հասնելու նախանշանները երևացին դրանից ավելի քան մեկ տարի առաջ։ Առաջին նախանշանը 2014թ. մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններն էին, որոնց արդյունքներն են`[10]

Փաստորեն ԽԺԿ-ը զբաղեցրել է 4-րդ տեղը։ ԱԶԿ-ը հաղթել է 41, ԺՀԿ-ը՝ 13, «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)՝ 8, ԽԺԿ-ը՝ 11 նահանգում. Դիարբեքիր, Բաթման, Սղերթ, Դերսիմ, Վան, Հաքքարի, Իգդիր, Շըրնաք, Մարդին, Բիթլիս, Աղրը[11]։ ԽԺԿ-ն այդպիսով գերազանցել է անգամ ԱՇԿ-ին և քիչ է հետ մնացել ԺՀԿ-ից, որը նրա համեմատ հավաքել է գրեթե 10 մլն քվեից ավելի։ Սա վկայում է ԽԺԿ-ի՝ ռեգիոնալ կուսակցության բնույթի մասին։ Ի դեպ, ԱԶԿ նախագահ, երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ԱԶԿ-ին հրահանգել էր ամեն գնով հաղթել Դիարբեքիրում, Վանում ու Մարդինում։ Սակայն դա տեղի չունեցավ. Թուրքիայի քրդերը դժգոհ էին մնացել 2013թ. սեպտեմբերի 30-ին Էրդողանի ներկայացրած ժողովրդավարական բարեփոխումների փաթեթից` այն որակելով նախընտրական և ոչ թե ժողովրդավարական փաթեթ, որը պատրաստվել է ԱԶԿ-ի շահերը սպասարկելու համար:

Նշենք, որ ՏԻՄ ընտրություններում ԱԶԿ հաղթանակն ապահովելու համար դեռևս 2012թ. նոյեմբերի 12-ին ընդունվեց «խոշոր քաղաքների» մասին օրենքը, ըստ որի՝ Այդըն, Բալըքեսիր, Դենիզլի, Հաթայ, Մալաթիա, Մանիսա, Քահրամանմարաշ, Մարդին, Մուղլա, Թեքիրդաղ, Տրապիզոն, Շանլըուրֆա, Վան և Օրդու քաղաքներում, որոնց բնակչությունը կազմում էր ավելի քան 750.000 մարդ, ստեղծվեցին նույնանուն «խոշոր քաղաքների» քաղաքապետարաններ, որոնց լիազորությունները տարածվեցին նույնանուն նահանգների ողջ սահմանների վրա: Դրանով իսկ «խոշոր քաղաքների» քանակը 16-ից հասցվեց 30-ի[12]: Մինչ այդ նման կարգավիճակ ստացել էին Ստամբուլը, Քոջայելին, Ադանան, Անկարան, Անթալիան, Բուրսան, Իզմիրը, Գազիանթեփը, Սամսունը, Դիարբեքիրը, Էսքիշեհիրը, Էրզրումը, Քայսերին, Քոնիան, Մերսինը, Սաքարիան։ 2014թ. ՏԻՄ ընտրություններն այդպիսով առաջինն էին 14 «խոշոր քաղաքի» համար: Նոր օրենքով` «խոշոր քաղաք» ունեցող նահանգի (որտեղ գյուղերը «վերածվել են խոշոր քաղաքի» թաղամասերի) բնակիչներից յուրաքանչյուրը կարողացել է մասնակցել «խոշոր քաղաքի» քաղաքապետի ընտրություններին, ինչն արգելված էր 2009թ.: Այդպիսով գյուղական շրջանների բնակիչները նույնպես մասնակցել են տվյալ ընտրությանը, ինչն էլ որոշ նահանգներում վճռորոշ է եղել ԱԶԿ-ի համար, որը բավական զորեղ չի գտնվել նահանգի կենտրոնում, սակայն ավելի ուժեղ է գտնվել նահանգի տարբեր շրջաններում: ԱԶԿ-ին նման կերպ հաջողվել է Անթալիայում և Օրդուում հաղթել ԺՀԿ-ին, իսկ Բալըքեսիրում՝ ԱՇԿ-ին: Նախկին օրենքի առկայության դեպքում ԺՀԿ-ը հաղթանակ կտոներ Անկարայում, Անթալիայում, Օրդուում և Մերսինում (այստեղ նա զիջել է ԱՇԿ-ին): «Խոշոր քաղաքների» մասին օրենքն ամենաշատն օգնել է ԱԶԿ-ին և ԽԺԿ-ին[13]։

Նշենք, որ քրդերի հաջողությունները չեն ավարտվում միայն այսքանով։ Հարկ է հաշվի առնել նաև 2012թ. հոկտեմբերի 15-ին քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի առաջարկով ստեղծված «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության (ԺԴԿ) գործոնը, որը 2014թ. ուներ 8 պատգամավոր (5-րդ խոշոր կուսակցություն): 2012թ. հոկտեմբերին Անկարայում անցկացված ԺԴԿ համագումարում, որն անցավ «Սա միայն սկիզբն է» կարգախոսով, ԺԴԿ-ը գործարկեց ՏԻՄ ընտրությունների ռազմավարությունը` «ԽԺԿ-ն` Արևելքում, ԺԴԿ-ն` Արևմուտքում»: 2014թ. ՏԻՄ (ԺԴԿ առաջին) ընտրությունների արդյունքներից ակներև է, որ ԺԴԿ-ն արևմտյան ու կենտրոնաարևմտյան մի շարք նահանգներում հիմնականում զբաղեցրել է 4-5-րդ տեղը (26 կուսակցությունից): Ստամբուլի նահանգում ԺԴԿ-ը հավաքել է 413.000 քվե` առաջ անցնելով անգամ ԱՇԿ-ից (3-րդ տեղ): Ի դեպ, ԱԶԿ-ն այստեղ ԺՀԿ-ին հաղթել է 670.000 քվեի տարբերությամբ: Անկարայում ԺԴԿ-ն 5-րդն է` ավելի քան 28.000 քվե, իսկ ԱԶԿ-ն այս դեպքում ԺՀԿ-ին հաղթել է ընդամենը 32.000 քվեով: Քեմալականների «միջնաբերդ» Իզմիրում ԺԴԿ-ն 4-րդն է` ավելի քան 88.000 քվե (ԺՀԿ-ն ԱԶԿ-ին հաղթել է 360.000 քվեով): Անթալիայում էլ ԱԶԿ-ը ԺՀԿ-ին հաղթել է 23.000 քվեով, մինչդեռ ԺԴԿ-ն (4-րդ տեղ) հավաքել է ավելի քան 30.000 քվե[14]։

Երկրորդ նախանշանը 2014թ․ օգոստոսի 10-ի նախագահական ընտրություններն էին, ուր Թուրքիայի քաղաքացիներն առաջին անգամ ուղիղ քվեարկությամբ ընտրեցին երկրի նախագահ։ Այդ պաշտոնի համար պայքարում էր 3 թեկնածու՝ Ռեջեփ Թայիփ Էրդողան (իշխանություն), Էքմելեդդին Իհսանօղլու (ընդդիմություն՝ ԺՀԿ-ԱՇԿ), Սելահաթթին Դեմիրթաշ (քրդեր): Ընտրելու իրավունք ունեցողների թիվը կազմել է 55.692.841, ընտրելու իրավունքից օգտվածների թիվը՝ 41.283.627 մարդ (74.13%), վավեր քվեների քանակը՝ 40.545.911, իսկ անվավեր քվեների քանակը՝ 737.716։

Այսպիսով, 2014թ. ՏԻՄ և նախագահական ընտրությունների արդյունքներն արդեն նախանշում էին ապագայում քրդական/քրդամետ կուսակցությունների հաջողությունները, ինչը տեղի ունեցավ արդեն 2015թ.։ Դրան նպաստեց երկու հանգամանք` ա) Թուրքիայում քուրդ բնակչության արագ աճի տեմպերը, ինչն աստիճանաբար ավելի ակնառու է իր կնիքը թողնում ընտրությունների արդյունքների վրա։ բ) 2015թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ԽԺԿ-ի ու ԺԴԿ-ի միավորումն էր[18]։ Ակնհայտ էր, որ Էրդողանը հաղթանակ էր տանելու և առաջ էր անցնելու Է. Իհսանօղլուից՝ էլ չասած Ս. Դեմիրթաշի մասին։ Ինտրիգը միայն նրանում էր, թե արդյոք նրան կհաջողվի հաղթանակ տանել առաջին փուլում, թե կարիք կլինի նաև երկրորդ փուլի (1-ին փուլում հաղթելու համար թեկնածուից պահանջվում էր հավաքել վավեր քվեների 50%-ից ավելին)։ Եվ ինտրիգի միակ պատճառը Դեմիրթաշի թեկնածության առաջադրումն էր, քանի որ, եթե դա տեղի չունենար, Էրդողանն ավելի շատ քվեներ կստանար քրդաբնակ նահանգներում։ Էրդողանն այսօր էլ դրանցում բավական շատ քվեներ է ստանում հետևյալի շնորհիվ. երկրի տնտեսական ցուցանիշների բարելավում, քրդաբնակ նահանգների ենթակառուցվածքների բարեկարգում, քրդերի հանդեպ որոշակի բարեփոխումների առաջքաշում և նաև իրագործում (ասենք, բանտերում քրդերենով հաղորդակցվելու արգելքի վերացում, Թուրքիայի՝ քրդերեն լեզվով առաջին հեռուստաալիք TRT 6-ով (TRT Kurdî) հեռարձակումներ), պահպանողական քրդերի շրջանում իսլամական գործոնի խաղարկում և այլն։ Եվ, թեև նախագահական ընտրություններում ամենաերիտասարդ թեկնածուի՝ Դեմիրթաշի արդյունքը չխանգարեց, որ Էրդողանը նախագահ ընտրվի հենց առաջին փուլում, այնուամենայնիվ, երկրորդ փուլի անցկացումը մոտ էր։ Բացի այդ Դեմիրթաշի արդյունքը կազմում էր մոտ 10%՝ ընտրաշեմի չափ։ Հատկանշական է, որ Թուրքիայի նախագահի առաջին քուրդ թեկնածու Դեմիրթաշը (3.707.557 քվե) գերազանցեց ՏԻՄ ընտրություններում ԽԺԿ-ԺԴԿ արդյունքը (2.895.000 քվե)։ Նրանց հետ համեմատ` Դեմիրթաշին հաջողվեց մեծացնել իր աջակցությունը Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, նաև Անթալիայում ու Կենտրոնական Անատոլիայում[15]։ Դեմիրթաշը ԽԺԿ-ի նման նույնպես հաղթել է 11, Էրդողանը՝ 55, իսկ Իհսանօղլուն՝ 15 նահանգում։ Փաստորեն, Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժերի (երկրորդ և երրորդ խոշոր կուսակցությունների) միասնական թեկնածուն կարողացել է հաղթել 4 նահանգում ավելի։ Ընդ որում՝ 12 կուսակցության (CHP, MHP, DSP, LDP, DP, BTP, BBP, DHP, TSİP, DYP, HAP, TURK Parti) միասնական թեկնածու Իհսանօղլուն ստացել է քվեների 38.5%-ը, մինչդեռ ՏԻՄ ընտրություններում ԺՀԿ-ի ու ԱՇԿ-ի միասնական ցուցանիշը կազմել է 43.05%[16]։ Ստացվում է, որ ընդդիմության «միասնական թեկնածուի բանաձևը» չաշխատեց. իրականում ԺՀԿ-ին ու ԱՇԿ-ին, թերևս, միավորել է միայն Էրդողանից ձերբազատվելու գործոնը, Իհսանօղլուի թեկնածության առաջադրումը ոչ միանշանակ է ընդունվել երկու կուսակցությունում էլ, Իհսանօղլուն այնքան էլ հայտնի չէ հասարակության լայն շրջանակներին, չունի Էրդողանի նման խարիզմա, չի վայելում քուրդ ընտրազանգվածի մի մասի աջակցությունը[17]։

Քրդական ընտրական հաղթարշավի մեկնարկը 

2015թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններ - Քրդական ընտրական հաղթարշավի մեկնարկը տրվեց 2015թ. հունիսի 7-ին։ Ընտրելու իրավունք ունեցողների թիվը կազմել է 56.608.817 մարդ, ընտրելու իրավունքից օգտվածների թիվը՝ 47.507.467 (83.92%), վավեր քվեների քանակը կազմել է՝ 46.163.243, իսկ անվավեր քվեների քանակը՝ 1.344.224 մարդ։


Ընտրությունների արդյունքները վկայեցին, որ ԱԶԿ-ի պատգամավորների թիվը խորհրդարանում նվազել է 69-ով, ԺՀԿ-ինը` 3-ով, մինչդեռ ԱՇԿ պատգամավորների թիվն աճել է 27-ով: Ինչ վերաբերում է ԺԴԿ-ին, ապա նրա նորամուտը փայլուն ստացվեց` 80 պատգամավոր, որից 11-ը՝ Ստամբուլից: 165 անկախ թեկնածուներն էլ որևէ հաջողության չեն հասել: Եթե 2011թ. ընտրություններում ԺՀԿ-ը հաղթել էր Թուրքիայի 81 նահանգից 7-ում, ԱՇԿ-ն` միայն 1-ում, քուրդ անկախ թեկնածուները` 7-ում, իսկ մնացյալ 66 նահանգում հաղթանակ էր տարել ԱԶԿ-ը, ապա այս անգամ պատկերը փոխվել է. ԺՀԿ-ը հաղթել է 10, ԱՇԿ-ը` 1, ԺԴԿ-ը` 14, իսկ ԱԶԿ-ը` 56 նահանգում: Փաստորեն, ԱԶԿ հաղթած նահանգների թիվը նվազել է 10-ով: Խորհրդարանական ընտրություններից առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանն ԱԶԿ-ի առջև առաջադրանք էր դրել ստանալ առնվազն 330 մանդատ (3/5-ը): Դա այն նվազագույն ցուցանիշն է, որն ԱԶԿ-ին հնարավորություն կտար խորհրդարանում քվեարկության դնել նոր Սահմանադրության նախագիծը: Դրա ընդունման համար անհրաժեշտ էր 367 պատգամավորի աջակցությունը (2/3-ը): Եվ եթե ԱԶԿ-ը կարողանար սեփական ուժերով խորհրդարանում քվեարկության դնել նոր Սահմանադրության նախագիծը, ապա դրա չընդունվելու դեպքում երկրի նախագահն իրավունք կունենար կամ վետո դնել դրա վրա, կամ էլ այն դնել հանրաքվեի: Անկասկած է, որ Էրդողանը նախընտրելու էր 2-րդ տարբերակը: Նաև այս ամենը հաշվի առնելով` Էրդողանը որոշեց 2014թ. դառնալ երկրի նախագահ` հուսալով, որ շուտով երկրում կընդունվի նոր Սահմանադրություն, և զգալիորեն կընդլայնվեն երկրի նախագահի (իր) իրավունքները: 2014թ. նախագահական ընտրություններից հետո Էրդողանն ընդգծել էր, որ ժողովրդի կողմից ուղիղ քվեարկության միջոցով ընտրված Թուրքիայի առաջին նախագահն է, «ինչի համար էլ չի կարող ունենալ» նույնպիսի (ներկայացուցչական) լիազորություններ, ինչպիսիք որ ցայժմ ունեցել են խորհրդարանի կողմից ընտրված նախագահները: Էրդողանը գիտակցում էր, որ ԱԶԿ-ն իրականում չի կարող ընտրությունների արդյունքներով ստանալ 367 մանդատ՝ հաշվի առնելով, որ ԱԶԿ-ին երբևէ չի հաջողվել հասնել դրան, և որ 2015թ. ԱԶԿ վարկանիշը որոշակի նվազել էր: Դրա համար էլ նա որպես նշաձող սահմանեց 330 մանդատը, որի դեպքում նույնպես վերջին հաշվով կարելի կլիներ հասնել նոր Սահմանադրության ընդունմանը: Սակայն ԱԶԿ-ն ոչ միայն չկարողացավ ստանալ 330 պատգամավորական մանդատ, այլև անգամ միակուսակցական կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ 276 մանդատ (50%+1): Փաստորեն, ԱԶԿ-ին չհաջողվեց հասնել «բաղձալի եռյակից» (276, 330, 367) և ոչ մեկին: Չնայած դրան` ԱԶԿ-ը 4-րդ անգամ անընդմեջ հաղթեց խորհրդարանական ընտրություններում և պատգամավորական մանդատ չստացավ միայն 5 նահանգում (Թունջելի, Աղրը, Իգդիր, Հաքքարի, Շըրնաք. հաղթել է ԺԴԿ-ն): ԱԶԿ նախագահ Ահմեթ Դավութօղլուի խոսքերով` 1960թ. սկսած՝ միայն 4 կուսակցության է հաջողվել հավաքել քվեների 40%-ից ավելին:

ԱԶԿ-ի այս անհաջողության հիմնական պատճառներից մեկը չորրորդ տեղը զբաղեցրած ԺԴԿ-ի գրանցած հաջողությունն է։ Թեև ԺԴԿ-ն ու ԱՇԿ-ը ստացել են 80-ական մանդատ, այնուամենայնիվ, երրորդ տեղում ավելի շատ քվեներ ստացած ԱՇԿ-ն է։ Ընդ որում՝ ԺԴԿ-ին հաջողվել է ստանալ ԱՇԿ-ի չափ մանդատ մոտ 1.5 մլն քվե պակաս ստանալու դեպքում: Ուշագրավ է, որ ԺԴԿ-ը հաղթել է Թուրքիայի արևելյան սահմանի երկայնքով գտնվող բոլոր նահանգներում, ինչպես նաև թուրք-իրաքյան և թուրք-սիրիական սահմանին գտնվող նահանգներում: ԺԴԿ-ի այս հաջողությունը հնարավոր դարձավ կուսակցության կազմակերպվածության, ընտրած մարտավարության, Թուրքիայում քուրդ բնակչության աճի մեծ տեմպերի շնորհիվ: Ի սկզբանե հայտարարվել էր, որ ԺԴԿ-ն չպետք է սահմանափակվի Թուրքիայի միայն հարավարևելյան նահանգներում գործունեություն ծավալելով, և ընտրությունների արդյունքները վկայեցին, որ ԺԴԿ-ին հաջողվել է դա, և նա (մասնակի) վերածվել է ողջ Թուրքիայի մասշտաբով կուսակցության (թեև ԺԴԿ-ն մանդատներ ստացել է 27 նահանգում): Արտերկրում անցկացված քվեարկության արդյունքներով` ԺԴԿ-ը զբաղեցրել է երկրորդ տեղը` ԱԶԿ-ից հետո:

Գովելի է համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու մասին ԺԴԿ ղեկավարության որոշումը: Թեև դա որոշակի ռիսկային որոշում էր, այնուամենայնիվ, ԺԴԿ-ն գնաց դրան՝ խորհրդարանում ավելի մեծ ներկայություն ապահովելու համար: 14 նահանգներում, ուր հաղթել է ԺԴԿ-ը, 58 մանդատից 49-ը բաժին է ընկել հենց նրան, իսկ մնացած 9-ը` ԱԶԿ-ին: Հարկ է նշել, որ քրդերը դժգոհ էին 2014թ. Քոբանիի պաշտպանության ժամանակ «Քրդական հարցի» կարգավորման հանդեպ Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումից, գործուն քայլերի բացակայությունից, խնդրահարույց մի շարք օրենքներ («ներքին անվտանգության» օրենք) ընդունելուց: Բացի այդ քրդերը դժգոհ են, որ Էրդողանը Ստամբուլի համար առաջ է քաշում (նաև ցուցադրական) մեգանախագծեր, որոնց վրա ծախսվում են միլիարդավոր դոլարներ, սակայն քրդաբնակ նահանգներում չեն կատարվում լուրջ ներդրումներ՝ գործազրկությունը նվազեցնելու, բնակչության կենսամակարդակը բարձրացնելու համար: Ի դեպ, այս քաղաքականությունը նոր չէ, այն վաղուց կիրառվում է քրդերի հանդեպ, որպեսզի նրանք նոր կյանք փնտրելու ակնկալիքով երկրի արևելքից տեղափոխվեն արևմուտք, ձուլվեն, ինչն էլ կնվազեցնի քրդերի թիվը երկրի արևելքում ու հարավ-արևելքում։ Թեև թուրքական կողմի բազմամյա այդ քաղաքականությունը որոշակիորեն տվեց իր պտուղները, սակայն ունեցավ նաև հակառակ արդյունքը. քրդերն այսօր կազմակերպված ուժ են դարձել ոչ միայն արևելքում, այլև՝ արևմուտքում։

Այսպիսով, Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ քրդական կուսակցությունը հաղթահարեց 10%-անոց ընտրաշեմը, ինչը տեղի ունեցավ նաև նրա շնորհիվ, որ թուրքական կողմը թերագնահատել էր ԺԴԿ հնարավորությունները։ Բնականաբար, ԱԶԿ-ին մեծապես կարող էր ձեռնտու լինել համամասնական ընտրակարգով ԺԴԿ-ի հանդես գալը, քանի որ եթե նա հավաքեր ասենք քվեների 9.72%-ը (4% պակաս), ապա անկասկած է, որ ԱԶԿ-ի պատգամավորական մանդատները զգալիորեն կավելանային և, ըստ ամենայնի, կգերազանցեին 330-ը (քրդաբնակ նահանգներում ԱԶԿ-ը պարտվելիս սովորաբար զբաղեցնում է երկրորդ տեղը)։ Մինչդեռ իրականում ԱԶԿ-ն առաջին անգամ ստացավ 276-ից պակաս մանդատ: Ամեն դեպքում ԱԶԿ-ն հունիսի 7-ին 18 նահանգում շատ փոքր տարբերությամբ է զիջել մրցակիցներին, և կան հաշվարկներ, որ եթե նա դրանցում հավաքեր 90.340 քվեից ավելի, ապա կստանար ևս 18 մանդատ՝ միակուսակցական կառավարություն[19]: ԱԶԿ-ը 45 օրում չձևավորեց կոալիցիոն կառավարություն, և նոյեմբերի 1-ին նշանակվեցին կրկնական ընտրություններ։ Դրան նպաստեց նաև այն, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդդիմությունը, ստանալով քվեների մոտ 60%-ը (292 մանդատ) և այդպիսով բացառիկ հնարավորություն, նույնպես չկարողացավ ձևավորել կոալիցիա, չօգտագործեց իր եզակի հնարավորությունը և արդյունքում պատժվեց։

2015թ. նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններ - Ընտրելու իրավունք ունեցողների թիվը կազմել է 56.949.009 մարդ, ընտրելու իրավունքից օգտվածների թիվը՝ 48.537.695 (85.23%), վավեր քվեների քանակը կազմել է՝ 47.840.231, իսկ անվավեր քվեներինը՝ 697.464։

Աղյուսակ 4-ը վկայում է, որ ԱԶԿ-ն այս անգամ ստացել է 59 մանդատ ավելի, որոնցից 4-ը նա խլել է ԺՀԿ-ից, 37-ը՝ ԱՇԿ-ից, 18-ը՝ ԺԴԿ-ից։ ԱԶԿ-ի ավելի քան 23.5 մլն քվե ստանալու հետ կապված՝ թուրքական մամուլը գրեց, որ ԱԶԿ նախագահ, երկրի վարչապետ Ա.Դավութօղլուն գերազանցել է Ռ. Էրդողանի ռեկորդը, որի գլխավորած ԱԶԿ-ն 2011թ. ընտրություններում ստացել էր 2 մլն քվե պակաս։ Բացի այդ ԱԶԿ-ը 4 անգամ անընդմեջ միակուսակցական կառավարություն ստանալու ցուցանիշով գերազանցեց Ադնան Մենդերեսի ԴԿ-ի ռեկորդը, որին առաջինն էր հաջողվել 3 անգամ անընդմեջ (1950-1960թթ.) հասնել նման արդյունքի։ Նոյեմբերի 3-ին Դավութօղլուն հայտարարեց, որ ԱԶԿ-ը 13 տարում հաղթել է խորհրդարանական բոլոր ընտրություններում, ինչն աննախադեպ է ժողովրդավարության համաշխարհային պատմության մեջ։ Փաստորեն ԱԶԿ-ը 5 ամսում իր քվեների թիվն ավելացրեց մոտ 5 մլն-ով (9%-ով) և լուծեց միակուսակցական կառավարություն ստանալու խնդիրը։ Ամեն դեպքում կարելի էր կարծել, որ ԱԶԿ հիմնական նպատակը եղել է հենց 330 մանդատ և ոչ թե միակուսակցական կառավարություն ստանալը։ Եվ չնայած ԱԶԿ-ն այս անգամ չհասավ 330 մանդատին՝ այնուամենայնիվ, բավական մոտեցավ դրան, հեշտացրեց Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու իր խնդիրը։

Ներկայացնենք ԺԴԿ ցուցանիշները՝ համեմատելով հունիսի 7-ի նրա արդյունքների հետ։


Աղյուսակ 5-ը վկայում է, որ նոյեմբերի 1-ի ընտրություններում ԺԴԿ-ն հավաքեց գրեթե 1 մլն քվե պակաս, ինչն էլ նրա պատգամավորների թիվը նվազեցրեց 21-ով։ Չնայած դրան՝ ԺԴԿ-ն արդեն բուն ընտրությունների և ոչ թե հետագա զարգացումների շնորհիվ դարձավ Թուրքիայի խորհրդարանի 3-րդ ուժը, և Դեմիրթաշը խորհրդարանում նստեց ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելիի տեղը։ Ընտրություններից հետո Դեմիրթաշը հայտարարեց, որ իշխանությունների ճնշումների պատճառով այս անգամ չեն անցկացրել լավ ընտրարշավ, մյուս խոշոր կուսակցությունների համեմատ գտնվել են ամենավատ պայմաններում և ընտրաշեմի հաղթահարումն ու խորհրդարանական երրորդ ուժ դառնալը համարում են հաղթանակ՝ չնայած 1 մլն քվե կորցնելուն։ Դեմիրթաշը հիշեցրել է, որ հունիսի 7-ին հաջորդած 5 ամիսներին տարբեր վայրերում հարձակման են ենթարկվել ԺԴԿ բազմաթիվ գրասենյակներ, կալանքի տակ են վերցվել նրա մոտ 500 անդամներ ու ղեկավարներ, քրդաբնակ նահանգներում մղվել են ռազմական գործողություններ, որոնք խանգարել են ԺԴԿ գործունեությունը և միտված են եղել ԺԴԿ-ին ընտրաշեմի տակ թողնելուն։ Նոյեմբերի 1-ի երեկոյան թուրքական մամուլը գրել էր, որ եթե ԺԴԿ-ը չհաղթահարի ընտրաշեմը, ապա ԱԶԿ-ը կստանա հավելյալ 51, ԺՀԿ-ը՝ 4, իսկ ԱՇԿ-ը՝ 2 մանդատ։ Սա հաստատում է, որ քրդաբնակ նահանգներում հիմնական պայքարը ծավալվել է ԺԴԿ-ի ու ԱՇԿ-ի միջև։ Փաստորեն, եթե ԺԴԿ-ը չհաղթահարեր ընտրաշեմը, ապա ԱԶԿ-ը ոչ միայն կստանար 330, այլև՝ 367 մանդատ (խորհրդարանի 2/3-ը, 317+51), ինչը նրան հնարավորություն կտար խորհրդարանում սեփական ուժերով քվեարկության դնել ու հաստատել նոր Սահմանադրության նախագիծը։

Արդեն նշվեց, որ հունիսի 7-ի ընտրություններից առաջ Դեմիրթաշը և ԺԴԿ-ը չեն գտնվել նման ճնշման տակ։ Այս անգամ թուրքական կողմն ուղղեց իր «սխալը» և ԺԴԿ-ին պահեց մեծ ճնշման տակ։ Մասնավորապես, PKK-ի հետ բախումներ վերսկսվելուց հետո Դեմիրթաշը քանիցս մեղադրվեց PKK-ի հետ կապեր ունենալու համար և հարկադրված եղավ հայտարարել, որ ինքը PKK առաջնորդը չէ։ Նա PKK-ին կոչ արեց դադարեցնել գործողությունները, սակայն PKK-ից նրան խորհուրդ տվեցին զբաղվել սեփական գործերով։ ԺԴԿ-ի վրա բացասաբար են ազդել նաև քրդաբնակ նահանգներում՝ փողոցներում ու պողոտաներում բարիկադներ կառուցելը, փոսեր փորելը, պարետային ժամերի սահմանումները (տարբեր ժամկետներով փողոց դուրս գալու արգելքներ)։ Այդ ամենի պատճառով միայն Դիարբեքիրում ԺԴԿ-ից ԱԶԿ-ին անցել է 60.000 քվե, որն այս անգամ այնտեղ ստացել է 1 պատգամավոր ավելի՝ ի վնաս ԺԴԿ-ի։ Նշենք նաև այն, որ նոյեմբերի 1-ին թուրք զինվորականները քվեարկության գնացող հարյուրավոր ավտոմեքենաների համար ժամերով փակել են Դիարբեքիր-Լիջե ավտոճանապարհը՝ դա պատճառաբանելով «ճանապարհին ականի առկայությամբ» և սակրավորների «աշխատանքով»։ Անհրաժեշտ է հաշվի առնել նաև Անկարայում (10.10.2015), Սուրուչում (20.07.2015) և այլուր գրանցված ահաբեկչական պայթյունների գործոնը, ինչը վնասել է նրա նախընտրական քարոզարշավին. ԺԴԿ-ը վախենում էր կազմակերպել նախընտրական խոշոր միջոցառումներ։ Եվ վերջապես, թե՛ հունիսյան, թե՛ նոյեմբերյան ընտրություններում ԺԴԿ-ը մի շարք նահանգներում հաղթել (պատգամավորական մանդատ է ստացել) կամ պարտվել է քվեների աննշան տարբերությամբ։ Օրինակ, Մերսինի նահանգում ԺԴԿ-ը միայն 42 քվեի տարբերությամբ է մեկ պատգամավորական մանդատ զիջել ԺՀԿ-ին։

Ընդհանուր առմամբ, կարելի է միայն մասնակի համաձայնել Դեմիրթաշի հետ, որ ստեղծված պայմաններում ԺԴԿ գրանցած արդյունքը հաղթանակ է, քանի որ դեռ սեպտեմբերին հաղորդվում էր, որ ԺԴԿ-ը նպատակադրվել է նոյեմբերի 1-ին հավաքել քվեների 15-17%-ը և իր մանդատների թիվը հասցնել 110-ի (արդյունքում նա ստացավ դրա մոտ կեսը)։ Այո՛, ԺԴԿ-ն այժմ Թուրքիայի խորհրդարանի 3-րդ խոշոր ուժն է, սակայն դա ունի ավելի շատ հոգեբանական ազդեցություն, եթե հաշվի առնենք, որ 2015թ. սեպտեմբերին ԱՇԿ-ից Թուղրուլ Թուրքեշի հեռացվելուց հետո ԺԴԿ-ն արդեն իսկ խորհրդարանի 3-րդ խոշոր ուժն էր։ Բացի այդ ԺԴԿ-ն այս անգամ էլ կունենա խորհրդարանի միայն մեկ փոխնախագահ։ Մինչդեռ 21 մանդատի պակասը զգալի կորուստ է, որը կարող էր լուրջ դեր խաղալ հետագայում[20]։

2017թ. սահմանադրական բարեփոխումների հանրաքվե - 2017թ. ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվեց երկրի պատմության մեջ 7-րդ ՍԲՀ-ը, որը նախատեսում էր առաջին հերթին վարչապետի պաշտոնի (երկգլուխ կառավարման) վերացում և կառավարման նախագահական համակարգին («մեկ մարդու ռեժիմին») անցում կատարում։ Ընտրելու իրավունք ունեցողների թիվը կազմել է 58.291.898 մարդ, ընտրելու իրավունքից օգտվածների թիվը՝ 49.798.855 (85.43%), վավեր քվեների քանակը՝ 48.936.604, իսկ անվավեր քվեների քանակը՝ 862.251։ «Այո» է քվեարկել 25.157.463 մարդ (51.41%), «ոչ»՝ 23.779.141 մարդ (48.59%)։ Ամեն դեպքում «այո»-ն պարտություն կրեց Ստամբուլի, Անկարայի, Իզմիրի նահանգներում, ինչը հիմնականում պայմանավորված է նրանց բնակիչների արևմտամետությամբ, առաջադիմությամբ, զարգացվածությամբ, բարձր գիտակցությամբ։ Եվ, եթե Իզմիրի դեպքում դա կարելի է համարել օրինաչափ («ոչ»-ի կողմնակիցները հավաքել են մոտ 70%), ապա մնացյալ դեպքերում նման արդյունքը կարելի է որակել մասնակի անակնկալ։ Ամեն դեպքում դրանցում «ոչ»-ը հաղթել է աննշան տարբերությամբ[21]։ «Այո»-ն պարտություն կրեց քրդաբնակ բազում նահանգներում՝ Դիարբեքիր, Մարդին, Շըրնաք, Հաքքարի, Սիիրթ, Բաթման, Վան, Աղրը, Իգդիր։ Սոցիոլոգ Մեսութ Յեղենը նշել է, որ ԺԴԿ-ին մոտ կանգնած քրդերը «ոչ» են ասել։ Չնայած դրան՝ ԱԶԿ-ին հաջողվել է երկրի արևելքում ու հարավ-արևելքում իր քվեների թիվը մեծացնել 450.000-ով՝ նոյեմբերի 1-ի ընտրությունների հետ համեմատ։ Փորձագետ Վահաբ Ջոշքունն այդ կապակցությամբ հայտարարել է, որ քրդերը մեծ հաշվով չեն տեսնում ԱԶԿ-ին այլընտրանք, և բացի այդ նրանց համար ընդունելի են 1982թ. Սահմանադրությունում ամեն տիպի փոփոխությունները[22]։ Հավելենք, որ Թուրքիայի քրդերը 2010թ. ՍԲՀ-ին հիմնականում աջակցեցին հենց 1980թ. հեղաշրջման կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն հասնելու համար։ ՍԲՀ-ի արդյունքներով` Սահմանադրությունից վերացվեց 15-րդ ժամանակավոր հոդվածը, որով հնարավոր եղավ նրանց քրեական պատասխանատվության ենթարկել:

Հասկանալի է, թե 2017թ. ՍԲՀ-ի արդյունքները որքան կարևոր էին Էրդողանի անձնական իշխանության ու նրա «Նոր Թուրքիայի» հիմքերը գցելու տեսանկյունից։ Եվ քրդերը համախմբված գործելու դեպքում ի զորու էին տապալել ՍԲՀ-ը, ինչին քիչ էր մնացել. ՍԲՀ-ի արդյունքը հիշեցնում է 2014թ. նախագահական ընտրություններում Էրդողանի արդյունքը։

2018թ. հունիսի 24-ի նախագահական ընտրություններ - Ընտրելու իրավունք ունեցողների թիվը կազմել է 59.367.469 մարդ, ընտրելու իրավունքից օգտվածների թիվը՝ 51.197.959 (83.24%), վավեր քվեների քանակը՝ 50.068.627, իսկ անվավեր քվեների քանակը՝ 1.129.332։


Աղյուսակ 7-ը վկայում է, որ նախագահի թեկնածուներից Ռ. Էրդողանը հաղթում է առաջին փուլում:  Էրդողանը մոտակա մրցակցի (Մ. Ինջե) համեմատ հավաքել է 11 մլն քվեից ավելի, հաղթել է Թուրքիայի 81 նահանգներից 63-ում (Թրակիայից, Էգեյան տարածաշրջանից, արևելյան ու հարավարևելյան տարածաշրջանից դուրս ընկած բոլոր նահանգներում)։ Ընդ որում, Էրդողանը հաղթել է 36 նահանգների բոլոր շրջաններում: 2014թ. նախագահական ընտրությունների համեմատությամբ 2018թ. Էրդողանին տրված քվեների թիվն աճել է 58 նահանգում, նվազել՝ 23-ում: Այդպիսով, Էրդողանը գրեթե կրկնեց 2014թ. օգոստոսի նախագահական ընտրություններում իր արդյունքը՝ 51.79% և վերստին հաղթեց նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Տարբերությունը, սակայն, այն է, որ 2014թ. Էրդողանն առաջին փուլում հաղթեց առանց որևէ ուժի աջակցության, մինչդեռ 2018թ. հաղթանակի համար նա մեծապես պարտական է Դ. Բահչելիին։ Նախագահական ընտրություններից առաջ ԱՇԿ-ն ընտրական դաշինքի մեջ էր մտել ԱԶԿ-ի հետ, և Բահչելին չէր առաջադրել իր թեկնածությունը՝ հօգուտ Էրդողանի։ Ստացվում է, որ Դ. Բահչելին զգալի ավանդ է ունեցել նախագահական ընտրությունների հենց առաջին փուլի արդյունքներով Էրդողանի հաղթանակը կռելու գործընթացում, և Էրդողանը, տրամաբանության համաձայն, պետք է, որ հետագայում հաշվի նստի այդ փաստի հետ։ Փաստորեն ԱՇԿ-ի վրա հենված Էրդողանի նախընտրական հաշվարկը ճիշտ դուրս եկավ։

Ինչպես և ակնկալվում էր, նախագահի թեկնածուների թվում երրորդ տեղը զբաղեցրեց Ս. Դեմիրթաշը։ Ի դեպ, Դեմիրթաշը հաղթած նահանգների թվով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ գերազանցելով Մ. Ինջեին և զիջելով միայն Էրդողանին. Դեմիրթաշը հաղթել է երկրի արևելյան ու հարավ-արևելյան 10 նահանգում (Իգդիր, Աղրը, Մուշ, Վան, Հաքքարի, Շըրնաք, Սիիրթ, Բաթման, Դիարբեքիր, Մարդին): 2014թ. հետ համեմատ՝ Դեմիրթաշի քվեներն աճել են միայն 4 նահանգում՝ Դիարբեքիր, Վան, Իգդիր ու Բաթման, իսկ 77 նահանգում նրա ցուցանիշներն անկում են ապրել: Պատճառը թերևս այն է, որ Դեմիրթաշը 2016թ. աշնանից գտնվում է բանտում և, ըստ էության, չկարողացավ անցկացնել ընտրարշավ (նրան թույլատրեցին բանտից կոչերով դիմել ընտրազանգվածին): Մյուս կողմից էլ բանտում գտնվելու հանգամանքը զգացական ֆոն հաղորդեց Դեմիրթաշին, ում շատերն արդեն անվանում են «քրդական Նելսոն Մանդելա»։ Չենք բացառում, որ հենց այդ հանգամանքը որոշակի նպաստեց նրան, որ Դեմիրթաշի ցուցանիշը խոշոր անկում չապրի (9.76-ից մինչև 8.4%-ի)։ Բացի այդ Դեմիրթաշի նման արդյունքին կարող էր նպաստել նաև ԱԶԿ-ԱՇԿ կամ Էրդողան-Բահչելի դաշինքը, որը քրդերի մի զգալի մասին հարկադրեց սեփական քվեն չտալ Էրդողանին։ 2014թ. նման այս անգամ էլ Դեմիրթաշի կողմից սեփական թեկնածության առաջադրումը կարող էր խափանել առաջին փուլի արդյունքներով Էրդողանի ընտրվելուն։ Եվ թեև դա տեղի չունեցավ, մեզ համար ակնհայտ է, որ ազատության մեջ գտնվելու դեպքում Դեմիրթաշի երրորդ փորձն ունենալու է շատ ավելի մեծ հաջողություն (15-20%)։

2018թ. հունիսի 24-ի խորհրդարանական ընտրություններում ընտրելու իրավունք ունեցողների թիվը նույնպես կազմել է 59.367.469 մարդ, ընտրելու իրավունքից օգտվածների թիվը՝ 51.189.444 (86.22%), վավեր քվեների քանակը՝ 50.137.175, անվավեր քվեների քանակը՝ 1.052.269։

Աղյուսակ 7-ը վկայում է, որ Թուրքիայում ԱԶԿ-ը հավաքեց 20.559.732 քվե՝ 42.28%, մինչդեռ 2015թ. նոյեմբերի 1-ին հավաքել էր 7.09% ավելի՝ 22.959.394 քվե և 49.32%: 2015թ. նոյեմբերի 1-ի ընտրությունների հետ համեմատ՝ 2018թ. ԱԶԿ-ը մեծացրել է իր քվեների թիվը 10 նահանգում (Էդիռնե, Թունջելի, Կարս, Աղրը, Մարդին, Բիթլիս, Վան, Շըրնաք, Սիիրթ, Հաքքարի), սակայն դրա հետ մեկտեղ նրա քվեների թիվը նվազել է 71 նահանգում: Ընդհանուր առմամբ` ԱԶԿ-ը հաղթել է 65 նահանգում: Ինչ վերաբերում է ԱԶԿ-ի պատգամավորների թվին, ապա 2015թ. նոյեմբերի 1-ի հետ համեմատ նրանց թիվը նվազել է 22-ով: ԱԶԿ-ը պատգամավորական մանդատ չի ստացել միայն 2 նահանգում՝ Թունջելի, Իգդիր (2015թ. նոյեմբերի 1-ին՝ Հաքքարի, Շըրնաք, Թունջելի նահանգներում): 2018թ. ընտրություններում ԱԶԿ-ի հաջողությունից հետո թուրքական մամուլը գրեց, որ ԱԶԿ-ը 16 տարում հաղթել է 13 ընտրություն[23]։

ԺԴԿ-ը լուծեց իր առջև դրած նվազագույն խնդիրը, այն է՝ հաղթահարել 10%-անոց ընտրաշեմն ու վերստին ներկայացված լինել խորհրդարանում: ԺԴԿ-ը հաղթել է երկրի արևելյան ու հարավարևելյան 11 նահանգում՝ Հաքքարի, Շըրնաք, Մարդին, Դիարբեքիր, Բաթման, Սիիրթ, Մուշ, Վան, Աղրը, Իգդիր, Թունջելի (2015թ. նոյեմբերյան ընտրություններում ԺԴԿ-ը հաղթել էր 12 նահանգում): 2015թ. նոյեմբերի 1-ի ընտրությունների հետ համեմատ՝ ԺԴԿ-ի քվեների թիվն աճել է 50 նահանգում, իսկ մնացյալ 31-ում անկում է գրանցվել: ԺԴԿ-ը թեև 0.81%-ով (700.000 քվե) բարելավեց 2015թ. նոյեմբերի 1-ի իր ցուցանիշը, սակայն չկարողացավ կրկնել 2015թ. հունիսի 7-ի ընտրություններում իր արդյունքը: Թեև ԺԴԿ-ի պատգամավորների թիվը 2015թ. նոյեմբերի 1-ի համեմատ աճել է 8-ով՝ 59-ից մինչև 67-ի, սակայն այստեղ հարկ է հաշվի առնել այն, որ պատգամավորների թիվն այժմ աճել է 50-ով՝ հասնելով 600-ի։

Եվ, այնուամենայնիվ, հունիսի 24-ի ընտրությունները վկայեցին, որ ԺԴԿ-ը շարունակում է իր հաղթարշավը՝ 3 անգամ անընդմեջ հաղթահարելով 10%-անոց ընտրաշեմը: Այդ երեքից երկու դեպքում ԺԴԿ-ի հաջողությունը մեծապես նպաստել է նրան, որ ԱԶԿ-ը չկարողանա խորհրդարանում ստանալ սովորական մեծամասնություն (50%+1)՝ միակուսակցական կառավարություն ձևավորելու համար: ԺԴԿ-ն այժմ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված 3-րդ խոշոր ուժն է՝ ԱԶԿ-ից ու ԺՀԿ-ից հետո[24]։

Նկատենք, որ ԺԴԿ-ն այս արդյունքին հասավ ընտրություններին մոտենալով ոչ լավ վիճակում։ Թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրություններում ԺԴԿ-ը մնացել էր միայնակ։ Ինչպես հայտարարել է քուրդ հանրահայտ քաղաքական գործիչ Ահմեթ Թուրքը, քրդերը մնացել են իշխանական և ընդդիմադիր ճամբարների մեջտեղում և իրականում դժգոհ են թե՛ ԱԶԿ ճնշումներից, թե՛ ԺՀԿ-ի՝ իրեն հեռու պահելու պահվածքից։ 2015թ. ընտրաշեմը հաղթահարելուց հետո ԺԴԿ-ի մոտ մեկ տասնյակ պատգամավորներ, ներառյալ ԺԴԿ արդեն նախկին համանախագահներ Ս. Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը զրկվել են անձեռնմխելիությունից և բանտարկվել («ահաբեկչությանն աջակցելու», «Թուրքիայի կառավարությանը վիրավորելու» համար)։ Բացի այդ պաշտոնանկ են արվել ԺԴԿ-ի մի շարք քաղաքապետեր։ Այս ամենին հավելենք նաև այն, որ թուրքական իշխանություններն ընդամենը երկու ամիս առաջ (2018թ. ապրիլ) են հայտարարել արտահերթ ընտրությունների անցկացման մասին, և ԺԴԿ-ին կարճ ժամանակ էր մնացել դրանց պատշաճ մոտենալու համար։ Կարևոր է նաև այն, որ ընտրություններն անցկացվեցին արտակարգ դրության ռեժիմի (OHAL) պայմաններում, երբ շատերի պնդմամբ` անհնար է արդար ընտրություններ անցկացնելը։ Ի դեպ, 2016թ. նոյեմբերին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ ՍԲՀ-ից առաջ կվերացվի OHAL-ը, որպեսզի ոչ ոք չկարողանա հայտարարել, թե հանրաքվեն անցկացվում է ճնշումների պայմաններում[25]։

Ավելի վաղ նշել էինք, որ եթե 2018թ. չնշանակվեին արտահերթ ընտրություններ, ապա խորհրդարանական ու նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին 2019թ. նոյեմբերի 3-ին (ԱԶԿ-ի իշխանության գալու 17-ամյակին), իսկ դա նշանակում էր, որ այդ ընտրությունները պետք է հաջորդեին 2019թ. մարտի վերջին նշանակված ՏԻՄ ընտրություններին։ Անցյալի փորձը ցույց է տալիս, որ ԱԶԿ-ը ՏԻՄ ընտրություններում (հատկապես քրդաբնակ նահանգներում) շատ ավելի քիչ քվեներ է հավաքում, քան ասենք խորհրդարանական ընտրություններում։ Չէինք բացառել, որ Էրդողանը դրանով պարզապես չէր ցանկացել, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքները բացասաբար ազդեին ԱԶԿ վարկանիշի վրա և արտահերթ ընտրություններ նշանակելով՝ հասավ նրան, որ ՏԻՄ ընտրություններն արդեն ոչ թե նախորդեցին, այլ հաջորդեցին նախագահական ու խորհրդարանական ընտրություններին։ 

2019թ. մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններ – Ներկայացնենք ՏԻՄ ընտրությունների արդյունքները։


Աղյուսակ 8-ը վկայում է ԱԶԿ-ի հերթական հաղթանակի մասին, սակայն ԱԶԿ-ը պարտություններ կրեց երկրի պաշտոնական մայրաքաղաք Անկարայում, ֆինանսական մայրաքաղաք Ստամբուլում, զբոսաշրջային մայրաքաղաք Անթալիայում, ինչպես նաև Իզմիրում, Էգեյան և Միջերկրական ծովերի ափերին ընկած գրեթե բոլոր նահանգներում (ամենուրեք հաղթել է ԺՀԿ-ը)։ Սա իսկապես ծանր հարված էր ԱԶԿ-ի համար, որը դեռ հրաժարվում է հանձնել Ստամբուլը (հունիսի 23-ին նշանակված են նոր ընտրություններ), ուր նա պարտվել է մոտ 13.000 քվեի տարբերությամբ (հետաքրքիր է, թե ինչու ԱԶԿ-ն չի հիշում աննշան տարբերությամբ իր նախկին հաղթանակները, ասենք 2014թ. Անկարայում իր հաղթանակը)։ Ուշագրավ է, որ 2018թ․ նոյեմբերին Էրդողանը հայտարարել է, որ 2019թ. ապրիլի 1-ից Թուրքիայում մեկնարկելու է նոր ժամանակաշրջան[26]։ Այժմ նա ստիպված է այդ ժամկետը հետաձգել առնվազն մինչև հունիսի 24-ը։ 2017թ․ սեպտեմբերին էլ Էրդողանը հայտարարել էր, որ «Ստամբուլում հաղթողը կհաղթի նաև Թուրքիայում»[27] (1994-1998թթ․Էրդողանը Ստամբուլի քաղաքապետն էր)։

Արդյունքներում աչք են զարնում ԺՀԿ-ի այդ ցուցանիշները (վերջին շրջանում առաջին անգամ ԺՀԿ-ը հաղթահարեց 30%-ի հոգեբանական շեմը) և ԺԴԿ-ի համեմատաբար թույլ ցուցանիշները։ Խնդիրն այն է, որ ԺԴԿ-ը նախապես որոշել է թեկնածուներ չառաջադրել «3 մայրաքաղաքներում» ու Իզմիրում, ինչպես նաև Ադանայում ու Մերսինում։ Մեր կարծիքով՝ հենց այդ հանգամանքն է զգալի դեր խաղացել, որ ԺՀԿ-ն կարողացել է տվյալ խոշոր քաղաքներում հաղթել ԱԶԿ-ին։ Դրա համար էլ ԺՀԿ-ի այդ հաղթանակները մասնակի կարելի է ընդգրկել նաև ԺԴԿ-ի ակտիվում։ ԺՀԿ-ը վերջապես հասկացավ, որ առանց քրդերի աջակցության չի կարող հաղթել ԱԶԿ-ին։ Ամեն դեպքում ԺՀԿ-ին ու ԺԴԿ-ին հաջողվեց հարթել տարաձայնությունները և միավորվել ԱԶԿ-ի դեմ պայքարում։ ԺԴԿ-ն ինքը հաղթել է 3 խոշոր քաղաքում ու 5 նահանգում՝ Վան, Դիարբեքիր, Սիիրթ, Մարդին, Բաթման, Հաքքարի, Կարս ու Իգդիր[28]։

ԱԶԿ-ում էլ, թերևս, հասկացել են քուրդ ընտրազանգվածի կարևորությունը Ստամբուլի կրկնական ընտրություններում։ Եվ պատահական չէ, որ 8-ամյա ընդմիջումից հետո փաստաբաններին թույլատրվեց հանդիպել Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում պահվող Օջալանի հետ։ Դա հնարավոր դարձավ Օջալանի հետ հանդիպման արգելքի վերացման մասին Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլի հայտարարությունից հետո: Արգելքը սահմանվել էր Օջալանի և փաստաբանների վերջին հանդիպումից (27.07.2011) հետո: 2011թ.-ից մինչ օրս փաստաբանները 810 դիմում են ներկայացրել դատախազին Օջալանի հետ հանդիպելու համար, սակայն բոլորն էլ մերժվել էին[29]։ Նկատելի է, որ 2015թ. հետ համեմատ՝ թուրքական իշխանություններն այս անգամ որդեգրել են այլ՝ քրդերին սիրաշահելու մարտավարություն, և, փաստորեն, եթե նրանց հաջողվի իրենց կողմը թեքել Ստամբուլի քուրդ բնակչության մի փոքր մասին (ինչը դժվար չէ), ապա դա կարող է բեկումնային լինել։

Ամփոփում և հետևություններ

Վերոնշյալը վկայում է, որ քրդերը գնալով դառնում են լուրջ գործոն Թուրքիայի ընտրական գործընթացներում։ Դրան, ինչպես արդեն նշվել է, նպաստում է երկու հանգամանք․ ա) քրդերի շրջանում ծնելիության աճի բավական բարձր տեմպերը, բ) քրդերի շրջանում կազմակերպվածության մակարդակի աստիճանական բարձրացումը։ Հենց դրանց շնորհիվ քրդական քաղաքական շարժման և ընդհանրապես Թուրքիայի պատմության մեջ շարունակ գրանցվում են աննախադեպ իրադարձություններ, երբ քրդական կուսակցությունն առաջին անգամ հաղթահարում է ընտրաշեմը և շարունակում է դա անել նաև հետագայում, երբ նա թեկնածու է առաջադրում Թուրքիայի նախագահական ընտրություններում՝ խնդիրներ հարուցելով թուրքական իշխանությունների համար։ Մեր կարծիքով՝ անկախ թուրքական իշխանությունների ճնշումներից, քրդական գործոնը հետագայում միայն ուժգնանալու է, և թուրքական իշխանություններն ու ընդդիմությունը գնալով ավելի շատ են փորձելու հաշվի նստել քրդերի հետ, օգտագործել նրանց պոտենցիալը սեփական շահերի համար և այլն։

21-րդ դարում դատարանների որոշմամբ քրդական տարատեսակ կուսակցությունների փակումը, ըստ էության, ոչինչ չտվեց թուրքական իշխանություններին, քանի որ դրանց փոխարեն բացվեցին քրդական նորանոր կուսակցություններ, որոնք համալրվեցին նույն գործիչներով։ Ավելին, քուրդ մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ մի քանի տարով քաղաքականությամբ զբաղվելու արգելքներն էլ չտվեցին իրենց պտուղները, քանի որ դրանով ճանապարհ հարթվեց քուրդ ավելի երիտասարդ քաղաքական գործիչների (ասենք, Ս. Դեմիրթաշ) համար, որոնք ավելի մեծ գլխացավանք դարձան թուրքական իշխանությունների համար։ Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ քրդերի մասով այլևս չի աշխատում և թերևս չի աշխատելու ավելի քան 30 տարի գործող 10%-անոց ընտրաշեմը։ Չենք կարծում, թե այն կբարձրացվի, ասենք մինչև 15%-ի, քանի որ հետագայում ԺԴԿ-ը կարող է գերազանցել նաև դա։ Բացի այդ, ընտրաշեմն այդպիսով չի կարողանա հաղթահարել նրա նախընտրական դաշնակից ԱՇԿ-ը կամ էլ առաջիկա մեկ այլ պոտենցիալ դաշնակից։ Մեր կարծիքով՝ թուրքական իշխանությունները հետագայում կնվազեցնեն ընտրաշեմը, որպեսզի 1 հիմնական քրդական կուսակցության փոխարեն լինեն մի քանի և ավելի փոքր քրդական կուսակցություններ (որ քրդերի մի զգալի հատվածի մոտ չլինի միասնականություն)։

Թուրքիայի  նախագահական ու խորհրդարանական հաջորդ ընտրությունները նշանակված են 2023թ. (ԹՀ 100-ամյակ), որոնք ունենալու են նաև խորհրդանշական մեծ կարևորություն։ Թվաքանակի աճի (կան պնդումներ, որ 2037թ. Թուրքիայում հավասարվելու է թուրք և քուրդ բնակչության թիվը[30]) և ներկայիս հետ համեմատ՝ հետագա հնարավոր առավել բարձր կազմակերպվածության շնորհիվ քրդական քաղաքական շարժումը կարող է առավել պատրաստված մոտենալ այդ ընտրություններին և լուրջ անակնկալներ մատուցել։ Դրա համար առկա է լուրջ պոտենցիալ, որը մասնակի տուժում է թուրքական իշխանությունների հասցրած հարվածներով, որոնք միտված են ԺԴԿ-ը գլխատելուն (այժմ կարող է կալանքի տակ վերցվել ԺԴԿ-ի ևս 18 պատգամավոր, այդ թվում նաև նրա նոր համանախագահներ Սեզաի Թեմելին ու Փերվին Բուլդանը[31])։ Մեր կարծիքով՝ թուրքական իշխանությունները որքան էլ ժամանակի ընթացքում որոշակի հաջողություններ գրանցում են քրդերի/քրդական կուսակցությունների դեմ պայքարում, դրանք ստացվում են միայն ժամանակավոր, և քրդական կողմն ամեն անգամ փյունիկ թռչունի նման վեր է հառնում մոխիրներից։ Հակված ենք կարծել, որ ընտրական համատեքստում նույնպես (ինչպես որ ժողովրդագրության համատեքստում) քրդական հաղթարշավն անկասելի է լինելու 21-րդ դարում՝ դրանից բխող բոլոր լուրջ հետևանքներով։ Չենք բացառում, որ մոտ ապագայում թուրքական կողմը կարող է հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ ստվարացած քուրդ բնակչությունից ձերբազատվելու, Թուրքիայում քրդերի՝ մեծամասնություն դառնալու և քուրդ նախագահ ունենալու հեռանկարից խուսափելու համար հարկադրված կլինի քրդերին զիջել 15-20 նահանգ (համաձայնել Քուրդիստանի ստեղծմանը)։ Այդ ամենն իրագործելու համար քրդերին անհրաժեշտ է նոր՝ երիտասարդ առաջնորդ, և կարծում ենք, որ ժամանակի պահանջը կծնի այդ առաջնորդին։ Այդպիսով, Թուրքիայի քրդերը (և ընդհանրապես Մերձավոր Արևելքի քրդերը) ունեն բավական լուրջ պոտենցիալ իրենց գործոնը, իրենց պահանջարկն է՛լ ավելի ուժեղացնելու համար։ Ընդ որում, գնդակը նրանց դաշտում է, նրանցից պարզապես պահանջվում է գործել ավելի խելամիտ, կազմակերպված, նպատակամղված և իրագործել գոյություն ունեցող բավական մեծ պոտենցիալը։

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

 

[1] Kırılamayan rekor: 1954 genel seçimleri, Yeni Şafak

[2] Burak COP, Yüzde 35 oya 31 milletvekili, NTV, 24.03.2011

[3] Burak COP, Yüzde 10 barajının öyküsü, NTV, 30.03.2011, տե՛ս նաև Türkiye’de Yeni Seçim ve Cumhurbaşkanlığı Hükümet Sistemi’ne İlişkin Sayısal Analizler ve Politika Önerileri, TEPAV, Mart 2019, pp. 27-54

[4] AİHM: Yüzde 10 Seçim Barajı İhlal Değil Ama Aşırı, İndirseniz İyi Olur, Bianet, 08.07.2018

[5] Avrupa Konseyi: Yüzde 3'ten Yüksek Seçim Barajı Olmamalı, Bianet, 17.12.2009

[6] Tarhan Erdem, 1999’dan bu yana Doğu ve Güneydoğu Anadolu’da oylar nasıl dağıldı?, T24, 10.04.2014

[7] DTP'nin ardından Meclis'teki durum, NTV, 11.12.2009

[8] Hatice Kamer, HEP'ten HDP'ye 28 yılda yaşananlar, BBC Türkçe, 11.02.2018

[9] Kumru Başer, BDP destekliler 36 milletvekili çıkardı, BBC Türkçe, 11.02.2018

[10] T.C. Yüksek Seçim Kurulu, 30 Mart 2014 Mahalli İdareler Genel Seçimleri, Resmi Gazeteye Gönderilen Sonuçlar

[11] BDP 11 il, 68 ilçe, 23 beldede kazandı, Evrensel.net, 31.03.2014

[12] Büyükşehir Yasası kabul edildi, NTV, 12.11.2012

[13] Büyükşehir yasası en çok AK Parti ve BDP\'ye yaradı, Gazete2023, 01.04.2014

[14] Հայկ Գաբրիելյան, 2014թ․ ՏԻՄ ընտրությունները Թուրքիայում, «Գլոբուս», թիվ 4, 2014, Նորավանք ԳԿՀ

[15] Selahattin Demirtaş partisinin oylarını ikiye katladı, T24, 11.08.2014

[16] 'Çatı aday' formülü tutmadı, CHP ve MHP toplamı 30 Mart'ın gerisinde kaldı, T24, 10.08.2014

[17] Հայկ Գաբրիելյան, Թուրքիան նախագահական ընտրություններից առաջ, Նորավանք ԳԿՀ, 29․07․2014

[18] BDP milletvekilleri HDP'ye katılıyor, BBC Türkçe, 18.04.2014

[19] Հայկ Գաբրիելյան, 2015թ․ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում, Նորավանք ԳԿՀ, 14․07․2015

[20] Հայկ Գաբրիելյան, 2015թ․ նոյեմբերի 1-ի ընտրությունները Թուրքիայում, Նորավանք ԳԿՀ, 07․12․2015

[21] Հայկ Գաբրիելյան, Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն Թուրքիայում, ՄԱՀՀԻ, 22․04․2017

[22] Deniz Ayhan, Kürtler ‘Evet’ dedi mi?, Tr724, 04․05․2017

[23] AK Parti 16 yılda 13 seçimden zaferle çıktı, TRT Haber, 24.06.2018

[24] Հայկ Գաբրիելյան, Արտահերթ ընտրությունները Թուրքիայում, ՄԱՀՀԻ, 23․07․2018

[25] Հայկ Գաբրիելյան, Քրդական գործոնը Թուրքիայի արտահերթ ընտրություններում, Նորավանք ԳԿՀ, 05․06․2018

[26] Erdoğan: 1 Nisan’da yeni dönem başlayacak, Kurdistan 24, 20.11.2018

[27] Erdoğan: Çok kritik bir döneme giriyoruz, İstanbul’u kazanan Türkiye’yi kazanır, İstanbul Gerçeği, 28.09.2017

[28] Айк Габриелян, Роль прокурдской Партии демократии народов на местных выборах в Турции, ИБВ, 02.04.2019

[29] Abdullah Öcalan, sekiz yıl sonra avukatları ile görüştü, Gazete Duvar, 06.05.2019

[30] Erdoğan’ın Kürt Nüfusu Korkusu “Kürt-Türk Nüfusu 2030’da Eşitlenecek”, Kürtler.com, 18.01.2017

[31] Kılıçdaroğlu, Buldan ve Temelli'nin de aralarında olduğu 25 vekile ait dokunulmazlık dosyaları TBMM'de, T24, 20.05.2019

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter