HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավետիք Իշխանյան

Մտորումներ

Լսեցի ճարտարապետ Սամվել Կարապետյանի հարցազրույցը։ Կարծում եմ՝ Սամվել Կարապետյանը շատ կարևոր, խորքային հարցեր է բարձրացնում, գուցե շատերին ոչ այնքան հասկանալի, ուստի և ոչ հաճելի՝ ելնելով մեր հանրության կարծրացած մտածողությունից։ Հարցազրույցի մեխը հայ ժողովրդի՝ որպես ամբողջական միավորի, մեծ, ազգային նպատակի բացակայությունն է։

Պատկերացնում եմ, որ այս տողերը կարդալուց ինչպես են վրդովվելու մեր շատ կուսակցականներ, հանրային գործիչներ, մտավորականներ. «Ինչպե՞ս կարելի է նման կարծիք հայտնել․ մեր նպատակը Միացյալ Անկախ Հայաստանի ստեղծումն է, մեր նպատակը Քուռ-Արաքսյան Հայաստանի ստեղծումն է, մեր նպատակը հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն է,մեր նպատակը մեր բոլոր հարևանների հետ խաղաղ գոյակցությունն է, մեր նպատակը Հայաստանը ժողովրդավարական երկիր դարձնելն է, մեր նպատակը  Հայաստանի ԵՄ և ՆԱՏՕ անդամակցությունն է, մեր նպատակը ԵԱՏՄ, ՀԱՊԿ, Ռուսաստան կապերի ամրապնդումն է․․․ և այլն, և այլն»։ ․․․Բառեր, բառեր, բառեր․․․

Իրականում մեր ժողովրդի, եթե կարելի է այդպես ասել, հիմնական գերնպատակը «լավ ապրելն է», «ընտանիքը լավ պահելը», որից էլ ածանցվում են վերոնշյալ կողմնորոշումներն՝ ըստ տվյալ պահի անձնական շահերի։

Այս նույն միտքն է նաև արծարծվում Միքայել Մինասյանի՝ վերջերս հրապարակված «Խրամատներից դուրս գալու ժամանակը» հոդվածում: Առաջին հայացքից հեղինակը բավականին հետաքրքիր, արդիական մտքեր է արտահայտում՝ ներքաղաքական թշնամության, անհանդուրժողականության մասին և առաջարկում ինչ-որ իմաստով ազգային համաձայնություն։ Շատ քաղաքական-հասարակական գործիչներ հեղինակին անխնա քննադատեցին՝ իրավացիորեն շեշտելով, որ չնայած հոդվածի ճշմարիտ շեշտադրումներին, ինքը՝ Միքայել Մինասյանը, լինելով նախկին իշխանության հենարաններից, արդյոք իրավունք ունի՞  նման խորհուրդներ տալու։ Բայց Միքայել Մինասյանի ընդդիմախոսներից որևէ մեկը հարց չէր բարձրացրել, թե ո՞րն է և ճի՞շտ է արդյոք հեղինակի հիմնական նպատակը։ Կարծում եմ՝ հոդվածի հիմնական նպատակի հետ բոլորն են համաձայն, այն է՝ «խրամատներից դուրս գալը» կարևոր է «լավ ապրելու» համար։

Ի դեպ՝ «լավ ապրելու» մասին։ «Լավ ապրել» ասելով մենք պատկերացնում ենք միայն նյութապես «լավ ապրելը»՝  պաշտոն, բարձր եկամուտ, առանձնատուն (առանձնատներ, ցանկալի է նաև, օրինակ, Փարիզում, Բարսելոնում և այլն), շքեղ ավտոմեքենա (ավտոմեքենաներ)։ Համոզված եմ՝ ընդդիմախոսներս կհակաճառեն՝ «բոլոր ազգերն էլ այդպիսին են, ձգտում են լավ ապրել»։

Այո, աշխարհում ապրող մարդկանց, թերևս 99%-ը ձգտում է «լավ ապրել», սոկրատեսներ և դիոգենեսներ համաշխարհային պատմության մեջ հազվագյուտ երևույթներ են։ Այո, բայց արդյոք միայն «լավ ապրել» և ամեն գնո՞վ։ Տարբեր ազգերի ներկայացուցիչներն իրենց հիմնական մասով բացի նյութապես «լավ ապրելուց», արդյոք չունե՞ն այլ առավել վեհ անձնական, նաև ազգային նպատակներ։ Իհարկե, ազգերն էլ են տարբեր (լավ ու վատ ազգեր չկան, ազգերը տարբեր են), կախված նրանց աշխարհագրական, կրոնամշակութային, պետականության պատմությունից։

Ազգեր կան, որոնք դարերով ապրում, ավելի ճիշտ գոյատևում են քոչվորաթափառական կյանքով (գնչուներ, էսկիմոսներ, չուկչաներ և այլն): Ազգեր կան, որոնք ժամանակին ինչ-ինչ պատճառներով (արդյո՞ք նույնպես «լավ ապրելու» հոգեբանության պատճառով) կորցրել են պետականությունը և կամ վերացել (շումերներ, խեթեր և այլն), կամ դառնալով կրոնական աղանդ՝ նպատակ են դրել մի կերպ գոյատևելու (ղպտիներ, ասորիներ, ուդիներ և այլն)։ Եվ վերջապես՝ պետություն ունեցող ազգերի հիմնական մասը, որոնք միմյանց հետ մրցակցում են քաղաքական, մշակութային, տնտեսական, ռազմական և այլ բնագավառներում, ունեն ազգային նպատակ, արժանապատվություն՝ հզորանալ, մրցակցել և հանկարծ ետ չմնալ համաշխարհային գործընթացներից (խնդրում եմ չշփոթել մոլի ազգայնականության, ֆաշիզմի հետ)։ Այս արտահայտվում է ոչ թե, կամ ոչ միայն հավաքական, ազգային մակարդակով, այլև տվյալ ազգի առանձին ներկայացուցիչների։

Փորձեմ բացատրել, թե ինչ նկատի ունեմ։ Դեռ խորհրդային տարիներին, մասնագիտության  (երկրաբանություն), հետագայում գործունեության բերումով շատ եմ շփվել տարբեր ազգերի հետ, փորձել նկատել նրանց առանձնահատկությունները, համեմատություններ արել, ինչպես միմյանց, այնպես էլ մեր և նրանց միջև։ Իհարկե, չլինելով ազգագրագետ, պատմաբան, թերևս դիտարկումներս խիստ անհատական են, ոչ գիտական, բայց համենայն դեպս։

Այսպես, դեռևս ԽՍՀՄ տարիներին որոշ հանրապետություններ (հիմնականում մերձբալթյան երկրները և Վրաստանը), չնայած թվացյալ ԽՍՀՄ «հավերժությանը», իրենց ներսում պահում էին անթեղված ազգային նպատակ՝ վերականգնել անկախ պետականությունը։ Վերոնշյալ հանրապետություններում ռուսական դպրոցներ հաճախում էին միայն օտարազգիները, տարածքներով լինելով համեմատաբար փոքր, նրանք դիմադրում էին ԽՍՀՄ  հռչակած գիգանտոմանիային և իրականացնում  էին տարածքային համաչափ զարգացման քաղաքականություն։ Այդ հանրապետություններում չէին անվանակոչում իրենց տեղանունները ԽՍՀՄ  կուսակցական գործիչների և հերոսների անուններով և այլն։ Իսկ ինչպիսի՞ն էր վիճակը Հայաստանում․ համատարած ուծացում, արդեն 70-ականներից հայկական դպրոցները գտնվում էին փակման վտանգի առաջ, փոքր Հայաստանի համարյա  ողջ գիտական, մշակութային, արտադրական պոտենցիալը կենտրոնացել էր Երևանում, իսկ Հայաստանի տեղանունները՞, փողոցների, Երևանի վարչական շրջանների անվանումներն  ու անձնանունները՞ (տես այստեղ՝ Դառը մտքեր)։ Իսկ ուսանողներից շատերն, անկախ մասնագիտական ուղղությունից, երազում էին ավարտելուց հետո ընդունվել կամ ԲԽՍՍ կամ  ՊԱԿ:

Չեմ ժխտում Խորհրդային Հայաստանում կային բավականին բարձրակարգ գիտնականներ։ Բայց կա՞ր արդյոք գիտական կյանք։ Գիտական կյանք ասելով, նկատի ունեմ տեսակետների բախումներ, քննադատական միտք և այլն։ Դեռևս ԲՈՒՀ-ական մակարդակում ուսանողներին  ներարկվու՞մ էր արդյոք մեծ նպատակներ, հասնել գիտական բարձունքների, իրենց ոլորտում դառնալ լավագույնը և դրա հետ մեկտեղ ունենալ ազգային վեհ նպատակներ։ Գիտական թեզերի պաշտպանությունը արդյոք  գիտական աշխատանքների տրամաբանական շարունակությունն էր, թե՞ հիմնականում,  ընդամենը կոչում ստանալու, հետևաբար ավելի բարձր պաշտոն, բարձր աշխատավարձ ստանալու նպատակ էր հետապնդում, ինչպես կոմկուսի անդամ դառնալը։

Այս ամենն արվում էր «լավ ապրելու» և «ընտանիքը լավ պահելու», «երեխաների ապագայի մասին մտածելու»  «փիլիսոփայությամբ»։

Իմ թեկնածուական թեզը գրել և պաշտպանել եմ Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգ):  Շուրջ չորս տարի ուսանելով և աշխատելով տեղի Համամիութենական Երկրաբանական գիտահետազոտական ինստիտուտում, իմացա թե ինչ է գիտական կյանքը, գիտական մթնոլորտը։ Երբ տեղի են ունենում թունդ գիտական բանավեճեր, բախումներ և հակադիր կողմերի գիտնականները  չեն թշնամանում, շարունակում են գիտական շփումները, հարգում դիմացինի տեսակետը, աջակցում միմյանց։ Եվ գիտական աստիճան՝ թեկնածու, դոկտոր ստանում են ոչ որպես  նպատակ,  այլ բնական գիտական աճի շնորհիվ։ Իսկ Հայաստանու՞մ։ Կարո՞ղ էր որևէ մեկը հակադրվեր ոլորտում մենաշնորհ ունեցող դոկտորի կամ ակադեմիկոսի հետ։ Երբեմն՝ այո, բայց ինչպիսի հալածանքներ էին սկսվում այդ համարձակ գիտնականի նկատմամբ, ընդհուպ աշխատանքից ազատելը։ Օրինակները բազմաթիվ են։

Փոխվե՞ց արդյոք այս մթնոլորտը Հայաստանի անկախությունից հետո։ Կարծում եմ ոչ միայն չփոխվեց, այլև «ազատությունն» առավել բացահայտեց մեր, բացի անձնական շահից, աննպատակ  աշխարհայացքը։ Չխոսենք այս տարիների ընթացքում բազմաթիվ ատենախոսությունների մասին։

Այդ են վկայում հայաստանյան գաղափարազուրկ կուսակցությունների, զուտ ձևական, երբեմն վերամբարձ անվանումները, տարբեր կուսակցություններ դեգերող , երեկ կոմունիստ, այսօր՝ լիբերալ, երեկ ռուսամետ, այսօր՝ արևմտամետ , երեկ  նախորդ իշխանությանը քծնող, այսօր նրանց հայհոյող, նորերին՝ քծնող, բազմակուսակցական քաղաքական գործիչները։ Եվ որքան եմ լսել սույն գործիչներից, որ եթե այս անգամ էլ  իշխանության չգան, կամ պատգամավոր չդառնան՝ կարտագաղթեն և շատերն այդպես էլ անում են։ Եվ եթե որևէ մեկն ինքնուրույն կարծիք է հայտնում, կամ քննադատում այս կամ այն երևույթը, սույն գործիչներն ու նրանց «վկաները»  խմբակային հարձակումներ են գործում, վերջինիս անվանելով «ծախված»․ «սրիկա» և այլն։ Կարծում եմ նրանք հիմնականում անկեղծ են և չեն պատկերացնում, որ կարող են գտնվել մարդիկ, որոնք անձնական շահի ետևից չեն ընկնում, պաշտոնի չեն հավակնում։ Ընտանեկան, միջավայրի դաստիարակությունն է այդպիսին։

Թերևս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի անկեղծ է «իզմեր» չճանաչելու հարցում, ի տարբերություն իրենց կանոնադրություններում, զուտ ձևական «իզմեր» ունեցող կուսակցությունները։ Իսկ երբ բացակակայում են «իզմերը» և նպատակը լինում է միայն իշխանությունը, ապա անկախ հռչակված կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսից,  մնում է մեկ «իզմ»՝ անձնական, ընտանեկան բարօրությունը կամ «կոռուպցիոնիզմ»։

Տարածված կարծիք կա, թե  այժմյան երիտասարդությունն առավել առաջադեմ է։ Դեմ չեմ, բայց իմ բազմաթիվ շփումները երիտասարդների հետ առանձնապես ոգևորություն չի առաջացնում։ Հարյուրավոր երիտասարդների հետ զրույցների ընթացքում հետաքրքրվում եմ, թե արդյոք, թեկուզ անհատական ինչպիսի նպատակներ ունեն։ Պատասխաններն ավելի քան միապաղաղ են․ լավ վարձատրվող աշխատանք (ցանկալի է միջազգային կառույցներում), առանձնատուն (հավանաբար պարսպապատ)… մեկնել արտասահման։ Ոմանք էլ չեն թաքցնում, մի պաշտոն ստանամ՝ վայելեմ։ Իսկ նպատակ՝ դառնալ լավագույնը իր ոլորտում, գիտական բարձունքներ նվաճել և Հայաստանում զարգացնել տվյալ ոլորտը՝ չեմ լսել։

Վերոնշյալ հարցազրույցում Սամվել Կարապետյանը աննպատակության օբյեկտիվ չափանիշ է նկատել՝ Հայաստանի ողջ տարածքի աղբը։ Ազգային նպատակ(հայրենասիրություն բառն առանձնապես չեմ սիրում) ունեցող ժողովուրդը իր երկրի  բնության հետ այդպիսի վայրենությամբ չէր վարվի։ Եթե դրան գումարենք նաև համատարած անտառահատումներն ու որսագողությունը, քաղաքների ճարտարապետական նկարագրի աղճատումը (կցակառույցներ, մայթերի զավթում , բակերի գարաժապատում և բոստանապատում), ապա պատկերն էլի ամբողջական չի լինի։ Իմ ֆրանսիահայ բարեկամները պատմեցին ֆրանսիացի ազգագրագետների մեր տարածաշրջանի վերաբերյալ (Հայաստան, Վրաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան) վերջերս հրատարակված մի ուշագրավ աշխատության մասին։ Հեղինակները նկարագրում են, որ տարածաշրջանից Հայաստանում են հատկապես նկատել հանրային տարածքների և շինությունների անմխիթար վիճակը։

Տարիներ առաջ Աստանայի օդանավակայանում ծանոթացա գավառցի մի տղամարդու հետ։ Դեմքին տիպիկ երջանիկ մարդու արտահայտություն էր․ «Կարագանդայի եմ գալիս, վերջապես տղաս ամուսնացավ, դե լավ էլ տուն ու տեղ ունի, կյանքը լավ դասավորվեց»։

Վերջերս իմացա, որ մեր հայրենակիցները Կիևում բացել են ադրբեջանական ռեստորան և որպես ադրբեջանական ուտեստ մատուցում են ժինգյալով հաց․ «Դե մեր հաճախորդներն ադրբեջանցիներ են»։

Այս պատմությունները բացառություններ չեն, օրինակները կարելի է անվերջ շարունակել, բանակում ծառայելուց ամեն գնով խուսափելուց սկսած, արտասահմանում փախստականի կարգավիճակ ստանալու համար աներևակայելի պատմություններից վերջացրած։

Այսպես, արդեն շուրջ 30 տարի մեր անկախ պետության մեջ չձևակերպվեց ազգային նպատակ, այն է՝ ինչպիսի հավակնություններ ունենք որպես ազգ, որոնք են մեր հեռահար նպատակները, այդ նպատակներին հասնելու, մշակութային, կրթական, գիտական, տնտեսական զարգացման  համար ինչպիսի հայեցակարգ է անհրաժեշտ , ուստի և՝ ինչպիսի պետական, կառավարման համակարգ։ Այս տարիների ընթացքում չձևավորվեց պետական մտածողություն կրող քաղաքական վերնախավ, որն իր օրինակով (հրաժարվելով օրինական և ստվերային կոռուպցիայից, ասկետական ապրելակերպով)  կփոխեր մեր նյութապաշտական, հարմարվողական աշխարհայացքը և նոր սերնդի մեջ կներարկեր և անհատական և ազգային բարձր նպատակների հասնելու ձգտումներ։ Փոխարենը այս տարիների ընթացքում ականատես եղանք միայն հանուն իշխանության համար պայքարի, այսինքն հանուն անձնական, նյութական շահի, օգտվելու համար օրինական և ստվերային կոռուպցիայի լծակներից։ Եվ արդյոք այստեղից չի՞ գալիս նաև մեր քծնանքը, ներքին չարությունը, անհանդուժողականությունը, նախանձը, հայհոյախառն հռետորաբանությունը  և այլն։ Եվ այս ամենը շղարշվում է «հայրենասիրական» զեղումներով՝ « մեր ազգը, մեր եկեղեցին, մեր ավանդական ընտանիքը, մենք որ ազգ էնք․․․, ես մեր ժողովրդի ցավը տանեմ, բոլորիդ սիրում եմ  և այլն»։

Հնարավո՞ր է արդյոք շտկել իրավիճակը։ Հնարավո՞ր է արդյոք ձևակերպել ազգային, պետական նպատակը, ձևավորել  այն կրող ազգային վերնախավ։ Եթե այո, ապա բացի պետական, կառավարման արդյունավետ համակարգ ստեղծելուց, օդի պես անհրաժեշտ է կրթական ոլորտի բարեփոխումներ։ Բացի կրթական հաստատություններում ինքնուրույն մտածողություն, քննադատական միտք, աշակերտների և ուսանողների մեջ անհատական ձգտումներ ներարկելը, նաև ինչպես Սամվել Կարապետյանն է ասում արշավների միջոցով ներարկել , իր խոսքերով «հայրենապաշտություն»՝ սեր հայրենի բնաշխարհի,  ամեն ծառի, թփի, ծաղիկի նկատմամբ։

Կգիտակցե՞նք այս ամենը և կձևակերպե՞նք մեր ազգային նպատակը, թե՞ ․․․կդառնանք պետականազուրկ , մի կերպ գոյատևող , մեր բոլոր դժբախտությունների համար  աշխարհի հզորներին հայհոյող, բայց նաև նրանց  ողորմածությանն ու խղճահարությանը ապավինող ժողովուրդ։

ՀԳ Երբ նպատակը միայն նյութականն է՝ «լավ ապրելը»․

19-րդ դարում, անգլիացի սպա Սմիթը, 25 տարի Հնդկաստանում ծառայելուց հետո զորացրվում, վերադառնում է  Անգլիա։ Հավաքվում են մանկության ընկերներով և նշում նրա վերադարձը։ Խնջույքի ավարտին սպան բացում է ճամպրուկները և նվերներ բաժանում ընկերներին։ Հանկարծ ճամպրուկից դուրս է  գալիս կապիկի չորացած թաթ։ Սմիթը մռայլվում է և կապիկի թաթը ձեռքին վազում դեպի բուխարին։ Ընկերներից Թոմը հարցնում է․

-Ի՞նչ պատահեց, այդ ի՞նչ է,

Սմիթը պատասխանում է․

-Կապիկի այս թաթը կատարում է մարդու երեք  ցանկություններ, բայց ով սա ունեցել՝ դժբախտացել է։

Թոմը սպայի ձեռքից խլում է թաթը և արագ հեռանում։ Հասնելով տուն, թաթը դնում է սեղանին և գոհունակորեն արտասանում առաջին ցանկությունը․

-Ցանկանում եմ  100 000 ֆունտ ստերլինգ։

Քիչ հետո լսվում է դռան թակոցը։ Ներս է գալիս փոստատարը և ներկայացնում  100 000 ֆունտ ստերլինգի անդորրագիր։

-Ստորագրեք, խնդրում եմ և ստացեք գումարը որպես ձեր եղբոր դժբախտ պատահարի պատճառով մահվան փոխհատուցում։

 Թոմն  այլայլվում է և գոռում երկրորդ ցանկությունը․

-Ցանկանում եմ հենց հիմա , այստեղ տեսնել եղբորս:

Սենյակում հայտնվում է եղբոր սարսափազդու ուրվականը։

Թոմը լացակումած շշնջում է վերջին,  երրորդ ցանկությունը՝ եղբոր ուրվականի չքվելը։

Մեկնաբանություններ (1)

Հովսեփ
Հասարակությունն ունի կարիք նման հոդվածների

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter